< ՅՈՎՀԱՆՆՈԻ 16 >

1 «Այս բաները խօսեցայ ձեզի՝ որպէսզի չգայթակղիք:
«Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք:
2 Իրենց ժողովարաններէն պիտի վռնտեն ձեզ. նոյնիսկ ժամը պիտի գայ, երբ ո՛վ որ սպաննէ ձեզ՝ այնպէս պիտի կարծէ թէ պաշտամունք կը կատարէ Աստուծոյ:
Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում:
3 Եւ այս բաները պիտի ընեն ձեզի, որովհետեւ ո՛չ Հայրը ճանչցան, ո՛չ ալ՝ զիս:
Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ:
4 Բայց այս բաները խօսեցայ ձեզի, որպէսզի երբ ժամը գայ՝ յիշէք թէ ես ըսի ձեզի: Ասոնք սկիզբէն չըսի ձեզի, որովհետեւ ձեզի հետ էի»:
Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ: Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»:
5 «Սակայն հի՛մա կ՚երթամ զիս ղրկողին քով, եւ ձեզմէ ո՛չ մէկը կը հարցնէ ինծի. “Ո՞ւր կ՚երթաս”:
«Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մօտ, եւ ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում, թէ՝ ո՞ւր ես գնում:
6 Բայց քանի որ այս բաները խօսեցայ ձեզի, ձեր սիրտը տրտմութեամբ լեցուեցաւ:
Բայց որովհետեւ ձեզ այս բաներն ասացի, տրտմութիւնը լցրեց ձեր սրտերը:
7 Սակայն ես ճշմարտութիւնը կ՚ըսեմ ձեզի. “Աւելի օգտակար է ձեզի՝ եթէ ես երթամ”: Որովհետեւ եթէ չերթամ՝ Մխիթարիչը չի գար ձեզի. իսկ եթէ մեկնիմ՝ զինք պիտի ղրկեմ ձեզի:
Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լաւ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետեւ, եթէ ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մօտ չի գայ. իսկ եթէ գնամ, նրան կ՚ուղարկեմ ձեզ մօտ:
8 Ու երբ ինք գայ՝ պիտի կշտամբէ աշխարհը մեղքի համար, արդարութեան համար ու դատաստանի համար:
Եւ նա գալով՝ պիտի ապացուցի աշխարհին, որ նա սխալ է մեղքի եւ արդարութեան հարցում եւ դատաստանի հարցում:
9 Մեղքի համար՝ քանի որ չեն հաւատար ինծի.
Մեղքի հարցում՝ որովհետեւ ինձ չեն հաւատում.
10 արդարութեան համար՝ որովհետեւ ես կ՚երթամ իմ Հօրս քով, եւ ա՛լ պիտի չտեսնէք զիս.
արդարութեան հարցում՝ որովհետեւ իմ Հօր մօտ եմ գնում, եւ այլեւս ինձ չէք տեսնի.
11 դատաստանի համար՝ քանի որ այս աշխարհի իշխանը դատուած է:
դատաստանի հարցում՝ որովհետեւ այս աշխարհի իշխանը դատապարտուած է:
12 Տակաւին շատ բաներ ունիմ՝ ձեզի ըսելու, բայց հիմա չէք կրնար հանդուրժել:
Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չէք կարող տանել:
13 Իսկ երբ ինք՝ Ճշմարտութեան Հոգին գայ, ամբո՛ղջ ճշմարտութեան պիտի առաջնորդէ ձեզ. որովհետեւ պիտի չխօսի ինքնիրմէ, հապա ինչ որ լսէ՝ զայն պիտի ըսէ, ու գալիքները պիտի հաղորդէ ձեզի:
Երբ որ գայ նա՝ Ճշմարտութեան Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կ՚առաջնորդի ձեզ. որովհետեւ ոչ թէ ինքն իրենից կը խօսի, այլ ինչ լսի, այն կը խօսի. եւ գալիք բաների մասին կը պատմի ձեզ:
14 Ինք պիտի փառաւորէ զիս, որովհետեւ պիտի ստանայ իմինէս ու հաղորդէ ձեզի:
Նա ինձ պիտի փառաւորի, որովհետեւ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ:
15 Ամէն ինչ որ Հայրը ունի՝ ի՛մս է. ուստի ըսի ձեզի թէ պիտի առնէ իմինէս ու հաղորդէ ձեզի»:
Ամէն ինչ որ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թէ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ»:
16 «Քիչ մը ատենէն՝ ա՛լ պիտի չտեսնէք զիս. եւ քիչ մը ատենէն՝ դարձեալ պիտի տեսնէք զիս, քանի որ ես կ՚երթամ Հօրը քով»:
«Մի փոքր ժամանակ, եւ այլեւս ինձ չէք տեսնի. եւ ապա մի քիչ եւս՝ եւ ինձ նորից կը տեսնէք. եւ ես գնում եմ Հօր մօտ»:
17 Ուստի աշակերտներէն ոմանք կ՚ըսէին իրարու. «Ի՞նչ է ասիկա, որ կ՚ըսէ մեզի. “Քիչ մը ատենէն՝ ա՛լ պիտի չտեսնէք զիս. եւ քիչ մը ատենէն՝ դարձեալ պիտի տեսնէք զիս”: Նաեւ. “Քանի որ ես կ՚երթամ Հօրը քով”»:
Աշակերտներից ոմանք միմեանց ասում էին. «Ի՞նչ է այս, որ մեզ ասում է, թէ՝ մի քիչ եւս, եւ ինձ չէք տեսնի. եւ դարձեալ, թէ՝ մի քիչ եւս, եւ ինձ կը տեսնէք եւ թէ՝ ես գնում եմ իմ Հօր մօտ»:
18 Ուրեմն կ՚ըսէին. «Ի՞նչ է ասիկա՝ որ կ՚ըսէ. “Քիչ մը ատենէն”. չենք գիտեր ի՛նչ կը խօսի»:
Եւ ասում էին. «Ի՞նչ է այն «մի քիչ եւս» -ը. չենք հասկանում, թէ ինչ է խօսում»:
19 Ուստի Յիսուս, գիտնալով թէ կ՚ուզեն հարցնել իրեն, ըսաւ անոնց. «Զիրա՞ր կը հարցափորձէք, քանի որ ըսի. “Քիչ մը ատենէն՝ ա՛լ պիտի չտեսնէք զիս. եւ քիչ մը ատենէն՝ դարձեալ պիտի տեսնէք զիս”:
Յիսուս իմացաւ, որ ուզում են իրեն հարց տալ, եւ նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմեանց հարցնում, որ ասացի, թէ՝ մի փոքր ժամանակ, եւ ինձ չէք տեսնի. եւ դարձեալ՝ մի քիչ եւս, եւ կը տեսնէք ինձ:
20 Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Դուք պիտի լաք ու ողբաք, բայց աշխարհը պիտի ուրախանայ. դուք պիտի տրտմիք, սակայն ձեր տրտմութիւնը պիտի փոխուի ուրախութեան”:
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք եւ պիտի ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմէք, բայց ձեր տրտմութիւնը ուրախութեան պիտի փոխուի:
21 Կին մը տրտմութիւն կ՚ունենայ ծննդաբերութեան ատեն, որովհետեւ իր ժամը հասած է. բայց երբ ծնանի մանուկը՝ ա՛լ չի յիշեր տառապանքը, ուրախանալով որ մարդ մը ծնաւ աշխարհի մէջ:
Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմութիւն է, որովհետեւ նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլեւս չի յիշում նեղութիւնը՝ ուրախութեան պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնուեց:
22 Ուրեմն դո՛ւք ալ տրտմութիւն ունիք հիմա. բայց ես դարձեալ պիտի տեսնեմ ձեզ ու ձեր սիրտը պիտի ուրախանայ, եւ ո՛չ մէկը ձեզմէ պիտի յափշտակէ ձեր ուրախութիւնը:
Դուք էլ այժմ տրտմութիւն ունէք, բայց ես դարձեալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերը ուրախ պիտի լինեն. եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք ձեզնից չպիտի խլի:
23 Այդ օրը՝ ոչինչ պիտի հարցնէք ինծի: Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ի՛նչ որ խնդրէք Հօրմէն՝ իմ անունովս, պիտի տայ ձեզի:
Եւ այն օրը ինձ ոչինչ չպիտի հարցնէք: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ինչ իմ անունով իմ Հօրից ուզէք, պիտի տայ ձեզ:
24 Մինչեւ հիմա՝ ոչինչ խնդրեցիք իմ անունովս. խնդրեցէ՛ք՝ ու պիտի ստանաք, որպէսզի ձեր ուրախութիւնը լման ըլլայ”»:
Մինչեւ հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրեցէ՛ք եւ պիտի ստանաք, որպէսզի ձեր ուրախութիւնը լիակատար լինի»:
25 «Այս բաները առակներով խօսեցայ ձեզի. բայց ժամը պիտի գայ, երբ ա՛լ առակներով պիտի չխօսիմ ձեզի, հապա բացորոշապէս պիտի հաղորդեմ ձեզի Հօրը մասին:
«Այս բաները առակներով ասացի ձեզ. պիտի գայ ժամանակ, երբ այլեւս առակներով չպիտի խօսեմ ձեզ հետ, այլ յայտնապէս Հօր մասին պիտի պատմեմ ձեզ:
26 Այդ օրը՝ ի՛մ անունովս պիտի խնդրէք: Չեմ ըսեր ձեզի թէ պիտի թախանձեմ Հօրը՝ ձեզի համար.
Այն օրը իմ անունով պիտի խնդրէք. եւ ձեզ չեմ ասում, թէ՝ ե՛ս պիտի աղաչեմ Հօրը ձեզ համար,
27 քանի որ ի՛նք՝ Հայրը կը սիրէ ձեզ, որովհետեւ դուք սիրեցիք զիս ու հաւատացիք թէ ես Աստուծմէ ելայ:
քանի որ Հայրը ինքն իսկ սիրում է ձեզ. որովհետեւ դուք սիրեցիք ինձ եւ հաւատացիք, որ ես Աստծուց ելայ:
28 Հօրմէն ելայ եւ աշխարհ եկայ. դարձեալ կը թողում աշխարհը ու կ՚երթամ Հօրը քով»:
Ելայ Հօրից եւ եկայ աշխարհ. դարձեալ թողնում եմ աշխարհը եւ գնում Հօր մօտ»:
29 Իր աշակերտները ըսին իրեն. «Ահա՛ բացորոշապէս կը խօսիս հիմա, եւ առա՛կ մըն ալ չես ըսեր:
Աշակերտները նրան ասացին. «Ահա հիմա բացայայտ ես խօսում եւ ոչ մի առակ չես ասում:
30 Գիտենք հիմա՝ թէ դուն գիտես ամէն բան, եւ պէտք չունիս՝ որ մէկը հարցնէ քեզի որեւէ բան. ասո՛վ կը հաւատանք թէ Աստուծմէ ելար»:
Հիմա գիտենք, որ ամէն ինչ գիտես, եւ պէտք չկայ, որ մէկը քեզ բան հարցնի. դրա համար հաւատում ենք, որ Աստծուց ելար»:
31 Յիսուս պատասխանեց անոնց. «Կը հաւատա՞ք հիմա:
Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այժմ հաւատո՞ւմ էք.
32 Ահա՛ ժամը պիտի գայ ու հասած ալ է, երբ պիտի ցրուիք՝ իւրաքանչիւրը իր տեղը, եւ մինակ պիտի թողուք զիս. բայց ես մինակ չեմ, որովհետեւ Հայրը ինծի հետ է:
ահա պիտի գայ ժամանակ եւ արդէն իսկ եկել է, երբ պիտի ցրուէք իւրաքանչիւրդ իր տեղը, եւ ինձ միայնակ պիտի թողնէք. սակայն ես միայնակ չեմ, որովհետեւ Հայրն ինձ հետ է:
33 Այս բաները խօսեցայ ձեզի, որպէսզի խաղաղութիւն ունենաք ինձմով. աշխարհի մէջ տառապանք պիտի ունենաք, բայց քաջալերուեցէ՛ք, ես յաղթեցի աշխարհին»:
Այս բաները ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք: Այստեղ, աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»:

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 16 >