< ՄԱՏԹԷՈՍ 2 >

1 Երբ Յիսուս ծնաւ Հրէաստանի Բեթլեհէմին մէջ՝ Հերովդէս թագաւորին օրերը, ահա՛ արեւելքէն մոգեր եկան Երուսաղէմ,
Երբ Յիսուս ծնուեց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, Հերովդէս արքայի օրով, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ եւ ասացին.
2 եւ ըսին. «Ո՞ւր է ա՛ն՝ որ ծնաւ իբր Հրեաներուն թագաւորը. որովհետեւ մենք տեսանք անոր աստղը՝ արեւելքի մէջ, ու եկանք երկրպագելու անոր»:
«Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնուեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»:
3 Երբ Հերովդէս թագաւորը լսեց՝ վրդովեցաւ, եւ իրեն հետ՝ ամբողջ Երուսաղէմը:
Եւ երբ Հերովդէս արքան լսեց այս, խռովուեց, նրա հետ՝ եւ Երուսաղէմի ամբողջ ժողովուրդը:
4 Ապա, հաւաքելով բոլոր քահանայապետներն ու ժողովուրդին դպիրները, հարցափորձեց զանոնք թէ ո՛ւր պիտի ծնէր Քրիստոսը:
Եւ հաւաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրէնսգէտներին՝ հարցրեց նրանց, թէ ո՞ւր պիտի ծնուի Քրիստոսը:
5 Անոնք ալ ըսին իրեն. «Հրէաստանի Բեթլեհէմին մէջ: Որովհետեւ սա՛ գրուած է մարգարէին միջոցով.
Եւ նրանք ասացին նրան. «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, որովհետեւ մարգարէի միջոցով այսպէս է գրուած.
6 “Դո՛ւն, Բեթլեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի կառավարիչներուն մէջ բնա՛ւ ամենափոքրը չես. որովհետեւ Կառավարիչ մը պիտի ելլէ քեզմէ, որ պիտի հովուէ իմ ժողովուրդս՝ Իսրայէլը”»:
«Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին»:
7 Այն ատեն Հերովդէս ծածկաբար կանչեց մոգերը, ստուգեց անոնցմէ աստղին երեւցած ժամանակը,
Այն ժամանակ Հերովդէսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երեւալու ժամանակը:
8 եւ ղրկեց զանոնք Բեթլեհէմ՝ ըսելով. «Գացէ՛ք, ճշգրտութեա՛մբ տեղեկացէք մանուկին մասին, ու երբ գտնէք զայն՝ լո՛ւր բերէք ինծի, որպէսզի ե՛ս ալ երթամ՝ երկրպագեմ անոր»:
Եւ նրանց Բեթղեհէմ ուղարկելով՝ ասաց. «Գնացէ՛ք ստոյգ իմացէք մանկան մասին եւ երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»:
9 Երբ անոնք թագաւորէն լսեցին այս խօսքը, մեկնեցան. եւ ահա՛ այն աստղը՝ որ տեսեր էին արեւելքի մէջ, կ՚երթար անոնց առջեւէն՝ մինչեւ որ եկաւ ու կեցաւ մանուկին եղած տեղին վրայ:
Եւ նրանք երբ թագաւորից լսեցին այս, գնացին: Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վրայ, ուր մանուկն էր:
10 Երբ տեսան աստղը, չափազանց ուրախացան:
Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան:
11 Եւ տուն մտնելով՝ տեսան մանուկը, իր մօր՝ Մարիամի հետ. իյնալով երկրպագեցին անոր, ու բանալով իրենց գանձերը՝ մատուցանեցին անոր ընծաներ.- ոսկի, կնդրուկ եւ զմուռս:
Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս:
12 Ու երազի մէջ պատգամ ստանալով՝ որ չվերադառնան Հերովդէսի, ուրիշ ճամբայով մեկնեցան իրենց երկիրը:
Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդէսի մօտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը:
13 Երբ անոնք մեկնեցան, ահա՛ Տէրոջ հրեշտակը երազի մէջ երեւցաւ Յովսէփի եւ ըսաւ. «Ոտքի՛ ելիր, ա՛ռ մանուկն ու անոր մայրը, եւ փախի՛ր Եգիպտոս. հո՛ն կեցիր՝ մինչեւ որ քեզի ըսեմ, քանի որ Հերովդէս պիտի փնտռէ մանուկը՝ կորսնցնելու համար զայն»:
Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանը եւ նրա մօրը ու փախի՛ր Եգիպտոս. եւ այնտեղ մնա՛ մինչեւ որ քեզ ասեմ. քանի որ Հերովդէսը փնտռում է այդ մանկանը կորստ»ան մատն»լու համար»:
14 Ան ալ ոտքի ելաւ, գիշերուան մէջ առաւ մանուկն ու անոր մայրը, մեկնեցաւ Եգիպտոս, եւ հոն էր մինչեւ Հերովդէսի վախճանիլը,
Եւ նա վեր կացաւ, առաւ մանկանն ու նրա մօրը, գիշերով, եւ գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչեւ Հերովդէսի մահը,
15 որպէսզի իրագործուի մարգարէին միջոցով ըսուած Տէրոջ խօսքը. «Եգիպտոսէ՛ն կանչեցի իմ որդիս»:
որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողմից ասուածը, թէ՝ Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն:
16 Այն ատեն Հերովդէս, տեսնելով թէ խաբուեցաւ մոգերէն, սաստիկ զայրացաւ, ու ղրկեց՝ ջարդեց Բեթլեհէմի եւ անոր ամբողջ հողամասին մէջ եղող բոլոր մանուկները՝ երկու տարեկան ու անկէ վար, այն ժամանակին համեմատ՝ որ ստուգած էր մոգերէն:
Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում եւ նրա սահմաններում էին գտնւում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որն ստուգ»լ էր մոգ»րից:
17 Այն ատեն իրագործուեցաւ Երեմիա մարգարէին միջոցով ըսուած խօսքը. «Ռամայի մէջ լսուեցաւ ձայն մը, ողբ, լաց ու մեծ սուգ.
Այն ժամանակ կատարուեց Երեմիա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ.
18 Ռաքէլ կու լար իր զաւակներուն վրայ ու չէր ուզեր մխիթարուիլ, որովհետեւ չկային»:
Ռաքէլը լալիս էր իր զաւակների վրայ եւ չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք այլեւս չկային:
19 Երբ Հերովդէս վախճանեցաւ, Տէրոջ հրեշտակը Եգիպտոսի մէջ երեւցաւ Յովսէփի՝ երազի մէջ, եւ ըսաւ.
Երբ Հերովդէսը վախճանուեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին Եգիպտոսում եւ ասաց.
20 «Ոտքի՛ ելիր, ա՛ռ մանուկն ու անոր մայրը, եւ գնա՛ Իսրայէլի երկիրը, որովհետեւ մեռան անոնք՝ որ կը փնտռէին մանուկին անձը»:
«Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանն ու իր մօրը եւ վերադարձի՛ր Իսրայէլի երկիրը, որովհետեւ մեռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»:
21 Ան ալ ոտքի ելաւ, առաւ մանուկն ու անոր մայրը, եւ եկաւ Իսրայէլի երկիրը:
Եւ Յովսէփը վեր կացաւ, առաւ մանկանն ու մօրը եւ եկաւ Իսրայէլի երկիրը:
22 Իսկ երբ լսեց թէ Արքեղայոս կը թագաւորէր Հրէաստանի վրայ, իր հօր՝ Հերովդէսի տեղ, վախցաւ հոն երթալու. եւ երազի մէջ պատգամ ստանալով՝ մեկնեցաւ Գալիլեայի կողմերը,
Իսկ երբ լսեց, թէ Արքեղայոսը թագաւորել է Հրէաստանի վրայ իր հօր՝ Հերովդէսի փոխարէն, վախեցաւ այնտեղ գնալ. եւ երազի մէջ հրաման առնելով՝ գնաց Գալիլիայի կողմերը
23 ու եկաւ բնակեցաւ Նազարէթ կոչուած քաղաքը, որպէսզի իրագործուի մարգարէներուն խօսքը. «Նազովրեցի պիտի կոչուի»:
եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի:

< ՄԱՏԹԷՈՍ 2 >