< ՄԱՏԹԷՈՍ 11 >

1 Երբ Յիսուս աւարտեց պատուէր տալը իր տասներկու աշակերտներուն, մեկնեցաւ անկէ՝ սորվեցնելու եւ քարոզելու անոնց քաղաքներուն մէջ:
Եւ երբ Յիսուս վերջացրեց իր տասներկու աշակերտներին պատուէր տալը, այնտեղից գնաց՝ քարոզելու եւ ուսուցանելու շրջակայ քաղաքներում:
2 Երբ Յովհաննէս բանտին մէջ լսեց Քրիստոսի գործերուն մասին, իր աշակերտներէն երկուքը ղրկելով՝ ըսաւ անոր.
Իսկ Յովհաննէսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին եւ նրանց միջոցով ասաց նրան.
3 «Դո՞ւն ես ան՝ որ պիտի գար, թէ ուրիշի՛ մը սպասենք»:
«Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»:
4 Յիսուս պատասխանեց անոնց. «Գացէ՛ք եւ պատմեցէ՛ք Յովհաննէսի՝ ինչ որ կը լսէք ու կը տեսնէք.
Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք լսեցիք եւ տեսաք.
5 կոյրերը կը տեսնեն, կաղերը կը քալեն, բորոտները կը մաքրուին, խուլերը կը լսեն, մեռելները յարութիւն կ՚առնեն, եւ աղքատներուն կ՚աւետարանուի:
կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, մեռելները՝ յառնում, եւ աղքատներին քարոզւում է Աւետարանը:
6 Երանի՜ անոր՝ որ չի գայթակղիր իմ պատճառովս»:
Եւ երանի՜ է նրան, ով իմ պատճառով չի գայթակղւում»:
7 Երբ անոնք մեկնեցան, Յիսուս սկսաւ բազմութիւններուն ըսել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու գացիք անապատը. հովէն տատանող եղէ՞գ մը:
Երբ Յովհաննէսի աշակերտները գնացին, Յիսուս սկսեց ժողովրդին ասել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողմից շարժուող եղէ՞գ:
8 Հապա ի՞նչ տեսնելու գացիք. փափուկ հանդերձներ հագած մա՞րդ մը. ահա՛ փափուկ հանդերձներ կրողները՝ թագաւորներուն տուներն են:
Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարուած մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագաւորների պալատներում են:
9 Հապա ի՞նչ տեսնելու գացիք. մարգարէ՞ մը: Այո՛, կը յայտարարեմ ձեզի, մարգարէէ մըն ալ աւելի:
Ապա ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ քան մի մարգարէ,
10 Որովհետեւ ասիկա՛ է ա՛ն՝ որուն մասին գրուած է. “Ահա՛ ես կը ղրկեմ իմ պատգամաւորս քու առջեւէդ. ան պիտի պատրաստէ ճամբադ՝ քու առջեւդ”:
որովհետեւ նա է, որի մասին գրուած է. «Ահա ես կ՚ուղարկեմ իմ պատգամաւորին քո առջեւից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի»:
11 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Կիներէ ծնածներուն մէջ՝ Յովհաննէս Մկրտիչէն աւելի մեծը ելած չէ”. սակայն երկինքի թագաւորութեան մէջ՝ ամենէն պզտիկը անկէ աւելի մեծ է:
Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի ելել. բայց երկնքի արքայութեան մէջ ամենից յետինը նրանից մեծ է:
12 Ու Յովհաննէս Մկրտիչին օրերէն մինչեւ հիմա՝ երկինքի թագաւորութիւնը ոյժո՛վ կ՚առնուի, եւ ուժեղնե՛րը կը յափշտակեն զայն.
Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. եւ հզօրներն են յափշտակում այն,
13 որովհետեւ բոլոր Մարգարէներն ու Օրէնքը մարգարէացան մինչեւ Յովհաննէս:
քանի որ ամբողջ Օրէնքը եւ մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննէսը:
14 Եթէ կ՚ուզէք ընդունիլ, անիկա՛ է Եղիան՝ որ պիտի գար:
Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէ՛սն է Եղիան, որ գալու է:
15 Ա՛ն որ ականջ ունի լսելու՝ թող լսէ:
Ով լսելու ականջ ունի, թող լսի:
16 Բայց որո՞ւ նմանցնեմ այս սերունդը: Կը նմանի մանուկներու, որոնք հրապարակները նստելով՝ կը գոչեն իրենց ընկերներուն
Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում, կանչում են իրենց ընկերներին եւ ասում.
17 եւ կ՚ըսեն. “Սրինգ նուագեցինք ձեզի՝ ու չպարեցիք, ողբացինք ձեզի՝ ու չհեծեծեցիք”:
ձեզ համար փող հնչեցրինք, բայց չպարեցիք. ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ու կոծ չարեցիք:
18 Որովհետեւ Յովհաննէս եկաւ, ո՛չ կ՚ուտէր եւ ո՛չ կը խմէր, ու կ՚ըսէին. “Դեւ կայ անոր մէջ”:
Եկաւ Յովհաննէսը. ո՛չ ուտում էր եւ ո՛չ խմում. եւ ասացին՝ նրա մէջ դեւ կայ:
19 Մարդու Որդին եկաւ, կ՚ուտէ եւ կը խմէ, ու կ՚ըսեն. “Ահա՛ շատակեր ու գինեսէր մարդ մը, մաքսաւորներու եւ մեղաւորներու բարեկամ”: Բայց իմաստութիւնը արդարացաւ իր զաւակներով»:
Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ ասում են՝ ահա ուտող եւ խմող մարդ, բարեկամ՝ մաքսաւորների եւ մեղաւորների. բայց իմաստութիւնը արդարացուեց իր որդիների կողմից»:
20 Այն ատեն սկսաւ կշտամբել այն քաղաքները՝ որոնց մէջ կատարուեր էին իր հրաշքներէն շատերը, քանի որ չապաշխարեցին.
Այն ժամանակ նա սկսեց պարսաւել այն քաղաքները, որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին:
21 «Վա՜յ քեզի՝ Քորազին, վա՜յ քեզի՝ Բեթսայիդա, որովհետեւ եթէ Տիւրոսի եւ Սիդոնի մէջ կատարուած ըլլային այն հրաշքները՝ որոնք ձեր մէջ կատարուեցան, շատո՛նց ապաշխարած պիտի ըլլային քուրձով ու մոխիրով:
«Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում տեղի ունեցած լինէին այն զօրաւոր գործերը, որ ձեր մէջ արուեցին, վաղուց արդէն քուրջով եւ մոխրով ապաշխարած կը լինէին:
22 Բայց ձեզի կը յայտարարեմ, Տիւրոսի եւ Սիդոնի աւելի դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը՝ քան ձեզի:
Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսի եւ Սիդոնի երկրի համար աւելի տանելի կը լինի դատաստանի օրը, քան ձեզ համար:
23 Իսկ դո՛ւն, Կափառնայում, որ բարձրացած ես մինչեւ երկինք, պիտի իջնես մինչեւ դժոխք, որովհետեւ եթէ Սոդոմի մէջ կատարուած ըլլային այն հրաշքները՝ որոնք քու մէջդ կատարուեցան, տակաւին մնացած պիտի ըլլար մինչեւ այսօր: (Hadēs g86)
Եւ դո՛ւ, Կափառնայո՛ւմ, միթէ մինչեւ երկի՞նք պիտի բարձրանաս. ո՛չ, պիտի իջնես մինչեւ դժոխք. որովհետեւ եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարեւ մինչեւ այսօր նրանք կանգուն կը լինէին: (Hadēs g86)
24 Բայց կը յայտարարեմ ձեզի թէ Սոդոմացիներու երկրին աւելի դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը՝ քան քեզի»:
Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կը լինի, քան քեզ համար»:
25 Այդ ատեն Յիսուս ըսաւ. «Կը ներբողեմ քեզ, ո՛վ Հայր, Տէր երկինքի ու երկրի, որ այս բաները ծածկեցիր իմաստուններէն եւ խելացիներէն, ու յայտնեցիր երախաներո՛ւն:
Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին:
26 Այո՛, Հա՛յր, որովհետեւ ա՛յսպէս հաճելի եղաւ քու առջեւդ:
Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ:
27 Ամէն բան յանձնուեցաւ ինծի իմ Հօրմէս, եւ ո՛չ մէկը կը ճանչնայ Որդին՝ բայց միայն Հայրը, ու ո՛չ մէկը կը ճանչնայ Հայրը՝ բայց միայն Որդին, եւ ա՛ն՝ որուն Որդին փափաքի յայտնել:
Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում Որդին ուզենայ յայտնել:
28 Եկէ՛ք ինծի, դուք բոլորդ որ կը յոգնիք ու բեռնաւորուած էք, եւ ես պիտի հանգստացնեմ ձեզ:
Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ:
29 Առէ՛ք իմ լուծս ձեր վրայ ու սորվեցէ՛ք ինձմէ՝ որ հեզ եմ եւ սիրտով խոնարհ, ու հանգստութիւն պիտի գտնէք ձեր անձերուն.
Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք,
30 որովհետեւ իմ լուծս հեշտ է, եւ իմ բեռս՝ թեթեւ»:
որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»:

< ՄԱՏԹԷՈՍ 11 >