< ՄԱՐԿՈՍ 9 >

1 Եւ ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Հոս ներկայ եղողներէն կան ոմանք՝ որ մահ պիտի չհամտեսեն, մինչեւ որ տեսնեն Աստուծոյ թագաւորութիւնը՝ զօրութեամբ եկած”»:
Եւ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծու արքայութիւնը՝ զօրութեամբ եկած»:
2 Վեց օր ետք՝ Յիսուս առաւ իրեն հետ Պետրոսը, Յակոբոսն ու Յովհաննէսը, հանեց զանոնք բարձր լեռ մը՝ առանձին, եւ այլակերպեցաւ անոնց առջեւ:
Վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լերան վրայ եւ նրանց առաջ պայծառակերպուեց:
3 Իր հանդերձները փայլուն, չափազանց ճերմակ եղան՝ ձիւնի պէս, այնպէս որ երկրի վրայ ո՛չ մէկ թափիչ կրնար այդպէս ճերմկցնել:
Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել:
4 Ու Եղիա երեւցաւ անոնց՝ Մովսէսի հետ, եւ կը խօսակցէին Յիսուսի հետ:
Եւ նրանց երեւաց Եղիան՝ Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ:
5 Ապա Պետրոս ըսաւ Յիսուսի. «Ռաբբի՛, լաւ է որ կենանք հոս եւ շինենք երեք վրան, մէկը՝ քեզի, մէկը՝ Մովսէսի ու մէկը՝ Եղիայի».
Պետրոսը Յիսուսին ասաց. «Ռաբբի՛, լաւ է, որ մենք այստեղ լինենք եւ երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկն էլ՝ Եղիայի համար»:
6 որովհետեւ չէր գիտեր թէ ի՛նչ կը խօսի, քանի որ զարհուրած էին:
Սակայն չգիտէր, թէ ինչ էր խօսում, որովհետեւ զարհուրած էին:
7 Ամպ մը հովանի եղաւ անոնց վրայ, եւ ձայն մը եկաւ ամպէն՝ ըսելով. «Ա՛յս է իմ սիրելի Որդիս, անո՛ր մտիկ ըրէք»:
Եւ մի ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեցէք»:
8 Յանկարծ, երբ իրենց շուրջը նայեցան, ուրիշ ո՛չ մէկը տեսան, հապա միայն Յիսուսը՝ իրենց հետ:
Եւ յանկարծակի այս ու այն կողմ նայելով՝ այլեւս ոչ մի տեղ ոչ ոքի չտեսան, այլ միայն Յիսուսին՝ իրենց հետ:
9 Երբ վար կ՚իջնէին լեռնէն, պատուիրեց անոնց՝ որ ո՛չ մէկուն պատմեն իրենց տեսածը, բայց միայն՝ մարդու Որդիին մեռելներէն յարութիւն առնելէն ետք:
Եւ մինչ լեռնից իջնում էին, նա պատուիրեց նրանց, որ իրենց տեսածը մարդու չպատմեն, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի:
10 Անոնք պահեցին այդ խօսքը, ու կը հարցնէին իրարու թէ ի՛նչ կը նշանակէ “մեռելներէն յարութիւն առնել”:
Նրանք այս խօսքը իրենց մտքում պահում էին եւ միմեանց հարցնում էին, թէ ի՛նչ է մեռելներից յարութիւն առնելը:
11 Եւ հարցուցին իրեն. «Ինչո՞ւ դպիրները կ՚ըսեն թէ “պէտք է որ նախ Եղիա գայ”»:
Ապա հարցրին նրան ու ասացին. «Այն ի՞նչ է, որ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պէտք է գայ»:
12 Ան ալ պատասխանեց անոնց. «Արդարեւ նախ Եղիա կու գայ ու կը վերահաստատէ ամէն բան. ի՛նչպէս գրուած է մարդու Որդիին մասին՝ թէ պէտք է շատ չարչարանքներ կրէ եւ անարգուի:
Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Եղիան նախ պիտի գայ եւ ամէն բան կարգի պիտի դնի. իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրուած է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգուի:
13 Բայց կ՚ըսեմ ձեզի թէ Եղիա եկաւ ալ, ու ինչ որ ուզեցին՝ ըրին անոր, ինչպէս գրուած էր իր մասին»:
Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկաւ, եւ նրան արեցին, ինչ որ կամեցան, ինչպէս որ գրուած է նրա մասին»:
14 Աշակերտներուն քով գալով՝ տեսաւ մեծ բազմութիւն մը անոնց շուրջը, ու դպիրներ՝ որ կը վիճաբանէին անոնց հետ:
Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ:
15 Իսկոյն ամբողջ բազմութիւնը՝ երբ տեսաւ զայն՝ շատ այլայլեցաւ, եւ յառաջ վազելով զայն կը բարեւէր:
Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ, ընդառաջ վազելով, ողջոյն էր տալիս նրան:
16 Յիսուս հարցուց դպիրներուն. «Ի՞նչ բանի մասին կը վիճաբանէիք անոնց հետ:
Յիսուս աշակերտներին հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»:
17 Բազմութենէն մէկը պատասխանեց. «Վարդապե՛տ, որդիս՝ որ համր ոգի ունի՝ քեզի բերի:
Ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, քեզ մօտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է.
18 Ո՛ւր որ ալ բռնէ զայն՝ գետին կը զարնէ՝՝ զայն. ինք ալ կը փրփրի, իր ակռաները կը կրճտէ եւ կը ցամքի: Քու աշակերտներուդ ըսի որ հանեն զայն, բայց չկրցան»:
եւ ուր պատահում է, նրան գետին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում եւ ապա չորանում մնում է: Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»:
19 Ինք ալ պատասխանեց անոնց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ պիտի ըլլամ ձեզի հետ, մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեմ ձեզի. ինծի՛ բերէք զայն»:
Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»:
20 Իրեն բերին զայն: Երբ տղան տեսաւ զինք, իսկոյն չար ոգին ցնցեց զայն, եւ գետին ինկած՝ կը թաւալէր ու կը փրփրէր:
Եւ նրան բերեցին իր մօտ: Երբ չար ոգին նրան տեսաւ, իսկոյն ուժգին ցնցեց տղային, որը, գետին ընկնելով, թաւալւում էր ու փրփրում:
21 Յիսուս հարցուց անոր հօր. «Ո՞րչափ ատեն է՝ որ այդ բանը պատահեցաւ անոր»: Ան ալ ըսաւ. «Մանկութենէն ի վեր:
Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»: Եւ նա ասաց. «Մանկութիւնից:
22 Յաճախ կրակի ու ջուրի մէջ կը նետէ զայն՝ որպէսզի կորսնցնէ. բայց եթէ կարողութիւն ունիս՝ օգնէ՛ մեզի, գթալով մեր վրայ»:
Շատ անգամ չար ոգին կրակի եւ ջրի մէջ է նետում նրան, որ կործանի. արդ, եթէ մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տէ՛ր, գթալով մեզ»:
23 Յիսուս ըսաւ անոր. «Եթէ կրնաս հաւատալ. ամէն բան կարելի է անոր՝ որ կը հաւատայ»:
Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»:
24 Իսկոյն մանուկին հայրը աղաղակեց եւ արցունքով ըսաւ. «Կը հաւատա՛մ, Տէ՛ր. օգնէ՛ իմ անհաւատութեանս»:
Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»:
25 Յիսուս՝ երբ տեսաւ թէ բազմութիւնը կը խռնուի շուրջը, սաստեց անմաքուր ոգին եւ ըսաւ անոր. «Հա՛մր ու խո՛ւլ ոգի, կը հրամայեմ քեզի, ելի՛ր ատկէ, եւ անգա՛մ մըն ալ մի՛ մտներ անոր մէջ»:
Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդը իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մէջ»:
26 Ոգին աղաղակելով՝ սաստիկ ցնցեց զայն ու ելաւ. եւ տղան մեռելի պէս եղաւ, այնպէս որ շատեր ըսին. «Մեռա՛ւ»:
Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. եւ պատանին մեռելի պէս եղաւ, այն աստիճան, որ շատերը ասացին, թէ մեռաւ:
27 Իսկ Յիսուս անոր ձեռքէն բռնելով՝ ոտքի հանեց զայն, ան ալ կանգնեցաւ:
Յիսուս բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, եւ նա ոտքի կանգնեց:
28 Երբ ինք տուն մտաւ, իր աշակերտները առանձին հարցուցին իրեն. «Մե՛նք ինչո՞ւ չկրցանք հանել զայն»:
Եւ երբ Յիսուս տուն մտաւ, աշակերտները, առանձին, հարցրին նրան. «Ինչո՞ւ մենք չկարողացանք հանել դրան»:
29 Ըսաւ անոնց. «Այդ տեսակը կարելի չէ ուրիշ բանով հանել, բայց միայն աղօթքով ու ծոմապահութեամբ»:
Եւ նա նրանց ասաց. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթէ ոչ ծոմապահութեամբ ու աղօթքով»:
30 Անկէ մեկնելով՝ Գալիլեայի մէջէն կ՚անցնէին, եւ չէր ուզեր որ մէ՛կը գիտնայ.
Այնտեղից ելնելով՝ նրանք անցնում էին Գալիլիայի միջով, եւ Յիսուս չէր կամենում, որ որեւէ մէկն իմանայ,
31 որովհետեւ կը սորվեցնէր իր աշակերտներուն ու կ՚ըսէր անոնց. «Մարդու Որդին պիտի մատնուի մարդոց ձեռքը, պիտի սպաննեն զայն, ու երբ սպաննուի՝ յարութիւն պիտի առնէ երրորդ օրը»:
քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր եւ նրանց ասում. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան. եւ երբ նա սպանուի, երրորդ օրը յարութիւն պիտի առնի»:
32 Անոնք չէին հասկնար այդ խօսքը, եւ կը վախնային հարցնել իրեն:
Բայց նրանք չէին հասկանում այդ խօսքը եւ վախենում էին նրան հարցնել:
33 Եկաւ Կափառնայում. ու երբ տուն մտաւ՝ հարցուց անոնց. «Ի՞նչ բանի մասին կը մտածէիք ճամբան՝ իրարու հետ»:
Եկաւ Կափառնայում եւ, երբ տուն մտաւ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»:
34 Անոնք լուռ կեցան, որովհետեւ ճամբան վիճաբանած էին իրարու հետ՝ թէ ո՛վ է մեծագոյնը:
Եւ նրանք լուռ էին մնում, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ո՛վ է մեծը:
35 Երբ նստաւ, կանչեց տասներկուքը եւ ըսաւ անոնց. «Եթէ մէկը ուզէ առաջին ըլլալ, բոլորին յետի՛նը թող ըլլայ, ու բոլորին սպասարկուն»:
Եւ երբ նստեց, կանչեց Տասներկուսին ու նրանց ասաց. «Եթէ մէկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասաւորը պիտի լինի»:
36 Եւ առաւ մանուկ մը, կայնեցուց անոնց մէջտեղ, ապա իր գիրկը առնելով զայն՝ ըսաւ անոնց.
Եւ մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մէջ եւ նրան իր գիրկն առնելով՝ նրանց ասաց.
37 «Ո՛վ որ կ՚ընդունի այսպիսի մանուկներէն մէկը՝ իմ անունովս, զի՛ս կ՚ընդունի. եւ ո՛վ որ զիս կ՚ընդունի, ո՛չ թէ զի՛ս կ՚ընդունի, հապա՝ զիս ղրկո՛ղը»:
«Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»:
38 Յովհաննէս ըսաւ անոր. «Վարդապե՛տ, տեսանք մէկը որ դեւեր կը հանէր քու անունովդ, բայց մեզի չի հետեւիր: Արգիլեցինք զայն, քանի որ մեզի չի հետեւիր»:
Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»:
39 Յիսուս ըսաւ. «Մի՛ արգիլէք զայն, որովհետեւ չկայ մէկը՝ որ իմ անունովս հրաշք գործէ, ու կարենայ շուտով զիս անիծել.
Եւ նա ասաց. «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել.
40 ա՛ն որ մեզի հակառակ չէ, մեր՝՝ կողմէն է:
քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է:
41 Ա՛ն որ ձեզի գաւաթ մը ջուր խմցնէ իմ անունովս՝՝, քանի որ դուք Քրիստոսի կը պատկանիք, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Անիկա իր վարձատրութիւնը պիտի չկորսնցնէ”»:
Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
42 «Ո՛վ որ գայթակղեցնէ այս պզտիկներէն մէկը՝ որ ինծի կը հաւատայ, աւելի լաւ պիտի ըլլար՝ որ ջաղացքի քար մը կախուէր անոր վիզէն, եւ ծովը նետուէր:
«Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր:
43 Եթէ ձեռքդ կը գայթակղեցնէ քեզ՝ կտրէ՛ զայն. աւելի լաւ է քեզի՝ պակասաւո՛ր մտնել կեանքը, քան երկու ձեռք ունենալ ու երթալ գեհենը՝ անշէջ կրակին մէջ, (Geenna g1067)
Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշէջ կրակի մէջ: (Geenna g1067)
44 ուր անոնց որդը չի վախճանիր եւ կրակը չի մարիր:
45 Եթէ ոտքդ կը գայթակղեցնէ քեզ՝ կտրէ՛ զայն. աւելի լաւ է քեզի՝ կա՛ղ մտնել կեանքը, քան երկու ոտք ունենալ ու նետուիլ գեհենը՝ անշէջ կրակին մէջ, (Geenna g1067)
Եւ եթէ քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր, քեզնից դէ՛ն գցիր այն. լաւ է, որ դու կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես: (Geenna g1067)
46 ուր անոնց որդը չի վախճանիր եւ կրակը չի մարիր:
47 Եթէ աչքդ կը գայթակղեցնէ քեզ՝ հանէ՛ զայն. աւելի լաւ է քեզի՝ մէ՛կ աչքով մտնել Աստուծոյ թագաւորութիւնը, քան երկու աչք ունենալ ու նետուիլ գեհենի կրակը, (Geenna g1067)
Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանի՛ր այն. լաւ է, որ դու մէկ աչքով մտնես Աստծու արքայութիւնը, քան թէ երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, (Geenna g1067)
48 ուր անոնց որդը չի վախճանիր եւ կրակը չի մարիր:
ուր նրանց որդը չի մեռնում, եւ կրակը չի հանգչում,
49 Որովհետեւ իւրաքանչիւրը կրակո՛վ պիտի աղուի, ու ամէն զոհ աղո՛վ պիտի աղուի:
որովհետեւ ամէն ինչ կրակով պիտի աղուի:
50 Աղը լաւ է. բայց եթէ աղը դառնայ անհամ, ինչո՞վ պիտի համեմէք զայն. ձեր մէջ ա՛ղ ունեցէք, եւ իրարու հետ խաղա՛ղ եղէք»:
Աղը լաւ բան է. բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ պիտի համեմուի. արդ, դուք ձեր մէ՛ջ ունեցէք աղը եւ իրար հետ խաղաղութեա՛մբ ապրեցէք»:

< ՄԱՐԿՈՍ 9 >