< ՂՈԻԿԱՍ 22 >

1 Բաղարջակերքի տօնը՝ որ Զատիկ կը կոչուէր՝ մօտեցաւ,
Մօտեցաւ Բաղարջակերաց տօնը, որը կոչւում էր Պասեք:
2 եւ քահանայապետներն ու դպիրները կը փնտռէին թէ ի՛նչպէս մեռցնեն զայն, քանի որ կը վախնային ժողովուրդէն:
Իսկ քահանայապետներն ու օրէնսգէտները հնար էին փնտռում, թէ ինչպէս սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից:
3 Սատանան մտաւ Իսկարիովտացի մականուանեալ Յուդայի ներսը, որ տասներկուքէն մէկն էր,
Ապա սատանան մտաւ Իսկարիովտացի կոչուած Յուդայի մէջ, որ Տասներկուսի թւում էր:
4 եւ ան գնաց բանակցելու քահանայապետներուն ու մեծաւորներուն հետ՝ թէ ի՛նչպէս մատնէ զայն անոնց:
Սա գնաց բանակցեց քահանայապետների, օրէնսգէտների եւ ժողովրդի իշխանաւորների հետ, որ Յիսուսին նրանց մատնի:
5 Անոնք ուրախացան եւ միաձայնեցան դրամ տալ անոր:
Նրանք ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ:
6 Ինք ալ խոստացաւ, ու կը փնտռէր պատեհութիւն մը զայն մատնելու անոնց՝ առանց բազմութեան:
Եւ նա յանձն առաւ ու պատեհ առիթ էր փնտռում՝ նրան մատնելու նրանց՝ ամբոխից մեկուսի:
7 Բաղարջակերքի օրը եկաւ, երբ պէտք էր մորթել զատիկը:
Եկաւ Բաղարջակերաց օրը, երբ օրէնք էր մորթել Պասեքը:
8 Ուստի ղրկեց Պետրոսն ու Յովհաննէսը՝ ըսելով. «Գացէ՛ք, պատրաստեցէ՛ք մեզի զատիկը՝ որպէսզի ուտենք»:
Եւ նա ուղարկեց Պետրոսին եւ Յովհաննէսին ու ասաց. «Գնացէ՛ք, պատրաստեցէ՛ք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»:
9 Անոնք ալ ըսին անոր. «Ո՞ւր կ՚ուզես որ պատրաստենք»:
Եւ նրանք ասացին. «Ո՞ւր ես ուզում, որ պատրաստենք»:
10 Ըսաւ անոնց. «Ահա՛ երբ մտնէք քաղաքը, մարդ մը պիտի հանդիպի ձեզի՝ որ ուսին վրայ ունի ջուրի սափոր մը. հետեւեցէ՛ք անոր մինչեւ այն տունը՝ ուր ինք կը մտնէ,
Եւ նրանց ասաց. «Ահա՛, երբ քաղաք մտնէք, ձեզ կը հանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացէ՛ք նրա յետեւից այն տունը, ուր նա կը մտնի:
11 եւ ըսէ՛ք տանտիրոջ. «Վարդապետը կ՚ըսէ քեզի. “Ո՞ւր է իջեւանը, ուր պիտի ուտեմ զատիկը աշակերտներուս հետ”:
Եւ կ՚ասէք տանտիրոջը. «Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հիւրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը»:
12 Ան ալ պիտի ցուցնէ ձեզի կահաւորուած մեծ վերնայարկ մը. հո՛ն պատրաստեցէք»:
Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի մեծ վերնատուն, եւ այնտեղ կը պատրաստէք»:
13 Գացին, գտան ինչպէս ըսաւ իրենց, եւ պատրաստեցին զատիկը:
Եւ աշակերտները գնացին գտան, ինչպէս որ իրենց ասել էր. եւ պատրաստեցին Պասեքը:
14 Երբ ժամը հասաւ՝ սեղան նստաւ, ու տասներկու առաքեալները իրեն հետ:
Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստեց, եւ տասներկու առաքեալներն էլ՝ իր հետ:
15 Եւ ըսաւ անոնց. «Չափազանց ցանկացի որ այս զատիկը ուտեմ ձեզի հետ՝ իմ չարչարուելէս առաջ.
Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել:
16 որովհետեւ կը յայտարարեմ ձեզի. “Ա՛լ բնա՛ւ պիտի չուտեմ ասկէ, մինչեւ որ իրագործուի Աստուծոյ թագաւորութեան մէջ”»:
Բայց ասում եմ ձեզ, թէ այլեւս չեմ ուտելու սրանից, մինչեւ որ Պասեքը կատարուի Աստծու արքայութեան մէջ»:
17 Ու բաժակը առաւ, շնորհակալ եղաւ եւ ըսաւ. «Առէ՛ք ասիկա ու բաժնեցէ՛ք ձեր մէջ:
Եւ, բաժակը վերցնելով, գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ.
18 Արդարեւ կը յայտարարեմ ձեզի. “Բնա՛ւ որթատունկին բերքէն պիտի չխմեմ, մինչեւ որ գայ Աստուծոյ թագաւորութիւնը”»:
ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծու արքայութիւնը»:
19 Ապա հաց առաւ, շնորհակալ եղաւ, կտրեց ու տուաւ անոնց, եւ ըսաւ. «Ա՛յս է իմ մարմինս՝ որ կը տրուի ձեզի համար. ըրէ՛ք ասիկա՝ իմ յիշատակիս համար»:
Եւ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»:
20 Նոյնպէս ալ բաժակը առաւ ընթրիքէն ետք, եւ ըսաւ. «Այս բաժակը նո՛ր ուխտն է՝ իմ արիւնովս, որ կը թափուի ձեզի համար»:
Նոյնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ եւ ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած:
21 «Բայց ահա՛ զիս մատնողին ձեռքը ինծի հետ՝ այս սեղանին վրայ է:
Բայց ահաւասիկ իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրայ է:
22 Իրաւ է թէ մարդու Որդին կ՚երթայ՝ ինչպէս սահմանուած է. բայց վա՜յ այն մարդուն՝ որուն միջոցով կը մատնուի ան»:
Եւ մարդու Որդին աշխարհից կը գնայ ըստ սահմանուածի, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի»:
23 Անոնք ալ սկսան հարցնել իրարու թէ իրենցմէ ո՛վ էր՝ որ պիտի ընէր այդ բանը:
Եւ նրանք սկսեցին հարցնել իրար մէջ, թէ իրենցից ո՛վ է, որ այդ անելու է:
24 Վէճ մըն ալ եղաւ անոնց մէջ, թէ իրենցմէ ո՛վ պիտի համարուի մեծագոյնը:
Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ո՛վ պիտի մեծ համարուի:
25 Ան ալ ըսաւ անոնց. «Հեթանոսներուն թագաւորնե՛րը կը տիրեն իրենց, եւ անոնք որ կ՚իշխեն իրենց վրայ՝ բարերար կը կոչուին:
Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում:
26 Բայց դուք այնպէս պէտք չէ ըլլաք. հապա ա՛ն որ ձեր մէջ մեծագոյնն է՝ կրտսերին պէս թող ըլլայ, ու հրամայողը՝ սպասարկուին պէս:
Բայց դուք այդպէս չլինէք, այլ՝ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը:
27 Քանի որ ո՞վ է մեծը, սեղան նստո՞ղը՝ թէ սպասարկուն: Միթէ սեղան նստողը չէ՞. սակայն ես ձեր մէջ սպասարկուի մը պէս եմ:
Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը: Չէ՞ որ՝ սեղան նստողը: Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր»:
28 Եւ դուք անոնք էք՝ որ միշտ ինծի հետ կը մնայիք փորձութիւններուս մէջ.
«Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ:
29 ես ալ թագաւորութիւն մը կը կտակեմ ձեզի, ինչպէս իմ Հայրս թագաւորութիւն մը կտակեց ինծի.
Եւ ես խոստանում եմ ձեզ, - ինչպէս եւ իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը, -
30 որպէսզի դուք ուտէք ու խմէք իմ սեղանէս՝ իմ թագաւորութեանս մէջ, եւ բազմիք գահերու վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու տոհմերը»:
որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերը»:
31 Տէրը ըսաւ. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա՛ Սատանան շատ ուզեց խարբալել ձեզ ցորենի պէս:
Եւ Տէրն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել:
32 Բայց ես աղերսեցի քեզի համար, որպէսզի հաւատքդ չպակսի. եւ դուն երբ դարձի գաս՝ եղբայրնե՛րդ ալ ամրացուր»:
Բայց ես աղօթեցի քեզ համար, որպէսզի քո հաւատը չպակասի, եւ դու, երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին»:
33 Իսկ ինք ըսաւ անոր. «Տէ՛ր, ես պատրաստ եմ քեզի հետ թէ՛ բանտ երթալու, թէ՛ մեռնելու»:
Եւ Պետրոսն ասաց. «Տէ՛ր, պատրաստ եմ քեզ հետ գնալ ե՛ւ բանտ, ե՛ւ դէպի մահ»:
34 Ան ալ ըսաւ. «Պետրո՛ս, կը յայտարարեմ քեզի. “Այսօր աքաղաղը պիտի չկանչէ, մինչեւ որ դուն երե՛ք անգամ ուրանաս՝ թէ զիս կը ճանչնաս”»:
Եւ նա նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր դեռ աքաղաղը կանչած չպիտի լինի, մինչեւ որ դու երեք անգամ ուրանաս՝ ասելով, թէ ինձ չես ճանաչում»:
35 Նաեւ ըսաւ անոնց. «Երբ ղրկեցի ձեզ առանց քսակի, պարկի ու կօշիկներու, որեւէ բան պակսեցա՞ւ ձեզի»:
Եւ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի եւ կօշիկների, մի՞թէ որեւէ բանի կարօտ մնացիք»:
36 Անոնք ալ ըսին. «Ո՛չ մէկ բան»: Յետոյ ըսաւ. «Բայց հիմա՝ ա՛ն որ քսակ ունի՝ թող առնէ զայն, նմանապէս պարկը. եւ ա՛ն որ սուր չունի, թող ծախէ իր հանդերձը ու սուր մը գնէ իրեն:
Եւ նրանք ասացին՝ եւ ո՛չ մի բանի: Ապա ասաց. «Իսկ այժմ՝ ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նոյնպէս եւ՝ մախաղ. իսկ ով որ չունի, թող վաճառի իր վերարկուն եւ իր համար սուր գնի:
37 Քանի որ կը յայտարարեմ ձեզի թէ պէտք է որ սա՛ գրուածն ալ կատարուի իմ վրաս. “Անօրէններու հետ սեպուեցաւ”. որովհետեւ աւարտելու վրայ են ինծի վերաբերող բաները»:
Բայց ասում եմ ձեզ, այս եւս, որ գրուած է, պէտք է, որ կատարուի իմ վրայ, թէ՝ «Անօրէնների հետ դասուեց». որովհետեւ, ինչ որ ինձ համար է գրուած, կատարուելու վրայ է»:
38 Անոնք ալ ըսին. «Տէ՛ր, ահա՛ հոս երկու սուր կայ»: Ան ալ ըսաւ անոնց. «Կը բաւէ»:
Եւ նրանք ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ այստեղ երկու սուր կայ»: Եւ նրանց ասաց. «Բաւական են»:
39 Յետոյ դուրս ելլելով՝ իր սովորութեան համաձայն գնաց Ձիթենիներու լեռը. աշակերտներն ալ հետեւեցան իրեն:
Եւ Յիսուս ըստ իր սովորութեան ելաւ գնաց Ձիթենեաց լեռը. նրա յետեւից գնացին եւ աշակերտները:
40 Երբ հասաւ այդ տեղը՝ ըսաւ անոնց. «Աղօթեցէ՛ք՝ որպէսզի փորձութեան մէջ չմտնէք»:
Երբ տեղ հասաւ, ասաց նրանց. «Աղօթքի՛ կանգնեցէք, որ փորձութեան մէջ չընկնէք»:
41 Ապա մեկուսացաւ անոնցմէ՝ քարընկէցի մը չափ, ու ծնրադրելով՝ կ՚աղօթէր
Եւ ինքը հեռացաւ նրանցից մօտ մի քարընկեց, ծնրադրեց, աղօթում էր եւ ասում.
42 եւ կ՚ըսէր. «Հա՛յր, եթէ փափաքիս՝ հեռացո՛ւր այս բաժակը ինձմէ. բայց ո՛չ թէ ի՛մ կամքս՝ հապա քո՛ւկդ թող ըլլայ»:
«Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»:
43 Երկինքէն հրեշտակ մը երեւցաւ իրեն, ու կը զօրացնէր զինք: Ճգնաժամի մէջ ըլլալով՝ աւելի՛ ջերմեռանդութեամբ կ՚աղօթէր,
Եւ նրան երկնքից երեւաց մի հրեշտակ եւ ուժ էր տալիս նրան. նա տագնապի մէջ էր եւ ամբողջ հոգով էր աղօթում:
44 եւ իր քրտինքը՝ գետին ինկող արիւնի մեծ կաթիլներու պէս էր:
« Եւ նրանից քրտինքը հոսում էր արեան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափուելով:
45 Աղօթքէն կանգնելով՝ եկաւ աշակերտներուն քով, ու գտաւ զանոնք՝ տրտմութենէն քնացած:
Եւ վեր կենալով աղօթքից՝ եկաւ աշակերտների մօտ, նրանց քնած գտաւ տրտմութիւնից
46 Ըսաւ անոնց. «Ինչո՞ւ կը քնանաք. կանգնեցէ՛ք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի չմտնէք փորձութեան մէջ»:
եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք քնել. վե՛ր կացէք, աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք»:
47 Երբ դեռ կը խօսէր, ահա՛ բազմութիւն մը եկաւ. Յուդա կոչուածն ալ՝ տասներկուքէն մէկը՝ կ՚երթար անոր առջեւէն, ու մօտեցաւ Յիսուսի՝ որպէսզի համբուրէ զայն:
Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա երեւաց մի ամբոխ. եւ նա, որ Յուդա էր կոչւում, Տասներկուսից մէկը, առաջնորդում էր նրանց. երբ Յուդան մօտեցաւ Յիսուսին, համբուրեց նրան, որովհետեւ այն նշանն էր տուել նրանց, թէ՝ «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրա՛ն բռնեցէք»:
48 Յիսուս ըսաւ անոր. «Յուդա՛, համբուրելո՞վ կը մատնես մարդու Որդին»:
Յիսուս նրան ասաց. «Յուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»:
49 Երբ անոր շուրջը եղողները տեսան ինչ որ պիտի ըլլար, ըսին անոր. «Տէ՛ր, զարնե՞նք սուրով»:
Երբ նրա շուրջը գտնուողները տեսան եղածը, նրան ասացին. «Տէ՛ր, սրով նրանց հարուածե՞նք»:
50 Եւ անոնցմէ մէկը զարկաւ քահանայապետին ծառային, ու խլեց անոր աջ ականջը:
Եւ աշակերտներից մէկը հարուածեց քահանայապետի ծառային եւ կտրեց դէն գցեց նրա աջ ականջը:
51 Յիսուս ըսաւ. «Թոյլատրեցէ՛ք մինչեւ այդ տեղը»: Եւ դպաւ անոր ականջին ու բժշկեց զայն:
Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Թո՛յլ տուէք, բաւ է եղածը»: Եւ դիպչելով ականջին՝ այն բժշկեց:
52 Յիսուս ըսաւ իրեն եկած քահանայապետներուն, տաճարին մեծաւորներուն եւ երէցներուն. «Իբր թէ աւազակի՞ դէմ եկաք՝ սուրերով ու բիրերով:
Եւ իր վրայ եկած քահանայապետներին, տաճարի իշխանաւորներին եւ ծերերին ասաց. «Ինչպէս աւազակի՞ վրայ էք գալիս սրերով ու մահակներով.
53 Ամէ՛ն օր ձեզի հետ էի՝ տաճարին մէջ, եւ ձեռք չերկարեցիք իմ վրաս. բայց ասիկա՛ է ձեր ժամն ու խաւարին իշխանութիւնը»:
միշտ ձեզ հետ էի տաճարում, եւ դուք ինձ վրայ ձեռք չերկարեցիք. սակայն ա՛յս է ձեր ժամը եւ խաւարի իշխանութեան զօրութիւնը»:
54 Բռնելով զայն՝ տարին եւ մտցուցին քահանայապետին տունը. Պետրոս ալ կը հետեւէր անոր հեռուէն:
Եւ բռնելով նրան՝ տարան եւ մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռուից գնում էր նրա յետեւից:
55 Երբ կրակ վառեցին գաւիթին մէջտեղը ու նստան միասին, Պետրոս ալ նստաւ անոնց մէջ:
Երբ գաւթի մէջ կրակ վառեցին եւ նստեցին շուրջը, Պետրոսն էլ նստեց նրանց մէջ:
56 Աղախին մը տեսնելով զայն՝ որ նստած էր կրակին քով, ակնապիշ նայեցաւ անոր եւ ըսաւ. «Ասիկա՛ ալ անոր հետ էր»:
Մի աղախին տեսաւ նրան կրակի լոյսի մօտ նստած, հայեացքը սեւեռեց նրան եւ ասաց. «Սա էլ էր նրանցից, որ նրա հետ էին»
57 Բայց Պետրոս ուրացաւ զայն՝ ըսելով. «Կի՛ն, չեմ ճանչնար զայն»:
Իսկ Պետրոսն ուրացաւ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»:
58 Կարճ պահէ մը ետք՝ ուրի՛շ մը տեսաւ զինք եւ ըսաւ. «Դո՛ւն ալ անոնցմէ ես»: Պետրոս ըսաւ. «Մա՛րդ, ես անոնցմէ չեմ»:
Եւ քիչ յետոյ մէկ ուրիշը տեսաւ նրան եւ ասաց. «Դո՛ւ էլ նրանցից ես»: Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»:
59 Գրեթէ ժամ մը ետք՝ ուրիշ մըն ալ կը պնդէր ու կ՚ըսէր. «Ճշմարտապէս ասիկա՛ ալ անոր հետ էր, որովհետեւ Գալիլեացի է»:
Եւ երբ մի ժամ էլ անցաւ, մէկ ուրիշը վիճում էր եւ ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետեւ գալիլիացի է»:
60 Բայց Պետրոս ըսաւ. «Մա՛րդ, չեմ գիտեր ի՛նչ կը խօսիս»: Անմի՛ջապէս, մինչ ինք դեռ կը խօսէր, աքաղաղը կանչեց:
Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ այդ ի՛նչ ես խօսում»: Եւ նոյն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց:
61 Տէրը դարձաւ ու նայեցաւ Պետրոսի: Պետրոս ալ մտաբերեց Տէրոջ խօսքը, որ ըսեր էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երե՛ք անգամ պիտի ուրանաս զիս»:
Տէրը դարձաւ եւ նայեց Պետրոսին. եւ Պետրոսը յիշեց Տիրոջ խօսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թէ ինձ չես ճանաչում»:
62 Պետրոս դուրս ելլելով՝ դառնապէս լացաւ:
Եւ Պետրոսը դուրս ելնելով՝ դառնօրէն լաց եղաւ:
63 Այն մարդիկը՝ որ բռնած էին Յիսուսը, կը ծաղրէին զայն ու կը ծեծէին.
Եւ այն մարդիկ, որ նրան պահպանում էին, ծիծաղում էին նրա վրայ եւ խփում,
64 Ծածկելով անոր աչքերը՝ կը զարնէին անոր երեսին եւ կը հարցնէին իրեն. «Մարգարէացի՛ր. ո՞վ է ա՛ն՝ որ զարկաւ քեզի»:
ծածկում էին նրա երեսը եւ տանջում, հարցնում էին նրան եւ ասում. «Մարգարէացի՛ր՝ ո՞վ է, որ քեզ խփեց»:
65 Ուրիշ շատ բաներ ալ կ՚ըսէին անոր դէմ՝ հայհոյելով:
Եւ հայհոյելով՝ ուրիշ շատ բաներ էլ էին ասում նրա երեսին:
66 Երբ առտու եղաւ՝ ժողովուրդին երէցներու ժողովը, քահանայապետներն ու դպիրները հաւաքուեցան, տարին զայն իրենց ատեանին առջեւ եւ ըսին. «Եթէ Քրիստոսը դո՛ւն ես, ըսէ՛ մեզի»:
Եւ երբ լոյսը բացուեց, հաւաքուեց ժողովրդի ծերակոյտը՝ քահանայապետներ եւ օրէնսգէտներ, եւ Յիսուսին քաշեցին բերին իրենց ատեանի առաջ եւ ասացին. «Եթէ դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»:
67 Ըսաւ անոնց. «Եթէ ըսեմ ալ ձեզի՝ պիտի չհաւատաք.
Նրանց ասաց. «Եթէ ձեզ ասեմ իսկ, չէք հաւատայ:
68 ու եթէ հարցնեմ ձեզի բան մը՝ պիտի չպատասխանէք ինծի, ո՛չ ալ պիտի արձակէք զիս:
Եւ եթէ ես ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չէք տայ կամ չէք արձակի ինձ:
69 Ասկէ ետք՝ մարդու Որդին պիտի բազմի Աստուծոյ զօրութեան աջ կողմը»:
Բայց սրանից յետոյ մարդու Որդին պիտի նստի Աստծու զօրութեան աջին»:
70 Բոլորը ըսին. «Ուրեմն դուն Աստուծոյ Որդի՞ն ես»: Ինք ալ ըսաւ անոնց. «Դո՛ւք կ՚ըսէք թէ ես եմ»:
Եւ ամէնքը միասին ասացին. «Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես»: Եւ նա նրանց ասաց. «Դուք ասում էք, թէ ես եմ»:
71 Եւ անոնք ըսին. «Ա՛լ ի՞նչ պէտք ունինք վկայութեան, որովհետեւ մենք իսկ լսեցինք անոր բերանէն»:
Եւ նրանք ասացին. «Էլ ի՞նչ վկայութիւն է պէտք մեզ, որովհետեւ մենք ինքներս լսեցինք նրա բերանից»:

< ՂՈԻԿԱՍ 22 >