< ՂՈԻԿԱՍ 14 >

1 Երբ ինք Շաբաթ օր մը մտաւ Փարիսեցիներու պետերէն մէկուն տունը՝ հաց ուտելու, անոնք կը հսկէին իր վրայ:
Երբ մի շաբաթ օր նա մտաւ փարիսեցիների իշխանաւորներից մէկի տունը հաց ուտելու, նրանք դիտում էին նրան:
2 Եւ ահա՛ ջրգողեալ մարդ մը կար հոն՝ իր առջեւ:
Եւ ահա այնտեղ, նրա առաջ ջրգողով հիւանդ մի մարդ կար:
3 Յիսուս խօսեցաւ օրինականներուն ու Փարիսեցիներուն՝ ըսելով. «Արտօնուա՞ծ է Շաբաթ օրը բուժել»:
Յիսուս պատասխանեց օրէնսգէտներին ու փարիսեցիներին եւ ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինաւո՞ր է, թէ՞՝ ոչ»:
4 Անոնք հանդարտ կեցան: Իսկ ինք բռնեց զայն, բժշկեց եւ ղրկեց.
Նրանք լուռ մնացին: Յիսուս նրան բռնելով՝ բուժեց եւ արձակեց:
5 Ապա ըսաւ անոնց. «Ձեզմէ որո՞ւն էշը կամ եզը եթէ հորը իյնայ, իսկոյն չի հաներ զայն՝ Շաբաթ օրը»:
Եւ նրանց ասաց. «Ձեզնից ո՞ւմ եզը կամ էշը ընկնի ջրհորի մէջ, նա իսկոյն այն չի հանի շաբաթ օրով»:
6 Այս մասին չկրցան դիմադարձել անոր:
Եւ այդ մասին նրան պատասխան տալ չկարողացան:
7 Առակ մըն ալ ըսաւ հրաւիրեալներուն, երբ տեսաւ թէ ի՛նչպէս կ՚ընտրէին առաջին բազմոցները: Ըսաւ անոնց.
Հրաւիրուածներին էլ մի առակ ասաց՝ տեսնելով, թէ ինչպէս նրանք պատուոյ տեղերն էին ընտրում:
8 «Երբ մարդէ մը հրաւիրուիս հարսանիքի, մի՛ նստիր առաջին բազմոցին վրայ. որպէսզի եթէ քեզմէ աւելի պատուաւոր մէկը հրաւիրուած ըլլայ,
Նրանց ասաց. «Երբ մէկը քեզ հարսանիքի կամ հրաւէրքի կանչի, առաջին տեղը մի՛ նստիր, գուցէ քեզնից աւելի պատուական մէկը նրա կողմից կանչուած լինի:
9 ան՝ որ քեզ ու զայն հրաւիրեց, չգայ եւ չըսէ քեզի. “Տե՛ղ տուր ասոր”. ու անկէ ետք՝ սկսիս ամչնալով գրաւել յետին տեղը:
Եւ քեզ ու նրան կանչողը գայ ու քեզ ասի՝ «Սրան տե՛ղ տուր»: Եւ ապա սկսես ամօթով վերջին տեղը գրաւել:
10 Հապա երբ հրաւիրուիս՝ գնա՛ եւ նստէ՛ յետին տեղը. որպէսզի երբ քեզ հրաւիրողը գայ՝ ըսէ քեզի. “Բարեկա՛մ, վե՛ր հրամմէ”. այն ատեն փառք կ՚ունենաս քեզի հետ սեղան նստողներուն առջեւ:
Այլ, երբ հրաւիրուես, գնա բազմի՛ր վերջին տեղը, որպէսզի, երբ քեզ կանչողը գայ եւ քեզ ասի՝ «Բարեկա՛մ, աւելի վե՛ր մօտեցիր», այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառաւորուես.
11 Որովհետեւ ո՛վ որ կը բարձրացնէ ինքզինք՝ պիտի խոնարհի, իսկ ո՛վ որ կը խոնարհեցնէ ինքզինք՝ պիտի բարձրանայ»:
որովհետեւ նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհուի, եւ նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանայ»:
12 Զինք հրաւիրողին ալ ըսաւ. «Երբ ճաշ կամ ընթրիք կը սարքես, մի՛ կանչեր բարեկամներդ, ո՛չ ալ եղբայրներդ. ո՛չ ազգականներդ, ո՛չ հարուստ դրացիներդ, որպէսզի անոնք ալ փոխարէնը չհրաւիրեն քեզ՝ ու հատուցում չըլլայ քեզի:
Իրեն հրաւիրողին էլ ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին եւ ո՛չ էլ քո հարուստ հարեւաններին, որպէսզի նրանք էլ փոխարէնը քեզ չհրաւիրեն, եւ քեզ հատուցում լինի:
13 Հապա երբ կոչունք կը սարքես՝ հրաւիրէ՛ աղքատները, պակասաւորները, կաղերը եւ կոյրերը,
Այլ, երբ ընդունելութիւն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին
14 ու երանելի՛ պիտի ըլլաս, որովհետեւ անոնք չեն կրնար փոխարէնը հատուցանել քեզի. արդարեւ արդարներուն յարութիւն առած ատե՛նը փոխարէնը պիտի հատուցանուի քեզի»:
եւ երանելի կը լինես, որովհետեւ փոխարէնը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եւ դրա փոխարէն քեզ կը հատուցուի արդարների յարութեան օրը»:
15 Հետը սեղան նստողներէն մէկը, երբ լսեց ասիկա, ըսաւ անոր. «Երանի՜ անոր, որ հաց պիտի ուտէ Աստուծոյ թագաւորութեան մէջ»:
Երբ սեղանակիցներից մէկը այս լսեց, ասաց նրան. «Երանի՜ նրան, ով ճաշ կ՚ուտի Աստծու արքայութեան մէջ»:
16 Ինք ըսաւ անոր. «Մարդ մը սարքեց մեծ ընթրիք մը, ու հրաւիրեց շատ մարդիկ:
Եւ Յիսուս ասաց. «Մի մարդ ընթրիք սարքեց եւ հրաւիրեց շատերին:
17 Ընթրիքի ժամուն՝ ղրկեց իր ծառան, որպէսզի ըսէ հրաւիրեալներուն. “Եկէ՛ք, որովհետեւ արդէն ամէն բան պատրաստ է”:
Եւ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց՝ կանչելու հրաւիրուածներին, թէ՝ «Եկէ՛ք, որովհետեւ ահա ամէն ինչ պատրաստ է»:
18 Բոլորն ալ միաբերան սկսան հրաժարիլ: Առաջինը ըսաւ անոր. “Ես արտ մը գնեցի, եւ հարկ է որ մեկնիմ ու տեսնեմ զայն. կը խնդրեմ քեզմէ, հրաժարած նկատէ զիս”:
Եւ ամէնքը մէկ-մէկ սկսեցին հրաժարուել: Առաջինն ասաց. «Ագարակ գնեցի եւ պէտք է, որ գնամ տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուա՛ծ համարիր»:
19 Միւսը ըսաւ. “Հինգ զոյգ եզ գնեցի, եւ կ՚երթամ որ փորձարկեմ զանոնք. կը խնդրեմ քեզմէ, հրաժարած նկատէ զիս”:
Եւ միւսն ասաց. «Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուա՛ծ համարիր»:
20 Միւսը ըսաւ. “Կնոջ մը հետ ամուսնացայ. ուստի չեմ կրնար գալ”:
Իսկ միւսն ասաց. «Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ»:
21 Ծառան եկաւ ու պատմեց իր տիրոջ այս բաները: Այդ ատեն տանուտէրը բարկացաւ եւ ըսաւ իր ծառային. “Շուտո՛վ դուրս ելիր՝ դէպի քաղաքին հրապարակներն ու փողոցները, եւ հո՛ս բեր աղքատները, պակասաւորները, կաղերն ու կոյրերը”:
Եւ ծառան եկաւ ու իր տիրոջը պատմեց այս: Այդ ժամանակ, բարկանալով, տանտէրն իր ծառային ասաց. «Իսկոյն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները եւ աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին բեր մտցրո՛ւ այստեղ»:
22 Ծառան ալ ըսաւ. “Տէ՛ր, կատարուեցաւ ինչ որ հրամայեցիր, բայց տակաւին տեղ կայ”:
Եւ ծառան ասաց. «Տէ՛ր, ինչ հրամայեցիր՝ կատարուեց եւ էլի տեղ կայ»:
23 Տէրը ըսաւ ծառային. “Դո՛ւրս ելիր դէպի ճամբաներուն գլուխներն ու ցանկապատերը, եւ հարկադրէ՛ գտածներդ՝ որ հոս մտնեն, որպէսզի տունս լեցուի”:
Եւ տէրը ծառային ասաց. «Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ եւ մարդկանց այստեղ մտցրո՛ւ, որպէսզի տունս լցուի»:
24 Որովհետեւ, կ՚ըսեմ ձեզի, այդ հրաւիրուած մարդոցմէն ո՛չ մէկը պիտի ճաշակէ իմ ընթրիքէս»:
Ասում եմ ձեզ, որ այդ հրաւիրուածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի»:
25 Իրեն հետ մեծ բազմութիւններ կ՚երթային. դառնալով անոնց՝ ըսաւ.
Եւ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում. նա դարձաւ եւ ասաց նրանց.
26 «Եթէ մէկը ինծի գայ՝ բայց չատէ իր հայրն ու մայրը, կինը եւ զաւակները, եղբայրներն ու քոյրերը, նաեւ իր անձը, չի կրնար իմ աշակերտս ըլլալ:
«Եթէ մէկը ինձ մօտ գայ եւ չնախընտրի ինձ իր հօրից ու մօրից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քոյրերից, նոյնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել.
27 Ո՛վ որ չի կրեր իր խաչը եւ չի գար իմ ետեւէս, չի կրնար իմ աշակերտս ըլլալ:
որովհետեւ, ով որ չվերցնի իր խաչը եւ իմ յետեւից չգայ, չի կարող իմ աշակերտը լինել:
28 Որովհետեւ ձեզմէ ո՞վ՝ եթէ ուզէ կառուցանել աշտարակ մը՝ նախ չի նստիր ու հաշուեր ծախսը, թէ զայն լրացնելու կարողութիւն ունի՛.
Ձեզնից ո՞վ, եթէ կամենայ աշտարակ շինել, նախ նստելով չի հաշուի իր ծախսերը, թէ աւարտելու համար բաւական դրամ ունի՞,
29 որպէսզի երբ հիմը դնէ եւ չկարողանայ աւարտել, բոլոր տեսնողները չսկսին ծաղրել զինք
որպէսզի, գուցէ, երբ հիմը դնի եւ չկարողանայ աւարտել, բոլոր նրանք, որ տեսնեն, չսկսեն նրան ծաղրել
30 ու ըսել. “Այս մարդը սկսաւ կառուցանել, բայց չկարողացաւ աւարտել”:
եւ ասել, թէ՝ «Այս մարդը սկսեց կառուցել եւ չկարողացաւ աւարտել»:
31 Կամ թէ ո՞ր թագաւորը՝ ուրիշ թագաւորի մը հետ պատերազմելու երթալէ առաջ՝ չի նստիր ու խորհրդակցիր, թէ արդեօք տասը հազարով կրնա՛յ դիմաւորել ա՛ն՝ որ քսան հազարով կու գայ իրեն դէմ:
Կամ ո՞ր թագաւորը, եթէ գնայ պատերազմելու մի այլ թագաւորի դէմ, նախ չի նստի եւ խորհի, թէ տասը հազարով կը կարողանա՞յ դիմադրել նրան, որ իր վրայ քսան հազարով է գալիս:
32 Եթէ չի կրնար, քանի դեռ ան հեռու է՝ դեսպան ղրկելով խաղաղութիւն կը խնդրէ:
Ապա թէ ոչ, մինչ սա դեռ հեռու է, պատգամաւորութիւն ուղարկելով՝ խաղաղութիւն կը խնդրի:
33 Ահա՛ այսպէս ալ ձեզմէ ա՛ն որ չհրաժարի իր ամբողջ ինչքէն, չի կրնար իմ աշակերտս ըլլալ»:
Արդ, այսպէս էլ՝ ձեզնից ով որ իր ամբողջ ունեցուածքից չհրաժարուի, չի կարող իմ աշակերտը լինել»:
34 «Աղը լաւ բան է. բայց եթէ աղը իր համը կորսնցնէ, ինչո՞վ պիտի համեմուի:
«Աղը լաւ բան է, բայց եթէ աղն էլ անհամանայ, ինչո՞վ այն պիտի համեմուի:
35 Ո՛չ հողի, ո՛չ ալ թրիքի յարմար կ՚ըլլայ. ուստի դուրս կը նետեն զայն: Ա՛ն որ ականջ ունի լսելու՝ թող լսէ»:
Ո՛չ հողի համար է պիտանի եւ ո՛չ էլ՝ պարարտանիւթի, այլ՝ դուրս թափելու: Ով որ ականջ ունի լսելու, թող լսի»:

< ՂՈԻԿԱՍ 14 >