< ՄԱՏԹԷՈՍ 22 >

1 Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց. 2 «Երկընքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց: 3 Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ: 4 Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրաւիրուածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»: 5 Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առեւտրին. 6 ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին: 7 Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը: 8 Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին: 9 Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»: 10 Եւ ծառաները ճանապարհների վրայ ելնելով՝ հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. եւ հարսանիքը լցուեց հրաւիրուածներով: 11 Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. 12 «Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»: Եւ նա պապանձուեց: 13 Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում. 14 որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»: 15 Այն ժամանակ փարիսեցիները գնացին խորհուրդ արեցին նրա մասին, թէ ինչպէս խօսքերով նրան որոգայթ լարեն: 16 Եւ նրա մօտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ հերովդէսականների հետ միասին եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախօս ես եւ Աստծու ճանապարհը ճշմարտութեամբ ես ուսուցանում. եւ ոչ մէկից չես քաշւում ու ոչ մի մարդու աչառութիւն չ»ս անում: 17 Արդ, ասա՛ մեզ, ինչպէ՞ս է քեզ թւում. պէ՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞՝ ոչ»: 18 Յիսուս հասկացաւ նրանց խորամանկութիւնն ու ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր, 19 ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»: Եւ նրանք մի դահեկան բերեցին: 20 Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»: 21 Նրանք ասացին՝ կայսրինը: Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»: 22 Երբ այս լսեցին, զարմացան եւ թողեցին նրան ու գնացին: 23 Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին. 24 «Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ՝ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի: 25 Մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ ու ապա մեռաւ. եւ որովհետեւ զաւակ չունէր, կնոջն իր եղբօրը թողեց: 26 Նոյնպէս եւ երկրորդը եւ երրորդը, մինչեւ եօթներորդը: 27 Բոլորից յետոյ կինն էլ մեռաւ: 28 Արդ, յարութեան ժամանակ եօթից ո՞ւմ կին կը լինի նա, քանի որ բոլորն էլ նրան իբրեւ կին ունեցան»: 29 Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծու զօրութիւնը. 30 որովհետեւ յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու գնում, այլ կը լինեն՝ ինչպէս հրեշտակները երկնքում: 31 Բայց մեռելների յարութեան մասին չէ՞ք կարդացել Աստծուց ձեզ ասուածը. 32 ե՛ս եմ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. եւ Աստուած՝ մեռելների Աստուածը չէ, այլ՝ կենդանիների»: 33 Երբ ժողովուրդը այս լսեց, զարմացաւ նրա ուսուցման վրայ: 34 Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին. 35 եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց. 36 «Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»: 37 Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: 38 Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. 39 եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը: 40 Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»: 41 Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. 42 «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»: Նրան ասացին՝ Դաւթի: 43 Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. 44 «Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան»: 45 Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»: 46 Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ: Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել:

< ՄԱՏԹԷՈՍ 22 >