< ՄԱՏԹԷՈՍ 14 >

1 Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց. 2 «Նա՛ է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»: 3 Արդարեւ Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. 4 որովհետեւ Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»: 5 Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում: 6 Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց Հերովդէսին. 7 ուստի եւ՝ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի: 8 Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»: 9 Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ: 10 Եւ մարդ ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ: 11 Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան: Եւ սա տարաւ այն իր մօրը: 12 Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին: 13 Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ: Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց: 14 Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին: 15 Երեկոյեան դէմ, աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Այս տեղը ամայի է, եւ օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմութիւնը, որպէսզի գնայ շրջակայ գիւղերը իր համար ուտելիք գնի»: 16 Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»: 17 Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»: 18 Եւ նրանց ասաց. «Այստե՛ղ բերէք այդ»: 19 Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին: 20 Բոլորը կերան ու յագեցան: Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին: 21 Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին՝ չհաշուած կանանց եւ երեխաներին: 22 Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութիւնն արձակի: 23 Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ: 24 Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր: 25 Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայ: 26 Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին. «Ինչ-որ ուրուական է». ու սարսափից աղաղակեցին: 27 Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»: 28 Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»: 29 Եւ նա ասաց՝ արի՛: Եւ Պետրոսը նաւակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ: 30 Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ: Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»: 31 Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»: 32 Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտուեց: 33 Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ Աստծու Որդին ես դու»: 34 Եւ կտրել անցնելով՝ ցամաք ելան Գեննեսարէթում: 35 Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին: 36 Եւ աղաչում էին նրան, որ գոնէ միայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկուեցին:

< ՄԱՏԹԷՈՍ 14 >