< ՄԱՏԹԷՈՍ 11 >

1 Եւ երբ Յիսուս վերջացրեց իր տասներկու աշակերտներին պատուէր տալը, այնտեղից գնաց՝ քարոզելու եւ ուսուցանելու շրջակայ քաղաքներում:
Երբ Յիսուս աւարտեց պատուէր տալը իր տասներկու աշակերտներուն, մեկնեցաւ անկէ՝ սորվեցնելու եւ քարոզելու անոնց քաղաքներուն մէջ:
2 Իսկ Յովհաննէսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին եւ նրանց միջոցով ասաց նրան.
Երբ Յովհաննէս բանտին մէջ լսեց Քրիստոսի գործերուն մասին, իր աշակերտներէն երկուքը ղրկելով՝ ըսաւ անոր.
3 «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»:
«Դո՞ւն ես ան՝ որ պիտի գար, թէ ուրիշի՛ մը սպասենք»:
4 Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք լսեցիք եւ տեսաք.
Յիսուս պատասխանեց անոնց. «Գացէ՛ք եւ պատմեցէ՛ք Յովհաննէսի՝ ինչ որ կը լսէք ու կը տեսնէք.
5 կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, մեռելները՝ յառնում, եւ աղքատներին քարոզւում է Աւետարանը:
կոյրերը կը տեսնեն, կաղերը կը քալեն, բորոտները կը մաքրուին, խուլերը կը լսեն, մեռելները յարութիւն կ՚առնեն, եւ աղքատներուն կ՚աւետարանուի:
6 Եւ երանի՜ է նրան, ով իմ պատճառով չի գայթակղւում»:
Երանի՜ անոր՝ որ չի գայթակղիր իմ պատճառովս»:
7 Երբ Յովհաննէսի աշակերտները գնացին, Յիսուս սկսեց ժողովրդին ասել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողմից շարժուող եղէ՞գ:
Երբ անոնք մեկնեցան, Յիսուս սկսաւ բազմութիւններուն ըսել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու գացիք անապատը. հովէն տատանող եղէ՞գ մը:
8 Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարուած մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագաւորների պալատներում են:
Հապա ի՞նչ տեսնելու գացիք. փափուկ հանդերձներ հագած մա՞րդ մը. ահա՛ փափուկ հանդերձներ կրողները՝ թագաւորներուն տուներն են:
9 Ապա ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ քան մի մարգարէ,
Հապա ի՞նչ տեսնելու գացիք. մարգարէ՞ մը: Այո՛, կը յայտարարեմ ձեզի, մարգարէէ մըն ալ աւելի:
10 որովհետեւ նա է, որի մասին գրուած է. «Ահա ես կ՚ուղարկեմ իմ պատգամաւորին քո առջեւից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի»:
Որովհետեւ ասիկա՛ է ա՛ն՝ որուն մասին գրուած է. “Ահա՛ ես կը ղրկեմ իմ պատգամաւորս քու առջեւէդ. ան պիտի պատրաստէ ճամբադ՝ քու առջեւդ”:
11 Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի ելել. բայց երկնքի արքայութեան մէջ ամենից յետինը նրանից մեծ է:
Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Կիներէ ծնածներուն մէջ՝ Յովհաննէս Մկրտիչէն աւելի մեծը ելած չէ”. սակայն երկինքի թագաւորութեան մէջ՝ ամենէն պզտիկը անկէ աւելի մեծ է:
12 Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. եւ հզօրներն են յափշտակում այն,
Ու Յովհաննէս Մկրտիչին օրերէն մինչեւ հիմա՝ երկինքի թագաւորութիւնը ոյժո՛վ կ՚առնուի, եւ ուժեղնե՛րը կը յափշտակեն զայն.
13 քանի որ ամբողջ Օրէնքը եւ մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննէսը:
որովհետեւ բոլոր Մարգարէներն ու Օրէնքը մարգարէացան մինչեւ Յովհաննէս:
14 Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէ՛սն է Եղիան, որ գալու է:
Եթէ կ՚ուզէք ընդունիլ, անիկա՛ է Եղիան՝ որ պիտի գար:
15 Ով լսելու ականջ ունի, թող լսի:
Ա՛ն որ ականջ ունի լսելու՝ թող լսէ:
16 Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում, կանչում են իրենց ընկերներին եւ ասում.
Բայց որո՞ւ նմանցնեմ այս սերունդը: Կը նմանի մանուկներու, որոնք հրապարակները նստելով՝ կը գոչեն իրենց ընկերներուն
17 ձեզ համար փող հնչեցրինք, բայց չպարեցիք. ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ու կոծ չարեցիք:
եւ կ՚ըսեն. “Սրինգ նուագեցինք ձեզի՝ ու չպարեցիք, ողբացինք ձեզի՝ ու չհեծեծեցիք”:
18 Եկաւ Յովհաննէսը. ո՛չ ուտում էր եւ ո՛չ խմում. եւ ասացին՝ նրա մէջ դեւ կայ:
Որովհետեւ Յովհաննէս եկաւ, ո՛չ կ՚ուտէր եւ ո՛չ կը խմէր, ու կ՚ըսէին. “Դեւ կայ անոր մէջ”:
19 Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ ասում են՝ ահա ուտող եւ խմող մարդ, բարեկամ՝ մաքսաւորների եւ մեղաւորների. բայց իմաստութիւնը արդարացուեց իր որդիների կողմից»:
Մարդու Որդին եկաւ, կ՚ուտէ եւ կը խմէ, ու կ՚ըսեն. “Ահա՛ շատակեր ու գինեսէր մարդ մը, մաքսաւորներու եւ մեղաւորներու բարեկամ”: Բայց իմաստութիւնը արդարացաւ իր զաւակներով»:
20 Այն ժամանակ նա սկսեց պարսաւել այն քաղաքները, որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին:
Այն ատեն սկսաւ կշտամբել այն քաղաքները՝ որոնց մէջ կատարուեր էին իր հրաշքներէն շատերը, քանի որ չապաշխարեցին.
21 «Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում տեղի ունեցած լինէին այն զօրաւոր գործերը, որ ձեր մէջ արուեցին, վաղուց արդէն քուրջով եւ մոխրով ապաշխարած կը լինէին:
«Վա՜յ քեզի՝ Քորազին, վա՜յ քեզի՝ Բեթսայիդա, որովհետեւ եթէ Տիւրոսի եւ Սիդոնի մէջ կատարուած ըլլային այն հրաշքները՝ որոնք ձեր մէջ կատարուեցան, շատո՛նց ապաշխարած պիտի ըլլային քուրձով ու մոխիրով:
22 Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսի եւ Սիդոնի երկրի համար աւելի տանելի կը լինի դատաստանի օրը, քան ձեզ համար:
Բայց ձեզի կը յայտարարեմ, Տիւրոսի եւ Սիդոնի աւելի դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը՝ քան ձեզի:
23 Եւ դո՛ւ, Կափառնայո՛ւմ, միթէ մինչեւ երկի՞նք պիտի բարձրանաս. ո՛չ, պիտի իջնես մինչեւ դժոխք. որովհետեւ եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարեւ մինչեւ այսօր նրանք կանգուն կը լինէին: (Hadēs g86)
Իսկ դո՛ւն, Կափառնայում, որ բարձրացած ես մինչեւ երկինք, պիտի իջնես մինչեւ դժոխք, որովհետեւ եթէ Սոդոմի մէջ կատարուած ըլլային այն հրաշքները՝ որոնք քու մէջդ կատարուեցան, տակաւին մնացած պիտի ըլլար մինչեւ այսօր: (Hadēs g86)
24 Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կը լինի, քան քեզ համար»:
Բայց կը յայտարարեմ ձեզի թէ Սոդոմացիներու երկրին աւելի դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը՝ քան քեզի»:
25 Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին:
Այդ ատեն Յիսուս ըսաւ. «Կը ներբողեմ քեզ, ո՛վ Հայր, Տէր երկինքի ու երկրի, որ այս բաները ծածկեցիր իմաստուններէն եւ խելացիներէն, ու յայտնեցիր երախաներո՛ւն:
26 Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ:
Այո՛, Հա՛յր, որովհետեւ ա՛յսպէս հաճելի եղաւ քու առջեւդ:
27 Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում Որդին ուզենայ յայտնել:
Ամէն բան յանձնուեցաւ ինծի իմ Հօրմէս, եւ ո՛չ մէկը կը ճանչնայ Որդին՝ բայց միայն Հայրը, ու ո՛չ մէկը կը ճանչնայ Հայրը՝ բայց միայն Որդին, եւ ա՛ն՝ որուն Որդին փափաքի յայտնել:
28 Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ:
Եկէ՛ք ինծի, դուք բոլորդ որ կը յոգնիք ու բեռնաւորուած էք, եւ ես պիտի հանգստացնեմ ձեզ:
29 Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք,
Առէ՛ք իմ լուծս ձեր վրայ ու սորվեցէ՛ք ինձմէ՝ որ հեզ եմ եւ սիրտով խոնարհ, ու հանգստութիւն պիտի գտնէք ձեր անձերուն.
30 որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»:
որովհետեւ իմ լուծս հեշտ է, եւ իմ բեռս՝ թեթեւ»:

< ՄԱՏԹԷՈՍ 11 >