< ՄԱՐԿՈՍ 7 >

1 Եւ նրա մօտ հաւաքուեցին փարիսեցիներն ու օրէնսգէտներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղէմից:
Փարիսեցիներէն ու դպիրներէն ոմանք՝ որ եկած էին Երուսաղէմէն՝ իր քով հաւաքուեցան:
2 Նրանք տեսնելով, որ նրա աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն՝ անլուայ հաց էին ուտում, բամբասեցին,
Երբ տեսան թէ անոր աշակերտներէն ոմանք՝ պիղծ, այսինքն՝ անլուայ ձեռքերով հաց կ՚ուտեն, մեղադրեցին.
3 որովհետեւ փարիսեցիները եւ բոլոր հրեաները, եթէ ձեռքները մի լաւ չլուանան, հաց չեն ուտում, քանի որ հների աւանդութիւնը պահում են:
որովհետեւ Փարիսեցիներն ու բոլոր Հրեաները հաց չեն ուտեր՝ մինչեւ որ լա՛ւ մը լուան իրենց ձեռքերը, քանի որ նախնիքներուն աւանդութիւնը կը պահեն:
4 Նաեւ՝ շուկայից տուն մտնելով՝ եթէ նախ չլուացուեն, չեն ուտում: Եւ ուրիշ շատ բաներ էլ կան, որ աւանդաբար պահում են. ինչպէս՝ բաժակների, սափորների, պղնձէ ամանների ու մահիճների լուացումներ:
Շուկայէն եկած ատեն եթէ չլուացուին՝ չեն ուտեր: Ասոնց նման շատ բաներ կան, որոնք ընդունած են ու կը պահեն, ինչպէս՝ գաւաթներու, փարչերու, պղինձէ անօթներու եւ սեղաններու լուացումը:
5 Ահա ինչու փարիսեցիները եւ օրէնսգէտները հարց տուեցին նրան. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութեան համաձայն չեն շարժւում, այլ անմաքուր ձեռքերով են հաց ուտում»:
Հետեւաբար Փարիսեցիներն ու դպիրները հարցուցին անոր. «Ինչո՞ւ քու աշակերտներդ նախնիքներուն աւանդութեան համաձայն չեն շարժիր, եւ անլուայ ձեռքերով հաց կ՚ուտեն»:
6 Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Եսային լաւ մարգարէացաւ ձեր՝ կեղծաւորներիդ մասին՝ ասելով. «Այս ժողովուրդը ինձ շրթներո՛վ է մեծարում, բայց նրանց սրտերը ինձնից հեռու են.
Ինք ալ պատասխանեց անոնց. «Եսայի ճի՛շդ մարգարէացաւ ձեր մասին, կեղծաւորնե՛ր, ինչպէս գրուած է. “Այս ժողովուրդը միայն շրթունքո՛վ կը պատուէ զիս, բայց իրենց սիրտը հեռու է ինձմէ.
7 ի զուր են ինձ պաշտում. ուսուցանում են վարդապետութիւններ, որ մարդկանց պատուիրածներն են»:
ու պարապ տեղը կը պաշտեն զիս՝ մարդոց պատուէրները իբր վարդապետութիւն սորվեցնելով”:
8 Աստծու պատուիրանը թողած՝ մարդկանց աւանդութիւնն էք պահում»:
Որովհետեւ Աստուծոյ պատուիրանը ձգելով՝ մարդո՛ց աւանդութիւնը կը պահէք, ինչպէս՝ փարչերու եւ գաւաթներու լուացումը, ու ասոնց նման շատ ուրիշ բաներ կ՚ընէք»:
9 Ապա աւելացրեց. «Աստծու պատուիրանը լաւ էք անարգում, որպէսզի ձե՛ր աւանդութիւնը հաստատէք.
Եւ ըսաւ անոնց. «Լա՛ւ կ՚անարգէք Աստուծոյ պատուիրանը, որպէսզի ձեր աւանդութիւնը պահէք:
10 որովհետեւ Մովսէսն ասում է. «Պատուի՛ր քո հօրն ու մօրը. եւ ով որ չարախօսի իր հօր կամ մօր մասին, մահուամբ թող պատժուի»:
Քանի որ Մովսէս ըսաւ. “Պատուէ՛ հայրդ ու մայրդ. եւ ո՛վ որ անիծէ իր հայրը կամ մայրը, մահո՛վ թող վախճանի”:
11 Իսկ դուք ասում էք. «Եթէ մէկը հօրը կամ մօրն ասի. ՚Ինչ ինձնից պիտի օգտուես, Կորբան է՚, (այսինքն՝ Աստծուն տալու ընծայ),
Բայց դուք կ՚ըսէք. “Եթէ մէկը իր հօր կամ մօր ըսէ. "Ի՛նչ օգուտ որ ինձմէ պիտի ստանաս՝ Աստուծոյ տալիք կորբան է", (որ կը նշանակէ՝ ընծայ, ) ան ազատ կ՚ըլլայ”,
12 դրանով իսկ այլեւս թոյլ չէք տալիս, որ նա իր հօր կամ մօր համար որեւէ բան անի,
եւ ա՛լ թոյլ չէք տար անոր՝ բա՛ն մը ընել իր հօր կամ մօր:
13 եւ այդպէս անարգում էք Աստծու խօսքը նոյն աւանդութեամբ, որ դուք փոխանցում էք միմեանց: Եւ սրա նման ուրիշ շատ բաներ էք անում»:
Անվաւեր կը դարձնէք Աստուծոյ խօսքը՝ ձեր փոխանցած աւանդութեամբ, ու շատ ուրիշ բաներ կ՚ընէք՝ ասոր նման»:
14 Եւ նա ամբողջ ժողովրդին իր մօտ կանչելով՝ ասաց նրանց. «Ամէնքդ ինձ լսեցէ՛ք եւ իմացէ՛ք.
Ամբողջ բազմութիւնը իրեն կանչելով՝ ըսաւ անոնց. «Բոլո՛րդ ալ մտիկ ըրէք ինծի, ու հասկցէ՛ք:
15 չկայ որեւէ բան, որ մարդու մէջ դրսից մտնելով կարողանայ նրան պղծել. այլ այն, ինչ ելնում է նրանից, ա՛յն է, որ պղծում է մարդուն:
Ոչինչ կայ՝ որ դուրսէն մտնէ մարդուն մէջ ու կարող ըլլայ պղծել զայն. հապա ինչ որ դուրս կ՚ելլէ անկէ, անիկա՛ է որ կը պղծէ մարդը:
16 Ով ականջներ ունի լսելու, թող լսի»:
Ո՛վ որ ականջ ունի լսելու՝ թող լսէ»:
17 Եւ երբ ամբոխից բաժանուելով տուն մտաւ, աշակերտները այդ առակի մասին նրան հարցրին:
Երբ ինք՝ զատուելով այդ բազմութենէն՝ տուն մտաւ, իր աշակերտները հարցուցին իրեն այդ առակին մասին:
18 Եւ նրանց ասաց. «Դո՞ւք էլ այդպէս անմիտ էք, չէ՞ք իմանում, թէ ամէն բան, որ դրսից մարդու մէջ է մտնում, չի կարող նրան պղծել,
Ըսաւ անոնց. «Դո՞ւք ալ այդպէս անխելք էք. չէ՞ք ըմբռներ թէ ամէն ինչ՝ որ դուրսէ՛ն կը մտնէ մարդուն մէջ, չի կրնար պղծել զայն,
19 որովհետեւ ոչ թէ նրա սիրտն է մտնում, այլ՝ որովայնը եւ դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»:
որովհետեւ ո՛չ թէ անոր սիրտին մէջ կը մտնէ՝ հապա փորը, եւ արտաքնոցը դուրս կ՚ելլէ. ուստի բոլոր կերակուրները մաքուր են՝՝»:
20 Եւ ասում էր. «Ինչ որ մարդուց դուրս է գալիս, ա՛յն է, որ պղծում է մարդուն,
Նաեւ ըսաւ. «Ինչ որ կ՚ելլէ մարդուն ներսէն, անիկա՛ կը պղծէ մարդը:
21 որովհետեւ ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնութիւն, պոռնկութիւն,
Որովհետեւ ներսէ՛ն, մարդոց սիրտէ՛ն, կ՚ելլեն չար մտածումներ, շնութիւններ, պոռնկութիւններ, սպանութիւններ,
22 գողութիւն, սպանութիւն, ագահութիւն, չարութիւն, նենգութիւն, գիջութիւն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտաւանութիւն, անզգամութիւն:
գողութիւններ, ագահութիւններ, չարութիւններ, նենգութիւն, ցոփութիւն, չար աչք, հայհոյութիւն, ամբարտաւանութիւն, անմտութիւն:
23 Այս բոլոր չարիքները ներսից են ելնում եւ պղծում մարդուն»:
Այս բոլոր չար բաները ներսէ՛ն կ՚ելլեն ու կը պղծեն մարդը»:
24 Եւ այնտեղից վեր կացաւ եկաւ Տիւրոսի ու Սիդոնի սահմանները. եւ մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որեւէ մէկն իմանայ իր այնտեղ լինելը, սակայն չկարողացաւ թաքնուած մնալ:
Կանգնելով՝ անկէ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի հողամասերը, ու տուն մը մտնելով՝ կ՚ուզէր որ ո՛չ մէկը գիտնայ. բայց չկրցաւ թաքուն մնալ:
25 Նրա մասին լսեց մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց. սա եկաւ ընկաւ նրա ոտքերը:
Որովհետեւ կին մը, որուն աղջիկը անմաքուր ոգի ունէր իր մէջ, լսեց անոր մասին, եկաւ եւ ինկաւ անոր ոտքը:
26 Այս կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի:
Այդ կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ցեղէն, ու կը թախանձէր անոր՝ որ հանէ դեւը իր աղջիկէն:
27 Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացը առնել եւ շների առաջ գցել»:
Յիսուս ըսաւ անոր. «Թո՛յլ տուր՝ որ նախ զաւակնե՛րը կշտանան, քանի որ լաւ չէ առնել զաւակներուն հացը եւ նետել շուներուն»:
28 Կինը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրւում»:
Ան ալ պատասխանեց անոր. «Այո՛, Տէ՛ր. սակայն շուներն ալ՝ սեղանին ներքեւ՝ կը կերակրուին զաւակներուն փշրանքներէն»:
29 Եւ նա ասաց նրան. «Այդ խօսքիդ համար գնա՛, դեւը քո աղջկանից դուրս ելաւ»:
Յիսուս ըսաւ անոր. «Այդ խօսքիդ համար՝ գնա՛, դեւը դուրս ելաւ աղջիկէդ»:
30 Կինը գնաց իր տունը եւ դեւին ելած գտաւ, իսկ աղջկան՝ պառկած մահճի վրայ:
Կինը իր տունը երթալով՝ գտաւ որ դեւը ելած էր, իսկ աղջիկը՝ պառկած մահիճին վրայ:
31 Եւ դարձեալ դուրս ելնելով Տիւրոսի եւ Սիդոնի սահմաններից, եկաւ Գալիլիայի ծովեզրը, Դեկապոլսի սահմաններից ներս:
Դարձեալ Տիւրոսի եւ Սիդոնի հողամասերէն մեկնելով՝ գնաց Գալիլեայի ծովեզերքը, Դեկապոլիսի հողամասին մէջէն:
32 Նրա առաջ բերեցին մի խուլ ու համր մարդ եւ աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրայ:
Մէկը բերին անոր առջեւ, խուլ ու դժուարախօս, եւ կ՚աղաչէին՝ որ ձեռք դնէ անոր վրայ:
33 Եւ Յիսուս նրան ամբոխից մի կողմ տանելով՝ իր մատները դրեց նրա ականջների մէջ եւ այնտեղ թքեց. ապա բռնեց նրա լեզուից.
Բազմութենէն մէկդի առնելով զայն՝ իր մատները մխեց անոր ականջներուն մէջ ու թքնեց, եւ դպաւ անոր լեզուին.
34 դէպի երկինք նայեց, հոգոց հանեց եւ ասաց՝ Եփփաթա, որ նշանակում է՝ բացուի՛ր:
ապա երկինք նայելով՝ հառաչեց ու ըսաւ անոր. «Եփփաթա՛», (որ ըսել է՝ բացուէ՛.)
35 Եւ իսկոյն նրա լսողութիւնը բացուեց, եւ լեզուի կապանքներն ընկան, եւ խօսում էր ուղիղ:
իսկոյն բացուեցան անոր ականջները եւ քակուեցաւ անոր լեզուին կապը, ու շիտակ կը խօսէր:
36 Եւ նա նրանց պատուիրեց, որ ոչ ոքի չասեն. բայց ինչքան էլ նա պատուիրում էր նրանց, նրանք է՛լ աւելի էին տարածում:
Պատուիրեց անոնց՝ որ ո՛չ մէկուն ըսեն. սակայն ինք ո՛րքան կը պատուիրէր անոնց, անոնք ա՛լ աւելի կը հրապարակէին:
37 Եւ աւելի ու աւելի էին զարմանում եւ ասում. «Սա ամէն ինչ լաւ արեց, որովհետեւ խուլերին լսել է տալիս եւ համրերին՝ խօսել»:
Չափազանց կ՚ապշէին ու կ՚ըսէին. «Ան ամէն ինչ լաւ կ՚ընէ. խուլերուն լսել կու տայ, եւ համրերուն՝ խօսիլ»:

< ՄԱՐԿՈՍ 7 >