< ՄԱՐԿՈՍ 6 >

1 Եւ այնտեղից ելաւ եկաւ իր գաւառը. եւ իր աշակերտները գնում էին նրա յետեւից: 2 Երբ շաբաթ օր եղաւ, սկսեց ժողովարանում ուսուցանել. եւ շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա վարդապետութեան վրայ եւ ասում. «Այս բաները որտեղի՞ց են սրան, կամ ի՞նչ է այս իմաստութիւնը, որ տրուած է սրան, որ սրա ձեռքով այսպիսի զօրաւոր գործեր կատարուեն: 3 Սա հիւսնի տղան եւ Մարիամի որդին չէ՞ միթէ, Յակոբոսի եւ Յովսէի ու Յուդայի եւ Սիմոնի եղբայրը. եւ սրա քոյրերը այստեղ մեզ մօտ չե՞ն»: Եւ նրանով գայթակղւում էին: 4 Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարգարէն յարգուած անձ է, բայց ոչ իր գաւառում, իր ազգատոհմի եւ իր տան մէջ»: 5 Եւ չէր կարողանում այնտեղ որեւէ զօրաւոր գործ կատարել, այլ քիչ թուով հիւանդների վրայ ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր: 6 Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ: 7 Եւ շրջում էր շրջակայ գիւղերում եւ ուսուցանում: 8 Նա իր մօտ կանչեց Տասներկուսին եւ սկսեց ուղարկել նրանց երկու-երկու ու պիղծ ոգիների վրայ նրանց իշխանութիւն տուեց: 9 Նրանց պատուիրեց, որ ճանապարհի համար գաւազանից բացի այլ բան չվերցնեն. ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ գօտիների մէջ, 10 այլ հագնեն հողաթափներ. եւ ասաց. «Աւելորդ պարեգօտ մի՛ վերցրէք»: 11 Եւ ասում էր նրանց. «Ինչ տուն որ մտնէք, այնտեղ օթեւանեցէ՛ք, մինչեւ որ այնտեղից ելնէք: 12 Եւ ուր որ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ որ այնտեղից ելնէք, ձեր ոտքերի փոշին թա՛փ տուէք՝ իբրեւ նրանց դէմ վկայութիւն»: 13 Եւ նրանք ելան ու քարոզում էին, որպէսզի մարդիկ ապաշխարեն: 14 Եւ բազում դեւեր էին հանում, բազում հիւանդների օծում էին իւղով ու նրանց բժշկում: 15 Եւ Հերովդէս արքան լսեց այս բաները, որովհետեւ Յիսուսի անունը յայտնի էր դարձել. եւ նա ասաց. «Յովհաննէս Մկրտիչը յարութիւն է առել մեռելներից, եւ դրա համար զօրութիւններ են գործւում նրա միջոցով»: 16 Ուրիշներ ասում էին, թէ՝ Եղիան է. իսկ միւսները, թէ՝ մարգարէ է կամ թէ՝ մարգարէների նման մէկը: 17 Երբ Հերովդէսը այս լսեց, ասաց. «Յովհաննէսը, որի գլուխը կտրեցի ես, սա նա՛ է. մեռելներից յարութիւն է առել»: 18 Արդարեւ, ինքը՝ Հերովդէսն էր մարդ ուղարկել, ձերբակալել էր Յովհաննէսին, կապել նրան ու բանտարկել՝ իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ Հերովդէսը նրան իրեն կին էր դարձրել, 19 եւ քանի որ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր. «Քո եղբօր կնոջը քեզ կին առնելը օրինաւոր չէ»: 20 Եւ Հերովդիան ոխ էր պահել նրա դէմ ու ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում, 21 որովհետեւ Հերովդէսը վախենում էր Յովհաննէսից, քանի որ նրան գիտէր որպէս արդար եւ սուրբ մարդու, եւ նրան հովանաւորում էր ու նրան անսալով՝ շատ բաներ էր անում եւ քաղցրութեամբ լսում էր նրան: 22 Սակայն մի յարմար օր եկաւ, երբ Հերովդէսը իր ծննդեան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին եւ հազարապետներին: 23 Եւ երբ Հերովդիայի դուստրը ներս մտաւ եւ սկսեց պարել, դուր եկաւ Հերովդէսին եւ սեղանակիցներին. թագաւորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, եւ քեզ կը տամ»: 24 Եւ երդուեց նրան շատ անգամ, թէ՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կը տամ քեզ, մինչեւ իսկ իմ թագաւորութեան կէսը: 25 Աղջիկը դուրս գնալով իր մօրն ասաց՝ ի՞նչ ուզեմ: Եւ սա ասաց՝ Յովհաննէս Մկրտչի գլուխը: 26 Եւ աղջիկը շտապով վերստին մտնելով թագաւորի մօտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրայ Յովհաննէս Մկրտչի գլուխը»: 27 Եւ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների եւ հրաւիրեալների պատճառով չուզեց նրան մերժել: 28 Եւ թագաւորը իսկոյն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Յովհաննէսի գլուխը: Եւ սա գնաց գլխատեց նրան բանտում 29 ու նրա գլուխը սկուտեղով բերեց եւ տուեց աղջկան, եւ աղջիկը տարաւ տուեց իր մօրը: 30 Երբ Յովհաննէսի աշակերտները լսեցին, եկան վերցրին մարմինը եւ դրեցին գերեզմանի մէջ: 31 Առաքեալները հաւաքուեցին Յիսուսի մօտ ու նրան պատմեցին այն ամէնը, ինչ որ արել էին եւ ուսուցանել: 32 Եւ Յիսուս նրանց ասաց. «Եկէ՛ք դուք առանձին մի ամայի տեղ ու մի քիչ հանգստացէ՛ք». որովհետեւ եկող-գնացողները շատ էին. եւ հաց ուտելու անգամ ժամանակ չունէին: 33 Եւ նաւակով գնացին մի ամայի տեղ՝ առանձին: 34 Սակայն մարդիկ տեսան նրանց, որ գնում էին, եւ շատերը ճանաչեցին նրանց ու բոլոր քաղաքներից հետիոտն, խուռներամ այնտեղ վազեցին եւ մօտեցան նրանց: 35 Եւ նա նաւակից դուրս ելնելով՝ մեծ ամբոխ տեսաւ ու գթաց նրանց, որովհետեւ նման էին ոչխարների, որոնք հովիւ չունեն. եւ սկսեց նրանց ուսուցանել շատ բաներ: 36 Երբ շատ ժամեր անցան, աշակերտները, մօտենալով, ասացին. «Սա ամայի տեղ է, մինչ օրը դեռ չի վերջացել, 37 արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայքի ագարակներում եւ գիւղերում իրենց համար ուտելիք գնեն, որովհետեւ այստեղ ուտելու բան չունեն»: 38 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դո՛ւք նրանց ուտելիք տուէք»: Ասացին նրան. «Գնանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց եւ նրանց տանք ուտելու»: 39 Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունէք, գնացէք տեսէ՛ք»: Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ եւ երկու ձուկ»: 40 Եւ նա հրամայեց խումբ-խումբ նստեցնել նրանց դալար խոտի վրայ: 41 Եւ դաս-դաս նստեցին, տեղ-տեղ՝ հարիւր, տեղ-տեղ՝ յիսուն: 42 Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, մանրեց նկանակները եւ տուեց աշակերտներին, որպէսզի դնեն նրանց առաջ: Եւ երկու ձկներն էլ բաժանեց բոլորին: 43 Կերան եւ յագեցան 44 եւ տասներկու սակառ լիքը կտորտանքները վերցրին, ինչպէս նաեւ՝ ձկներից: 45 Եւ նրանք որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին: 46 Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր: 47 Եւ բաժանուելով նրանցից՝ լեռ բարձրացաւ աղօթք անելու: 48 Երբ երեկոյ եղաւ, նաւակը ծովի մէջտեղում էր, իսկ ինքը՝ ցամաքի վրայ: 49 Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել գնալ: 50 Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրայ, կարծեցին, թէ մի ուրուական է, եւ աղաղակ բարձրացրին, 51 որովհետեւ ամէնքը տեսան նրան եւ խռովուեցին: Եւ նա իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերուեցէ՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցէք»: 52 Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց: Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին, 53 քանի որ մտքները բթացած լինելով՝ չէին հասկացել նաեւ այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը: 54 Երբ դիմացի կողմն անցան, Գեննեսարէթի ցամաքը ելան: 55 Եւ երբ նաւակից դուրս ելան, տեղի մարդիկ իսկոյն եւեթ նրան ճանաչեցին: 56 Եւ ամբողջ գաւառում այս ու այն կողմ վազելով՝ սկսեցին մահիճներով հիւանդներ բերել այնտեղ, ուր լսում էին, թէ նա գտնւում է: Եւ ուր որ մտնում էր՝ գիւղեր, քաղաքներ թէ ագարակներ, հրապարակներում դնում էին ախտերով տառապողներին եւ աղաչում նրան, որ գոնէ իր զգեստի քղանցքներին դիպչեն: Եւ ովքեր մի անգամ դիպան, բժշկուեցին:

< ՄԱՐԿՈՍ 6 >