< ՄԱՐԿՈՍ 4 >

1 Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մօտ, եւ նրա շուրջը խռնուեց բազում ժողովուրդ, այնպէս որ նա մտաւ ու նստեց մի նաւակի մէջ, ծովի վրայ, մինչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը: 2 Եւ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում եւ նրանց ասում իր քարոզութեան մէջ. 3 «Լսեցէ՛ք, ահաւասիկ մի սերմանող սերմանելու ելաւ: 4 Եւ պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկաւ ճանապարհի եզերքը, եւ թռչունները եկան ու կերան այն: 5 Ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, որտեղ շատ հող չկար. եւ շուտով բուսաւ, որովհետեւ հողը խորը չէր. 6 բայց երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չունէր, չորացաւ: 7 Մի ուրիշ մաս ընկաւ փշերի մէջ. փշերը բարձրացան եւ խեղդեցին այն, եւ պտուղ չտուեց: 8 Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»: 9 Եւ ասում էր. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»: 10 Եւ երբ առանձին մնաց, նրա շուրջը եղողները, աշակերտների հետ միասին, հարցրին նրան այս առակի մասին: 11 Եւ նրանց ասաց. «Ձեզ է տրուած իմանալ Աստծու արքայութեան խորհուրդները, բայց նրանց համար, որ ձեզնից դուրս են, ամէն ինչ առակներով կը լինի, 12 որպէսզի նայելով հանդերձ չտեսնեն եւ լսելով հանդերձ չիմանան, որ մի գուցէ երբեւէ դարձի գան, եւ իրենց ներուի»: 13 Եւ ասաց նրանց. «Այս առակը չէ՞ք հասկանում, ապա ինչպէ՞ս պիտի հասկանաք բոլոր առակները: 14 Նա, որ սերմանում է, Աստծու խօսքն է սերմանում: 15 Ճանապարհի եզերքին սերմանուածները այն մարդիկ են, որոնք լսում են խօսքը, եւ սատանան գալիս է եւ դուրս է հանում նրանց սրտերի մէջ սերմանուած խօսքը: 16 Ապառաժի վրայ սերմանուածները այն մարդիկ են, որ, երբ լսում են խօսքը, իսկոյն ուրախութեամբ ընդունում են այն, 17 եւ որովհետեւ իրենց մէջ արմատներ չունեն, այլ մի որոշ ժամանակի համար են, երբ խօսքի պատճառով նեղութիւն կամ հալածանք է վրայ հասնում, իսկոյն գայթակղւում են: 18 Իսկ նրանք, որ սերմանուեցին փշերի մէջ, այն մարդիկ են, որ լսում են խօսքը, 19 սակայն այս աշխարհի հոգսերը եւ հարստութեան պատրանքները ներխուժում եւ խեղդում են խօսքը, եւ այն անպտուղ է լինում: (aiōn g165) 20 Եւ լաւ հողի մէջ սերմանուածները այն մարդիկ են, որ լսում են խօսքը եւ ընդունում ու պտուղ են տալիս. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»: 21 Եւ նրանց ասաց. «Միթէ ճրագը բերւում է, որ կաթսայի կամ մահճի տա՞կ դրուի: Չէ՞ որ աշտանակի վրայ է դրւում: 22 Արդ, ծածուկ բան չկայ, որ չյայտնուի, եւ գաղտնի բան չի եղել, որ ի յայտ չգայ: 23 Թէ մէկը լսելու ականջ ունի, թող լսի»: 24 Եւ նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, եւ ինչ որ լսում էք, աւելին կը տրուի ձեզ. ինչ չափով, որ չափում էք, նոյնով Աստուած պիտի չափի ձեզ համար: 25 Ով որ ունի, նրան պիտի տրուի. իսկ ով որ չունի, նրանից պիտի վերցուի, ինչ էլ որ նա ունի»: 26 Եւ ասում էր. «Այսպէ՛ս է Աստծու արքայութիւնը. որպէս թէ մի մարդ հողի մէջ սերմեր ցանի. 27 եւ նա ննջի թէ վեր կենայ, գիշեր եւ ցերեկ, սերմերը կը բուսնեն ու կ՚աճեն, 28 եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ: 29 Սակայն երբ սերմը իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»: 30 Եւ ասում էր. «Ինչի՞ նմանեցնենք Աստծու արքայութիւնը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն. 31 նման է մանանեխի հատիկին, որը, երբ սերմանւում է հողի մէջ, աւելի մանր է լինում, քան երկրի վրայ եղող բոլոր սերմերը. 32 իսկ երբ սերմանուի, բուսնում եւ լինում է աւելի մեծ, քան ամէն տունկ, եւ արձակում է մեծ ճիւղեր, այնքան, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնակուել»: 33 Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ: 34 Եւ առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խօսում, բայց իր աշակերտների համար առանձին ամէն ինչ մեկնում էր: 35 Այդ նոյն օրը, երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէ՛ք անցնենք ծովի միւս կողմը»: 36 Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին: 37 Եւ մեծ հողմամրրիկ բարձրացաւ ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր: 38 Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»: 39 Եւ նա, արթնանալով, սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»: Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ: 40 Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. դեռեւս հաւատ չունէ՞ք»: 41 Եւ նրանք սաստիկ վախեցան եւ միմեանց ասում էին. «Ո՞վ է արդեօք սա, որ թէ՛ հողմը, թէ՛ ծովը հնազանդւում են սրան»:

< ՄԱՐԿՈՍ 4 >