< ՄԱՐԿՈՍ 14 >

1 Եւ երկու օր յետոյ զատիկ էր ու Բաղարջակերաց տօնը. քահանայապետները եւ օրէնսգէտները հնար էին որոնում, թէ ինչպէս նրան նենգութեամբ բռնելով սպանեն:
Երկու օր ետք՝ Զատիկ ու Բաղարջակերք էր. եւ քահանայապետներն ու դպիրները կը փնտռէին թէ ի՛նչպէս վարպետութեամբ բռնեն զայն եւ սպաննեն:
2 Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»:
Բայց կ՚ըսէին. «Ո՛չ տօնին ատենը, որպէսզի ժողովուրդին մէջ աղմուկ չըլլայ»:
3 Եւ մինչ նա Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկաւ մի կին, որ հետն ունէր նարդոսի ազնիւ, մեծարժէք իւղի մի շիշ. եւ շիշը կոտրելով՝ իւղը թափեց Յիսուսի գլխին:
Երբ ինք Բեթանիա էր, սեղան նստած՝ բորոտ Սիմոնի տունը, կին մը եկաւ՝ որ ունէր ալապաստրէ շիշ մը, լեցուած մեծածախս նարդոսի օծանելիքով. կոտրեց այդ շիշը ու թափեց օծանելիքը անոր գլուխին վրայ:
4 Աշակերտները զայրացան եւ ասացին. «Այդ իւղը ինչո՞ւ այսպէս պիտի կորչէր.
Ոմանք ընդվզեցան իրենք իրենց մէջ եւ ըսին. «Ինչո՞ւ այդ օծանելիքը վատնուեցաւ.
5 կարելի էր այդ անուշահոտ իւղը վաճառել աւելի քան երեք հարիւր դահեկանի եւ տալ աղքատներին»: Եւ խիստ զայրանում էին կնոջ վրայ:
քանի որ ատիկա կրնար ծախուիլ երեք հարիւր դահեկանէն աւելի, ու տրուիլ աղքատներուն». եւ սաստիկ կը սրդողէին իրեն դէմ:
6 Եւ Յիսուս նրանց ասաց. «Թո՛յլ տուէք դրան. ինչո՞ւ էք նեղութիւն տալիս, որովհետեւ նա ինձ համար մի բարի գործ արեց:
Բայց Յիսուս ըսաւ. «Թողուցէ՛ք զայն, ինչո՞ւ կ՚անհանգստացնէք զինք. ան լաւ գործ մը ըրաւ ինծի:
7 Ամէն ժամ աղքատներին ձեզ հետ ունէք եւ երբ ուզենաք, կարող էք նրանց բարիք անել: Բայց ինձ ամէն ժամ ձեզ հետ չունէք:
Որովհետեւ ամէ՛ն ատեն ունիք աղքատները ձեզի հետ, ու ե՛րբ ուզէք՝ կրնաք բարիք ընել անոնց. բայց ամէն ատեն չունիք զիս:
8 Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկաւետեց իմ մարմինը ի նշան պատանքուելու:
Ան ըրաւ ի՛նչ որ կրնար. մարմինս նախապէս օծեց՝ իմ թաղումիս համար:
9 Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզուի այս Աւետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմուի նրա յիշատակի համար»:
Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ամբողջ աշխարհի մէջ՝ ո՛ւր որ այս աւետարանը քարոզուի, անոր ըրածն ալ պիտի պատմուի՝ իր յիշատակին համար”»:
10 Եւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, գնաց քահանայապետների մօտ, որ Յիսուսին մատնի նրանց:
Յուդա Իսկարիովտացին, տասներկուքէն մէկը, գնաց քահանայապետներուն՝ որ զայն մատնէ անոնց:
11 Երբ նրանք լսեցին, ուրախացան եւ խոստացան նրան դրամ տալ. եւ նա առիթ էր փնտռում, թէ ինչպէս յարմար ժամանակ մատնի նրան:
Անոնք ալ լսելով՝ ուրախացան, եւ իրեն դրամ ալ խոստացան: Ուստի կը փնտռէր պատեհութիւն մը՝ որ մատնէր զայն:
12 Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը, երբ զատկի գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Ո՞ւր ես ուզում գնանք պատրաստենք, որ զատկական ընթրիքն ուտես»:
Բաղարջակերքի առաջին օրը, երբ կը մորթէին զատիկը, անոր աշակերտները ըսին իրեն. «Ո՞ւր կ՚ուզես որ երթանք պատրաստենք, որպէսզի ուտես զատիկը»:
13 Եւ նա աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այն քաղաքը եւ երբ այն քաղաքը մտնէք, կը պատահի ձեզ մի մարդ, որ ուսին ջրի սափոր ունի. գնացէ՛ք նրա յետեւից:
Իր աշակերտներէն երկուքը ղրկեց եւ ըսաւ անոնց. «Գացէ՛ք քաղաքը, ու ձեզի պիտի հանդիպի մարդ մը՝ որ ուսին վրայ կը տանի ջուրի սափոր մը. հետեւեցէ՛ք անոր,
14 Եւ նա ո՛ր տունը որ մտնի, տանտիրոջը կ՚ասէք. «Վարդապետն ասում է՝ ո՞ւր է այն իջեւանը, ուր իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ»:
եւ ո՛ւր որ մտնէ՝ տանտիրոջ ըսէ՛ք. “Վարդապետը կ՚ըսէ. "Ո՞ւր է իջեւանը, ուր պիտի ուտեմ զատիկը՝ աշակերտներուս հետ"”:
15 Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի վերնատուն. այնտե՛ղ պատարաստեցէք մեզ համար»:
Ան ալ պիտի ցուցնէ ձեզի մեծ վերնայարկ մը՝ կահաւորուած ու պատրաստ. հո՛ն պատրաստեցէք մեզի»:
16 Եւ նրա աշակերտները գնացին պատրաստելու. եկան այն քաղաքը եւ գտան՝ ինչպէս որ նա իրենց ասել էր. ու զատկական ընթրիքը պատրաստեցին:
Իր աշակերտները գացին, մտան քաղաքը, եւ ինչպէս իրենց ըսաւ՝ այնպէս գտան, ու պատրաստեցին զատիկը:
17 Երբ երեկոյ եղաւ, նա եկաւ Տասներկուսի հետ միասին:
Երբ իրիկուն եղաւ՝ եկաւ տասներկուքին հետ:
18 Եւ երբ սեղան նստեցին ու դեռ ուտում էին, Յիսուս ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկը մատնելու է ինձ. նա, որ ինձ հետ իսկ ուտում է»:
Երբ սեղան նստան եւ կ՚ուտէին, Յիսուս ըսաւ. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ ձեզմէ մէկը՝ որ հիմա ինծի հետ կ՚ուտէ, պիտի մատնէ զիս»:
19 Եւ նրանք սկսեցին տրտմել ու ասել մէկը միւսի յետեւից՝ միթէ ե՞ս եմ. եւ միւսը՝ թէ՝ միթէ ե՞ս եմ:
Անոնք սկսան տրտմիլ ու մէկ առ մէկ ըսել անոր. «Միթէ ե՞ս եմ», եւ ուրիշ մը. «Միթէ ե՞ս եմ»:
20 Նա պատասխան տուեց եւ ասաց. «Տասներկուսիցդ մէկը, որ ձեռքը ինձ հետ մտցրեց պնակի մէջ:
Ան ալ պատասխանեց անոնց. «Տասներկուքէն ա՛ն՝ որ ինծի հետ թաթխեց իր ձեռքը պնակին մէջ:
21 Ճիշտ է, մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս որ նրա մասին գրուած է. բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կը մատնուի. լաւ կը լինէր նրան, եթէ այդ մարդը ծնուած անգամ չլինէր»:
Արդարեւ մարդու Որդին կ՚երթայ՝ ինչպէս գրուած է իրեն համար. բայց վա՜յ այն մարդուն, որուն միջոցով կը մատնուի մարդու Որդին: Այդ մարդուն լաւ պիտի ըլլար՝ որ ծնած չըլլար»:
22 Եւ մինչ դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցնելով՝ օրհնեց եւ կտրեց, տուեց նրանց ու ասաց. «Առէ՛ք, ա՛յս է իմ մարմինը»:
Երբ անոնք կ՚ուտէին՝ Յիսուս հաց առաւ, օրհնեց, կտրեց, տուաւ անոնց եւ ըսաւ. «Առէ՛ք, ա՛յս է իմ մարմինս»:
23 Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց, եւ բոլորն էլ նրանից խմեցին:
Նաեւ բաժակը առաւ, շնորհակալ եղաւ ու տուաւ անոնց. բոլորն ալ խմեցին անկէ:
24 Եւ Յիսուս ասաց նրանց. «Ա՛յս է Նոր Ուխտի իմ արիւնը, որ կը թափուի շատերի համար:
Ըսաւ անոնց. «Ա՛յս է իմ արիւնս, նո՛ր ուխտին արիւնը, որ կը թափուի շատերո՜ւ համար:
25 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլեւս որթատունկի բերքից չեմ խմելու մինչեւ այն օրը, երբ կը խմեմ նոր գինին Աստծու արքայութեան մէջ»:
Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ասկէ ետք որթատունկին բերքէն բնա՛ւ պիտի չխմեմ մինչեւ այն օրը՝ երբ նո՛ր խմեմ զայն Աստուծոյ թագաւորութեան մէջ”»:
26 Եւ գոհութիւն մատուցելուց յետոյ ելան Ձիթենեաց լեռը:
Օրհներգելէ ետք՝ գացին Ձիթենիներու լեռը:
27 Եւ Յիսուս նրանց ասաց. «Այս գիշեր ամէնքդ գայթակղուելու էք իմ պատճառով, որովհետեւ գրուած է. «Պիտի հարուածեմ հովուին, եւ ոչխարները պիտի ցրուեն»:
Յիսուս ըսաւ անոնց. «Այս գիշեր բոլորդ ալ պիտի գայթակղիք իմ պատճառովս. որովհետեւ գրուած է. “Հովիւը պիտի զարնեմ, ու ոչխարները պիտի ցրուին”:
28 Բայց իմ յարութիւնից յետոյ ձեզնից առաջ Գալիլիա պիտի գնամ»:
Բայց յարութիւն առնելէս ետք՝ ձեզմէ առաջ պիտի երթամ Գալիլեա»:
29 Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէկուզ բոլորն էլ գայթակղուեն, բայց ես չեմ գայթակղուի»:
Պետրոս ըսաւ անոր. «Թէեւ բոլորն ալ գայթակղին, ես՝ բնա՛ւ՝՝»:
30 Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու այս գիշեր իսկ, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ պիտի ուրանաս ինձ»:
Յիսուս ըսաւ անոր. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Դուն ա՛յսօր, այս գիշեր իսկ, դեռ աքաղաղը երկու անգամ չկանչած՝ երե՛ք անգամ պիտի ուրանաս զիս”»:
31 Իսկ Պետրոսն առաւել եւս պնդում էր ու ասում. «Թէ քեզ հետ մեռնել իսկ հարկ լինի, քեզ չեմ ուրանայ»: Եւ ամէնքն էլ նոյնն էին ասում:
Պետրոս աւելի կը պնդէր ու կ՚ըսէր. «Նոյնիսկ եթէ պէտք ըլլայ որ քեզի հետ մեռնիմ, բնա՛ւ պիտի չուրանամ քեզ»: Նո՛յնպէս կ՚ըսէին բոլորն ալ:
32 Եկան այն տեղը, որը Գեթսեմանի էր կոչւում: Եւ նա աշակերտներին ասաց. «Նստեցէ՛ք այստեղ, մինչեւ ես աղօթեմ»:
Եկան վայր մը՝ որուն անունը Գեթսեմանի էր, եւ ըսաւ իր աշակերտներուն. «Հո՛ս նստեցէք՝ մինչեւ որ ես աղօթեմ»:
33 Եւ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին եւ սկսեց տխրել ու տագնապել:
Իրեն հետ առնելով Պետրոսը, Յակոբոսն ու Յովհաննէսը, սկսաւ սաստիկ այլայլիլ եւ շատ վշտանալ:
34 Այն ժամանակ նրանց ասաց. «Տխուր է հոգիս մեռնելու աստիճան. մնացէ՛ք այստեղ եւ արթո՛ւն կացէք»:
Հետեւաբար ըսաւ անոնց. «Իմ անձս չափազանց տրտում է՝ մեռնելու աստիճան. հո՛ս մնացէք եւ արթո՛ւն կեցէք»:
35 Եւ փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսի վրայ ընկաւ գետին. եւ աղօթում էր, որ, եթէ կարելի է, այդ ժամը իրենից հեռանայ:
Քիչ մը առջեւ երթալով՝ ինկաւ գետին, իր երեսին վրայ, եւ աղօթեց, որ եթէ կարելի է՝ այդ ժամը անցնի իրմէ:
36 Եւ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, ամէն ինչ քեզ կարելի է. այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ ինչպէս ե՛ս եմ կամենում, այլ՝ ինչպէս դո՛ւ ես կամենում»:
Ան ըսաւ. «Աբբա՛, Հա՛յր, ամէն բան կարելի է քեզի. հեռացո՛ւր այս բաժակը ինձմէ: Բայց ո՛չ թէ ինչպէս ե՛ս կ՚ուզեմ, հապա՝ ինչպէս դո՛ւն կ՚ուզես»:
37 Եւ Յիսուս եկաւ ու նրանց քնած գտաւ. եւ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես. չկարողացա՞ր մէկ ժամ արթուն մնալ:
Երբ եկաւ ու քնացած գտաւ զանոնք՝ ըսաւ Պետրոսի. «Սիմո՛ն, կը քնանա՞ս. չկրցա՞ր ժա՛մ մը արթուն մնալ:
38 Արթո՛ւն կացէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք: Հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»:
Արթո՛ւն մնացէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի չմտնէք փորձութեան մէջ. իրաւ է թէ հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»:
39 Եւ նորից գնաց, աղօթքի կանգնեց ու նոյն բաներն ասաց:
Դարձեալ գնաց աղօթեց՝ նոյն խօսքը ըսելով:
40 Կրկին անգամ դարձաւ այնտեղ եւ նրանց քնի մէջ գտաւ. որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին, եւ չէին իմանում, թէ ինչ պատասխան տան նրան:
Ապա վերադարձաւ եւ դարձեալ քնացած գտաւ զանոնք. որովհետեւ անոնց աչքերը ծանրացած էին, ու չէին գիտեր ի՛նչ պատասխանել անոր:
41 Երրորդ անգամ եկաւ եւ նրանց ասաց. «Քնեցէ՛ք այսուհետեւ եւ հանգստացէ՛ք, քանի որ վախճանը հասել. եկաւ ժամը, եւ ահա մարդու Որդին մատնւում է մեղաւորների ձեռքը:
Երրորդ անգամ ալ եկաւ եւ ըսաւ անոնց. «Ասկէ ետք քնացէ՛ք ու հանգստացէ՛ք. բաւական է, ժամը հասաւ, ահա՛ մարդու Որդին պիտի մատնուի մեղաւորներուն ձեռքը:
42 Օ՛ն, վե՛ր կացէք գնանք, որովհետեւ ահա մօտեցաւ նա, ով ինձ մատնելու է»:
Ոտքի՛ ելէք՝ երթա՛նք: Ահա՛ մօտեցաւ ա՛ն՝ որ պիտի մատնէ զիս»:
43 Եւ մինչ նա դեռ խօսում էր այս բաները, եկաւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, եւ իր հետ՝ սրերով, մահակներով զինուած ամբոխ՝ ուղարկուած քահանայապետների, օրէնսգէտների ու ծերերի կողմից:
Մինչ ան դեռ կը խօսէր, իսկոյն Յուդա՝ տասներկուքէն մէկը՝ եկաւ, եւ իրեն հետ՝ քահանայապետներէն, դպիրներէն ու երէցներէն ղրկուած մեծ բազմութիւն մը, սուրերով եւ բիրերով:
44 Մատնիչը նրանց նշան էր տուել ասելով՝ ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, բռնեցէ՛ք նրան եւ տարէ՛ք զգուշութեամբ:
Զայն մատնողը նշան մը տուեր էր անոնց՝ ըսելով. «Ո՛վ որ համբուրեմ՝ ա՛ն է, բռնեցէ՛ք զայն ու տարէ՛ք ապահովութեամբ»:
45 Եւ մօտենալով նրան՝ իսկոյն ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛». եւ համբուրեց նրան:
Երբ ինք եկաւ՝ իսկոյն մօտեցաւ անոր եւ ըսաւ. «Ռաբբի՛, Ռաբբի՛», ու համբուրեց զայն:
46 Եւ նրանք ձեռք դրեցին նրա վրայ ու բռնեցին:
Եւ անոնք ձեռք բարձրացուցին անոր վրայ ու բռնեցին զայն:
47 Ապա նրա շուրջը գտնուողներից մէկը սուրը քաշեց եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա ականջը կտրեց:
Քովը կայնողներէն մէկը՝ քաշեց սուրը, զարկաւ քահանայապետին ծառային եւ խլեց անոր ականջը:
48 Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց. «Սրերով եւ մահակներով դուրս էք եկել ինձ բռնելու որպէս աւազակի՞:
Յիսուս ըսաւ անոնց. «Իբր թէ աւազակի՞ դէմ եկաք՝ սուրերով ու բիրերով բռնելու զիս:
49 Ես միշտ ձեզ մօտ էի եւ ուսուցանում էի տաճարում. եւ ինձ չբռնեցիք. բայց այս եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»:
Ամէ՛ն օր ձեր քով էի եւ տաճարին մէջ կը սորվեցնէի, ու չբռնեցիք զիս. բայց այս բոլոր բաները եղան՝ որպէսզի գրուածները իրագործուին»:
50 Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ լքեցին նրան եւ փախան:
Բոլոր աշակերտներն ալ թողուցին զայն եւ փախան:
51 Եւ մի երիտասարդ գնում էր նրա յետեւից՝ իր մերկ մարմնի վրայ մի սաւան գցած: Երիտասարդները նրան բռնեցին,
Երիտասարդ մը անոր կը հետեւէր՝ մերկ մարմինին վրայ կտաւ մը առած, սակայն երիտասարդները բռնեցին զայն:
52 եւ նա թողնելով հագի կտորը՝ մերկ փախաւ նրանցից:
Ան ալ ձգեց կտաւը, եւ մերկ փախաւ անոնցմէ:
53 Եւ Յիսուսին տարան Կայիափա քահանայապետի մօտ. եւ նրա հետ հաւաքուած էին բոլոր քահանայապետները, օրէնսգէտներն ու ծերերը:
Տարին Յիսուսը քահանայապետին, եւ անոր քով համախմբուեցան բոլոր քահանայապետները, երէցներն ու դպիրները:
54 Իսկ Պետրոսը հեռուից նրա յետեւից գնաց մինչեւ ներս, քահանայապետի գաւիթը: Եւ նստած էր սպասաւորների մօտ ու տաքանում էր կրակի բոցի առջեւ:
Պետրոս հեռուէն հետեւեցաւ անոր մինչեւ ներսը՝ քահանայապետին գաւիթը. նստաւ սպասաւորներուն հետ, ու կը տաքնար կրակին քով:
55 Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը մի որեւէ վկայութիւն էին փնտռում Յիսուսի դէմ, որպէսզի նրան սպանեն, բայց չէին գտնում.
Քահանայապետները եւ ամբողջ ատեանը վկայութիւն կը փնտռէին Յիսուսի դէմ՝ որպէսզի մեռցնեն զայն, ու չէին գտներ.
56 քանի որ նրա դէմ շատեր սուտ վկայութիւն էին տալիս, բայց վկայութիւնները իրար նման չէին:
որովհետեւ շատեր սուտ վկայութիւն կու տային անոր դէմ, բայց վկայութիւնները համանման չէին:
57 Ոմանք վեր կենալով՝ սուտ էին վկայում նրա դէմ ու ասում.
Ոմանք ալ կանգնեցան եւ սուտ վկայութիւն տուին անոր դէմ՝ ըսելով.
58 «Մենք լսեցինք դրանից, երբ ասում էր. «Ես կը քանդեմ այս ձեռակերտ տաճարը եւ երեք օրում կը շինեմ մէկ ուրիշը՝ անձեռակերտ»:
«Մենք լսեցինք ատկէ՝ որ կ՚ըսէր. “Ես պիտի քակեմ այդ ձեռակերտ տաճարը, եւ պիտի կառուցանեմ ուրիշ մը՝ անձեռակերտ՝ երեք օրուան մէջ”»:
59 Բայց եւ այնպէս նրանց վկայութիւնը նոյնանման չէր:
Բայց ա՛յդպէս ալ իրենց վկայութիւնը համանման չէր:
60 Ապա քահանայապետը կանգնելով մէջտեղում՝ Յիսուսին հարց տուեց ու ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. այդ ինչե՜ր են վկայում դրանք քո դէմ»:
Քահանայապետը՝ մէջտեղ կանգնելով՝ հարցուց Յիսուսի. «Ոչի՞նչ կը պատասխանես. ի՞նչ կը վկայեն ասոնք քեզի դէմ»:
61 Եւ նա միայն լուռ էր մնում ու պատասխան չէր տալիս: Քահանայապետը կրկին անգամ հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնեալ Աստծու Որդին»:
Բայց ան լուռ կը կենար ու ոչինչ կը պատասխանէր: Քահանայապետը դարձեալ հարցուց անոր. «Դո՞ւն ես Քրիստոսը, օրհնեա՜լ Աստուծոյ Որդին»:
62 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դու ասացիր, թէ ես եմ. բայց պիտի տեսնէք մարդու Որդուն՝ ամենազօր Աստծու աջ կողմում նստած եւ երկնքի ամպերի վրայով եկած»:
Յիսուս ըսաւ. «Ե՛ս եմ. եւ պիտի տեսնէք մարդու Որդին՝ բազմած Զօրութեան աջ կողմը, ու եկած երկինքի ամպերով»:
63 Եւ քահանայապետը իսկոյն պատռեց իր պատմուճանը եւ ասաց. «Էլ ի՞նչ պէտք են մեզ վկաներ:
Քահանայապետը պատռեց իր հանդերձները եւ ըսաւ. «Ա՛լ ի՞նչ պէտք ունինք վկաներու:
64 Ահա ամէնքդ դրա բերանից լսեցիք հայհոյութիւնը. ձեզ ինչպէ՞ս է թւում...»: Եւ ամէնքը դատապարտեցին նրան, թէ մահապարտ է:
Լսեցի՛ք ատոր հայհոյութիւնը. ի՞նչ կը թուի ձեզի»: Բոլորը դատապարտեցին զայն՝ թէ մահապարտ է:
65 Եւ ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորով գլուխը ծածկել, բռունցքով խփել ու ասել. «Մարգարէացի՛ր մեզ, Քրիստո՛սդ, այն ո՞վ է, որ քեզ խփեց»: Եւ սպասաւորները ապտակում էին նրան:
Ոմանք սկսան թքնել անոր վրայ, ծածկել անոր երեսը, կռփահարել զայն եւ ըսել անոր. «Մարգարէացի՛ր»: Իսկ սպասաւորները ապտակ կը զարնէին անոր:
66 Եւ մինչ Պետրոսը դեռ ներքեւում, գաւթում էր, քահանայապետի մի աղախինը եկաւ եւ տեսաւ նրան տաքանալիս:
Պետրոս վարը՝ գաւիթն էր: Քահանայապետին աղախիններէն մէկը եկաւ,
67 Նայեց նրան ու ասաց. «Դու էլ Յիսուս Նազովրեցու հետ էիր»:
ու տեսնելով Պետրոսը՝ որ կը տաքնար, նայեցաւ անոր եւ ըսաւ. «Դո՛ւն ալ Յիսուս Նազովրեցիին հետ էիր»:
68 Նա ուրացաւ եւ ասաց. «Չեմ ճանաչում նրան եւ չգիտեմ՝ ինչ ես ասում դու»: Եւ երբ նա դրսի գաւիթը ելաւ, աքաղաղը կանչեց:
Բայց ան ուրացաւ՝ ըսելով. «Չեմ գիտեր, ու չեմ հասկնար թէ ի՛նչ կը խօսիս»: Երբ դուրս ելաւ՝ նախագաւիթը, աքաղաղը կանչեց:
69 Աղախինը նորից տեսաւ նրան եւ սկսեց իր շուրջը գտնուողներին ասել. «Սա էլ նրանցից է»:
Աղախինը դարձեալ տեսաւ զայն, եւ սկսաւ ըսել շուրջը կայնողներուն. «Ասիկա՛ ալ անոնցմէ է»:
70 Եւ Պետրոսը դարձեալ ուրացաւ: Փոքր-ինչ յետոյ, նորից, նրանք, որ շուրջը կանգնել էին, ասացին Պետրոսին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ գալիլիացի ես, եւ քո խօսուածքն էլ նման է»:
Ան ալ դարձեալ ուրացաւ: Քիչ մը ատենէն ետք՝ դարձեալ շուրջը կայնողները ըսին Պետրոսի. «Ճշմա՛րտապէս դուն անոնցմէ՛ ես, որովհետեւ Գալիլեացի ես, եւ խօսուածքդ ալ կը նմանի»:
71 Եւ նա սկսեց նզովք կարդալ, երդուել եւ ասել. «Չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խօսում էք»:
Բայց ան սկսաւ նզովել ու երդում ընել՝ ըսելով. «Չեմ ճանչնար այդ մարդը՝ որուն մասին կը խօսիք»:
72 Եւ հէնց նոյն ժամին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց: Եւ Պետրոսը յիշեց այն խօսքը, որ Յիսուս ասել էր իրեն, թէ՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ ինձ պիտի ուրանաս». եւ սկսեց լալ:
Իսկոյն երկրորդ անգամ աքաղաղը կանչեց: Պետրոս յիշեց այն խօսքը՝ որ Յիսուս ըսեր էր իրեն. «Դեռ աքաղաղը երկու անգամ չկանչած՝ դուն երե՛ք անգամ պիտի ուրանաս զիս». եւ սկսաւ լալ:

< ՄԱՐԿՈՍ 14 >