< ՂՈԻԿԱՍ 22 >

1 Մօտեցաւ Բաղարջակերաց տօնը, որը կոչւում էր Պասեք:
Բաղարջակերքի տօնը՝ որ Զատիկ կը կոչուէր՝ մօտեցաւ,
2 Իսկ քահանայապետներն ու օրէնսգէտները հնար էին փնտռում, թէ ինչպէս սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից:
եւ քահանայապետներն ու դպիրները կը փնտռէին թէ ի՛նչպէս մեռցնեն զայն, քանի որ կը վախնային ժողովուրդէն:
3 Ապա սատանան մտաւ Իսկարիովտացի կոչուած Յուդայի մէջ, որ Տասներկուսի թւում էր:
Սատանան մտաւ Իսկարիովտացի մականուանեալ Յուդայի ներսը, որ տասներկուքէն մէկն էր,
4 Սա գնաց բանակցեց քահանայապետների, օրէնսգէտների եւ ժողովրդի իշխանաւորների հետ, որ Յիսուսին նրանց մատնի:
եւ ան գնաց բանակցելու քահանայապետներուն ու մեծաւորներուն հետ՝ թէ ի՛նչպէս մատնէ զայն անոնց:
5 Նրանք ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ:
Անոնք ուրախացան եւ միաձայնեցան դրամ տալ անոր:
6 Եւ նա յանձն առաւ ու պատեհ առիթ էր փնտռում՝ նրան մատնելու նրանց՝ ամբոխից մեկուսի:
Ինք ալ խոստացաւ, ու կը փնտռէր պատեհութիւն մը զայն մատնելու անոնց՝ առանց բազմութեան:
7 Եկաւ Բաղարջակերաց օրը, երբ օրէնք էր մորթել Պասեքը:
Բաղարջակերքի օրը եկաւ, երբ պէտք էր մորթել զատիկը:
8 Եւ նա ուղարկեց Պետրոսին եւ Յովհաննէսին ու ասաց. «Գնացէ՛ք, պատրաստեցէ՛ք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»:
Ուստի ղրկեց Պետրոսն ու Յովհաննէսը՝ ըսելով. «Գացէ՛ք, պատրաստեցէ՛ք մեզի զատիկը՝ որպէսզի ուտենք»:
9 Եւ նրանք ասացին. «Ո՞ւր ես ուզում, որ պատրաստենք»:
Անոնք ալ ըսին անոր. «Ո՞ւր կ՚ուզես որ պատրաստենք»:
10 Եւ նրանց ասաց. «Ահա՛, երբ քաղաք մտնէք, ձեզ կը հանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացէ՛ք նրա յետեւից այն տունը, ուր նա կը մտնի:
Ըսաւ անոնց. «Ահա՛ երբ մտնէք քաղաքը, մարդ մը պիտի հանդիպի ձեզի՝ որ ուսին վրայ ունի ջուրի սափոր մը. հետեւեցէ՛ք անոր մինչեւ այն տունը՝ ուր ինք կը մտնէ,
11 Եւ կ՚ասէք տանտիրոջը. «Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հիւրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը»:
եւ ըսէ՛ք տանտիրոջ. «Վարդապետը կ՚ըսէ քեզի. “Ո՞ւր է իջեւանը, ուր պիտի ուտեմ զատիկը աշակերտներուս հետ”:
12 Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի մեծ վերնատուն, եւ այնտեղ կը պատրաստէք»:
Ան ալ պիտի ցուցնէ ձեզի կահաւորուած մեծ վերնայարկ մը. հո՛ն պատրաստեցէք»:
13 Եւ աշակերտները գնացին գտան, ինչպէս որ իրենց ասել էր. եւ պատրաստեցին Պասեքը:
Գացին, գտան ինչպէս ըսաւ իրենց, եւ պատրաստեցին զատիկը:
14 Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստեց, եւ տասներկու առաքեալներն էլ՝ իր հետ:
Երբ ժամը հասաւ՝ սեղան նստաւ, ու տասներկու առաքեալները իրեն հետ:
15 Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել:
Եւ ըսաւ անոնց. «Չափազանց ցանկացի որ այս զատիկը ուտեմ ձեզի հետ՝ իմ չարչարուելէս առաջ.
16 Բայց ասում եմ ձեզ, թէ այլեւս չեմ ուտելու սրանից, մինչեւ որ Պասեքը կատարուի Աստծու արքայութեան մէջ»:
որովհետեւ կը յայտարարեմ ձեզի. “Ա՛լ բնա՛ւ պիտի չուտեմ ասկէ, մինչեւ որ իրագործուի Աստուծոյ թագաւորութեան մէջ”»:
17 Եւ, բաժակը վերցնելով, գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ.
Ու բաժակը առաւ, շնորհակալ եղաւ եւ ըսաւ. «Առէ՛ք ասիկա ու բաժնեցէ՛ք ձեր մէջ:
18 ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծու արքայութիւնը»:
Արդարեւ կը յայտարարեմ ձեզի. “Բնա՛ւ որթատունկին բերքէն պիտի չխմեմ, մինչեւ որ գայ Աստուծոյ թագաւորութիւնը”»:
19 Եւ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»:
Ապա հաց առաւ, շնորհակալ եղաւ, կտրեց ու տուաւ անոնց, եւ ըսաւ. «Ա՛յս է իմ մարմինս՝ որ կը տրուի ձեզի համար. ըրէ՛ք ասիկա՝ իմ յիշատակիս համար»:
20 Նոյնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ եւ ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած:
Նոյնպէս ալ բաժակը առաւ ընթրիքէն ետք, եւ ըսաւ. «Այս բաժակը նո՛ր ուխտն է՝ իմ արիւնովս, որ կը թափուի ձեզի համար»:
21 Բայց ահաւասիկ իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրայ է:
«Բայց ահա՛ զիս մատնողին ձեռքը ինծի հետ՝ այս սեղանին վրայ է:
22 Եւ մարդու Որդին աշխարհից կը գնայ ըստ սահմանուածի, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի»:
Իրաւ է թէ մարդու Որդին կ՚երթայ՝ ինչպէս սահմանուած է. բայց վա՜յ այն մարդուն՝ որուն միջոցով կը մատնուի ան»:
23 Եւ նրանք սկսեցին հարցնել իրար մէջ, թէ իրենցից ո՛վ է, որ այդ անելու է:
Անոնք ալ սկսան հարցնել իրարու թէ իրենցմէ ո՛վ էր՝ որ պիտի ընէր այդ բանը:
24 Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ո՛վ պիտի մեծ համարուի:
Վէճ մըն ալ եղաւ անոնց մէջ, թէ իրենցմէ ո՛վ պիտի համարուի մեծագոյնը:
25 Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում:
Ան ալ ըսաւ անոնց. «Հեթանոսներուն թագաւորնե՛րը կը տիրեն իրենց, եւ անոնք որ կ՚իշխեն իրենց վրայ՝ բարերար կը կոչուին:
26 Բայց դուք այդպէս չլինէք, այլ՝ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը:
Բայց դուք այնպէս պէտք չէ ըլլաք. հապա ա՛ն որ ձեր մէջ մեծագոյնն է՝ կրտսերին պէս թող ըլլայ, ու հրամայողը՝ սպասարկուին պէս:
27 Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը: Չէ՞ որ՝ սեղան նստողը: Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր»:
Քանի որ ո՞վ է մեծը, սեղան նստո՞ղը՝ թէ սպասարկուն: Միթէ սեղան նստողը չէ՞. սակայն ես ձեր մէջ սպասարկուի մը պէս եմ:
28 «Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ:
Եւ դուք անոնք էք՝ որ միշտ ինծի հետ կը մնայիք փորձութիւններուս մէջ.
29 Եւ ես խոստանում եմ ձեզ, - ինչպէս եւ իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը, -
ես ալ թագաւորութիւն մը կը կտակեմ ձեզի, ինչպէս իմ Հայրս թագաւորութիւն մը կտակեց ինծի.
30 որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերը»:
որպէսզի դուք ուտէք ու խմէք իմ սեղանէս՝ իմ թագաւորութեանս մէջ, եւ բազմիք գահերու վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու տոհմերը»:
31 Եւ Տէրն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել:
Տէրը ըսաւ. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա՛ Սատանան շատ ուզեց խարբալել ձեզ ցորենի պէս:
32 Բայց ես աղօթեցի քեզ համար, որպէսզի քո հաւատը չպակասի, եւ դու, երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին»:
Բայց ես աղերսեցի քեզի համար, որպէսզի հաւատքդ չպակսի. եւ դուն երբ դարձի գաս՝ եղբայրնե՛րդ ալ ամրացուր»:
33 Եւ Պետրոսն ասաց. «Տէ՛ր, պատրաստ եմ քեզ հետ գնալ ե՛ւ բանտ, ե՛ւ դէպի մահ»:
Իսկ ինք ըսաւ անոր. «Տէ՛ր, ես պատրաստ եմ քեզի հետ թէ՛ բանտ երթալու, թէ՛ մեռնելու»:
34 Եւ նա նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր դեռ աքաղաղը կանչած չպիտի լինի, մինչեւ որ դու երեք անգամ ուրանաս՝ ասելով, թէ ինձ չես ճանաչում»:
Ան ալ ըսաւ. «Պետրո՛ս, կը յայտարարեմ քեզի. “Այսօր աքաղաղը պիտի չկանչէ, մինչեւ որ դուն երե՛ք անգամ ուրանաս՝ թէ զիս կը ճանչնաս”»:
35 Եւ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի եւ կօշիկների, մի՞թէ որեւէ բանի կարօտ մնացիք»:
Նաեւ ըսաւ անոնց. «Երբ ղրկեցի ձեզ առանց քսակի, պարկի ու կօշիկներու, որեւէ բան պակսեցա՞ւ ձեզի»:
36 Եւ նրանք ասացին՝ եւ ո՛չ մի բանի: Ապա ասաց. «Իսկ այժմ՝ ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նոյնպէս եւ՝ մախաղ. իսկ ով որ չունի, թող վաճառի իր վերարկուն եւ իր համար սուր գնի:
Անոնք ալ ըսին. «Ո՛չ մէկ բան»: Յետոյ ըսաւ. «Բայց հիմա՝ ա՛ն որ քսակ ունի՝ թող առնէ զայն, նմանապէս պարկը. եւ ա՛ն որ սուր չունի, թող ծախէ իր հանդերձը ու սուր մը գնէ իրեն:
37 Բայց ասում եմ ձեզ, այս եւս, որ գրուած է, պէտք է, որ կատարուի իմ վրայ, թէ՝ «Անօրէնների հետ դասուեց». որովհետեւ, ինչ որ ինձ համար է գրուած, կատարուելու վրայ է»:
Քանի որ կը յայտարարեմ ձեզի թէ պէտք է որ սա՛ գրուածն ալ կատարուի իմ վրաս. “Անօրէններու հետ սեպուեցաւ”. որովհետեւ աւարտելու վրայ են ինծի վերաբերող բաները»:
38 Եւ նրանք ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ այստեղ երկու սուր կայ»: Եւ նրանց ասաց. «Բաւական են»:
Անոնք ալ ըսին. «Տէ՛ր, ահա՛ հոս երկու սուր կայ»: Ան ալ ըսաւ անոնց. «Կը բաւէ»:
39 Եւ Յիսուս ըստ իր սովորութեան ելաւ գնաց Ձիթենեաց լեռը. նրա յետեւից գնացին եւ աշակերտները:
Յետոյ դուրս ելլելով՝ իր սովորութեան համաձայն գնաց Ձիթենիներու լեռը. աշակերտներն ալ հետեւեցան իրեն:
40 Երբ տեղ հասաւ, ասաց նրանց. «Աղօթքի՛ կանգնեցէք, որ փորձութեան մէջ չընկնէք»:
Երբ հասաւ այդ տեղը՝ ըսաւ անոնց. «Աղօթեցէ՛ք՝ որպէսզի փորձութեան մէջ չմտնէք»:
41 Եւ ինքը հեռացաւ նրանցից մօտ մի քարընկեց, ծնրադրեց, աղօթում էր եւ ասում.
Ապա մեկուսացաւ անոնցմէ՝ քարընկէցի մը չափ, ու ծնրադրելով՝ կ՚աղօթէր
42 «Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»:
եւ կ՚ըսէր. «Հա՛յր, եթէ փափաքիս՝ հեռացո՛ւր այս բաժակը ինձմէ. բայց ո՛չ թէ ի՛մ կամքս՝ հապա քո՛ւկդ թող ըլլայ»:
43 Եւ նրան երկնքից երեւաց մի հրեշտակ եւ ուժ էր տալիս նրան. նա տագնապի մէջ էր եւ ամբողջ հոգով էր աղօթում:
Երկինքէն հրեշտակ մը երեւցաւ իրեն, ու կը զօրացնէր զինք: Ճգնաժամի մէջ ըլլալով՝ աւելի՛ ջերմեռանդութեամբ կ՚աղօթէր,
44 « Եւ նրանից քրտինքը հոսում էր արեան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափուելով:
եւ իր քրտինքը՝ գետին ինկող արիւնի մեծ կաթիլներու պէս էր:
45 Եւ վեր կենալով աղօթքից՝ եկաւ աշակերտների մօտ, նրանց քնած գտաւ տրտմութիւնից
Աղօթքէն կանգնելով՝ եկաւ աշակերտներուն քով, ու գտաւ զանոնք՝ տրտմութենէն քնացած:
46 եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք քնել. վե՛ր կացէք, աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք»:
Ըսաւ անոնց. «Ինչո՞ւ կը քնանաք. կանգնեցէ՛ք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի չմտնէք փորձութեան մէջ»:
47 Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա երեւաց մի ամբոխ. եւ նա, որ Յուդա էր կոչւում, Տասներկուսից մէկը, առաջնորդում էր նրանց. երբ Յուդան մօտեցաւ Յիսուսին, համբուրեց նրան, որովհետեւ այն նշանն էր տուել նրանց, թէ՝ «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրա՛ն բռնեցէք»:
Երբ դեռ կը խօսէր, ահա՛ բազմութիւն մը եկաւ. Յուդա կոչուածն ալ՝ տասներկուքէն մէկը՝ կ՚երթար անոր առջեւէն, ու մօտեցաւ Յիսուսի՝ որպէսզի համբուրէ զայն:
48 Յիսուս նրան ասաց. «Յուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»:
Յիսուս ըսաւ անոր. «Յուդա՛, համբուրելո՞վ կը մատնես մարդու Որդին»:
49 Երբ նրա շուրջը գտնուողները տեսան եղածը, նրան ասացին. «Տէ՛ր, սրով նրանց հարուածե՞նք»:
Երբ անոր շուրջը եղողները տեսան ինչ որ պիտի ըլլար, ըսին անոր. «Տէ՛ր, զարնե՞նք սուրով»:
50 Եւ աշակերտներից մէկը հարուածեց քահանայապետի ծառային եւ կտրեց դէն գցեց նրա աջ ականջը:
Եւ անոնցմէ մէկը զարկաւ քահանայապետին ծառային, ու խլեց անոր աջ ականջը:
51 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Թո՛յլ տուէք, բաւ է եղածը»: Եւ դիպչելով ականջին՝ այն բժշկեց:
Յիսուս ըսաւ. «Թոյլատրեցէ՛ք մինչեւ այդ տեղը»: Եւ դպաւ անոր ականջին ու բժշկեց զայն:
52 Եւ իր վրայ եկած քահանայապետներին, տաճարի իշխանաւորներին եւ ծերերին ասաց. «Ինչպէս աւազակի՞ վրայ էք գալիս սրերով ու մահակներով.
Յիսուս ըսաւ իրեն եկած քահանայապետներուն, տաճարին մեծաւորներուն եւ երէցներուն. «Իբր թէ աւազակի՞ դէմ եկաք՝ սուրերով ու բիրերով:
53 միշտ ձեզ հետ էի տաճարում, եւ դուք ինձ վրայ ձեռք չերկարեցիք. սակայն ա՛յս է ձեր ժամը եւ խաւարի իշխանութեան զօրութիւնը»:
Ամէ՛ն օր ձեզի հետ էի՝ տաճարին մէջ, եւ ձեռք չերկարեցիք իմ վրաս. բայց ասիկա՛ է ձեր ժամն ու խաւարին իշխանութիւնը»:
54 Եւ բռնելով նրան՝ տարան եւ մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռուից գնում էր նրա յետեւից:
Բռնելով զայն՝ տարին եւ մտցուցին քահանայապետին տունը. Պետրոս ալ կը հետեւէր անոր հեռուէն:
55 Երբ գաւթի մէջ կրակ վառեցին եւ նստեցին շուրջը, Պետրոսն էլ նստեց նրանց մէջ:
Երբ կրակ վառեցին գաւիթին մէջտեղը ու նստան միասին, Պետրոս ալ նստաւ անոնց մէջ:
56 Մի աղախին տեսաւ նրան կրակի լոյսի մօտ նստած, հայեացքը սեւեռեց նրան եւ ասաց. «Սա էլ էր նրանցից, որ նրա հետ էին»
Աղախին մը տեսնելով զայն՝ որ նստած էր կրակին քով, ակնապիշ նայեցաւ անոր եւ ըսաւ. «Ասիկա՛ ալ անոր հետ էր»:
57 Իսկ Պետրոսն ուրացաւ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»:
Բայց Պետրոս ուրացաւ զայն՝ ըսելով. «Կի՛ն, չեմ ճանչնար զայն»:
58 Եւ քիչ յետոյ մէկ ուրիշը տեսաւ նրան եւ ասաց. «Դո՛ւ էլ նրանցից ես»: Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»:
Կարճ պահէ մը ետք՝ ուրի՛շ մը տեսաւ զինք եւ ըսաւ. «Դո՛ւն ալ անոնցմէ ես»: Պետրոս ըսաւ. «Մա՛րդ, ես անոնցմէ չեմ»:
59 Եւ երբ մի ժամ էլ անցաւ, մէկ ուրիշը վիճում էր եւ ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետեւ գալիլիացի է»:
Գրեթէ ժամ մը ետք՝ ուրիշ մըն ալ կը պնդէր ու կ՚ըսէր. «Ճշմարտապէս ասիկա՛ ալ անոր հետ էր, որովհետեւ Գալիլեացի է»:
60 Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ այդ ի՛նչ ես խօսում»: Եւ նոյն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց:
Բայց Պետրոս ըսաւ. «Մա՛րդ, չեմ գիտեր ի՛նչ կը խօսիս»: Անմի՛ջապէս, մինչ ինք դեռ կը խօսէր, աքաղաղը կանչեց:
61 Տէրը դարձաւ եւ նայեց Պետրոսին. եւ Պետրոսը յիշեց Տիրոջ խօսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թէ ինձ չես ճանաչում»:
Տէրը դարձաւ ու նայեցաւ Պետրոսի: Պետրոս ալ մտաբերեց Տէրոջ խօսքը, որ ըսեր էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երե՛ք անգամ պիտի ուրանաս զիս»:
62 Եւ Պետրոսը դուրս ելնելով՝ դառնօրէն լաց եղաւ:
Պետրոս դուրս ելլելով՝ դառնապէս լացաւ:
63 Եւ այն մարդիկ, որ նրան պահպանում էին, ծիծաղում էին նրա վրայ եւ խփում,
Այն մարդիկը՝ որ բռնած էին Յիսուսը, կը ծաղրէին զայն ու կը ծեծէին.
64 ծածկում էին նրա երեսը եւ տանջում, հարցնում էին նրան եւ ասում. «Մարգարէացի՛ր՝ ո՞վ է, որ քեզ խփեց»:
Ծածկելով անոր աչքերը՝ կը զարնէին անոր երեսին եւ կը հարցնէին իրեն. «Մարգարէացի՛ր. ո՞վ է ա՛ն՝ որ զարկաւ քեզի»:
65 Եւ հայհոյելով՝ ուրիշ շատ բաներ էլ էին ասում նրա երեսին:
Ուրիշ շատ բաներ ալ կ՚ըսէին անոր դէմ՝ հայհոյելով:
66 Եւ երբ լոյսը բացուեց, հաւաքուեց ժողովրդի ծերակոյտը՝ քահանայապետներ եւ օրէնսգէտներ, եւ Յիսուսին քաշեցին բերին իրենց ատեանի առաջ եւ ասացին. «Եթէ դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»:
Երբ առտու եղաւ՝ ժողովուրդին երէցներու ժողովը, քահանայապետներն ու դպիրները հաւաքուեցան, տարին զայն իրենց ատեանին առջեւ եւ ըսին. «Եթէ Քրիստոսը դո՛ւն ես, ըսէ՛ մեզի»:
67 Նրանց ասաց. «Եթէ ձեզ ասեմ իսկ, չէք հաւատայ:
Ըսաւ անոնց. «Եթէ ըսեմ ալ ձեզի՝ պիտի չհաւատաք.
68 Եւ եթէ ես ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չէք տայ կամ չէք արձակի ինձ:
ու եթէ հարցնեմ ձեզի բան մը՝ պիտի չպատասխանէք ինծի, ո՛չ ալ պիտի արձակէք զիս:
69 Բայց սրանից յետոյ մարդու Որդին պիտի նստի Աստծու զօրութեան աջին»:
Ասկէ ետք՝ մարդու Որդին պիտի բազմի Աստուծոյ զօրութեան աջ կողմը»:
70 Եւ ամէնքը միասին ասացին. «Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես»: Եւ նա նրանց ասաց. «Դուք ասում էք, թէ ես եմ»:
Բոլորը ըսին. «Ուրեմն դուն Աստուծոյ Որդի՞ն ես»: Ինք ալ ըսաւ անոնց. «Դո՛ւք կ՚ըսէք թէ ես եմ»:
71 Եւ նրանք ասացին. «Էլ ի՞նչ վկայութիւն է պէտք մեզ, որովհետեւ մենք ինքներս լսեցինք նրա բերանից»:
Եւ անոնք ըսին. «Ա՛լ ի՞նչ պէտք ունինք վկայութեան, որովհետեւ մենք իսկ լսեցինք անոր բերանէն»:

< ՂՈԻԿԱՍ 22 >