< ՂՈԻԿԱՍ 21 >

1 Եւ Յիսուս նայեց ու տեսաւ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մէջ իրենց նուէրներն էին գցում:
Մինչ կը նայէր, տեսաւ հարուստները՝ որ գանձանակը կը ձգէին իրենց ընծաները:
2 Տեսաւ եւ մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումայ գցեց այնտեղ:
Տնանկ այրի մըն ալ տեսաւ, որ երկու լումայ ձգեց հոն:
3 Եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին աւելի գցեց, քան բոլորը:
Ուստի ըսաւ. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ այս աղքատ այրին՝ բոլորէն աւելի ձգեց.
4 Նրանք ամէնքը իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրուած նուէրների մէջ, իսկ նա իր կարօտութեան մէջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց»:
որովհետեւ անոնք իրենց առատութենէն ձգեցին Աստուծոյ ընծաներուն մէջ, բայց ասիկա ձգեց իր կարօտութենէն՝ իր ամբողջ ունեցած ապրուստը»:
5 Եւ երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թէ գեղեցիկ քարերով եւ աշտարակներով է զարդարուած, նա ասաց.
Երբ ոմանք կ՚ըսէին տաճարին մասին թէ “զարդարուած է գեղեցիկ քարերով ու նուէրներով”,
6 «Այդ բոլորը, որ տեսնում էք, պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնուի քար քարի վրայ, որ չքանդուի»:
ըսաւ. «Ասոնք որ կը տեսնէք, օրերը պիտի գան, երբ քար քարի վրայ պիտի չմնայ. ամէնը պիտի քակուի»:
7 Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, ե՞րբ կը լինի այդ, եւ ի՞նչ կը լինի նշանը, երբ այդ պատահելու լինի»:
Հարցուցին իրեն. «Վարդապե՛տ, ե՞րբ պիտի ըլլայ ատիկա, եւ ի՞նչ է նշանը՝ թէ այդ բաները պիտի ըլլան»:
8 Եւ նա ասաց. «Զգո՛յշ կացէք, չխաբուէք. որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն թէ՝ ես եմ Քրիստոսը, եւ թէ՝ ժամանակը մօտեցաւ. նրանց յետեւից չգնաք:
Ան ալ ըսաւ. «Զգուշացէ՛ք որ չմոլորիք. որովհետեւ շատե՜ր պիտի գան իմ անունովս՝ ըսելով. “Ե՛ս եմ Քրիստոսը, ու ժամանակը մօտեցած է”. ուրեմն մի՛ երթաք անոնց ետեւէն:
9 Եւ երբ լսէք պատերազմների եւ խռովութիւնների մասին, չզարհուրէք. որովհետեւ պէտք է, որ նախ այդ բաները պատահեն. բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»:
Բայց երբ լսէք պատերազմներու եւ խառնակութիւններու մասին՝ մի՛ սարսափիք, որովհետեւ պէտք է որ նախ այդ բաները ըլլան, բայց վախճանը իսկոյն չէ»:
10 Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ.
Այն ատեն ըսաւ անոնց. «Ազգ ազգի դէմ պիտի ելլէ, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ.
11 եւ մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհաւիրքներ եւ մեծամեծ նշաններ երկնքից:
տեղ-տեղ մեծ երկրաշարժներ պիտի ըլլան, սովեր ու ժանտախտներ. նաեւ երկինքէն սոսկալի բաներ եւ մեծ նշաններ պիտի ըլլան:
12 Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար:
Բայց այս բաներէն առաջ՝ իրենց ձեռքերը պիտի բարձրացնեն ձեր վրայ ու հալածեն ձեզ. ժողովարաններու եւ բանտերու պիտի մատնեն, ու թագաւորներու եւ կառավարիչներու առջեւ պիտի տարուիք՝ իմ անունիս համար:
13 Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան:
Եւ ասիկա վկայութեան առիթի պիտի յանգի ձեզի համար:
14 Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար,
Ուրեմն որոշեցէ՛ք որ նախապէս չմտածէք՝ թէ ի՛նչպէս պիտի պաշտպանէք դուք ձեզ:
15 որովհետեւ ես ձեզ կը տամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները:
Որովհետեւ ես ձեզի բերան ու իմաստութիւն պիտի տամ, որուն պիտի չկարենան ընդդիմախօսել կամ դիմադրել ձեր բոլոր հակառակորդները:
16 Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն:
Պիտի մատնուիք ծնողներէ, եղբայրներէ, ազգականներէ եւ բարեկամներէ, ու ձեզմէ ոմանք պիտի մեռցուին:
17 Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար:
Բոլորին ատելի պիտի ըլլաք իմ անունիս համար.
18 Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի:
բայց մա՛զ մը պիտի չկորսուի ձեր գլուխէն:
19 Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները»:
Ձեր համբերութեամբ պիտի տիրանաք ձեր անձերուն»:
20 «Բայց երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է:
«Երբ տեսնէք Երուսաղէմը՝ չորս կողմէն զօրքերով շրջապատուած, ա՛յն ատեն գիտցէք թէ մօտ է անոր աւերումը:
21 Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղէմի մէջ են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն,
Այն ատեն Հրէաստանի մէջ եղողները լեռնե՛րը թող փախչին, եւ անոր մէջ եղողները թող հեռանան, ու անոնք որ արտերն են՝ թող չմտնեն անոր մէջ.
22 որովհետեւ դրանք վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի կատարուեն բոլոր գրուածները:
որովհետեւ այդ օրերը՝ վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի իրագործուին բոլոր գրուածները:
23 Բայց այն օրերին վա՜յ է յղիներին եւ ստնտուներին, որովհետեւ մեծ տագնապ պիտի լինի երկրի վրայ եւ բարկութիւն՝ այս ժողովրդի հանդէպ:
Բայց վա՜յ այդ օրերը յղի եղողներուն եւ ծիծ տուողներուն, որովհետեւ մեծ հարկադրանք պիտի ըլլայ երկրի վրայ, ու բարկութիւն պիտի գայ այս ժողովուրդին վրայ:
24 Նրանք սրի պիտի քաշուեն, գերի պիտի տարուեն բոլոր հեթանոսներից. եւ Երուսաղէմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչեւ որ լրանան հեթանոսների ժամանակները»:
Եւ սուրի բերանով պիտի իյնան, բոլոր ազգերուն մէջ գերի պիտի տարուին, ու Երուսաղէմը հեթանոսներուն ոտքի կոխան պիտի ըլլայ՝ մինչեւ որ լրանան հեթանոսներուն ժամանակները»:
25 «Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրայ: Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի եւ խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով,
«Եւ արեւին, լուսինին ու աստղերուն վրայ նշաններ պիտի ըլլան, երկրի վրայ՝ ազգերը վարանումով պիտի կսկծին, եւ ծովն ու ալիքները պիտի գոռան:
26 աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն:
Մարդոց սիրտերը պիտի նուաղին իրենց վախէն եւ երկրագունդին վրայ եկող բաներուն սպասելէն, որովհետեւ երկինքի զօրութիւնները պիտի սարսին:
27 Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրայ, զօրութեամբ եւ մեծ փառքով:
Այն ատեն պիտի տեսնեն մարդու Որդին ամպի մէջ եկած՝ զօրութեամբ ու մեծ փառքով:
28 Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը»:
Երբ այս բաները սկսին ըլլալ, ելէ՛ք եւ վերցուցէ՛ք ձեր գլուխը, որովհետեւ ձեր ազատագրութիւնը կը մօտենայ»:
29 Եւ նրանց ասաց մի առակ. «Նայեցէ՛ք թզենուն եւ ամէն մի ծառի.
Առակ մըն ալ ըսաւ անոնց. «Տեսէ՛ք թզենին ու բոլոր ծառերը:
30 երբ իրենց բողբոջը ցոյց են տալիս, տեսնում էք այն ու դրանից իմանում էք, որ մօտ է ամառը:
Երբ արդէն բողբոջին, տեսնելով դուք ձեզմէ կը գիտնաք թէ արդէն ամառը մօտ է:
31 Նոյնպէս եւ դուք, երբ տեսնէք այս բոլորը կատարուած, իմացէ՛ք, որ Աստծու արքայութիւնը մօտ է:
Նոյնպէս դուք՝ երբ եղած տեսնէք ասոնք, գիտցէ՛ք թէ Աստուծոյ թագաւորութիւնը մօտ է:
32 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի:
Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Այս սերունդը պիտի չանցնի, մինչեւ որ այս բոլոր բաները ըլլան”:
33 Երկինքը եւ երկիրը կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»:
Երկինքն ու երկիրը պիտի անցնին, բայց իմ խօսքերս բնա՛ւ պիտի չանցնին»:
34 «Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ յանկարծակի հասնի ձեր վրայ այն օրը.
«Ուշադի՛ր եղէք դուք ձեզի, որպէսզի ձեր սիրտերը չծանրանան կերուխումով, արբեցութեամբ եւ այս կեանքին հոգերով, ու այդ օրը անակնկալօրէն չհասնի ձեր վրայ.
35 որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին:
որովհետեւ վարմի մը պէս պիտի հասնի ամբողջ երկրի բոլոր բնակիչներուն վրայ:
36 Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ»:
Ուրեմն հսկեցէ՛ք եւ ամէ՛ն ատեն աղերսեցէք, որպէսզի արժանանաք զերծ մնալու այս բոլորէն՝ որոնք պիտի ըլլան, ու կայնելու մարդու Որդիին առջեւ»:
37 Եւ ցերեկը ուսուցանում էր տաճարի մէջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լերան վրայ, որը կոչւում էր Ձիթենեաց:
Յիսուս ցերեկները կը սորվեցնէր տաճարին մէջ. իսկ գիշերները՝ դուրս կ՚ելլէր ու կը կենար Ձիթենիներու կոչուած լեռը:
38 Եւ ամբողջ ժողովուրդը առաւօտները վաղ շտապում էր նրա մօտ՝ տաճարում նրան լսելու համար:
Ամբողջ ժողովուրդը առտուն կանուխ կ՚երթար իրեն՝ տաճարին մէջ լսելու իր խօսքերը:

< ՂՈԻԿԱՍ 21 >