< ՅՈՎՀԱՆՆՈԻ 9 >

1 Եւ մինչ անցնում էր, ի ծնէ կոյր մի մարդու տեսաւ.
Երբ կ՚անցնէր՝ տեսաւ մարդ մը, կոյր ծնած:
2 իր աշակերտները հարցրին նրան եւ ասացին. «Ռաբբի՛, մեղքը ո՞ւմն է, որ կոյր է ծնուել, սրա՞նն է, թէ՞ հօրն ու մօրը»:
Իր աշակերտները հարցուցին իրեն. «Ռաբբի՛, ո՞վ մեղանչեց, ասիկա՞ թէ անոր ծնողները, որ ան կոյր ծնաւ»:
3 Յիսուս պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է եւ ոչ էլ իր հօր ու մօր, այլ՝ որպէսզի դրա վրայ Աստծու գործերը յայտնի լինեն:
Յիսուս պատասխանեց. «Ո՛չ ասիկա մեղանչած է, ո՛չ ալ անոր ծնողները, հապա՝ որպէսզի Աստուծոյ գործերը յայտնաբերուին իր վրայ:
4 Եւ քանի դեռ ցերեկ է, ես պէտք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կը գայ գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել:
Մինչ ցերեկ է, պէտք է որ գործեմ զիս ղրկողին գործերը. գիշերը կու գայ, երբ ո՛չ մէկը կրնայ գործել:
5 Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լոյսն եմ»:
Այնքան ատեն որ ես աշխարհի մէջ եմ՝ աշխարհի լոյսն եմ»:
6 Երբ այս ասաց, թքեց գետնին եւ թքով կաւ շինեց, եւ կաւը ծեփեց կոյրի աչքերի վրայ ու ասաց նրան.
Երբ ըսաւ ասիկա՝ թքնեց գետին, կաւ շինեց թուքով, այդ կաւով ծեփեց կոյրին աչքերը
7 «Գնա՛ լուացուիր Սիլովամի աւազանի մէջ» (որ թարգմանւում է՝ առաքուած): Գնաց լուացուեց, եկաւ եւ տեսնում էր:
եւ ըսաւ անոր. «Գնա՛, լուացուէ՛ Սելովամի աւազանին մէջ» (որ կը թարգմանուի՝ ղրկուած): Ան ալ գնաց եւ լուացուեցաւ, եկաւ՝ ու կը տեսնէր:
8 Իսկ հարեւանները եւ նրանք, որ նախապէս տեսել էին նրան, որ մուրացիկ էր, ասում էին. «Սա չէ՞ր, որ նստում էր եւ մուրում»:
Իսկ դրացիները, եւ անոնք որ նախապէս տեսած էին զինք՝ թէ կոյր էր, կ՚ըսէին. «Ասիկա չէ՞ր ան՝ որ կը նստէր ու կը մուրար»: Ոմանք կ՚ըսէին. «Անիկա՛ է»:
9 Ոմանք ասում էին՝ նա է. ուրիշներ ասում էին՝ ո՛չ, բայց նման է նրան: Իսկ ինքն ասում էր՝ ես եմ:
Ուրիշներ կ՚ըսէին. «Անոր նման մէկն է»: Իսկ ինք կ՚ըսէր. «Ե՛ս եմ»:
10 Նրան ասացին. «Իսկ ինչպէ՞ս բացուեցին քո աչքերը»:
Ուրեմն ըսին իրեն. «Հապա ի՞նչպէս աչքերդ բացուեցան»:
11 Նա պատասխանեց. «Մի մարդ, որին ասում են՝ Յիսուսն է, կաւ շինեց եւ ծեփեց իմ աչքերը եւ ինձ ասաց. «Գնա՛ Սիլովամ եւ լուացուի՛ր»: Գնացի, լուացուեցի եւ տեսնում եմ»:
Ինք պատասխանեց. «Յիսուս կոչուած մարդ մը կաւ շինեց, ծեփեց աչքերս ու ըսաւ ինծի. “Գնա՛ Սելովամի աւազանը եւ լուացուէ՛”: Ես ալ գացի, լուացուեցայ, ու կը տեսնեմ»:
12 Նրան ասացին՝ ո՞ւր է նա: Նրանց ասաց՝ չգիտեմ:
Ուստի ըսին իրեն. «Ո՞ւր է ան»: Ըսաւ անոնց. «Չեմ գիտեր»:
13 Նրան, որ մի ժամանակ կոյր էր, բերին փարիսեցիների մօտ
Փարիսեցիներուն տարին զայն՝ որ ժամանակին կոյր էր,
14 (օրը շաբաթ էր, երբ Յիսուս կաւ շինեց եւ կոյրի աչքերը բացեց):
ու Շաբաթ օր էր՝ երբ Յիսուս շինեց կաւը եւ բացաւ անոր աչքերը:
15 Փարիսեցիներն էլ կրկին հարցրին նրան. «Ինչպէ՞ս ես տեսնում»: Եւ նա նրանց ասաց. «Կաւ դրեց աչքերիս վրայ, եւ լուացուեցի ու տեսնում եմ»:
Ուստի Փարիսեցիներն ալ դարձեալ կը հարցնէին իրեն թէ ի՛նչպէս աչքերը բացուեցան՝՝: Ան ալ ըսաւ անոնց. «Կաւ դրաւ աչքերուս վրայ, ու լուացուեցայ եւ կը տեսնեմ»:
16 Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդը Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»: Ոմանք ասում էին. «Իսկ մեղաւոր մի մարդ ինչպէ՞ս կարող է այսպիսի նշաններ կատարել»: Եւ նրանց մէջ պառակտում կար:
Ուստի Փարիսեցիներէն ոմանք կ՚ըսէին. «Այդ մարդը Աստուծմէ չէ, որովհետեւ չի պահեր Շաբաթ օրը»: Ուրիշներ կ՚ըսէին. «Մեղաւոր մարդ մը ի՞նչպէս կրնայ ընել այսպիսի նշաններ». եւ պառակտում եղաւ անոնց մէջ:
17 Դարձեալ կոյրին ասացին. «Դո՛ւ ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա քո աչքերը բացեց»: Եւ նա ասաց՝ մարգարէ է:
Դարձեալ ըսին կոյրին. «Դուն ի՞նչ կ՚ըսես անոր մասին՝ որ բացաւ աչքերդ»: Ան ալ ըսաւ. «Մարգարէ՛ մըն է»:
18 Եւ հրեաները չէին հաւատում, թէ նա կոյր էր, եւ բացուեց, մինչեւ որ կանչեցին աչքերը բացուածի ծնողներին,
Իսկ Հրեաները չէին հաւատար թէ ան կոյր էր եւ աչքերը բացուեցան, մինչեւ որ կանչեցին այդ աչքերը բացուած մարդուն ծնողները,
19 հարցրին նրանց ու ասացին. «Սա՞ է ձեր որդին, որի մասին ասում էիք, թէ՝ կոյր ծնուեց. իսկ այժմ ինչպէ՞ս է, որ տեսնում է»:
ու հարցուցին անոնց. «Ա՞յս է ձեր որդին, որուն մասին դուք կ՚ըսէք թէ կոյր ծնաւ. հապա ի՞նչպէս հիմա կը տեսնէ»:
20 Նրա ծնողները պատասխանեցին եւ ասացին. «Գիտենք, որ սա մեր որդին է, եւ որ կոյր ծնուեց.
Անոր ծնողները պատասխանեցին անոնց. «Գիտենք թէ ա՛յս է մեր որդին, եւ թէ ինք կոյր ծնաւ:
21 բայց թէ այժմ ինչպէ՛ս է, որ տեսնում է, չգիտենք, կամ թէ՝ ո՛վ բացեց դրա աչքերը, մենք չգիտենք. հէնց իրե՛ն հարցրէք. ինքն արդէն չափահաս է. իր մասին ինքը թող խօսի»:
Բայց հիմա ի՛նչ կերպով կը տեսնէ՝ չենք գիտեր, կամ թէ ո՛վ բացաւ ատոր աչքերը՝ մենք չենք գիտեր. ինք չափահաս է, իրե՛ն հարցուցէք, ի՛նք թող խօսի իր մասին»:
22 Նրա ծնողները այսպէս ասացին, որովհետեւ հրեաներից վախենում էին, քանի որ հրեաները երդուել էին, որ, եթէ մէկը նրան Քրիստոս խոստովանի, հեռացուի ժողովարանից:
Անոր ծնողները ըսին ասիկա, որովհետեւ կը վախնային Հրեաներէն. քանի որ Հրեաները արդէն միաձայնած էին, որ եթէ մէկը դաւանի զայն որպէս Քրիստոս՝ վռնտուի ժողովարանէն:
23 Դրա համար է, որ նրա ծնողներն ասացին. «Ինքն արդէն չափահաս է, հէնց իրե՛ն հարցրէք»:
Ուստի անոր ծնողները ըսին. «Ինք չափահաս է, իրե՛ն հարցուցէք»:
24 Նորից կրկին անգամ կանչեցին այդ մարդուն, որ կոյր էր, եւ նրան ասացին. «Աստծուն փա՛ռք տուր. մենք գիտենք, որ այն մարդը մեղաւոր է»:
Ուրեմն կրկին կանչեցին այդ մարդը՝ որ կոյր էր, եւ ըսին անոր. «Փա՜ռք տուր Աստուծոյ. մենք գիտե՛նք թէ այդ մարդը մեղաւոր է»:
25 Իսկ նա ասաց. «Թէ մեղաւոր է, ես չգիտեմ, բայց այն գիտեմ, որ կոյր էի եւ հիմա տեսնում եմ»:
Ան ալ պատասխանեց. «Չեմ գիտեր թէ մեղաւոր է՝ թէ ոչ. մէ՛կ բան գիտեմ, թէ կոյր էի՝ ու հիմա կը տեսնեմ»:
26 Դարձեալ ասացին նրան. «Քեզ ի՞նչ արեց, քո աչքերը ինչպէ՞ս բացեց»:
Դարձեալ ըսին անոր. «Ի՞նչ ըրաւ քեզի, ի՞նչպէս բացաւ աչքերդ»:
27 Նրանց պատասխանեց. «Նոր ձեզ ասացի, եւ չէք լսում, ինչո՞ւ էք ուզում նորից լսել. միթէ դո՞ւք էլ էք կամենում նրան աշակերտել»:
Պատասխանեց անոնց. «Արդէ՛ն ըսի ձեզի, ու չլսեցիք. ինչո՞ւ կ՚ուզէք դարձեալ լսել. միթէ դո՞ւք ալ կ՚ուզէք ըլլալ անոր աշակերտները»:
28 Նրանք նախատում էին նրան ու ասում. «Դո՛ւ եղիր նրան աշակերտ. մենք Մովսէսի աշակերտներն ենք:
Իսկ անոնք հեգնելով զայն՝ ըսին. «Դո՛ւն ես անոր աշակերտը, իսկ մենք՝ Մովսէսի՛ աշակերտներն ենք:
29 Մենք գիտենք, որ Աստուած Մովսէսի հետ խօսեց. իսկ սրան չգիտենք, թէ որտեղից է»:
Մենք գիտե՛նք թէ Աստուա՛ծ խօսեցաւ Մովսէսի. բայց չենք գիտեր թէ ասիկա ուրկէ՛ է»:
30 Մարդը պատասխանեց նրանց եւ ասաց. «Զարմանալին էլ այն է, որ դուք չգիտէք, թէ նա որտեղից է, եւ սակայն իմ աչքերը բացեց:
Մարդը պատասխանեց անոնց. «Ա՛յդ է զարմանալին, որ դուք չէք գիտեր թէ ուրկէ՛ է ան, թէպէտ ի՛նք բացաւ իմ աչքերս:
31 Գիտենք, որ Աստուած մեղաւորներին չի լսում, բայց եթէ մէկը աստուածապաշտ է եւ նրա կամքը կատարում է, նրան լսում է:
Գիտենք թէ Աստուած մտիկ չ՚ըներ մեղաւորներուն. բայց եթէ մէկը աստուածապաշտ ըլլայ եւ անոր կամքը գործադրէ՝ մտիկ կ՚ընէ անոր:
32 Աշխարհի սկզբից ոչ ոք չի լսել, թէ մէկը ի ծնէ կոյր ծնուած կոյրի աչքերը բացած լինի: (aiōn g165)
Դարերու սկիզբէն ի վեր լսուած չէ, որ մէկը բացած ըլլայ ծնունդով կոյրի մը աչքերը: (aiōn g165)
33 Եթէ այդ մարդը Աստծուց չլինէր, որեւէ բան անել չէր կարող»:
Եթէ անիկա Աստուծմէ չըլլար, ոչի՛նչ կրնար ընել»:
34 Պատասխանեցին եւ ասացին նրան. «Ամբողջովին մեղքի մէջ ես ծնուած եւ դու մեր գլխին վարդապե՞տ ես դարձել»: Եւ նրան դուրս հանեցին:
Պատասխանեցին անոր. «Դուն ամբողջովին մեղքերու մէջ ծնած ես, ու մեզի՞ կը սորվեցնես», եւ վտարեցին զայն:
35 Յիսուս լսեց, թէ նրան դուրս են հանել. եւ երբ նրան գտաւ, ասաց. «Դու Աստծու Որդուն հաւատո՞ւմ ես»:
Յիսուս լսեց թէ վտարեցին զայն. երբ գտաւ զայն՝ ըսաւ անոր. «Դուն կը հաւատա՞ս Աստուծոյ Որդիին»:
36 Նա պատասխան տուեց եւ ասաց. «Տէ՛ր, ո՞վ է, որ նրան հաւատամ»:
Ան պատասխանեց. «Տէ՛ր, ո՞վ է՝ որ հաւատամ անոր»:
37 Յիսուս նրան ասաց. «Ե՛ւ տեսար նրան, ե՛ւ նա է, ով խօսում է քեզ հետ»:
Յիսուս ըսաւ անոր. «Թէ՛ տեսար զայն, թէ՛ ալ ի՛նքն է քեզի հետ խօսողը»:
38 Ու նա ասաց. «Հաւատում եմ, Տէ՛ր»: Եւ երկրպագեց նրան:
Ան ալ ըսաւ. «Կը հաւատա՛մ, Տէ՛ր», ու երկրպագեց անոր:
39 Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»:
Յիսուս ըսաւ. «Ես այս աշխարհը եկայ՝ դատաստանի համար, որպէսզի չտեսնողները՝ տեսնեն, իսկ տեսնողները՝ կուրանան»:
40 Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Միթէ մե՞նք էլ կոյր ենք»:
Փարիսեցիներէն ոմանք, որ իրեն հետ էին, լսելով ասիկա՝ ըսին իրեն. «Միթէ մե՞նք ալ կոյր ենք»:
41 Յիսուս նրանց ասաց. «Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք. եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում»:
Յիսուս ըսաւ անոնց. «Եթէ կոյր ըլլայիք՝ մեղք չէիք ունենար. բայց հիմա կ՚ըսէք. “Կը տեսնե՛նք”. ուրեմն ձեր մեղքը կը մնայ ձեր վրայ»:

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 9 >