< ՅՈՎՀԱՆՆՈԻ 3 >

1 Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր: 2 Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»: 3 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»: 4 Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. միթէ կարելի՞ է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնուել»: 5 Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել. 6 որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի: 7 Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել. 8 որովհետեւ քամին ուր ուզում է՝ փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»: 9 Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպէ՞ս կարող է լինել»: 10 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դո՛ւ ես Իսրայէլի վարդապետ եւ այդ չգիտե՞ս: 11 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խօսում ենք, ինչ որ գիտենք, եւ վկայում ենք, ինչ որ տեսել ենք, եւ մեր վկայութիւնը չէք ընդունում: 12 Իսկ արդ, եթէ երկրաւոր բաներ ասացի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ինչպէ՞ս պիտի հաւատաք, եթէ երկնաւոր բաներ ասեմ: 13 Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր: 14 Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ, 15 որպէսզի, ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի. (aiōnios g166) 16 քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. (aiōnios g166) 17 որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի: 18 Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծու միածին Որդու անուանը չհաւատաց: 19 Եւ դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործեր ը չար էին. 20 որովհետեւ, ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան: 21 Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարուեցին»: 22 Այնուհետեւ Յիսուս եւ իր աշակերտները Հրէաստանի երկիրը եկան, եւ նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում: 23 Յովհաննէսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղէմի մօտ, որովհետեւ այնտեղ շատ ջրեր կային, եւ մարդիկ գալիս ու մկրտւում էին, 24 քանի դեռ Յովհաննէսին չէին բանտարկել: 25 Եւ Յովհաննէսի աշակերտների ու մի հրեայի միջեւ մաքրութեան մասին մի հարց ծագեց: 26 Նրանք եկան Յովհաննէսի մօտ եւ նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի միւս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահաւասիկ նա մկրտում է, եւ ամէնքը գալիս են նրա մօտ»: 27 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրուած չէ: 28 Դուք ինքներդ էք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկուած եմ նրա առաջից: 29 Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ, այս ուրախութիւնը, որ իմն է, կատարեալ է: 30 Պէտք է, որ նա մեծանայ, իսկ ես՝ նուազեմ»: 31 «Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից. նա, որ այս երկրից է, երկրաւոր է եւ երկրաւոր բաների մասին է խօսում: 32 Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայութիւնը ոչ ոք չի ընդունում: 33 Ով ընդունում է նրա վկայութիւնը, հաստատած կը լինի, որ Աստուած ճշմարիտ է, 34 քանի որ նա, ում Աստուած ուղարկեց, Աստծու խօսքերն է խօսում. որովհետեւ Աստուած Հոգին տալիս է առանց չափի: 35 Հայրը սիրում է Որդուն եւ ամէն ինչ տուել է նրա ձեռքը: 36 Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը, իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կը մնայ Աստծու բարկութիւնը»: (aiōnios g166)

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 3 >