< ՅՈՎՀԱՆՆՈԻ 3 >

1 Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր:
Փարիսեցիներէն մարդ մը կար՝ Նիկոդեմոս անունով, որ Հրեաներու պետ մըն էր:
2 Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»:
Ասիկա գիշերուան մէջ եկաւ Յիսուսի քով եւ ըսաւ անոր. «Ռաբբի՛, գիտենք թէ դուն Աստուծմէ վարդապետ եկած ես. որովհետեւ մէ՛կը չի կրնար ընել այն նշանները՝ որ դուն կ՚ընես, եթէ Աստուած իրեն հետ չըլլայ»:
3 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»:
Յիսուս պատասխանեց անոր. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Եթէ մէկը վերստին չծնի՝ չի կրնար տեսնել Աստուծոյ թագաւորութիւնը”»:
4 Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. միթէ կարելի՞ է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնուել»:
Նիկոդեմոս ըսաւ անոր. «Ի՞նչպէս կրնայ ծնիլ մարդ մը՝ որ ծերացած է: Կարելի՞ է, որ երկրորդ անգամ մտնէ իր մօր որովայնը եւ ծնի»:
5 Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել.
Յիսուս պատասխանեց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Եթէ մէկը ջուրէն ու Հոգիէն չծնի՝ չի կրնար մտնել Աստուծոյ թագաւորութիւնը”:
6 որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի:
Մարմինէն ծնածը՝ մարմին է, եւ Հոգիէն ծնածը՝ հոգի է:
7 Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել.
Դուն մի՛ զարմանար որ ըսի քեզի. “Դուք պէտք է վերստին ծնիք”:
8 որովհետեւ քամին ուր ուզում է՝ փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»:
Հովը կը փչէ ո՛ւր որ ուզէ. կը լսես անոր ձայնը, բայց չես գիտեր ուրկէ՛ կու գայ, կամ ո՛ւր կ՚երթայ: Ո՛վ որ Հոգիէն կը ծնի՝ ա՛յսպէս է»:
9 Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպէ՞ս կարող է լինել»:
Նիկոդեմոս ըսաւ անոր. «Ի՞նչպէս կրնայ ըլլալ ատիկա»:
10 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դո՛ւ ես Իսրայէլի վարդապետ եւ այդ չգիտե՞ս:
Յիսուս պատասխանեց անոր. «Դուն Իսրայէլի մէջ վարդապետ մըն ես, ու չե՞ս գիտեր այս բաները:
11 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խօսում ենք, ինչ որ գիտենք, եւ վկայում ենք, ինչ որ տեսել ենք, եւ մեր վկայութիւնը չէք ընդունում:
Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի թէ ինչ որ գիտենք՝ կը խօսինք, եւ ինչ որ տեսանք՝ կը վկայենք, ու չէք ընդունիր մեր վկայութիւնը:
12 Իսկ արդ, եթէ երկրաւոր բաներ ասացի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ինչպէ՞ս պիտի հաւատաք, եթէ երկնաւոր բաներ ասեմ:
Եթէ երկրային բաներու մասին խօսեցայ ձեզի եւ չէք հաւատար, ի՞նչպէս պիտի հաւատաք՝ եթէ երկնային բաներու մասին խօսիմ ձեզի:
13 Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր:
Ո՛չ մէկը երկինք բարձրացաւ, բացի անկէ՝ որ երկինքէն իջաւ, մարդու Որդին՝ որ երկինքն է:
14 Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ,
Եւ ինչպէս Մովսէս բարձրացուց օձը անապատին մէջ, այնպէս պէտք է որ բարձրանայ մարդու Որդին.
15 որպէսզի, ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի. (aiōnios g166)
որպէսզի ո՛վ որ հաւատայ անոր՝ չկորսուի, հապա ունենայ յաւիտենական կեանքը: (aiōnios g166)
16 քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. (aiōnios g166)
Որովհետեւ Աստուած ա՛յնպէս սիրեց աշխարհը, որ մինչեւ անգամ տուաւ իր միածին Որդին, որպէսզի ո՛վ որ հաւատայ անոր՝ չկորսուի, հապա ունենայ յաւիտենական կեանքը: (aiōnios g166)
17 որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի:
Քանի որ Աստուած աշխարհ ղրկեց իր Որդին՝ ո՛չ թէ աշխարհը դատապարտելու, հապա՝ որպէսզի աշխարհը փրկուի անով:
18 Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծու միածին Որդու անուանը չհաւատաց:
Ա՛ն որ կը հաւատայ անոր՝ չի դատապարտուիր, իսկ ա՛ն որ չի հաւատար՝ անիկա արդէն դատապարտուած է, որովհետեւ չհաւատաց Աստուծոյ միածին Որդիին անունին:
19 Եւ դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործեր ը չար էին.
Սա՛ է դատապարտութիւնը, որ լոյսը աշխարհ եկաւ, բայց մարդիկ սիրեցին խաւարը՝ փոխանակ լոյսին, քանի որ իրենց գործերը չար էին:
20 որովհետեւ, ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան:
Որովհետեւ ո՛վ որ չարիք կը գործէ, անիկա կ՚ատէ լոյսը եւ չի գար լոյսին քով, որպէսզի չկշտամբուին իր գործերը:
21 Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարուեցին»:
Բայց ա՛ն որ կը կիրարկէ ճշմարտութիւնը՝ կու գայ լոյսին քով, որպէսզի իր գործերը յայտնաբերուին թէ գործուեցան Աստուծմով»:
22 Այնուհետեւ Յիսուս եւ իր աշակերտները Հրէաստանի երկիրը եկան, եւ նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում:
Ասկէ ետք՝ Յիսուս եւ իր աշակերտները եկան Հրէաստանի երկիրը. հոն կը կենար՝ անոնց հետ, ու կը մկրտէր:
23 Յովհաննէսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղէմի մօտ, որովհետեւ այնտեղ շատ ջրեր կային, եւ մարդիկ գալիս ու մկրտւում էին,
Յովհաննէս ալ կը մկրտէր Այենոնի մէջ՝ Սաղիմի մօտ, որովհետեւ հոն շատ ջուր կար. կու գային եւ կը մկրտուէին,
24 քանի դեռ Յովհաննէսին չէին բանտարկել:
որովհետեւ Յովհաննէս դեռ բանտը նետուած չէր:
25 Եւ Յովհաննէսի աշակերտների ու մի հրեայի միջեւ մաքրութեան մասին մի հարց ծագեց:
Ուստի վիճաբանութիւն մը եղաւ Յովհաննէսի աշակերտներէն ոմանց եւ Հրեաներուն միջեւ՝ մաքրութեան մասին:
26 Նրանք եկան Յովհաննէսի մօտ եւ նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի միւս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահաւասիկ նա մկրտում է, եւ ամէնքը գալիս են նրա մօտ»:
Ու եկան Յովհաննէսի քով եւ ըսին անոր. «Ռաբբի՛, ա՛ն որ քեզի հետ՝ Յորդանանի միւս կողմն էր, որուն մասին դուն վկայեցիր, ահա՛ ի՛նք կը մկրտէ ու բոլորը կ՚երթան անոր»:
27 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրուած չէ:
Յովհաննէս պատասխանեց. «Մարդ մը ոչինչ կրնայ ստանալ՝ եթէ երկինքէն տրուած չըլլայ իրեն:
28 Դուք ինքներդ էք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկուած եմ նրա առաջից:
Դո՛ւք ձեզմէ կը վկայէք ինծի համար՝ թէ ըսի. “Ես Քրիստոսը չեմ, հապա ղրկուած եմ անոր առջեւէն”:
29 Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ, այս ուրախութիւնը, որ իմն է, կատարեալ է:
Ա՛ն որ ունի հարսը՝ անիկա՛ է փեսան. բայց փեսային բարեկամը, որ կը կենայ եւ կը լսէ զայն, մեծապէս կ՚ուրախանայ փեսային ձայնին համար: Ուրեմն ահա՛ լիացած է իմ ուրախութիւնս:
30 Պէտք է, որ նա մեծանայ, իսկ ես՝ նուազեմ»:
Պէտք է որ ան մեծնայ, իսկ ես՝ պզտիկնամ»:
31 «Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից. նա, որ այս երկրից է, երկրաւոր է եւ երկրաւոր բաների մասին է խօսում:
Ա՛ն որ կու գայ վերէն՝ բոլորէն վեր է: Ա՛ն որ երկրէն է՝ երկրաւոր է, ու կը խօսի երկրէն. ա՛ն որ կու գայ երկինքէն՝ բոլորէն վեր է,
32 Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայութիւնը ոչ ոք չի ընդունում:
եւ ինչ որ տեսաւ ու լսեց՝ կը վկայէ անոնց մասին, եւ ո՛չ մէկը կ՚ընդունի անոր վկայութիւնը:
33 Ով ընդունում է նրա վկայութիւնը, հաստատած կը լինի, որ Աստուած ճշմարիտ է,
Ա՛ն որ կ՚ընդունի անոր վկայութիւնը, կը կնքէ թէ Աստուած ճշմարտախօս է.
34 քանի որ նա, ում Աստուած ուղարկեց, Աստծու խօսքերն է խօսում. որովհետեւ Աստուած Հոգին տալիս է առանց չափի:
որովհետեւ ա՛ն որ Աստուած ղրկեց՝ կը քարոզէ Աստուծոյ խօսքերը, քանի որ Աստուած անոր չափով չի տար Հոգին:
35 Հայրը սիրում է Որդուն եւ ամէն ինչ տուել է նրա ձեռքը:
Հայրը կը սիրէ Որդին, եւ ամէն բան տուած է անոր ձեռքը:
36 Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը, իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կը մնայ Աստծու բարկութիւնը»: (aiōnios g166)
Ա՛ն որ կը հաւատայ Որդիին՝ ունի յաւիտենական կեանքը. իսկ ա՛ն որ չ՚անսար Որդիին՝ պիտի չտեսնէ կեանքը, հապա Աստուծոյ բարկութիւնը կը մնայ անոր վրայ: (aiōnios g166)

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 3 >