< ՅՈՎՀԱՆՆՈԻ 16 >

1 «Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք: 2 Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում: 3 Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ: 4 Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ: Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»: 5 «Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մօտ, եւ ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում, թէ՝ ո՞ւր ես գնում: 6 Բայց որովհետեւ ձեզ այս բաներն ասացի, տրտմութիւնը լցրեց ձեր սրտերը: 7 Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լաւ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետեւ, եթէ ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մօտ չի գայ. իսկ եթէ գնամ, նրան կ՚ուղարկեմ ձեզ մօտ: 8 Եւ նա գալով՝ պիտի ապացուցի աշխարհին, որ նա սխալ է մեղքի եւ արդարութեան հարցում եւ դատաստանի հարցում: 9 Մեղքի հարցում՝ որովհետեւ ինձ չեն հաւատում. 10 արդարութեան հարցում՝ որովհետեւ իմ Հօր մօտ եմ գնում, եւ այլեւս ինձ չէք տեսնի. 11 դատաստանի հարցում՝ որովհետեւ այս աշխարհի իշխանը դատապարտուած է: 12 Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չէք կարող տանել: 13 Երբ որ գայ նա՝ Ճշմարտութեան Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կ՚առաջնորդի ձեզ. որովհետեւ ոչ թէ ինքն իրենից կը խօսի, այլ ինչ լսի, այն կը խօսի. եւ գալիք բաների մասին կը պատմի ձեզ: 14 Նա ինձ պիտի փառաւորի, որովհետեւ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ: 15 Ամէն ինչ որ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թէ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ»: 16 «Մի փոքր ժամանակ, եւ այլեւս ինձ չէք տեսնի. եւ ապա մի քիչ եւս՝ եւ ինձ նորից կը տեսնէք. եւ ես գնում եմ Հօր մօտ»: 17 Աշակերտներից ոմանք միմեանց ասում էին. «Ի՞նչ է այս, որ մեզ ասում է, թէ՝ մի քիչ եւս, եւ ինձ չէք տեսնի. եւ դարձեալ, թէ՝ մի քիչ եւս, եւ ինձ կը տեսնէք եւ թէ՝ ես գնում եմ իմ Հօր մօտ»: 18 Եւ ասում էին. «Ի՞նչ է այն «մի քիչ եւս» -ը. չենք հասկանում, թէ ինչ է խօսում»: 19 Յիսուս իմացաւ, որ ուզում են իրեն հարց տալ, եւ նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմեանց հարցնում, որ ասացի, թէ՝ մի փոքր ժամանակ, եւ ինձ չէք տեսնի. եւ դարձեալ՝ մի քիչ եւս, եւ կը տեսնէք ինձ: 20 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք եւ պիտի ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմէք, բայց ձեր տրտմութիւնը ուրախութեան պիտի փոխուի: 21 Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմութիւն է, որովհետեւ նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլեւս չի յիշում նեղութիւնը՝ ուրախութեան պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնուեց: 22 Դուք էլ այժմ տրտմութիւն ունէք, բայց ես դարձեալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերը ուրախ պիտի լինեն. եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք ձեզնից չպիտի խլի: 23 Եւ այն օրը ինձ ոչինչ չպիտի հարցնէք: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ինչ իմ անունով իմ Հօրից ուզէք, պիտի տայ ձեզ: 24 Մինչեւ հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրեցէ՛ք եւ պիտի ստանաք, որպէսզի ձեր ուրախութիւնը լիակատար լինի»: 25 «Այս բաները առակներով ասացի ձեզ. պիտի գայ ժամանակ, երբ այլեւս առակներով չպիտի խօսեմ ձեզ հետ, այլ յայտնապէս Հօր մասին պիտի պատմեմ ձեզ: 26 Այն օրը իմ անունով պիտի խնդրէք. եւ ձեզ չեմ ասում, թէ՝ ե՛ս պիտի աղաչեմ Հօրը ձեզ համար, 27 քանի որ Հայրը ինքն իսկ սիրում է ձեզ. որովհետեւ դուք սիրեցիք ինձ եւ հաւատացիք, որ ես Աստծուց ելայ: 28 Ելայ Հօրից եւ եկայ աշխարհ. դարձեալ թողնում եմ աշխարհը եւ գնում Հօր մօտ»: 29 Աշակերտները նրան ասացին. «Ահա հիմա բացայայտ ես խօսում եւ ոչ մի առակ չես ասում: 30 Հիմա գիտենք, որ ամէն ինչ գիտես, եւ պէտք չկայ, որ մէկը քեզ բան հարցնի. դրա համար հաւատում ենք, որ Աստծուց ելար»: 31 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այժմ հաւատո՞ւմ էք. 32 ահա պիտի գայ ժամանակ եւ արդէն իսկ եկել է, երբ պիտի ցրուէք իւրաքանչիւրդ իր տեղը, եւ ինձ միայնակ պիտի թողնէք. սակայն ես միայնակ չեմ, որովհետեւ Հայրն ինձ հետ է: 33 Այս բաները ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք: Այստեղ, աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»:

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 16 >