< ԾՆՆԴՈՑ 40 >

1 Այս դէպքերից յետոյ Եգիպտոսի արքայի տակառապետն ու մատակարարը մեղանչեցին իրենց տիրոջ՝ եգիպտացիների արքայի հանդէպ: 2 Բարկացաւ փարաւոնն իր երկու ներքինիների՝ տակառապետի եւ մատակարարի վրայ, 3 նրանց բանտ նետեց դահճապետի մօտ, այն բանտը, ուր Յովսէփն էր արգելափակուած: 4 Դահճապետը նրանց յանձնարարեց Յովսէփին. սա սպասարկում էր նրանց: Նրանք որոշ ժամանակ մնացին բանտում: 5 Միեւնոյն գիշերը բանտում երազ տեսան եգիպտացիների արքայի տակառապետն ու մատակարարը՝ ամէն մէկն իր երազը: 6 Առաւօտեան Յովսէփը մտաւ նրանց մօտ եւ տեսաւ, որ նրանք յուզուած են: 7 Նա հարց տուեց փարաւոնի ներքինիներին, որոնք իր հետ իր տիրոջ բանտում էին. «Ինչո՞ւ ձեր դէմքերն այսօր մռայլ են»: 8 Նրանք պատասխանեցին. «Երազ ենք տեսել, եւ չկայ մէկը, որ կարողանայ մեկնել այն»: Յովսէփն ասաց նրանց. «Չէ՞ որ Աստծու օգնութեամբ հնարաւոր է դրանց մեկնութիւնը: Պատմեցէ՛ք ինձ»: 9 Տակառապետը Յովսէփին պատմեց իր երազը եւ ասաց. «Երազում իմ առաջ երեւաց մի որթատունկ: 10 Որթատունկն ունէր երեք շատ կանաչ ճիւղեր եւ հասունացած խաղողի երեք ողկոյզներ: 11 Փարաւոնի բաժակն իմ ձեռքին էր. վերցնում էի խաղողը, ճմլում փարաւոնի բաժակի մէջ եւ բաժակը տալիս էի փարաւոնի ձեռքը»: 12 Յովսէփն ասաց նրան. «Դրա մեկնութիւնը հետեւեալն է. երեք ճիւղերը երեք օրեր են: 13 Կ՚անցնի երեք օր, փարաւոնը կը յիշի քո նախկին իշխանութիւնը եւ քեզ նոյն տակառապետի պաշտօնին կը նշանակի: Դու փարաւոնի բաժակը կը տաս նրա ձեռքը՝ ըստ քո նախկին իշխանութեան, ինչպէս անում էիր տակառապետ եղած ժամանակ: 14 Իսկ երբ գործդ յաջող ընթանայ, դու յիշի՛ր ինձ, ողորմած եղի՛ր իմ հանդէպ, յիշի՛ր ինձ փարաւոնի առաջ 15 եւ ինձ ազատի՛ր այս բանտից, որովհետեւ առեւանգելով՝ ինձ բերեցին Եբրայեցիների երկրից. եւ այստեղ ոչինչ չարեցի, բայց ինձ նետեցին այս բանտախուցը»: 16 Երբ մատակարարը տեսաւ, որ նա երազին ուղիղ մեկնութիւն տուեց, ասաց Յովսէփին. «Ես էլ եմ երազ տեսել: Երազիս մէջ գլխիս վրայ ընտիր ալիւրով լի երեք զամբիւղ կար: 17 Վերեւի զամբիւղի մէջ կային մատակարարների պատրաստած այն բոլոր ուտելիքները, որ ուտում էր փարաւոն արքան: Թռչուններն ուտում էին իմ գլխի վրայ գտնուող զամբիւղից»: 18 Յովսէփը, դիմելով նրան, ասաց. «Այս է դրա մեկնութիւնը. երեք զամբիւղները երեք օրեր են: 19 Երեք օր յետոյ փարաւոնը կը կտրի քո գլուխը, իսկ մարմինդ կը կախի ծառից, եւ երկնքի թռչունները կը յօշոտեն քո մարմինը»: 20 Երեք օր յետոյ փարաւոնի ծննդեան տարեդարձի օրն էր: Փարաւոնը խնջոյք էր կազմակերպել իր բոլոր ծառաների համար: Ի թիւս իր ծառաների, նա յիշեց իր պաշտօնեաներ տակառապետին ու մատակարարին: 21 Նա տակառապետին վերականգնեց իր պաշտօնում, եւ սա բաժակը տուեց փարաւոնի ձեռքը, 22 իսկ մատակարարին կախեց ծառից, ինչպէս մեկնել էր Յովսէփը: 23 Տակառապետը, սակայն, չյիշեց Յովսէփին. նա մոռացաւ նրան:

< ԾՆՆԴՈՑ 40 >