< ԾՆՆԴՈՑ 33 >

1 Յակոբն աչքերը բարձրացրեց ու տեսաւ իր եղբայր Եսաւին, որ գալիս էր չորս հարիւր հոգով: Յակոբն իր երեխաներին բաժանեց Լիայի, Ռաքէլի եւ երկու աղախինների միջեւ: 2 Նա երկու աղախիններին ու նրանց որդիներին ուղարկեց առջեւից, Լիային ու նրա որդիներին՝ նրանցից յետոյ, իսկ Ռաքէլին ու Յովսէփին՝ ամենավերջում: 3 Ինքն անցաւ նրանցից առաջ եւ եօթն անգամ գետին խոնարհուեց մինչեւ իր եղբօրը մօտենալը: 4 Եսաւն ընդառաջ գնաց նրան, գրկեց եւ համբուրեց, փաթաթուեց վզին եւ համբուրեց նրան: Նրանք երկուսով լաց եղան: 5 Եսաւը վեր նայելով տեսաւ կանանց ու երեխաներին եւ հարց տուեց. «Սրանք քո ի՞նչն են»: Նա պատասխանեց. «Իմ երեխաներն են, որոնցով Աստուած ողորմեց ինձ՝ քո ծառային»: 6 Աղախիններն ու նրանց որդիները մօտեցան ու խոնարհուեցին նրա առաջ: 7 Մօտեցան նաեւ Լիան ու իր որդիները եւ խոնարհուեցին նրա առաջ: Յետոյ մօտեցան Յովսէփն ու Ռաքէլը եւ խոնարհուեցին նրա առաջ: 8 Եսաւը հարց տուեց. «Ի՞նչ է այս մեծ շարանը, որ ինձ հանդիպեց»: Նա պատասխանեց. «Որպէսզի քո ծառան շնորհ գտնի քո առաջ»: 9 Եսաւն ասաց. «Ես էլ շատ ունեմ, եղբա՛յր, քոնը քեզ թող մնայ»: 10 Յակոբն ասաց. «Այդպէս չի լինի: Եթէ շնորհ եմ գտել քո առաջ, ուրեմն ընդունի՛ր ինձնից ընծաները. որովհետեւ քո դէմքը տեսայ այնպէս, ինչպէս մարդ Աստծու դէմքը տեսնի: Ուրախացի՛ր ինձ հետ 11 եւ ընդունի՛ր իմ ընծաները, որ մատուցեցի քեզ, որովհետեւ ողորմեց ինձ Աստուած, եւ ես ամէն ինչ ունեմ»: Յակոբն ստիպեց նրան, եւ սա ընդունեց: 12 Եսաւն ասաց. «Ելնենք գնանք ուղիղ ճանապարհով»: 13 Յակոբն ասաց նրան. «Իմ տէրն ինքը գիտի, որ երեխաներս փոքր են, իսկ ոչխարն ու արջառը արդէն ծնել են: Եթէ դրանց ստիպեմ մի օրուայ ճանապարհ գնալ, ապա բոլոր անասունները կը սատկեն: 14 Ուրեմն իմ տէրն իր ծառայի առջեւից թող գնայ, իսկ ես ըստ իմ կարողութեան ու անասունների ընթացքի, ըստ իմ երեխաների զօրութեան կը շարժուեմ, մինչեւ որ Սէիրում հասնեմ իմ տիրոջը»: 15 Եսաւը հարցրեց. «Քեզ մօտ թողնե՞մ ինձ հետ եղած մարդկանց մի մասին»: Սա պատասխանեց. «Ի՞նչ կարիք կայ: Բաւական է, որ շնորհ գտայ քո առաջ, տէ՛ր»: 16 Այդ օրը Եսաւը իր ճանապարհով վերադարձաւ Սէիր, 17 իսկ Յակոբը գնաց դէպի վրանը, այնտեղ իր համար տներ կառուցեց, իսկ իր հօտերի համար փարախ շինեց: Դրա համար էլ այդ վայրը կոչեց Վրան: 18 Վերադառնալով Ասորիների Միջագետքից՝ Յակոբն եկաւ սիկիմացիների Սաղէմ քաղաքը, որը գտնւում էր Քանանացիների երկրում, եւ բնակուեց քաղաքի դիմաց: 19 Նա Սիւքեմի հայր Եմորից հարիւր ոչխարով մի կալուածք գնեց, ուր եւ խփեց իր վրանը: 20 Նա այնտեղ զոհասեղան կառուցեց եւ երկրպագեց Իսրայէլի Աստծուն:

< ԾՆՆԴՈՑ 33 >