< ԾՆՆԴՈՑ 3 >

1 Օձը երկրի վրայ Աստծու ստեղծած բոլոր գազաններից աւելի խորամանկ էր: Օձն ասաց կնոջը. «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել»: 2 Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել: 3 Սակայն դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստուած ասաց. «Դրանից չուտէք եւ չմօտենաք, որպէսզի չմեռնէք»: 4 Օձն ասաց կնոջը. «Չէք մահանայ, 5 որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման՝ կ՚իմանաք բարին ու չարը»: 6 Կինը տեսաւ, որ ծառի պտուղը լաւ է ուտելու համար, ակնահաճոյ է եւ գրաւիչ՝ ըմբռնելու համար: Նա առաւ նրա պտղից, կերաւ եւ տուեց իր մօտ կանգնած ամուսնուն, եւ նրանք կերան: 7 Երկուսի աչքերն էլ բացուեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են: Նրանք թզենու տերեւներն իրար կարեցին եւ իրենց համար գոգնոց շինեցին: 8 Երեկոյեան նրանք լսեցին Տէր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տէր Աստծուց թաքնուեցին դրախտի ծառերի մէջ: 9 Տէր Աստուած կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»: 10 Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետեւ մերկ էի, եւ թաքնուեցի»: 11 Աստուած ասաց նրան. «Ո՞վ յայտնեց քեզ, թէ մերկ ես: Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի, որ չուտես»: 12 Ադամն ասաց. «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա՛ տուեց ինձ ծառի պտղից, եւ ես կերայ»: 13 Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, եւ ես կերայ»: 14 Տէր Աստուած ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ: Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես: 15 Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ այդ կնոջ միջեւ, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»: 16 Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները: Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ»: 17 Աստուած Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին: 18 Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, եւ դու դաշտային բոյսերով սնուես: 19 Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս»: 20 Եւ Ադամն իր կնոջ անունը դրեց Կեանք, որովհետեւ նա է բոլոր մարդկանց նախամայրը: 21 Տէր Աստուած Ադամի ու նրա կնոջ համար կաշուից զգեստներ պատրաստեց եւ հագցրեց նրանց: 22 Տէր Աստուած ասաց. «Ահա Ադամը դարձաւ մեզ նման մէկը, նա գիտի բարին եւ չարը: Արդ, գուցէ նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի եւ անմահ դառնայ»: 23 Եւ Տէր Աստուած արտաքսեց նրան բերկրութեան դրախտից, որպէսզի նա մշակի այն հողը, որից ստեղծուել էր: 24 Աստուած դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրութեան դրախտի դիմաց եւ հրամայեց քերովբէներին ու բոցեղէն սրին շուրջանակի հսկել դէպի կենաց ծառը տանող ճանապարհները:

< ԾՆՆԴՈՑ 3 >