< ԾՆՆԴՈՑ 29 >

1 Յակոբը վեր կացաւ գնաց արեւելեան երկիրը, ասորի Բաթուէլի որդի Լաբանի մօտ, որը Ռեբեկայի՝ Յակոբի ու Եսաւի մօր եղբայրն էր: 2 Նա դաշտում մի ջրհոր տեսաւ: Այնտեղ մակաղել էր ոչխարների երեք հօտ. այդ ջրհորից ջուր էին տալիս ոչխարներին: 3 Ջրհորի բերանին մի մեծ քար կար: Բոլոր հօտերն այնտեղ էին հաւաքւում: Հովիւները գլորում էին ջրհորի բերանը ծածկող քարը, ջուր էին տալիս ոչխարներին եւ ապա քարը դարձեալ դնելով իր տեղը՝ փակում էին ջրհորի բերանը: 4 Յակոբը հարցրեց նրանց. «Եղբայրնե՛ր, որտեղի՞ց էք»: 5 Նրանք պատասխանեցին. «Խառանից ենք»: Նա հարցրեց նրանց. «Դուք ճանաչո՞ւմ էք Նաքորի որդի Լաբանին»: Նրանք պատասխանեցին. «Ճանաչում ենք»: 6 Նա հարցրեց նրանց. «Նա ողջ-առո՞ղջ է»: Նրանք պատասխանեցին. «Ողջ-առողջ է»: Հէնց այդ պահին նրա դուստր Ռաքէլը գալիս էր ոչխարների հետ: 7 Յակոբն ասաց. «Օրը դեռ առջեւում է, ոչխարները հաւաքելու ժամանակը չէ, ջուր տուէ՛ք ոչխարներին եւ տարէ՛ք էլի արածեցնելու»: 8 Նրանք ասացին. «Դա անհնար է, քանի դեռ չեն հաւաքուել բոլոր հովիւները եւ ջրհորի բերանից քարը չեն գլորել. դրանից յետոյ ջուր կը տանք ոչխարներին»: 9 Մինչ նա խօսում էր նրանց հետ, ահա Լաբանի դուստր Ռաքէլը եկաւ իր հօր ոչխարների հետ, որովհետեւ նա էր արածեցնում իր հօր ոչխարները: 10 Երբ Յակոբը տեսաւ իր մօրեղբայր Լաբանի դուստր Ռաքէլին եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարները, մօտեցաւ, ջրհորի բերանից գլորեց քարը եւ ջրեց իր մօրեղբայր Լաբանի ոչխարները: 11 Յակոբը համբուրեց Ռաքէլին ու բարձրաձայն լաց եղաւ: 12 Յակոբը Ռաքէլին յայտնեց, որ ինքը նրա հօրեղբայրն է՝ Ռեբեկայի որդին: Ռաքէլը գնաց ու հօրը պատմեց այն, ինչ պատահել էր: 13 Երբ Լաբանը լսեց իր քրոջ որդի Յակոբի անունը, ընդառաջ գնաց, գիրկն առաւ նրան, համբուրեց ու տարաւ իր տունը: Յակոբը Լաբանին պատմեց այդ բոլոր բաները: 14 Լաբանն ասաց նրան. «Իմ ոսկորներից եւ իմ միս ու արիւնից ես դու»: Յակոբը նրա մօտ մնաց մի ամբողջ ամիս: 15 Լաբանն ասաց Յակոբին. «Քանի որ դու իմ եղբայրն ես, ինձ ձրի չես ծառայի: Ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»: 16 Լաբանն ունէր երկու դուստր: Աւագի անունը Լիա էր, իսկ կրտսերինը՝ Ռաքէլ: 17 Լիայի տեսողութիւնը թոյլ էր, իսկ Ռաքէլը բարեկազմ էր ու դէմքով գեղեցիկ: 18 Յակոբը սիրեց Ռաքէլին. նա ասաց. «Քեզ եօթը տարի կը ծառայեմ քո կրտսեր դուստր Ռաքէլի համար»: 19 Լաբանն ասաց նրան. «Աւելի լաւ է նրան քե՛զ տամ, քան օտար մարդու: Ապրի՛ր դու ինձ մօտ»: 20 Յակոբը Ռաքէլի համար ծառայեց եօթը տարի, բայց նրա աչքին այդ տարիները օրեր թուացին, որովհետեւ սիրում էր նրան: 21 Յակոբն ասաց Լաբանին. «Տո՛ւր ինձ իմ հարսնացուին, որպէսզի պառկեմ նրա հետ, որովհետեւ սահմանուած ժամկէտը վերջացել է»: 22 Լաբանը հաւաքեց տեղի բոլոր մարդկանց ու հարսանիք արեց: 23 Երբ գիշերը վրայ հասաւ, Լաբանն առաւ իր դուստր Լիային, տարաւ Յակոբի մօտ, եւ Յակոբը պառկեց նրա հետ: 24 Լաբանն իր աղախին Զելփային իբրեւ նաժիշտ տուեց իր դուստր Լիային: Առաւօտեան Յակոբը տեսաւ, որ իր կողքինը Լիան է: 25 Յակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր, մի՞թէ Ռաքէլի համար չծառայեցի քեզ, ինչո՞ւ խաբեցիր ինձ»: 26 Լաբանն ասաց. «Մեր երկրում ընդունուած չէ մեծից առաջ կրտսերին ամուսնացնել: 27 Արդ, սրա՛ համար էլ եօթը տարի ծառայիր, եւ ինձ համար աշխատած այդ եօթը տարուայ աշխատանքիդ համար սրա՛ն էլ քեզ կին կը տամ»: 28 Յակոբն այդպէս էլ արեց. նա եօթը տարի եւս ծառայեց սրա համար, եւ Լաբանն իր դուստր Ռաքէլին կնութեան տուեց նրան: 29 Լաբանն իր աղախին Բալլային իբրեւ նաժիշտ տուեց իր դուստր Ռաքէլին: 30 Յակոբը մտաւ Ռաքէլի ծոցը եւ Ռաքէլին սիրեց աւելի, քան Լիային: Նա սրա համար ծառայեց եւս եօթը տարի: 31 Երբ Տէրը տեսաւ, որ Լիան Յակոբի համար ատելի է, նրա արգանդը բեղմնաւոր դարձրեց, իսկ Ռաքէլը ամուլ մնաց: 32 Յղիացաւ Լիան եւ Յակոբի համար ծնեց որդի: Նա նրան կոչեց Ռուբէն՝ ասելով. «Տէրը տեսաւ իմ տառապանքները: Արդ, ինձ պիտի սիրի իմ ամուսինը»: 33 Դարձեալ յղիացաւ Լիան, Յակոբի համար ծնեց երկրորդ որդի եւ ասաց. «Քանի որ Տէրը լսեց, որ ատելի եմ, սրան էլ պարգեւեց ինձ»: Եւ նրա անունը դրեց Շմաւոն: 34 Նա նորից յղիացաւ, ծնեց որդի եւ ասաց. «Այլեւս իմ կողքին կը լինի իմ ամուսինը, որովհետեւ նրա համար երեք որդի ծնեցի»: Դրա համար էլ նրան կոչեց Ղեւի: 35 Նա մի անգամ էլ յղիացաւ, ծնեց որդի եւ ասաց. «Այս անգամ էլ պիտի գոհանամ Տիրոջից»: Եւ նրա անունը դրեց Յուդա: Դրանից յետոյ նա դադարեց երեխայ ունենալուց:

< ԾՆՆԴՈՑ 29 >