< ԾՆՆԴՈՑ 20 >

1 Աբրահամն այդտեղից գնաց երկրի հարաւը, բնակուեց Կադէսի ու Սուրի միջեւ, ապա տարաբնակուեց Գերարայում: 2 Աբրահամն իր կին Սառայի մասին ասում էր, թէ նա իր քոյրն է: Գերարացիների արքայ Աբիմելէքն ուղարկեց իր մարդկանց եւ կին առաւ Սառային: 3 Գիշերն Աստուած Աբիմելէքին երեւաց երազում եւ ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետեւ այդ կինը ամուսին ունի»: 4 Սակայն Աբիմելէքը, որ չէր մերձեցել նրան, ասաց. «Տէ՛ր, մի՞թէ դու կը սպանես բանից անտեղեակ ու արդար մարդկանց: 5 Չէ՞ որ նա ասաց ինձ՝ «Իմ քոյրն է», իսկ սա ասաց ինձ՝ «Իմ եղբայրն է»: Ես մաքուր սրտով ու արդար ձեռքով արեցի դա»: 6 Աստուած երազի մէջ ասաց նրան. «Գիտեմ, որ դու մաքուր սրտով ես արել այդ, դրա համար էլ ես խնայեցի քեզ, որ չմեղանչես իմ դէմ: Այդ պատճառով էլ թոյլ չտուեցի, որ մերձենաս նրան: 7 Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետեւ նա մարգարէ է, աղօթք կ՚անի քեզ համար, եւ դու կենդանի կը մնաս: Եթէ չվերադարձնես, իմացի՛ր, որ դու եւ բոլոր նրանք, ովքեր քո իւրայիններն են, կը մեռնէք»: 8 Աբիմելէքն առաւօտեան վաղ վեր կացաւ, կանչեց իր բոլոր ստրուկներին եւ նրանց պատմեց այս բոլոր բաները: Ամէնքը խիստ վախեցան: 9 Աբիմելէքը կանչեց Աբրահամին ու ասաց նրան. «Այդ ի՞նչ փորձանք բերեցիր դու մեր գլխին: Մենք ի՞նչ մեղք էինք գործել քո դէմ, որ իմ ու իմ թագաւորութեան վրայ այդպիսի մեծամեծ մեղքեր բարդեցիր: Դու ինձ հետ արեցիր այն, ինչ ոչ ոք չէր արել»: 10 Աբիմելէքն ասաց Աբրահամին. «Ի՞նչ մտածեցիր, որ նման բան արեցիր»: 11 Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թէ գուցէ այս վայրում էլ աստուածապաշտութիւն չկայ, եւ հնարաւոր է, որ ինձ սպանեն իմ կնոջ պատճառով: 12 Բայց նա, արդարեւ, իմ քոյրն է իմ հօր եւ ոչ թէ մօր կողմից, եւ դարձաւ իմ կինը: 13 Երբ Աստուած ինձ հանեց իմ հօր տնից, ես կնոջս ասացի. «Այս արդար քայլն արա՛ ինձ համար. ուր էլ գնանք, իմ մասին կ՚ասես, թէ՝ իմ եղբայրն է»: 14 Աբիմելէքն առաւ հազար սատեր, արջառ ու ոչխար, ստրուկներ ու ստրկուհիներ եւ տուեց Աբրահամին: Նրան վերադարձրեց նաեւ նրա կին Սառային: 15 Աբիմելէքն ասաց Աբրահամին. «Ահա քո դիմաց փռուած է իմ երկիրը, ուր հաճելի է քեզ, այնտեղ էլ բնակուի՛ր»: 16 Իսկ Սառային դիմելով՝ ասաց. «Ահա հազար սատեր եմ տալիս քո եղբօրը: Այն թող պատուի վկայութիւն լինի քեզ եւ քեզ հետ գտնուող բոլոր կանանց համար: Այսուհետեւ կը պատմես ամբողջ ճշմարտութիւնը»: 17 Աբրահամն աղօթեց Աստծուն, որը բուժեց Աբիմելէքին, ինչպէս նաեւ նրա կնոջն ու նրա աղախիններին: Նրանք արդէն կարողանում էին երեխայ ունենալ: 18 Մինչ այդ Տէրը Աբրահամի կին Սառայի պատճառով Աբիմելէքի ողջ տան կանանց զրկել էր երեխայ ունենալու կարողութիւնից:

< ԾՆՆԴՈՑ 20 >