< ԾՆՆԴՈՑ 13 >

1 Եգիպտոսից Աբրամն ելաւ գնաց անապատ, ինքը՝ իր ամբողջ ունեցուածքով, իր կինը եւ Ղովտն էլ նրա հետ: 2 Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկով: 3 Նա իր հասած տեղից՝ անապատից, գնաց Բեթէլ, որտեղ նախապէս նրա վրանն էր խփած, Բեթէլի եւ Անգէի միջեւ գտնուող վայրը, 4 ուր սկզբնապէս նա զոհասեղան էր կառուցել: Այդտեղ Աբրամը կանչեց Տէր Աստծու անունը: 5 Աբրամի հետ գնացող Ղովտը նոյնպէս ունէր արջառներ, ոչխարներ, անասուններ, 6 բայց երկիրը նրանց չէր բաւականացնում միասին ապրելու համար, քանի որ նրանք մեծ ունեցուածքի տէր էին, ուստի հնարաւոր չէր համատեղ ապրել: 7 Կռիւ եղաւ Աբրամի հօտերի հովիւների ու Ղովտի հօտերի հովիւների միջեւ: Քանանացիներն ու փերեզացիներն այդ ժամանակ բնակւում էին այդ երկրում: 8 Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիւ չլինի իմ ու քո եւ իմ հովիւների ու քո հովիւների միջեւ, որովհետեւ մենք եղբայրներ ենք: 9 Մի՞թէ ողջ երկիրն առաջդ չի փռուած. հեռացի՛ր ինձնից: Եթէ դու ձախ գնաս, ես աջ կը գնամ, իսկ եթէ դու աջ գնաս, ես ձախ կը գնամ»: 10 Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսաւ, որ Յորդանանի բոլոր շրջաններն էլ ոռոգելի են: Քանի դեռ Աստուած չէր կործանել Սոդոմն ու Գոմորը, մինչեւ Զոորայի սահմանը Աստծու դրախտի նման էր, Եգիպտացւոց երկրի նման: 11 Ղովտն ընտրեց Յորդանանի ողջ շրջանը եւ գնաց դէպի արեւելք: Այսպիսով եղբայրները բաժանուեցին միմեանցից: 12 Աբրամը պանդխտեց Քանանացւոց երկրում, իսկ Ղովտը հաստատուեց այդ կողմերում գտնուող մի քաղաքում՝ ապրեց Սոդոմում: 13 Սոդոմացիները չար մարդիկ էին եւ Աստծու հանդէպ բազում մեղքեր էին գործում: 14 Ղովտի հեռանալուց յետոյ Աստուած Աբրամին ասաց. «Կանգնածդ տեղից քո աչքերով նայի՛ր դէպի հիւսիս ու հարաւ, դէպի արեւելք ու ծով: 15 Որքան աչքդ կտրում է, այդ ողջ երկիրը յաւիտեան քեզ եմ տալու եւ քո սերունդներին: 16 Քո յետնորդներին պիտի բազմացնեմ երկրի աւազի չափ. եթէ որեւէ մէկը ի վիճակի լինի հաշուելու երկրի աւազը, ապա քո յետնորդներն էլ թիւ կ՚ունենան: 17 Իսկ արդ, արի շրջի՛ր այդ երկիրն իր երկարութեամբ ու լայնութեամբ, որովհետեւ այն քեզ եմ տալու»: 18 Աբրամը ճանապարհ ընկաւ, եկաւ բնակուեց Քեբրոնում գտնուող Մամբրէի կաղնու մօտ եւ այնտեղ Տէր Աստծու համար զոհասեղան շինեց:

< ԾՆՆԴՈՑ 13 >