< ԾՆՆԴՈՑ 11 >
1 Այն ժամանակ ողջ երկիրը մէկ լեզուով, մէկ բարբառով էր խօսում:
2 Արեւելքից տեղաշարժուելու ժամանակ նրանք Սենաար երկրում մի դաշտ գտան եւ բնակուեցին այնտեղ:
3 Նրանք միմեանց դիմելով՝ ասացին. «Եկէք աղիւս շինենք ու այն թրծենք կրակով»: Աղիւսը նրանց համար ծառայեց իբրեւ քար, իսկ կուպրը՝ իբրեւ շաղախ:
4 Նրանք ասացին. «Եկէք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք: Համբաւ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռուելուց առաջ»:
5 Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները:
6 Տէրն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել: Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են:
7 Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»:
8 Տէր Աստուած այնտեղից նրանց սփռեց աշխարհով մէկ, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց:
9 Դրա համար այն կոչուեց Խառնակութիւն (Բաբելոն), որովհետեւ Տէր Աստուած այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները եւ այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մէկ:
10 Սէմի սերունդները սրանք են. Սէմը հարիւրամեայ հասակում, ջրհեղեղից երկու տարի յետոյ ծնեց Արփաքսադին:
11 Սէմն Արփաքսադին ծնելուց յետոյ ապրեց եւս հինգ հարիւր տարի: Նա ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
12 Արփաքսադը հարիւր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Կայնանին:
13 Արփաքսադը Կայնանին ծնելուց յետոյ ապրեց եւս չորս հարիւր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: Կայնանը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Սաղային: Կայնանը Սաղային ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
14 Սաղան հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Եբերին:
15 Սաղան Եբերին ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
16 Եբերը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Փաղէկին:
17 Եբերը Փաղէկին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթանասուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
18 Փաղէկը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Ռագաւին:
19 Փաղէկը Ռագաւին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր ինը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
20 Ռագաւը հարիւր երեսուներկու տարեկան հասակում ծնեց Սերուքին:
21 Ռագաւը Սերուքին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
22 Սերուքը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Նաքորին:
23 Սերուքը Նաքորին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ:
24 Նաքորը եօթանասունինը տարեկան հասակում ծնեց Թարային:
25 Նաքորը Թարային ծնելուց յետոյ ապրեց եւս հարիւր քսաներկու տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ:
26 Թարան եօթանասուն տարեկան հասակում ծնեց Աբրամին, Նաքորին եւ Առանին:
27 Թարայի սերունդը այս է. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին:
28 Առանը մեռաւ իր հայր Թարայի կենդանութեան օրօք, իր ծննդավայրում՝ Քաղդէացւոց երկրում:
29 Աբրամն ու Նաքորը ամուսնացան: Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա: Սա Առանի՝ Մեղքայի եւ Յէսքայի հօր դուստրն էր:
30 Սարան ամուլ էր՝ երեխայ չէր ունենում:
31 Թարան իր որդի Աբրամին, իր որդի Նաքորին, իր որդի Առանի որդի Ղովտին ու իր հարսին՝ իր որդի Աբրամի կնոջը, Քաղդէացւոց երկրից առաւ տարաւ Քանանացւոց երկիրը: Նրանք հասան Խառան ու բնակուեցին այնտեղ:
32 Խառանում Թարան դարձաւ երկու հարիւր հինգ տարեկան. Թարան Խառանում էլ մեռաւ: