< ԵԼՔ 6 >

1 Տէրն ասաց Մովսէսին. «Հիմա կը տեսնես, թէ ինչ եմ անելու փարաւոնին: Նա հզօր ձեռքի միջոցով պիտի արձակի նրանց, եւ բարձրացուած բազուկով նրանց պիտի հանի նաեւ իր երկրից»: 2 Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասաց նրան. «Ե՛ս եմ Տէրը: 3 Ես երեւացի Աբրահամին, Իսահակին ու Յակոբին: Նրանց Աստուածը ես եմ, իմ անունը Տէր է, բայց ես դա նրանց չյայտնեցի: 4 Ես նրանց հետ ուխտ եմ կնքել, որ նրանց տամ Քանանացիների երկիրը, ուր նրանք պանդխտեցին: 5 Ես լսեցի հեծեծանքը իսրայէլացիների, որոնց եգիպտացիները ստրկացրել են, եւ յիշեցի ձեզ տուած իմ ուխտը: 6 Գնա՛ իսրայէլացիների մօտ ու ասա՛ նրանց. «Ե՛ս եմ Տէրը: Ես ձեզ ազատելու եմ եգիպտացիների բռնութիւնից, ձեզ փրկելու եմ նրանց ծառայելուց, ձեզ ազատելու եմ իմ հզօր բազկով ու նրանց գլխին մեծամեծ պատիժներ հասցնելով: 7 Ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը եւ պիտի լինեմ ձեր Աստուածը: Դուք պիտի գիտենաք, որ ե՛ս եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ ազատելու եմ եգիպտացիների բռնութիւնից 8 եւ ձեզ տանելու եմ այն երկիրը, որ երդուեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին: Այն ձեզ եմ տալու որպէս ժառանգութիւն, որովհետեւ ե՛ս եմ Տէրը»: 9 Մովսէսը այս բանը հաղորդեց իսրայէլացիներին, բայց նրանք չլսեցին նրան վհատութեան եւ տաժանակիր աշխատանքի պատճառով: 10 Տէրը, խօսելով Մովսէսի հետ, ասաց. «Մտի՛ր ու խօսի՛ր եգիպտացիների արքայ փարաւոնի հետ, 11 որ նա իսրայէլացիներին արձակի Եգիպտացիների երկրից»: 12 Մովսէսը, Տիրոջը դիմելով, ասաց. «Իսրայէլացիներն իսկ ինձ չլսեցին, փարաւոնն ինձ ինչո՞ւ պիտի լսի: Ես ճարտարախօս չեմ»: 13 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ իսրայէլացիներին ու եգիպտացիների արքայ փարաւոնին ուղղուած հրաման տուեց՝ հանելու իսրայէլացիներին Եգիպտացիների երկրից: 14 Ահա Մովսէսի ու Ահարոնի ընտանիքների առաջնորդների անունները. Իսրայէլի անդրանիկ որդի Ռուբէնի որդիներն են՝ Ենոքն ու Փալլուսը, Ասրոնն ու Քարմին: Սա Ռուբէնի ազգատոհմն է: 15 Շմաւոնի որդիներն են՝ Յամուէլը, Յամինը, Ահոդը, Յաքինը, Սահառն ու Սաւուղը, որը փիւնիկեցի կնոջից էր ծնուել: Սրանք Շմաւոնի որդիների տոհմերն են: 16 Ղեւիի որդիների անունները, ըստ իրենց ընտանիքների, հետեւեալն են. Գեթսոն, Կահաթ եւ Մերարի: Ղեւին ապրեց հարիւր երեսունեօթը տարի: 17 Գեթսոնի որդիներն են՝ Լոբենին եւ Սեմէին՝ իրենց նահապետների ընտանիքներով: 18 Կահաթի որդիներն են՝ Ամրամը, Սահառը, Քեբրոնն ու Ոզիէլը: Կահաթն ապրեց հարիւր երեսուներեք տարի: 19 Մերարիի որդիներն են՝ Մոոլին ու Մուսին: Սրանք Ղեւիի ընտանիքներն են ըստ իրենց ցեղերի: 20 Ամրամն ամուսնացաւ իր հօրեղբօր դուստր Յոքաբեէթի հետ, եւ սա նրանից ունեցաւ Ահարոնին, Մովսէսին ու նրանց քոյր Մարիամին: Ամրամն ապրեց հարիւր երեսունեօթը տարի: 21 Սահառի որդիներն են՝ Կորխը, Նափեգն ու Զեքրին: 22 Ոզիէլի որդիներն են՝ Միսայէլը, Ելիսափանն ու Սեթրին: 23 Ահարոնն ամուսնացաւ Ամինադաբի դուստր, Նաասոնի քոյր Եղիսաբէթի հետ: Սա նրանից ունեցաւ Նաբադին, Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին: 24 Կորխի որդիներն են՝ Ասիրը, Եղկանան ու Բիասափը: Սրանք Կորխի յետնորդներն են: 25 Ահարոնի որդի Եղիազարը ամուսնացաւ Փուտիէլի դուստրերից մէկի հետ, եւ սա նրանից ունեցաւ Փենեէսին: Սրանք են ղեւտացիների ընտանիքների առաջնորդները ըստ իրենց ցեղերի: 26 Այս Ահարոնին ու Մովսէսին էր, որ Աստուած ասաց՝ իսրայէլացիներին հանել իրենց զօրքով հանդերձ Եգիպտացիների երկրից: 27 Եւ սրանք էին, որ դիմեցին եգիպտացիների արքայ փարաւոնին՝ դուրս հանելու Եգիպտոսից իսրայէլացիներին: 28 Սրանք այն Մովսէսն ու Ահարոնն են, որոնց օրօք Տէրը Եգիպտացիների երկրում խօսելով Մովսէսի հետ՝ 29 ասաց նրան. «Ե՛ս եմ Տէրը: Եգիպտացիների արքայ փարաւոնին հաղորդի՛ր այն ամէնը, ինչ ասում եմ քեզ»: 30 Եւ Մովսէսը, դիմելով Տիրոջը, ասաց. «Չէ՞ որ ես անվարժ եմ խօսում, փարաւոնն ինձ ինչպէ՞ս կը լսի»:

< ԵԼՔ 6 >