< ԵԼՔ 39 >

1 Պատրաստեց ծիսական զգեստներ, որպէսզի սրբարանում դրանցով պաշտամունք կատարեն: Պատրաստեց նաեւ սրբարանում Ահարոն քահանայի հագնելիք զգեստներն այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 2 Վակասը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով: 3 Ոսկու թերթերը թել-թել կտրում էին, որպէսզի դրանք կապեն կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէնով եւ նրբահիւս բեհեզով: Նկարազարդ վակասի համար պատրաստեցին փոկեր, 4 որպէսզի այն ամրացնեն երկու կողմից: 5 Նոյն ձեւով՝ ոսկով եւ կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով պատրաստեցին թիկնոցը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 6 Ոսկով ժապաւինուած եւ ընդելուզուած զմրուխտէ երկու ակնաքարերի վրայ փորագրեցին Իսրայէլի որդիների անուններն այնպէս, ինչպէս կնիքներն են փորագրում, եւ դրանք ամրացրեցին վակասի վրայ: 7 Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը ամրացրին վակասի ուսին, ինչպէս որ հրամայել էր Տէրը Մովսէսին: 8 Լանջապանակը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով, բանուածքով, այնպէս, ինչպէս վակասն էին պատրաստել: 9 Քառակուսի եւ կրկնածալ արեցին լանջապանակը. այն ունէր մի թզաչափ երկարութիւն եւ մի թզաչափ լայնութիւն: 10 Դրա վրայ կար ակնաքարերի չորս շարք: Առաջին շարքի վրայ կային սարդիոն, տպազիոն եւ զմրուխտ: Դա առաջին շարքն էր: 11 Երկրորդ շարքը նռնաքար էր, շափիւղայ եւ յասպիս: 12 Երրորդ շարքը սուտակ էր, մեղեսիկ եւ ագատ: 13 Չորրորդ շարքը ոսկեքար էր, եղնգաքար եւ բիւրեղ՝ ոսկով պատուած եւ ընդելուզուած: 14 Ակնաքարերն ըստ Իսրայէլի որդիների անունների էին: Նրանց տասներկու անունները գրուած եւ փորագրուած էին ըստ տասներկու ցեղերից իւրաքանչիւրի անունների: 15 Լանջապանակի երկու օղակների վրայ ամրացրին մաքուր ոսկուց պատրաստուած հիւսկէն շղթաներ: 16 Պատրաստեցին ոսկէ երկու կոճակներ եւ ոսկէ երկու օղակներ. ոսկէ երկու օղակներն ամրացրին լանջապանակի վերին երկու ծայրերին: 17 Հիւսկէն շղթաները լանջապանակի երկու կողմերից ամրացրին երկու օղակների մէջ, իսկ երկու շղթաների ծայրերը մտցրին երկու անցքերի մէջ: Լանջապանակը դրեցին վակասի ուսերին՝ երեսի կողմից իրար դէմ դիմաց: 18 Պատրաստեցին ոսկէ երկու այլ օղակներ եւ լանջապանակի ներսի կողմից ամրացրին վակասին կցուած մասի երկու ծայրերին: Պատրաստեցին ոսկէ երկու այլ օղակներ եւ դրեցին վակասի երկու ուսերին՝ ներսի կողմից՝ վակասի առջեւի միացման տեղում: 19 Լանջապանակի օղակների ու վակասի օղակների միջով կապոյտ ժապաւէն անցկացնելով՝ այդ երկուսը միացրին իրար այնպէս, որ լանջապանակն ու վակասը միմեանցից չառանձնանան, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 20 Վակասից բացի ամբողջութեամբ կապոյտ ժապաւէններով հիւսուած կտաւից ներքին պատմուճաններ պատրաստեցին: 21 Դրանց օձիքը հիւսածոյ գործուածքի ճիշտ մէջտեղից էր, օձիքի բացուածքը շուրջանակի չքանդուող եզերք ունէր: 22 Դրանց քղանցքներին մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ գործեցին: 23 Մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին եւ զանգակները ներքին պատմուճանների քղանցքներին, շուրջանակի, դրեցին նռնազարդերի միջեւ: 24 Նռնազարդերն ու զանգակները ներքին պատմուճանների քղանցքներին, շուրջանակի, յաջորդում էին միմեանց: Քահանաները պաշտամունք կատարելիս այդ զգեստները պէտք է հագնէին, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 25 Նրանք բեհեզէ հիւսածոյ զգեստներ պատրաստեցին Ահարոնի ու նրա որդիների համար, 26 ինչպէս նաեւ բեհեզէ ապարօշներ, բեհեզէ խոյր, 27 բեհեզէ անդրավարտիք: 28 Նրանց համար պատրաստեցին բեհեզից եւ մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով հիւսուած գօտիներ՝ զարդանախշ մի գործ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 29 Սուրբ պսակի թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց եւ դրա վրայ փորագրեցին «Սրբութիւն Տեառն»: 30 Այն կապեցին կապոյտ մի ժապաւէնով, որպէսզի վերեւի կողմից ամրացնեն խոյրի վրայ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: 31 Աւարտուեց վկայութեան խորանի ամբողջ գործը: Իսրայէլի որդիներն արեցին ամէն ինչ. ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին, այդպէս էլ արեցին: Նուէրներից աւելացած ոսկին նրանք վերածեցին սպասքի, որոնցով Տիրոջ առաջ պաշտամունք են կատարում: 32 Մովսէսի մօտ, խորան բերեցին զգեստները, վրանի ծածկն ու դրա բոլոր մասերը, դրա ճարմանդները, փայտերը, միջաձողերը, դրա մոյթերը, վերջինիս խարիսխները, 33 խոյերի կարմիր ներկուած, մշակուած եւ անմշակ մորթիները, կապոյտ վարագոյրները, 34 կտակարանների տապանակը ծածկող վարագոյրը, 35 լծակները, կափարիչը, առաջաւորութեան սեղանն ու դրա ամբողջ սպասքը, առաջաւորութեան հացը, 36 սուրբ աշտանակն ու դրա ճրագամանները, կանթեղներն ու դրա բոլոր մասերը, լուսաւորութեան ձէթը, 37 ոսկէ սեղանը, օծութեան իւղը, խնկերի համեմունքները, 38 վրանի դռան վարագոյրը, վրանը, 39 պղնձէ զոհասեղանը, դրա լծակներն ու ամբողջ սպասքը, աւազանն ու դրա պատուանդանը, բակի առագաստը, դրա սիւներն ու խարիսխները, 40 վրանի դռան եւ բակի դռան վարագոյրները, պարաններն ու ցցերը, վկայութեան խորանի ամբողջ սպասքը, 41 սրբարանում պաշտամունք կատարելու սրբազան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների քահանայութեան համար նախատեսուած զգեստները: 42 Ինչ Տէրը պատուիրել էր Մովսէսին, Իսրայէլի որդիներն այդ ամէնը կատարեցին: 43 Մովսէսը տեսաւ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: Նրանք ճիշտ նոյն ձեւով էին կատարել: Եւ Մովսէսն օրհնեց նրանց:

< ԵԼՔ 39 >