+ ՄԱՏԹԷՈՍ 1 >

1 Յիսուս Քրիստոսի՝ Դաւիթի որդիին, Աբրահամի որդիին ծնունդի գիրքը:
Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու:
2 Աբրահամ ծնաւ Իսահակը. Իսահակ ծնաւ Յակոբը. Յակոբ ծնաւ Յուդան ու անոր եղբայրները.
Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին.
3 Յուդա ծնաւ Փարէսն ու Զարան՝ Թամարէն. Փարէս ծնաւ Եսրոնը. Եսրոն ծնաւ Արամը.
Յուդան ծնեց Փարեսին եւ Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին.
4 Արամ ծնաւ Ամինադաբը. Ամինադաբ ծնաւ Նաասոնը. Նաասոն ծնաւ Սաղմոնը.
Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին.
5 Սաղմոն ծնաւ Բոոսը՝ Ռախաբէն. Բոոս ծնաւ Ովբէդը՝ Հռութէն. Ովբէդ ծնաւ Յեսսէն.
Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբէդին՝ Հռութից. Օբէդը ծնեց Յեսսէին.
6 Յեսսէ ծնաւ Դաւիթ թագաւորը. Դաւիթ թագաւորը ծնաւ Սողոմոնը՝ Ուրիայի կնոջմէն.
Յեսսէն ծնեց Դաւիթ արքային: Դաւիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից.
7 Սողոմոն ծնաւ Ռոբովամը.
Սողոմոնը՝ Րոբովամին.
8 Ռոբովամ ծնաւ Աբիան. Աբիա ծնաւ Ասան. Ասա ծնաւ Յովսափատը. Յովսափատ ծնաւ Յովրամը. Յովրամ ծնաւ Ոզիան.
Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Յոսափատին. Յոսափատը ծնեց Յորամին. Յորամը ծնեց Օզիային.
9 Ոզիա ծնաւ Յովաթամը. Յովաթամ ծնաւ Աքազը, Աքազ ծնաւ Եզեկիան.
Օզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային.
10 Եզեկիա ծնաւ Մանասէն. Մանասէ ծնաւ Ամոնը.
Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոսին.
11 Ամոն ծնաւ Յովսիան. Յովսիա ծնաւ Յեքոնիան ու անոր եղբայրները՝ Բաբելոնի տարագրութեան ատենները.
Ամոսը ծնեց Յոսիային. Յոսիան ծնեց Յեքոնիային եւ նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերութեան ժամանակ:
12 Բաբելոնի տարագրութենէն ետք՝ Յեքոնիա ծնաւ Սաղաթիէլը.
Բաբելոնում գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին.
13 Սաղաթիէլ ծնաւ Զօրաբաբէլը. Զօրաբաբէլ ծնաւ Աբիուդը. Աբիուդ ծնաւ Եղիակիմը.
Սաղաթիէլը ծնեց Զորոբաբէլին. Զորոբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին.
14 Եղիակիմ ծնաւ Ազովրը. Ազովր ծնաւ Սադովկը. Սադովկ ծնաւ Աքինը. Աքին ծնաւ Եղիուդը.
Եղիակիմը ծնեց Ազորին. Ազորը ծնեց Սադոկին. Սադոկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին.
15 Եղիուդ ծնաւ Եղիազարը. Եղիազար ծնաւ Մատթանը.
Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին.
16 Մատթան ծնաւ Յակոբը. Յակոբ ծնաւ Յովսէփը՝ ամուսինը Մարիամի, որմէ ծնաւ Յիսուս, որ կոչուեցաւ Քրիստոս:
Մատթանը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս:
17 Ուրեմն բոլոր սերունդները Աբրահամէն մինչեւ Դաւիթ՝ տասնչորս սերունդ են, եւ Դաւիթէն մինչեւ Բաբելոնի տարագրութիւնը՝ տասնչորս սերունդ, ու Բաբելոնի տարագրութենէն մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ:
Արդ, Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ:
18 Յիսուս Քրիստոսի ծնունդը եղաւ սա՛ կերպով: Անոր մայրը՝ Մարիամ, Յովսէփի նշանուած, Սուրբ Հոգիէն յղացած գտնուեցաւ՝ դեռ իրարու քով չեկած:
Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մօտենալը, Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց:
19 Յովսէփ՝ անոր ամուսինը, արդար մարդ ըլլալով, ու չուզելով որ խայտառակէ զայն, կը ծրագրէր ծածկաբար արձակել զայն:
Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան:
20 Մինչ ան ա՛յդպէս կը մտածէր, ահա՛ Տէրոջ հրեշտակը երեւցաւ անոր՝ երազի մէջ, եւ ըսաւ. «Յովսէ՛փ, Դաւիթի՛ որդի, մի՛ վախնար քովդ առնել կինդ՝ Մարիամը, որովհետեւ անոր մէջ յղացուածը Սուրբ Հոգիէն է:
Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է:
21 Ան պիտի ծնանի որդի մը, եւ անոր անունը Յիսուս պիտի կոչես, քանի որ ա՛ն պիտի փրկէ իր ժողովուրդը իրենց մեղքերէն»:
Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից»:
22 Այս ամէնը կատարուեցաւ, որպէսզի իրագործուի մարգարէին միջոցով ըսուած Տէրոջ խօսքը.
Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողմից ասուել էր Եսայի մարգարէի բերանով.
23 «Ահա՛ կոյսը պիտի յղանայ ու որդի պիտի ծնանի, եւ անոր անունը Էմմանուէլ պիտի կոչեն», որ կը թարգմանուի՝ Աստուած մեզի հետ:
«Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»:
24 Յովսէփ քունէն արթննալով՝ ըրաւ ինչ որ Տէրոջ հրեշտակը հրամայեց իրեն, եւ քովը առաւ իր կինը:
Եւ Յովսէփը քնից արթնանալով՝ արեց, ինչպէս հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, եւ իր կնոջն առաւ իր մօտ:
25 Ու չգիտցաւ զայն՝ մինչեւ որ ան ծնաւ իր անդրանիկ որդին. եւ անոր անունը Յիսուս կոչեց:
Բայց նրա հետ չյարաբերուեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Յիսուս:

+ ՄԱՏԹԷՈՍ 1 >