< ՄԱՏԹԷՈՍ 9 >

1 Ուստի նաւ մտնելով՝ անցաւ միւս կողմը ու գնաց իր քաղաքը:
Եւ նաւակ մտնելով՝ Յիսուս անցաւ ծովի միւս կողմը. եւ եկաւ իր քաղաքը:
2 Եւ բերին իրեն անդամալոյծ մը, որ պառկած էր մահիճի մէջ: Յիսուս՝ տեսնելով անոնց հաւատքը՝ ըսաւ անդամալոյծին. «Քաջալերուէ՛, որդեա՛կ, մեղքերդ ներուած են քեզի»:
Եւ ահա նրա մօտ բերեցին մի անդամալոյծ, որ պառկած էր մահճի մէջ: Յիսուս նրանց հաւատը տեսնելով՝ ասաց անդամալոյծին. «Քո մեղքերը քեզ ներուած են»:
3 Դպիրներէն ոմանք ըսին՝ իրենք իրենց մէջ. «Ասիկա կը հայհոյէ»:
Եւ ահա օրէնսգէտներից ոմանք իրենց մտքում ասացին՝ դա հայհոյում է:
4 Յիսուս՝ գիտնալով անոնց մտածումները՝ ըսաւ. «Ինչո՞ւ չար բան կը մտածէք ձեր սիրտերուն մէջ:
Եւ Յիսուս իմանալով նրանց մտածումները՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում.
5 Ո՞րը աւելի դիւրին է, “մեղքերդ ներուած են” ըսե՞լը, թէ՝ “ոտքի՛ ելիր ու քալէ՛” ըսելը:
ի՞նչն է դիւրին. ասել՝ քեզ ներուա՞ծ են քո մեղքերը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր:
6 Բայց որպէսզի գիտնաք թէ մարդու Որդին իշխանութիւն ունի մեղքերը ներելու երկրի վրայ, (այն ատեն ըսաւ անդամալոյծին.) “Ոտքի՛ ելիր, ա՛ռ մահիճդ ու գնա՛ տունդ”»:
Արդ, որպէսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու, - ասաց նա այդ ժամանակ անդամալոյծին, - վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»:
7 Ան ալ ոտքի ելաւ եւ գնաց իր տունը:
Եւ նա վեր կենալով՝ իր տունը գնաց:
8 Երբ բազմութիւնները տեսան՝ զարմացան, ու փառաբանեցին Աստուած, որ այդպիսի իշխանութիւն տուած էր մարդոց:
Երբ ժողովուրդը այս տեսաւ, զարմացաւ. եւ փառաւորում էր Աստծուն՝ մարդկանց այսպիսի իշխանութիւն տուողին:
9 Յիսուս անկէ յառաջ երթալով՝ տեսաւ մարդ մը, Մատթէոս կոչուած, որ նստած էր մաքս ընդունելու տեղը, եւ ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի»: Ան ալ կանգնեցաւ ու հետեւեցաւ անոր:
Եւ Յիսուս այնտեղով անցնելով՝ տեսաւ Մատթէոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»: Եւ նա վեր կենալով՝ գնաց նրա յետեւից:
10 Տունը սեղան նստած՝՝ ատենը՝ ահա՛ ուրիշ շատ մաքսաւորներ եւ մեղաւորներ եկած ու սեղան նստած էին Յիսուսի եւ անոր աշակերտներուն հետ:
Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու մեղաւորներ եկան բազմեցին Յիսուսի եւ նրա աշակերտների հետ:
11 Երբ Փարիսեցիները տեսան՝ ըսին անոր աշակերտներուն. «Ինչո՞ւ ձեր վարդապետը կ՚ուտէ մաքսաւորներու եւ մեղաւորներու հետ»:
Երբ փարիսեցիները այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու մեղաւորների հետ ուտում»:
12 Բայց երբ Յիսուս լսեց՝ ըսաւ անոնց. «Ո՛չ թէ առողջներուն բժիշկ պէտք է, հապա՝ հիւանդներուն:
Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին:
13 Գացէ՛ք, սորվեցէ՛ք թէ ի՛նչ ըսել է. “Կարեկցութի՛ւն կ՚ուզեմ, ու ո՛չ թէ զոհ”. որովհետեւ ես եկայ կանչելու ո՛չ թէ արդարները, հապա մեղաւորները՝ ապաշխարութեան»:
Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին:
14 Այն ատեն Յովհաննէսի աշակերտները եկան անոր եւ ըսին. «Ինչո՞ւ մենք ու Փարիսեցիները յաճախ ծոմ կը պահենք, իսկ քու աշակերտներդ չեն պահեր»:
Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:
15 Յիսուս ըսաւ անոնց. «Միթէ կարելի՞ է՝ որ հարսնեւորները սգան, քանի փեսան իրենց հետ է: Բայց օրերը պիտի գան՝ երբ փեսան պիտի վերցուի իրենցմէ. ա՛յն ատեն ծոմ պիտի պահեն:
Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա ծոմ կը պահեն:
16 Ո՛չ մէկը կը ձգէ նոր լաթի կտոր մը հին հանդերձի մը վրայ, որովհետեւ անիկա որ անոր լրումին համար դրուած է, կը քաշէ հանդերձը, ու պատռուածքը աւելի գէշ կ՚ըլլայ:
Ոչ ոք չօգտագործուած կտաւի կտորը հնացած ձորձի վրայ չի կարկատի, քանի որ այն իր լրիւ չափով կը պատռի կը հանի զգեստից, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի:
17 Ո՛չ ալ նոր գինին կը դնեն հին տիկերու մէջ. այլապէս՝ տիկերը կը պատռին, ե՛ւ գինին կը թափի, ե՛ւ տիկերը կը կորսուին: Հապա նոր գինին կը դնեն նո՛ր տիկերու մէջ, ու երկուքն ալ կը պահուին»:
Ոչ էլ նոր գինին հին տիկերի մէջ են դնում. ապա թէ ոչ տիկերը կը պատռուեն. ե՛ւ գինին դուրս կը թափուի, ե՛ւ տիկերը կը փչանան. այլ նոր գինին նոր տիկերի մէջ են լցնում, եւ երկուսն էլ պահւում են»:
18 Երբ ան այս բաները կը խօսէր անոնց հետ, ահա՛ պետ մը եկաւ ու երկրպագեց անոր՝ ըսելով. «Աղջիկս թերեւս վախճանած է մինչեւ հիմա. բայց եկո՛ւր, դի՛ր ձեռքդ անոր վրայ, եւ պիտի ապրի»:
Մինչ Յիսուս նրանց այս բաներն էր ասում, ահա մի իշխանաւոր, մօտենալով, երկրպագեց նրան ու ասաց. «Իմ դուստրը հէնց նոր մեռաւ, սակայն գայիր եւ քո ձեռքը նրա վրայ դնէիր, եւ նա կը կենդանանար»:
19 Յիսուս ալ ոտքի ելաւ ու հետեւեցաւ անոր՝ իր աշակերտներուն հետ:
Յիսուս վեր կացաւ եւ իր աշակերտների հետ միասին գնաց նրա յետեւից:
20 Եւ ահա՛ կին մը, որ արիւնահոսութենէ կը տառապէր տասներկու տարիէ ի վեր, մօտեցաւ ետեւէն ու դպաւ անոր հանդերձին քղանցքին.
Եւ ահա տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունեցող մի կին, յետեւից մօտենալով Յիսուսին, դիպաւ նրա զգեստի քղանցքին,
21 քանի որ կ՚ըսէր ինքնիրեն. «Եթէ միայն դպչիմ անոր հանդերձին՝ պիտի բժշկուիմ»:
քանի որ մտքում ասում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստին, կը փրկուեմ»:
22 Յիսուս, երբ ետեւ դարձաւ ու տեսաւ զայն, ըսաւ. «Քաջալերուէ՛, աղջիկ, հաւատքդ բժշկեց քեզ»: Եւ կինը բժշկուեցաւ նոյն ժամուն:
Իսկ Յիսուս, երբ դարձաւ ու նրան տեսաւ, ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւա՛տը քեզ փրկեց»: Եւ նոյն ժամին կինը բժշկուեց:
23 Երբ Յիսուս հասաւ պետին տունը, ու տեսաւ սրնգահարները եւ աղմկարար բազմութիւնը,
Երբ Յիսուս իշխանաւորի տունը եկաւ եւ տեսաւ փողհարներին ու մեծ ամբոխ,
24 ըսաւ անոնց. «Մեկնեցէ՛ք, որովհետեւ աղջիկը մեռած չէ, հապա կը քնանայ»:
նրանց ասաց. «Հեռո՛ւ գնացէք, որովհետեւ այդ աղջիկը ոչ թէ մեռած է, այլ ննջում է».
25 Անոնք ալ ծաղրեցին զինք: Բայց երբ բազմութիւնը դուրս հանուեցաւ, ինք ներս մտաւ, բռնեց անոր ձեռքէն, եւ աղջիկը ոտքի ելաւ:
եւ նրանք ծաղրում էին նրան: Եւ երբ ամբոխը դուրս ելաւ, նա ներս մտաւ, բռնեց նրա ձեռքից, եւ աղջիկը վեր կացաւ:
26 Այս լուրը տարածուեցաւ ամբողջ երկիրը:
Եւ այս լուրը ամբողջ այդ երկրով մէկ տարածուեց:
27 Երբ Յիսուս յառաջ անցաւ անկէ, երկու կոյրեր հետեւեցան անոր՝ աղաղակելով. «Ողորմէ՜ մեզի, Դաւիթի՛ Որդի».
Եւ մինչ Յիսուս անցնում էր այն տեղով, երկու կոյրեր գնացին նրա յետեւից. նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դաւթի՛ Որդի»:
28 Երբ տուն հասաւ, կոյրերը եկան իրեն: Յիսուս ըսաւ անոնց. «Կը հաւատա՞ք թէ կրնամ ընել այս բանը»: Ըսին անոր. «Այո՛, Տէ՛ր»:
Երբ նա տուն եկաւ, կոյրերը մօտեցան նրան: Յիսուս նրանց ասաց. «Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»: Նրանք ասացին նրան՝ այո՛, Տէ՛ր:
29 Այն ատեն դպաւ անոնց աչքերուն եւ ըսաւ. «Թող ըլլայ ձեզի՝ ձեր հաւատքին համեմատ»:
Այն ժամանակ դիպաւ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»:
30 Անոնց աչքերը բացուեցան, ու Յիսուս ազդարարեց անոնց՝ ըսելով. «Զգուշացէ՛ք որ ո՛չ մէկը գիտնայ»:
Եւ բացուեցին նրանց աչքերը: Եւ Յիսուս նրանց խստիւ պատուիրեց եւ ասաց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ»:
31 Բայց անոնք մեկնելով տարածեցին անոր համբաւը այդ ամբողջ երկրին մէջ:
Իսկ նրանք ելան եւ նրա համբաւը տարածեցին ամբողջ այդ երկրում:
32 Երբ անոնք դուրս ելան, ահա՛ համր դիւահար մարդ մը բերին իրեն:
Եւ երբ նրանք դուրս եկան, ահա նրա մօտ բերեցին մի համր, դիւահար մարդ:
33 Երբ դեւը ելաւ, համրը խօսեցաւ: Ուստի բազմութիւնները զարմացան, ու կ՚ըսէին թէ բնա՛ւ այսպիսի բան երեւցած չէր Իսրայէլի մէջ:
Եւ երբ դեւը դուրս եկաւ, համրը խօսեց. եւ ժողովուրդը զարմացաւ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայէլում երբեք տեսնուած չէ»:
34 Բայց Փարիսեցիները կ՚ըսէին. «Ան դեւերուն իշխանո՛վ դուրս կը հանէ դեւերը»:
Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դա դեւերի իշխանի միջոցով է հանում դեւերին»:
35 Յիսուս կը շրջէր բոլոր քաղաքներն ու գիւղերը, կը սորվեցնէր անոնց ժողովարաններուն մէջ, կը քարոզէր արքայութեան աւետարանը, եւ կը բուժէր բոլոր ախտերն ու բոլոր վատառողջութիւնները ժողովուրդին մէջ:
Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան Աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները:
36 Եւ տեսնելով բազմութիւնները՝ գթաց անոնց վրայ, որովհետեւ պարտասած ու ցրուած էին՝ հովիւ չունեցող ոչխարներու պէս:
Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն:
37 Այն ատեն ըսաւ իր աշակերտներուն. «Հունձքը ի՛րապէս շատ է, բայց գործաւորները՝ քիչ.
Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ:
38 ուրեմն աղերսեցէ՛ք հունձքին Տէրոջ, որ գործաւորներ ուղարկէ իր հունձքին»:
Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»:

< ՄԱՏԹԷՈՍ 9 >