< ՄԱՏԹԷՈՍ 8 >

1 Երբ այդ լեռնէն վար իջաւ, մեծ բազմութիւններ հետեւեցան անոր:
Երբ Յիսուս իջաւ լեռից, նրա յետեւից շատ ժողովուրդ գնաց:
2 Եւ ահա՛ բորոտ մը եկաւ ու երկրպագեց անոր՝ ըսելով. «Տէ՛ր, եթէ ուզես՝ կրնա՛ս մաքրել զիս»:
Եւ ահա մի բորոտ մօտենալով՝ նրան երկրպագում էր ու ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»:
3 Յիսուս՝ երկարելով իր ձեռքը՝ դպաւ անոր եւ ըսաւ. «Կ՚ուզե՛մ, մաքրուէ՛»: Իսկոյն անոր բորոտութիւնը մաքրուեցաւ:
Յիսուս իր ձեռքը երկարեց, դիպցրեց նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը նրանից մաքրուեց:
4 Յիսուս ըսաւ անոր. «Զգուշացի՛ր, ո՛չ մէկուն ըսէ. հապա գնա՛, ցո՛յց տուր քեզ քահանային, ու մատուցանէ՛ Մովսէսի պատուիրած ընծան՝ վկայութիւն ըլլալու համար անոնց»:
Եւ Յիսուս նրան ասաց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛ դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ մատուցի՛ր Մովսէսի հրամայած ընծան՝ նրանց իբրեւ վկայութիւն»:
5 Երբ մտաւ Կափառնայում, հարիւրապետ մը քովը եկաւ, կ՚աղաչէր անոր
Կափառնայում մտնելիս նրան մօտեցաւ մի հարիւրապետ. աղաչում էր նրան
6 ու կ՚ըսէր. «Տէ՛ր, ծառաս՝ տունը անդամալոյծ պառկած՝ չարաչար կը տանջուի»:
եւ ասում. «Տէ՛ր, ծառաս տանը անդամալոյծ ընկած է եւ չարաչար տանջւում է»:
7 Յիսուս ըսաւ անոր. «Ես կու գամ եւ կը բուժեմ զինք»:
Յիսուս նրան ասաց. «Ես կը գամ եւ կը բժշկեմ նրան»:
8 Հարիւրապետը պատասխանեց. «Տէ՛ր, ես արժանի չեմ՝ որ դուն մտնես իմ յարկիս տակ. միայն ըսէ՛ խօսք մը, ու ծառաս պիտի բժշկուի:
Հարիւրապետը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ յարկի տակ մտնես. այլ խօսքո՛վ ասա, եւ իմ ծառան կը բժշկուի.
9 Որովհետեւ ե՛ս ալ իշխանութեան տակ մարդ եմ, եւ զինուորներ ունիմ իմ հրամանիս տակ: Ասոր կ՚ըսեմ. “Գնա՛”, ու կ՚երթայ. եւ միւսին. “Եկո՛ւր”, ու կու գայ. եւ ծառայիս. “Ըրէ՛ այս բանը”, ու կ՚ընէ»:
քանի որ ես էլ իշխանութեան տակ եղող մարդ եմ, ինձ ենթակայ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, եւ մի ուրիշին, թէ՝ ե՛կ, եւ գալիս է. եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս, եւ անում է»:
10 Երբ Յիսուս լսեց՝ զարմացաւ, եւ ըսաւ իր հետեւորդներուն. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի, Իսրայէլի մէջ անգամ ես չգտայ ա՛յսչափ մեծ հաւատք:
Երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ եւ իր հետ գնացողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի մէջ իսկ այսպիսի հաւատ չգտայ երբեք:
11 Ձեզի կը յայտարարեմ թէ արեւելքէն եւ արեւմուտքէն շատե՛ր պիտի գան ու պիտի բազմին երկինքի թագաւորութեան մէջ՝ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ,
Բայց ասում եմ ձեզ, որ արեւելքից եւ արեւմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայութեան մէջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ.
12 իսկ թագաւորութեան որդիները պիտի հանուին դուրսի խաւարը. հոն պիտի ըլլայ լաց ու ակռաներու կրճտում»:
իսկ արքայութեան որդիները պիտի ելնեն արտաքին խաւարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում»:
13 Յիսուս ըսաւ հարիւրապետին. «Գնա՛, եւ ինչպէս դուն հաւատացիր՝ այնպէս թող ըլլայ քեզի»: Նո՛յն ժամուն անոր ծառան բժշկուեցաւ:
Եւ Յիսուս հարիւրապետին ասաց. «Գնա՛, եւ ինչպէս հաւատացիր, այնպէս թող լինի քեզ»: Եւ այդ նոյն ժամին նրա ծառան առողջացաւ:
14 Երբ Յիսուս եկաւ Պետրոսի տունը, տեսաւ թէ անոր զոքանչը պառկած էր՝ տենդով հիւանդացած:
Յիսուս Պետրոսի տունը գալով՝ տեսաւ, որ նրա զոքանչը տաքութեան մէջ պառկած էր:
15 Բռնեց անոր ձեռքէն, ու տենդը թողուց զայն: Ան ալ ոտքի ելաւ եւ կը սպասարկէր անոնց:
Բռնեց նրա ձեռքից, եւ ջերմութիւնը նրան թողեց. ոտքի կանգնեց եւ ծառայում էր նրանց:
16 Երբ իրիկուն եղաւ, շատ դիւահարներ բերին անոր. խօսքով դուրս հանեց չար ոգիները, ու բուժեց բոլոր ախտաւորները,
Երբ երեկոյ եղաւ, նրա մօտ բազում դիւահարներ բերեցին, եւ նա խօսքով դեւերին հանեց ու բոլոր հիւանդներին բժշկեց,
17 որպէսզի իրագործուի Եսայի մարգարէին միջոցով ըսուած խօսքը. «Ան ստանձնեց մեր հիւանդութիւնները եւ կրեց մեր ախտերը»:
որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. «Նա մեր հիւանդութիւնները իր վրայ վերցրեց եւ մեր ցաւերը կրեց»:
18 Յիսուս՝ տեսնելով իր շուրջը մեծ բազմութիւններ՝ հրամայեց որ երթան միւս եզերքը:
Յիսուս իր շուրջը բազում ժողովուրդ տեսնելով՝ հրամայեց միւս կողմ գնալ:
19 Դպիր մը մօտենալով՝ ըսաւ անոր. «Վարդապե՛տ, պիտի հետեւիմ քեզի՝ ո՛ւր որ երթաս»:
Եւ մի օրէնսգէտ, մօտենալով, ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո յետեւից կը գամ, ուր էլ որ գնաս»:
20 Յիսուս ըսաւ անոր. «Աղուէսները որջեր ունին, ու երկինքի թռչունները՝ բոյներ, բայց մարդու Որդին տե՛ղ մը չունի, ուր հանգչեցնէ իր գլուխը»:
Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջ ունեն, եւ երկնքի թռչունները՝ բոյն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»:
21 Ուրիշ մը, որ անոր աշակերտներէն էր, ըսաւ անոր. «Տէ՛ր, արտօնէ՛ ինծի, որ նախ երթամ՝ թաղեմ հայրս»:
Եւ իր աշակերտներից մէկն ասաց. «Տէ՛ր, ինձ թո՛յլ տուր, որ գնամ նախ իմ հօրը թաղեմ»:
22 Յիսուս ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի, եւ թո՛ղ մեռելներուն՝ թաղել իրենց մեռելները»:
Յիսուս նրան ասաց. «Դու իմ յետեւի՛ց արի եւ թո՛յլ տուր, որ մեռեալնե՛րը թաղեն իրենց մեռելներին»:
23 Երբ նաւ մտաւ, իր աշակերտները հետեւեցան իրեն:
Երբ նա նաւակ մտաւ, նրա յետեւից գնացին իր աշակերտները:
24 Եւ ահա՛ մեծ ալեկոծութիւն մը եղաւ ծովուն մէջ, ա՛յնքան՝ որ նաւը կը ծածկուէր ալիքներէն. իսկ ինք կը քնանար:
Եւ ահա ծովի վրայ մեծ փոթորիկ առաջացաւ, այնքան, որ նաւակը ծածկուեց ալիքներից: Իսկ ինքը ննջում էր:
25 Աշակերտները գացին իր մօտ, արթնցուցին զինք եւ ըսին. «Տէ՛ր, փրկէ՛ մեզ, ահա՛ կը կորսուինք»:
Եւ աշակերտները մօտենալով՝ վեր կացրին նրան ու ասացին. «Տէ՛ր, փրկի՛ր մեզ, որովհետեւ կորչում ենք»:
26 Ինք ալ ըսաւ անոնց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ այդպէս երկչոտ էք»: Այն ատեն ոտքի ելաւ, սաստեց հովերն ու ծովը, եւ մեծ խաղաղութիւն եղաւ:
Նրանց ասաց. «Ինչո՞ւ էք վախկոտ, թերահաւատնե՛ր»: Այն ժամանակ, վեր կենալով, սաստեց հողմերին եւ ծովին, ու մեծ խաղաղութիւն եղաւ:
27 Մարդիկ զարմացան, ու կ՚ըսէին իրարու. «Ինչպիսի՜ մարդ է ասիկա, որ նոյնիսկ հովերը եւ ծովը կը հնազանդին իրեն»:
Եւ մարդիկ զարմացան ու ասում էին. «Ինչպիսի՜ մէկն է սա, որ հողմերն ու ծովը հնազանդւում են սրան»:
28 Երբ անցաւ միւս եզերքը՝ Գերգեսացիներուն երկիրը, երկու դիւահարներ հանդիպեցան իրեն՝ գերեզմաններէն ելած, չափազանց դաժան, այնպէս որ ո՛չ մէկը կարող էր անցնիլ այդ ճամբայէն:
Եւ երբ այն կողմ, գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որեւէ մէկը չէր կարող անցնել:
29 Եւ ահա՛ աղաղակեցին. «Դուն ի՞նչ գործ ունիս մեզի հետ, Յիսո՛ւս, Աստուծո՛յ Որդի. ատենէն առաջ մեզ տանջելո՞ւ համար եկար հոս»:
Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր եւ քո միջեւ, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծու, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»:
30 Անոնցմէ հեռու՝ խոզերու մեծ երամակ մը կար, որ կ՚արածէր:
Եւ նրանցից քիչ հեռու արօտական խոզերի մի երամակ կար:
31 Դեւերը կ՚աղաչէին իրեն ու կ՚ըսէին. «Եթէ հանես մեզ, արտօնէ՛ մեզի՝ որ երթանք մտնենք խոզերու երամակին մէջ»:
Եւ դեւերը աղչում էին նրան ու ասում. «Թէ մեզ այստեղից հանես, մեզ թո՛յլ տուր գնալ խոզերի երամակը»:
32 Ըսաւ անոնց. «Գացէ՛ք»: Երբ անոնք դուրս ելան, գացին խոզերու երամակին մէջ, եւ ահա՛ ամբողջ երամակը գահավէժ տեղէն ծովը վազեց ու ջուրերուն մէջ մեռաւ:
Եւ նա նրանց ասաց՝ գնացէ՛ք: Դեւերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ: Եւ ամբողջ երամակը դարաւանդից դիմեց դէպի ծով, ու ջրերի մէջ սատկեցին:
33 Խոզարածներն ալ փախան, եւ քաղաքը երթալով՝ պատմեցին ամէն ինչ, նաեւ դիւահարներուն պատահած բաները:
Իսկ խոզարածները փախան եւ քաղաք գնալով՝ պատմեցին ամէն ինչ, նաեւ՝ դիւահարների դէպքը:
34 Ուստի ամբողջ քաղաքը դուրս ելաւ՝ դիմաւորելու Յիսուսը, ու երբ տեսան զինք՝ աղաչեցին որ մեկնի իրենց հողամասէն:
Եւ ահա ամբողջ քաղաքը Յիսուսին ընդառաջ ելաւ. երբ նրան տեսան, աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռու գնայ:

< ՄԱՏԹԷՈՍ 8 >