< ՄԱՏԹԷՈՍ 5 >

1 Տեսնելով բազմութիւնները՝ լեռը ելաւ: Երբ նստաւ, իր աշակերտները քովը գացին,
Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները.
2 եւ իր բերանը բանալով՝ կը սորվեցնէր անոնց ու կ՚ըսէր.
եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.
3 «Երանի՜ հոգիով աղքատներուն, որովհետեւ երկինքի թագաւորութիւնը անո՛նցն է:
- Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:
4 Երանի՜ սգաւորներուն, որովհետեւ անո՛նք պիտի մխիթարուին:
- Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն:
5 Երանի՜ հեզերուն, որովհետեւ անո՛նք պիտի ժառանգեն երկիրը:
- Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն:
6 Երանի՜ անոնց՝ որ անօթութիւն ու ծարաւ ունին արդարութեան, որովհետեւ անո՛նք պիտի կշտանան:
- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան:
7 Երանի՜ ողորմածներուն, որովհետեւ անո՛նք ողորմութիւն պիտի գտնեն:
- Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն:
8 Երանի՜ անոնց՝ որ սիրտով մաքուր են, որովհետեւ անո՛նք պիտի տեսնեն Աստուած:
- Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:
9 Երանի՜ խաղաղարարներուն, որովհետեւ անո՛նք Աստուծոյ որդիներ պիտի կոչուին:
- Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն:
10 Երանի՜ անոնց՝ որ հալածուած են արդարութեան համար, որովհետեւ երկինքի թագաւորութիւնը անո՛նցն է:
- Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:
11 Երանի՜ ձեզի, երբ կը նախատեն ձեզ ու կը հալածեն, եւ ստութեամբ ձեզի դէմ ամէն տեսակ չար խօսքեր կ՚ըսեն՝ իմ պատճառովս:
- Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն:
12 Ուրախացէ՛ք եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձատրութիւնը շատ է երկինքը. քանի որ ա՛յս կերպով հալածեցին ձեզմէ առաջ եղած մարգարէները»:
Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել:
13 «Դո՛ւք էք երկրի աղը. եթէ աղը կորսնցնէ իր համը, ինք ինչո՞վ պիտի աղուի: Անկէ ետք ո՛չ մէկ ազդեցութիւն կ՚ունենայ, հապա դուրս կը նետուի եւ կը կոխկռտուի մարդոց ոտքին տակ:
«Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ՚աղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի:
14 Դո՛ւք էք աշխարհի լոյսը. քաղաք մը՝ որ լերան վրայ կը գտնուի՝՝, չի կրնար պահուիլ:
Դո՛ւք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել:
15 Ու ճրագը չեն վառեր եւ դներ գրուանի տակ, հապա՝ աշտանակի՛ վրայ, որ լուսաւորէ բոլոր տան մէջ եղողները:
Եւ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մէջ են:
16 Ձեր լոյսը ա՛յնպէս թող փայլի մարդոց առջեւ, որ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառաբանեն ձեր Հայրը՝ որ երկինքն է»:
Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»:
17 «Մի՛ կարծէք թէ եկայ՝ աւրելու Օրէնքը կամ Մարգարէները: Եկայ ո՛չ թէ աւրելու, հապա՝ գործադրելու:
«Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու:
18 Որովհետեւ ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Մինչեւ որ երկինքն ու երկիրը անցնին, Օրէնքէն յովտ մը կամ նշանագիր մը պիտի չանցնի՝ մինչեւ որ բոլորն ալ կատարուին”:
Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, - որ մի նշանախեց է, - Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի:
19 Ուրեմն ո՛վ որ այս ամենափոքր պատուիրաններէն մէկը լուծէ եւ մարդոց ա՛յնպէս սորվեցնէ, անիկա ամենափոքր պիտի կոչուի երկինքի թագաւորութեան մէջ. բայց ո՛վ որ գործադրէ ու սորվեցնէ, անիկա մեծ պիտի կոչուի երկինքի թագաւորութեան մէջ:
Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի եւ կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի:
20 Որովհետեւ կը յայտարարեմ ձեզի. “Եթէ ձեր արդարութիւնը չգերազանցէ դպիրներու եւ Փարիսեցիներու արդարութիւնը, բնա՛ւ պիտի չմտնէք երկինքի թագաւորութիւնը”»:
Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի:
21 «Լսեր էք թէ ըսուեցաւ նախնիքներուն. “Մի՛ սպաններ”: Ո՛վ որ սպաննէ, արժանի պիտի ըլլայ դատաստանի:
Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի:
22 Բայց ես կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ զուր տեղը բարկանայ իր եղբօր դէմ՝ արժանի պիտի ըլլայ դատաստանի: Ո՛վ որ "ապուշ" ըսէ իր եղբօր՝ արժանի պիտի ըլլայ ատեանի դատապարտութեան: Ո՛վ որ "յիմար" ըսէ իր եղբօր՝ արժանի պիտի ըլլայ գեհենի կրակին”: (Geenna g1067)
Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին: (Geenna g1067)
23 Ուրեմն եթէ քու ընծադ զոհասեղանին վրայ բերես, ու հոն յիշես թէ եղբայրդ բա՛ն մը ունի քեզի դէմ,
Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի,
24 հո՛ն ձգէ ընծադ՝ զոհասեղանին առջեւ. նա՛խ գնա՝ հաշտուէ՛ եղբօրդ հետ, եւ ա՛յն ատեն եկուր՝ որ մատուցանես ընծադ:
քո ընծան թո՛ղ սեղանի առաջ եւ գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ եւ ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր:
25 Շուտո՛վ համաձայնէ քու ոսոխիդ հետ, մինչ ճամբան ես անոր հետ, որպէսզի հակառակորդդ չյանձնէ քեզ դատաւորին, ու դատաւորը՝ ոստիկանին, եւ բանտը չնետուիս:
Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի եւ քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, եւ դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես:
26 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Բնա՛ւ դուրս պիտի չելլես անկէ, մինչեւ որ վճարես վերջին նաքարակիտը”»:
Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ չվճարես վերջին դահեկանը:
27 «Լսեր էք թէ ըսուեցաւ. “Շնութիւն մի՛ ըներ”:
Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար».
28 Բայց ես կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ կը նայի կնոջ մը՝ անոր ցանկալու համար, արդէ՛ն անիկա իր սիրտին մէջ շնութիւն ըրած է անոր հետ”:
իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում:
29 Ուստի եթէ աջ աչքդ կը գայթակղեցնէ քեզ, հանէ՛ զայն ու նետէ՛ քեզմէ. որովհետեւ աւելի օգտակար է քեզի՝ որ անդամներէդ մէկը կորսուի, բայց ամբողջ մարմինդ չնետուի գեհենը: (Geenna g1067)
Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: (Geenna g1067)
30 Եթէ աջ ձեռքդ կը գայթակղեցնէ քեզ, կտրէ՛ զայն ու նետէ՛ քեզմէ. որովհետեւ աւելի օգտակար է քեզի՝ որ անդամներէդ մէկը կորսուի, ու ամբողջ մարմինդ չնետուի գեհենը»: (Geenna g1067)
Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: (Geenna g1067)
31 «Նաեւ ըսուեցաւ. “Ո՛վ որ արձակէ իր կինը, թող տայ անոր ամուսնալուծումի վկայագիր մը”:
Արդարեւ ասուել է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ»:
32 Բայց ես կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ կ՚արձակէ իր կինը՝ առանց պոռնկութեան պատճառի, ի՛նք շնութիւն ընել կու տայ անոր, եւ ո՛վ որ կ՚ամուսնանայ արձակուածին հետ՝ շնութիւն կ՚ընէ”»:
Իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, նա՛ է, որ նրան շնութեան է մղում. եւ ով որ արձակուածին է առնում, շնանում է:
33 «Լսեր էք դարձեալ թէ ըսուեցաւ նախնիքներուն. “Սուտ երդում մի՛ ըներ, հապա հատուցանէ՛ Տէրոջ ըրած երդումներդ”:
Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. «Երդմնազանց մի՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդուել ես»:
34 Բայց ես կը յայտարարեմ ձեզի. “Երբե՛ք երդում մի՛ ընէք, ո՛չ երկինքի վրայ՝ որ Աստուծոյ գահն է,
Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենեւի՛ն չերդուել. ո՛չ երկնքի վրայ, որովհետեւ Աստծու աթոռն է,
35 ո՛չ երկրի վրայ՝ որ անոր ոտքերուն պատուանդանն է, ո՛չ Երուսաղէմի վրայ՝ որ Մեծ Թագաւորին քաղաքն է,
ո՛չ երկրի վրայ, որովհետեւ նրա ոտքերին պատուանդան է, եւ ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է:
36 ո՛չ ալ գլուխիդ վրայ երդում ըրէ, որովհետեւ չես կրնար մէ՛կ մազ ճերմկցնել կամ սեւցնել:
Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել:
37 Հապա ձեր խօսքը ըլլայ՝ այո՛ն՝ այո՛, եւ ո՛չը՝ ո՛չ. ասկէ աւելին յառաջ կու գայ Չարէն”»:
Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է:
38 «Լսեր էք թէ ըսուեցաւ. “Աչքի տեղ՝ աչք, եւ ակռայի տեղ՝ ակռայ”:
Լսել էք՝ ինչ ասուեց. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»:
39 Բայց ես կը յայտարարեմ ձեզի. “Չարին մի՛ դիմադրեր. հապա ո՛վ որ ապտակէ աջ այտիդ, դարձո՛ւր անոր միւսն ալ:
Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու:
40 Եթէ մէկը ուզէ դատ վարել քեզի հետ ու բաճկոնդ առնել, թո՛ղ տուր անոր հանդերձդ ալ:
Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող:
41 Եւ ո՛վ որ ստիպէ քեզ մղոն մը երթալ, գնա՛ անոր հետ երկու մղոն:
Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա:
42 Տո՛ւր քեզմէ ուզողին, ու երես մի՛ դարձներ անկէ՝ որ կ՚ուզէ փոխ առնել քեզմէ”»:
Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից:
43 «Լսեր էք թէ ըսուեցաւ. “Սիրէ՛ ընկերդ եւ ատէ՛ թշնամիդ”:
Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»:
44 Բայց ես կը յայտարարեմ ձեզի. “Սիրեցէ՛ք ձեր թշնամիները, օրհնեցէ՛ք ձեզ անիծողները, բարի՛ք ըրէք անոնց՝ որ կ՚ատեն ձեզ, եւ աղօթեցէ՛ք անոնց համար՝ որ կը պախարակեն ու կը հալածեն ձեզ,
Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում,
45 որպէսզի ըլլաք ձեր երկնաւոր Հօր որդիները. որովհետեւ իր արեւը կը ծագեցնէ թէ՛ չարերուն եւ թէ բարիներուն վրայ, եւ անձրեւ կը ղրկէ թէ՛ արդարներուն եւ թէ անարդարներուն վրայ:
որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ:
46 Որովհետեւ եթէ դուք սիրէք ձեզ սիրողները, ի՞նչ վարձատրութիւն կ՚ունենաք. մաքսաւորնե՛րն ալ նոյնը չե՞ն ըներ:
Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում:
47 Ու եթէ բարեւէք միայն ձեր եղբայրները, ի՞նչ աւելի կ՚ընէք ուրիշներէն. մաքսաւորնե՛րն ալ նոյնը չե՞ն ըներ:
Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում:
48 Ուրեմն դուք կատարեա՛լ եղէք, ինչպէս ձեր երկնաւոր Հայրը կատարեալ է”»:
Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»:

< ՄԱՏԹԷՈՍ 5 >