< ՄԱՏԹԷՈՍ 4 >

1 Այն ատեն Յիսուս անապատը տարուեցաւ Սուրբ Հոգիէն՝ Չարախօսէն փորձուելու համար:
Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու:
2 Քառասուն ցերեկ ու քառասուն գիշեր ծոմ պահելէ ետք՝ անօթեցաւ:
Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց:
3 Եւ Փորձիչը մօտենալով անոր՝ ըսաւ. «Եթէ դուն Աստուծոյ Որդին ես, ըսէ՛ որ այս քարերը հաց ըլլան»:
Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. «Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»:
4 Ան ալ պատասխանեց. «Գրուած է. “Միայն հացով չէ որ մարդը պիտի ապրի, հապա ամէն խօսքով՝ որ կ՚ելլէ Աստուծոյ բերանէն”»:
Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»:
5 Այն ատեն Չարախօսը առաւ տա֊րաւ զայն սուրբ քաղաքը, կայնեցուց զայն տաճարին աշտարակին վրայ,
Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան.
6 եւ ըսաւ անոր. «Եթէ դուն Աստուծոյ Որդին ես, վա՛ր նետէ քեզ ասկէ. որովհետեւ գրուած է. “Իր հրեշտակներուն պիտի հրահանգէ քեզի համար, որ իրենց ձեռքերուն վրայ կրեն քեզ, որպէսզի քարի՛ մը չզարնես ոտքդ”»:
«Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետեւ գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»:
7 Յիսուս ըսաւ անոր. «Դարձեալ գրուած է. “Մի՛ փորձեր Տէրը՝ քու Աստուածդ”»:
Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես»:
8 Չարախօսը դարձեալ առաւ հանեց զայն չափազանց բարձր լեռ մը, ցոյց տուաւ անոր աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու անոնց փառքը,
Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց.
9 եւ ըսաւ անոր. «Ասոնք բոլորը պիտի տամ քեզի, եթէ իյնաս՝ երկրպագես ինծի»:
«Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»:
10 Այն ատեն Յիսուս ըսաւ անոր. «(Ետե՛ւս) գնա, Սատանա՛յ, որովհետեւ գրուած է. “Տէրո՛ջ՝ քու Աստուծոյդ երկրպագէ, ու միայն զի՛նք պաշտէ”»:
Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»:
11 Այն ատեն Չարախօսը թողուց զայն, եւ հրեշտակները մօտեցան ու սպասարկեցին անոր:
Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան:
12 Երբ Յիսուս լսեց թէ Յովհաննէս մատնուեցաւ, մեկնեցաւ Գալիլեա:
Եւ երբ Յիսուս լսեց, թէ Յովհաննէսը բանտարկուել է, մեկնեց գնաց Գալիլիա:
13 Ու ձգելով Նազարէթը՝ եկաւ բնակեցաւ Կափառնայում, ծովեզերեայ քաղաքը, Զաբուղոնի ու Նեփթաղիմի հողամասերուն մէջ,
Եւ թողնելով Նազարէթը՝ եկաւ բնակուեց Կափառնայումում, ծովեզերքի մօտ, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններում,
14 որպէսզի իրագործուի Եսայի մարգարէին միջոցով ըսուած խօսքը.
որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը.
15 «Զաբուղոնի երկիրն ու Նեփթաղիմի երկիրը, ծովու ճամբայով Յորդանանի միւս կողմը, հեթանոսներու Գալիլեան.
«Երկի՛ր Զաբուղոնի եւ երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի, միւս ա՛փը Յորդանանի, Գալիլիա՛ հեթանոսների,
16 խաւարի մէջ բնակող ժողովուրդը մեծ լոյս տեսաւ, եւ լոյս ծագեցաւ անոնց՝ որ կը բնակէին մահուան երկրին ու շուքին մէջ»:
խաւարի մէջ նստած ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. եւ լոյս ծագեց նրանց վրայ, որ նստում էին մահուան երկրի եւ ստուերների մէջ»:
17 Այդ ատենէն ետք Յիսուս սկսաւ քարոզել եւ ըսել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկինքի թագաւորութիւնը մօտեցած է»:
Դրանից յետոյ Յիսուս սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»:
18 Երբ Յիսուս կը քալէր Գալիլեայի ծովուն եզերքը, տեսաւ երկու եղբայրներ՝ Պետրոս կոչուած Սիմոնը, եւ անոր եղբայրը՝ Անդրէասը, որոնք ուռկան կը նետէին ծովը, որովհետեւ ձկնորս էին:
Մինչ Յիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսաւ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչւում, եւ նրա եղբայր Անդրէասին. ծովի մէջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին:
19 Ըսաւ անոնց. «Եկէ՛ք իմ ետեւէս, ու մարդո՛ց որսորդ ընեմ ձեզ»:
Եւ նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»:
20 Անոնք ալ իսկոյն թողուցին ուռկանները եւ հետեւեցան անոր:
Եւ նրանք իսկոյն թողնելով ուռկանները՝ գնացին նրա յետեւից:
21 Անկէ յառաջ երթալով՝ տեսաւ ուրիշ երկու եղբայրներ, Զեբեդեան Յակոբոսն ու անոր եղբայրը՝ Յովհաննէսը, որոնք նաւուն մէջ կը կարկտնէին իրենց ուռկանները, իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ: Կանչեց զանոնք.
Եւ այնտեղից առաջ գնալով, տեսաւ երկու այլ եղբայրների՝ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին, մինչ նաւակի մէջ էին իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ միասին եւ իրենց ուռկանները կարգի էին բերում. եւ նրանց էլ կանչեց:
22 անոնք ալ իսկոյն թողուցին նաւն ու իրենց հայրը, եւ հետեւեցան անոր:
Նրանք իսկոյն թողնելով նաւակը եւ իրենց հօրը՝ գնացին նրա յետեւից:
23 Յիսուս ամբողջ Գալիլեան շրջելով՝ կը սորվեցնէր անոնց ժողովարաններուն մէջ, կը քարոզէր արքայութեան աւետարանը, եւ ժողովուրդին մէջ կը բուժէր ամէն տեսակ ախտ ու ամէն տեսակ վատառողջութիւն:
Եւ Յիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան Աւետարանը եւ բժշկում ժողովրդի մէջ եղած բոլոր հիւանդութիւններն ու բոլոր ախտերը:
24 Անոր համբաւը տարածուեցաւ ամբողջ Սուրիայի մէջ, եւ բերին անոր բոլոր հիւանդները՝ որ զանազան ախտերով ու տանջանքներով կը տուայտէին, նաեւ դիւահարներ, լուսնոտներ, եւ անդամալոյծներ, ու բուժեց զանոնք:
Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում. եւ նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէսպէս ցաւերով ու տանջանքներով. ե՛ւ դիւահարների, ե՛ւ լուսնոտների, ե՛ւ անդամալոյծների. եւ նրանց բժշկեց:
25 Մեծ բազմութիւններ կը հետեւէին անոր՝ Գալիլեայէն, Դեկապոլիսէն, Երուսաղէմէն, Հրէաստանէն եւ Յորդանանի միւս կողմէն:
Եւ Գալիլիայից, Դեկապոլսից, Երուսաղէմից, Հրէաստանից եւ Յորդանանի միւս կողմից բազում ժողովուրդ նրա յետեւից էր գնում. եւ բժշկեց նրանց:

< ՄԱՏԹԷՈՍ 4 >