< ՄԱՏԹԷՈՍ 3 >

1 Այդ օրերը Յովհաննէս Մկրտիչը եկաւ, Հրէաստանի անապատին մէջ քարոզելով
Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում.
2 եւ ըսելով. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկինքի թագաւորութիւնը մօտեցած է»:
«Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»:
3 Ա՛յս է ա՛ն, որուն մասին Եսայի մարգարէն խօսեցաւ՝ ըսելով. «Անապատին մէջ գոչողին ձայնը. “Պատրաստեցէ՛ք Տէրոջ ճամբան, շտկեցէ՛ք անոր շաւիղները”»:
Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»:
4 Յովհաննէսի հագուստը ուղտի մազէ էր, իր մէջքին շուրջ՝ կաշիէ գօտի ունէր, եւ իր կերակուրը՝ մարախ ու վայրի մեղր էր:
Եւ ինքը՝ Յովհաննէսը, ուղտի մազից զգեստ ունէր եւ կաշուէ գօտի՝ իր մէջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր:
5 Այն ատեն Երուսաղէմէն, ամբողջ Հրէաստանէն եւ Յորդանանի ամբողջ շրջակայքէն կ՚երթային իրեն,
Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը,
6 կը մկրտուէին իրմէ՝ Յորդանանի մէջ, ու կը խոստովանէին իրենց մեղքերը:
մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը:
7 Երբ տեսաւ Փարիսեցիներէն եւ Սադուկեցիներէն շատեր՝ որ եկած էին իր մկրտութեան, ըսաւ. «Իժերո՛ւ ծնունդներ, ո՞վ իմացուց ձեզի՝ խուսափիլ գալիք բարկութենէն:
Եւ նա տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից:
8 Ուրեմն ապաշխարութեան արժանավայել պտո՛ւղ բերէք.
Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք.
9 ու մի՛ մտածէք ձեր մէջ ըսել. “Մենք Աբրահա՛մը ունինք իբր հայր”. որովհետեւ կը յայտարարեմ ձեզի թէ Աստուած կարող է այս քարերէ՛ն հանել Աբրահամի զաւակներ:
եւ մի՛ յաւակնէք ասել դուք ձեզ, թէ՝ Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել.
10 Կացինը արդէն իսկ դրուած է ծառերու արմատին քով. ուրեմն ամէն ծառ որ լաւ պտուղ չի բերեր, կը կտրուի ու կրակը կը նետուի:
որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրուած: Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում:
11 Արդարեւ ես կը մկրտեմ ձեզ ջուրով՝ ապաշխարութեան համար, բայց ա՛ն որ կու գայ իմ ետեւէս՝ ինձմէ հզօր է, ու ես արժանի չեմ անոր կօշիկները կրելու. անիկա՛ պիտի մկրտէ ձեզ Սուրբ Հոգիով ու կրակով:
Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա,
12 Անոր հեծանոցը իր ձեռքն է. իր կալը պիտի մաքրէ եւ իր ցորենը պիտի ժողվէ ամբարը, իսկ յարդը պիտի այրէ անշէջ կրակով»:
որի քամհարը իր ձեռքում է, եւ կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում եւ յարդը կ՚այրի անշէջ կրակով»:
13 Այն ատեն Յիսուս եկաւ Գալիլեայէն Յորդանան՝ Յովհաննէսի, որպէսզի մկրտուի անկէ:
Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու:
14 Յովհաննէս կ՚արգիլէր զայն ու կ՚ըսէր. «Ե՛ս պէտք է որ մկրտուիմ քեզմէ, ու դո՞ւն կու գաս ինծի»:
Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»:
15 Յիսուս պատասխանեց անոր «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ ա՛յսպէս կը պատշաճի մեզի, որ գործադրենք արդարութիւնը իր ամբողջութեամբ»: Այն ատեն թոյլ տուաւ անոր:
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծու ամէն արդարութիւն»: Եւ ապա նրան թոյլ տուեց:
16 Երբ Յիսուս մկրտուեցաւ, իսկոյն դուրս ելաւ ջուրէն, եւ ահա՛ երկինքը բացուեցաւ ու տեսաւ Աստուծոյ Հոգին, որ աղաւնիի պէս կ՚իջնէր ու կու գար իր վրայ:
Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ:
17 Եւ ահա՛ ձայն մը եկաւ երկինքէն՝ որ կ՚ըսէր. «Ա՛յս է իմ սիրելի Որդիս՝ որուն հաճեցայ»:
Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»:

< ՄԱՏԹԷՈՍ 3 >