< ՄԱՏԹԷՈՍ 27 >

1 Երբ առտու եղաւ, բոլոր քահանայապետներն ու ժողովուրդին երէցները խորհրդակցեցան Յիսուսի դէմ՝ որ մեռցնեն զայն:
Երբ առաւօտ եղաւ, բոլոր քահանայապետները եւ ժողովրդի ծերերը խորհուրդ արեցին Յիսուսի դէմ՝ նրան սպանելու համար:
2 Երբ կապեցին զայն, տարին եւ մատնեցին Պոնտացի Պիղատոս կառավարիչին:
Նրան կապեցին, առան գնացին եւ յանձնեցին պոնտացի Պիղատոս կուսակալի ձեռքը:
3 Այն ատեն Յուդա, որ մատնեց զայն, տեսնելով որ դատապարտուեցաւ՝ զղջաց, վերադարձուց երեսուն կտոր արծաթը քահանայապետներուն ու երէցներուն,
Այն ժամանակ Յուդան, որ Յիսուսին մատնել էր, տեսնելով, որ Յիսուս դատապարտուեց, զղջաց, արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին եւ ժողովրդի ծերերին ու ասաց.
4 եւ ըսաւ. «Մեղանչեցի՝ անմեղ արիւն մատնելով»: Անոնք ըսին. «Մեզի ի՞նչ, դո՛ւն անդրադարձիր»:
«Մեղանչեցի, որովհետեւ արդար արիւն մատնեցի»: Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»:
5 Ան ալ ձգեց արծաթը տաճարին մէջ, դուրս ելաւ, ու գնաց՝ խեղդեց ինքզինք:
Եւ արծաթ դրամները նետեց տաճարի մէջ եւ հեռացաւ ու գնաց ինքն իրեն կախեց:
6 Քահանայապետներն ալ առնելով արծաթը՝ ըսին. «Արտօնուած չէ դնել ատիկա կորբանին մէջ՝՝, քանի որ արիւնի գին է»:
Իսկ քահանայապետները արծաթ դրամները վերցնելով՝ ասացին. «Օրինաւոր չէ դրանք ընդունել տաճարի գանձանակի մէջ, քանի որ արեան գին են»:
7 Եւ խորհրդակցեցան, ու գնեցին անով բրուտին արտը՝ օտարականներու գերեզմանատուն ըլլալու համար:
Եւ խորհուրդ անելով՝ դրանով գնեցին բրուտի ագարակը՝ որպէս գերեզման օտարների համար:
8 Ուստի այդ արտը կոչուեցաւ «Արիւնի արտ» մինչեւ այսօր:
Այդ պատճառով այդ ագարակը կոչուել է Արեան ագարակ՝ մինչեւ այսօր:
9 Այն ատեն իրագործուեցաւ Երեմիա մարգարէին միջոցով ըսուած խօսքը. «Եւ առին երեսուն կտոր արծաթը, գինը անոր՝ որ գնահատուած էր, որ Իսրայէլի որդիներէն ոմանք գնահատեցին,
Այն ժամանակ կատարուեց, ինչ ասուել էր Երեմիա մարգարէի բերանով. «Եւ առան երեսուն կտոր արծաթը՝ վաճառուածի գինը, որ նշանակուել էր իսրայէլացիներից,
10 ու տուին զայն բրուտին արտին, ինչպէս Տէրը հրամայեց ինծի»:
եւ այն տուեցին բրուտի ագարակի համար, ինչպէս Տէրը ինձ հրամայել էր»:
11 Յիսուս կայնեցաւ կառավարիչին առջեւ: Կառավարիչը հարցուց անոր. «Դո՞ւն ես Հրեաներուն թագաւորը»: Յիսուս ըսաւ անոր. «Դո՛ւն կ՚ըսես»:
Եւ Յիսուս կանգնեց կուսակալի առաջ. կուսակալը հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»: Եւ Յիսուս ասաց. «Դու ես ասում»:
12 Բայց ոչինչ պատասխանեց՝ երբ կ՚ամբաստանուէր քահանայապետներէն ու երէցներէն:
Իսկ երբ նա ամբաստանւում էր քահանայապետների ու ծերերի կողմից, ոչինչ չպատասխանեց:
13 Այն ատեն Պիղատոս ըսաւ անոր. «Չե՞ս լսեր, ո՜րքան կը վկայեն քեզի դէմ»:
Այն ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, ինչքան դրանք քո դէմ են վկայում»:
14 Բայց չպատասխանեց անոր. ո՛չ մէկ խօսք ըսաւ, այնպէս որ կառավարիչը մեծապէս զարմացաւ:
Եւ նրան չպատասխանեց եւ ոչ մի բան, այնպէս որ կուսակալը շատ զարմացաւ:
15 Տօնին ատենը կառավարիչը սովորութիւն ունէր բանտարկեալ մը արձակել բազմութեան, ո՛վ որ ուզէին:
Սակայն կուսակալը սովորութիւն ունէր տօնի առիթով ժողովրդի համար արձակել մի բանտարկեալ, ում նրանք կամենային:
16 Այն ատեն ունէին երեւելի բանտարկեալ մը՝ Բարաբբա կոչուած:
Այն ժամանակ ունէին մի նշանաւոր բանտարկեալ, որի անունը Յեսու Բարաբբա էր:
17 Ուրեմն երբ հաւաքուեցան՝ Պիղատոս ըսաւ անոնց. «Ո՞վ կ՚ուզէք որ արձակեմ ձեզի. Բարաբբա՞ն, թէ Յիսուսը՝ որ Քրիստոս կը կոչուի»:
Երբ հաւաքուեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ. Յեսու Բարաբբայի՞ն, թէ՞ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին».
18 Քանի որ գիտէր թէ նախանձի՛ համար մատնած էին զայն:
քանի որ Պիղատոսը գիտէր, որ նախանձից մատնել էին նրան:
19 Երբ ինք բազմած էր դատարանը, իր կինը մէկը ղրկեց իրեն եւ ըսաւ. «Դուն գործ մի՛ ունենար այդ արդարին հետ, որովհետեւ այսօր շատ չարչարուեցայ երազիս մէջ՝ անոր պատճառով»:
Եւ մինչ նա ատեան էր նստում, իր կինը նրան լուր ուղարկեց ու ասաց. «Քո եւ այդ արդարի միջեւ ոչինչ չկայ, որովհետեւ այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»:
20 Բայց քահանայապետներն ու երէցները համոզեցին բազմութիւնը, որ Բարաբբա՛ն խնդրեն եւ Յիսուսը կորսնցնեն:
Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ Բարաբբային ուզեն եւ Յիսուսին կորստեան մատնեն:
21 Կառավարիչը ըսաւ անոնց. «Այս երկուքէն ո՞վ կ՚ուզէք՝ որ արձակեմ ձեզի»:
Կուսակալը պատասխան տուեց ու ասաց նրանց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ»:
22 Անոնք ըսին. «Բարաբբա՛ն»: Պիղատոս ըսաւ անոնց. «Հապա ի՞նչ ընեմ Յիսուսը՝ որ Քրիստոս կը կոչուի»:
Եւ նրանք ասացին՝ Բարաբբային: Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին»:
23 Բոլորն ալ ըսին անոր. «Թող խաչուի»: Իսկ կառավարիչը ըսաւ. «Բայց ի՞նչ չարիք ըրած է»: Անոնք ա՛լ աւելի կ՚աղաղակէին. «Թող խաչուի»:
Ամէնքը ասացին՝ թող խաչուի: Եւ նա ասաց. «Ի՞նչ չար բան արեց»: Եւ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում՝ թող խաչուի:
24 Պիղատոս՝ տեսնելով թէ անօգուտ է, այլ մանաւանդ աղմուկ կը բարձրանայ՝՝, ջուր առաւ, ձեռքերը լուաց բազմութեան առջեւ եւ ըսաւ. «Ես անպարտ եմ այդ արդարին արիւնէն. դո՛ւք անդրադարձէք»:
Եւ Պիղատոսը տեսնելով, թէ ոչինչ չի օգնում, այլ է՛լ աւելի խռովութիւն է լինում, ջուր վերցնելով՝ լուաց ձեռքերը ժողովրդի առաջ ու ասաց. «Այդ արդարի արիւնից ես անմասն եմ. դո՛ւք գիտէք»:
25 Ամբողջ ժողովուրդը պատասխանեց. «Ատոր արիւնը թող ըլլայ մեր վրայ ու մեր զաւակներուն վրայ»:
Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Դրա արիւնը՝ մեր վրայ եւ մեր որդիների վրայ»:
26 Այն ատեն Բարաբբա՛ն արձակեց անոնց, եւ խարազանելով Յիսուսը՝ յանձնեց անոնց որպէսզի խաչուէր:
Այն ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային եւ Յիսուսին գանակոծել տալով՝ տուեց նրանց ձեռքը, որ խաչուի:
27 Այն ատեն՝ կառավարիչին զինուորները առին Յիսուսը պալատէն ներս, ու զինուորներուն ամբողջ գունդը հաւաքեցին անոր շուրջ:
Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին վերցրին տարան ապարանք եւ ամբողջ գունդը նրա գլխին հաւաքեցին:
28 Մերկացնելով զայն՝ հագցուցին անոր որդան կարմիր վերարկու մը,
Մերկացրին նրան եւ նրա վրայ կարմիր վերնազգեստ գցեցին:
29 եւ հիւսելով փուշէ պսակ մը՝ դրին անոր գլուխը, ու եղէգ մը՝ անոր աջ ձեռքը. եւ ծնրադրելով անոր առջեւ՝ կը ծաղրէին զայն ու կ՚ըսէին. «Ողջո՜յն, Հրեաներո՛ւ թագաւոր»:
Եւ փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին եւ մի եղէգ՝ նրա աջ ձեռքին. նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՜յն, հրեաների՛ թագաւոր»:
30 Եւ թքնելով անոր վրայ՝ կ՚առնէին եղէգը ու կը զարնէին անոր գլուխին:
Եւ թքելով նրա վրայ՝ եղէգն առնում էին ու խփում նրա գլխին:
31 Երբ ծաղրեցին զայն, հանեցին վրայէն վերարկուն, հագցուցին անոր իր հանդերձները, ու տարին զայն՝ որպէսզի խաչեն:
Եւ երբ նրան ծաղրուծանակի ենթարկեցին, նրա վրայից հանեցին քղամիդը ու նրան հագցրին իր զգեստը. եւ տարան նրան խաչը հանելու:
32 Դուրս ելլելով՝ գտան կիւրենացի մարդ մը՝ Սիմոն անունով, եւ ստիպեցին զայն որ վերցնէ անոր խաչը:
Եւ դուրս ելնելով՝ գտան կիւրենացի մի մարդ՝ Սիմոն անունով, ու նրան ստիպեցին, որ նա խաչը կրի:
33 Երբ եկան տեղ մը՝ Գողգոթա կոչուած, որ կը նշանակէ՝ Գանկի տեղ,
Եւ հասնելով Գողգոթա կոչուած տեղը, որ նշանակում է կառափնատեղի,
34 տուին անոր լեղիով խառնուած քացախ՝ որպէսզի խմէ: Երբ համտեսեց՝ չուզեց խմել:
Յիսուսին լեղի խառնած գինի տուեցին խմելու, եւ երբ համտեսեց, չկամեցաւ խմել:
35 Ապա խաչեցին զայն, ու վիճակ ձգելով՝ բաժնեցին անոր հանդերձները. (որպէսզի իրագործուի մարգարէին միջոցով խօսուածը. «Իմ հանդերձներս բաժնեցին իրենց մէջ, եւ իմ պատմուճանիս վրայ վիճակ ձգեցին»: )
Եւ նրան խաչը հանելով՝ բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպէսզի կատարուի այն խօսքը, որ ասուեց մարգարէի կողմից. «Իմ զգեստները բաժանեցին իրենց մէջ եւ իմ պատմուճանի վրայ վիճակ էին գցում»:
36 Ու նստած՝ կը պահէին զայն.
Ու նստած՝ նրան պահպանում էին:
37 եւ անոր գլուխին վրայ դրին իր ամբաստանագիրը. «Ա՛յս է Յիսուսը, Հրեաներուն թագաւորը»:
Եւ նրա գլխի վերեւը դրեցին նրա յանցապարտութեան գիրը, թէ՝ սա՛ է Յիսուսը՝ հրեաների թագաւորը:
38 Այն ատեն երկու աւազակներ խաչուեցան անոր հետ, մէկը՝ աջ կողմը, միւսը՝ ձախ կողմը:
Միեւնոյն ժամանակ նրա հետ խաչը հանեցին երկու աւազակներ՝ մէկը նրա աջից, եւ միւսը՝ ձախից:
39 Անոնք որ կ՚անցնէին՝ կը հայհոյէին անոր, իրենց գլուխը կը շարժէին
Եւ մօտով անցնողները հայհոյում էին նրան, շարժում էին գլուխներն ու ասում.
40 ու կ՚ըսէին. «Դո՛ւն, որ կը քակէիր տաճարը եւ կը կառուցանէիր երեք օրուան մէջ, փրկէ՛ դուն քեզ: Եթէ Աստուծոյ Որդին ես, իջի՛ր այդ խաչէն»:
«Վա՛հ, դու որ քանդում էիր տաճարը եւ երեք օրից այն շինում, փրկի՛ր քեզ. եթէ Աստծու Որդի ես, իջի՛ր այդ խաչից»:
41 Նմանապէս քահանայապետներն ալ՝ դպիրներուն ու երէցներուն հետ ծաղրելով կ՚ըսէին.
Նոյնպէս եւ քահանայապետները, օրէնսգէտներով ու ծերերով հանդերձ, ծաղրում էին նրան ու ասում.
42 «Ուրիշները փրկեց, ինքզի՛նք չի կրնար փրկել: Եթէ Իսրայէլի թագաւոր է, հի՛մա թող իջնէ խաչէն, եւ հաւատանք իրեն:
«Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել. եթէ Իսրայէլի թագաւոր է, հիմա թող այդ խաչից իջնի. եւ դրան կը հաւատանք:
43 Աստուծոյ վստահած էր. հի՛մա թող ազատէ զինք՝ եթէ կ՚ուզէ զինք, որովհետեւ ըսաւ. “Ես Աստուծոյ Որդին եմ”»:
Եթէ դա յոյսը դրել էր Աստծու վրայ, թող նա այժմ դրան փրկի, եթէ ուզում է դրան. քանի որ ասաց, թէ՝ Աստծու Որդի եմ»:
44 Իրեն հետ խաչուած աւազակներն ալ նոյնպէս կը նախատէին զայն:
Նրա հետ խաչուած աւազակներն էլ էին նոյն ձեւով նախատում նրան:
45 Վեցերորդ ժամէն՝՝ մինչեւ իններորդ ժամը՝ խաւար եղաւ ամբողջ երկրին վրայ:
Եւ կէսօրին ամբողջ երկրի վրայ խաւար եղաւ մինչեւ ժամը երեքը:
46 Ժամը իննի ատենները Յիսուս բարձրաձայն աղաղակեց. «Էլի՜, Էլի՜, լամա՞ սաբաքթանի», որ ըսել է. «Իմ Աստուա՜ծս, իմ Աստուա՜ծս, ինչո՞ւ լքեցիր զիս»:
Ժամը երեքի մօտ Յիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ:
47 Հոն կայնողներէն ոմանք՝ երբ լսեցին՝ ըսին. «Ասիկա Եղիա՛ն կը կանչէ»:
Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Դա Եղիային է կանչում»:
48 Իսկոյն անոնցմէ մէկը վազեց, առաւ սպունգ մը, լեցուց քացախով, եւ անցընելով եղէգի մը՝ տուաւ անոր որ խմէ:
Եւ նրանցից մէկը իսկոյն վազեց, քացախով թաթախուած սպունգ վերցրեց եւ մի եղէգի վրայ անցկացնելով՝ տուեց նրան, որ խմի:
49 Միւսները ըսին. «Թո՛ղ, տեսնենք թէ Եղիա պիտի գա՞յ՝ փրկելու զայն»:
Իսկ ուրիշներ ասում էին. «Թո՛ղ, տեսնենք, թէ Եղիան կը գա՞յ, որ դրան փրկի»:
50 Յիսուս դարձեալ բարձրաձայն աղաղակեց ու հոգին աւանդեց:
Եւ Յիսուս դարձեալ բարձր ձայնով աղաղակեց եւ հոգին աւանդեց:
51 Եւ ահա՛ տաճարին վարագոյրը երկուքի պատռեցաւ՝ վերէն վար, երկիրը շարժեցաւ, ժայռերը ճեղքուեցան,
Եւ ահա տաճարի վարագոյրը վերեւից մինչեւ ներքեւ երկուսի պատռուեց, եւ երկիրը շարժուեց, եւ ժայռեր ճեղքուեցին,
52 գերեզմանները բացուեցան, ու շատ մը սուրբ ննջեցեալներու մարմիններ յարութիւն առին.
եւ գերեզմանները բացուեցին, եւ ննջեցեալ սրբերի բազում մարմիններ յարութիւն առան
53 եւ գերեզմաններէն ելան անոր յարութենէն ետք, մտան սուրբ քաղաքը ու երեւցան շատերու:
ու նրա յարութիւնից յետոյ գերեզմաններից ելնելով մտան սուրբ քաղաքը եւ շատերին երեւացին:
54 Բայց հարիւրապետը եւ անոր հետ Յիսուսը պահողները, երբ տեսան երկրաշարժն ու պատահածները՝ չափազանց վախցան, եւ ըսին. «Ճշմա՛րտապէս ասիկա Աստուծոյ Որդին էր»:
Իսկ հարիւրապետը եւ նրանք, որ իր հետ Յիսուսին պահպանում էին, երբ տեսան երկրաշարժը եւ պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Արդարեւ, Աստծու Որդի էր սա»:
55 Հոն շատ կիներ կային, որոնք հեռուէն կը նայէին. անոնք Յիսուսի հետեւեր էին Գալիլեայէն՝ իրեն սպասարկելու:
Այնտեղ շատ կանայք կային, որոնք կանգնած հեռուից նայում էին եւ որոնք Գալիլիայից եկել էին Յիսուսի յետեւից՝ նրան ծառայելու համար.
56 Անոնց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Յակոբոսի ու Յովսէսի մայրը՝ Մարիամ, եւ Զեբեդէոսի որդիներուն մայրը:
նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Յակոբի եւ Յովսէի մայր Մարիամը եւ Զեբեդէոսի որդիների մայրը:
57 Երբ իրիկուն եղաւ՝ հարուստ մարդ մը եկաւ Արիմաթեայէն, որուն անունը Յովսէփ էր, եւ ի՛նք ալ Յիսուսի աշակերտ էր:
Երբ երեկոյ եղաւ, եկաւ Յովսէփ անունով արիմաթիացի մի մեծահարուստ մարդ, որ Յիսուսին աշակերտել էր:
58 Ան՝ երթալով Պիղատոսի քով՝ խնդրեց Յիսուսի մարմինը. այն ատեն Պիղատոս հրամայեց՝ որ մարմինը տրուի:
Սա Պիղատոսի մօտ գնալով՝ Յիսուսի մարմինը խնդրեց: Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրուի:
59 Յովսէփ առաւ մարմինը, փաթթեց մաքուր կտաւով,
Եւ Յովսէփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտաւով
60 ու դրաւ իր նոր գերեզմանին մէջ՝ որ փորած էր ժայռի մէջ. եւ մեծ քար մը գլորելով գերեզմանին դուռը՝ գնաց:
եւ դրեց նոր գերեզմանի մէջ, որ փորել էր տուել ժայռի մէջ: Եւ մի մեծ քար, որպէս կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց:
61 Մարիամ Մագդաղենացին ու միւս Մարիամը հոն էին՝ գերեզմանին դիմաց նստած:
Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց:
62 Հետեւեալ օրը, որ Ուրբաթէն ետք էր, քահանայապետներն ու Փարիսեցիները հաւաքուեցան Պիղատոսի քով,
Եւ հետեւեալ օրը, որ ուրբաթի յաջորդ օրն է, քահանայապետներն ու փարիսեցիները հաւաքուեցին Պիղատոսի մօտ ու ասացին.
63 եւ ըսին. «Տէ՛ր, կը յիշենք թէ այդ մոլորեցուցիչը, մինչ տակաւին ողջ էր, կ՚ըսէր. “Յարութիւն պիտի առնեմ երեք օրէն”:
«Տէ՛ր, յիշեցինք, թէ այն մոլորեցնողը, քանի կենդանի էր, ասում էր, թէ՝ երեք օրից յարութիւն պիտի առնեմ:
64 Ուրեմն հրամայէ՛, որ գերեզմանը ապահովուի՝ մինչեւ երրորդ օրը. որպէսզի իր աշակերտները չգան գիշերուան մէջ, չգողնան զայն եւ չըսեն ժողովուրդին. “Մեռելներէն յարութիւն առաւ”, ու վերջին մոլորութիւնը աւելի գէշ ըլլայ քան առաջինը»:
Արդ, հրամայի՛ր, որ մինչեւ երեք օր գերեզմանի ապահովութեանը հոգ տարուի. գուցէ աշակերտները գիշերով գան եւ գողանան նրան ու ժողովրդին ասեն, թէ՝ մեռելներից յարութիւն առաւ. եւ վերջին մոլորութիւնը աւելի վատ լինի, քան առաջինը»:
65 Պիղատոս ըսաւ անոնց. «Դուք պահակազօրք ունիք. գացէ՛ք, ապահովեցէ՛ք՝ ի՛նչպէս որ կ՚ուզէք»:
Պիղատոսը նրանց ասաց. «Զինուորներ ունէք. գնացէ՛ք ապահովութեանը հոգ տարէք, ինչպէս որ գիտէք»:
66 Անոնք ալ գացին եւ ապահովեցին գերեզմանը՝ քարը կնքելով ու պահակազօրքով:
Եւ նրանք գնացին գերեզմանի ապահովութեանը հոգ տանելու եւ վէմը կնքեցին՝ զինուորներ նշանակելով:

< ՄԱՏԹԷՈՍ 27 >