< ՄԱՏԹԷՈՍ 26 >

1 Երբ Յիսուս աւարտեց այս բոլոր խօսքերը, ըսաւ իր աշակերտներուն.
Երբ Յիսուս այս բոլոր խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց.
2 «Գիտէք թէ երկու օր ետք՝ Զատիկ պիտի ըլլայ, ու մարդու Որդին պիտի մատնուի՝ խաչուելու համար»:
«Գիտէք, որ երկու օր յետոյ զատիկ է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»:
3 Այն ատեն քահանայապետները, դպիրները եւ ժողովուրդին երէցները հաւաքուեցան գաւիթը քահանայապետին՝ որ Կայիափա կը կոչուէր,
Այն ժամանակ քահանայապետները եւ օրէնսգէտներն ու ժողովրդի ծերերը հաւաքուեցին Կայիափա անունով քահանայապետի դահլիճը
4 ու խորհրդակցեցան նենգութեամբ բռնել Յիսուսը եւ սպաննել:
եւ խորհուրդ արեցին, որպէսզի նենգութեամբ բռնեն Յիսուսին ու սպանեն:
5 Բայց կ՚ըսէին. «Ո՛չ տօնին ատենը, որպէսզի աղմուկ չըլլայ ժողովուրդին մէջ»:
Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»:
6 Երբ Յիսուս Բեթանիա էր, բորոտ Սիմոնի տունը,
Երբ Յիսուս եկաւ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը,
7 կին մը՝ որ ունէր թանկարժէք օծանելիքի ալապաստրէ շիշ մը՝ եկաւ անոր ու թափեց զայն անոր գլուխին վրայ, երբ ան սեղան նստած էր:
նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, եւ թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել:
8 Անոր աշակերտները տեսնելով՝ ընդվզեցան եւ ըսին. «Ինչո՞ւ այս վատնումը.
Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը,
9 քանի որ այդ օծանելիքը կրնար սուղ գինով ծախուիլ ու աղքատներուն տրուիլ»:
քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»:
10 Յիսուս հասկնալով՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ կ՚անհանգստացնէք կինը. ան լա՛ւ գործ մը ըրաւ ինծի:
Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց.
11 Որովհետեւ ամէ՛ն ատեն ունիք աղքատները ձեզի հետ, բայց ամէն ատեն չունիք զիս:
աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ միշտ ձեզ հետ չէք ունենայ:
12 Ա՛ն որ թափեց այդ օծանելիքը մարմինիս վրայ, ըրաւ իմ թաղումի՛ս համար:
Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց:
13 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ամբողջ աշխարհի մէջ՝ ո՛ւր որ այս աւետարանը քարոզուի, ասոր ըրածն ալ պիտի պատմուի՝ իր յիշատակին համար”»:
Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Աւետարանը քարոզուի, պիտի պատմուի դրա յիշատակին, նաեւ ինչ որ դա արեց»:
14 Այն ատեն տասներկուքէն մէկը, որ կը կոչուէր Յուդա Իսկարիովտացի, գնաց քահանայապետներուն եւ ըսաւ.
Այն ժամանակ Տասներկուսից մէկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչուածը, գնաց քահանայապետների մօտ ու ասաց.
15 «Ի՞նչ կ՚ուզէք տալ ինծի, որպէսզի մատնեմ զայն ձեզի»: Անոնք ալ խոստացան անոր երեսուն կտոր արծաթ:
«Ի՞նչ կը կամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եւ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան:
16 Այդ ատենէն ետք պատեհութիւն կը փնտռէր, որպէսզի մատնէր զայն անոնց:
Դրանից յետոյ նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց:
17 Բաղարջակերքի առաջին օրը՝ աշակերտները եկան Յիսուսի ու ըսին անոր. «Ո՞ւր կ՚ուզես որ պատրաստենք քեզի պէտք եղածը՝ զատիկը ուտելու համար»:
Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Ո՞ւր ես կամենում՝ պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես»:
18 Ան պատասխանեց. «Գացէ՛ք քաղաքը՝ այսինչ մարդուն, եւ ըսէ՛ք անոր. “Վարդապետը կ՚ըսէ. "Ժամանակս մօտ է, քո՛ւ քովդ պիտի կատարեմ Զատիկը՝ աշակերտներուս հետ"”»:
Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէ՛ք քաղաք այսինչ անձի մօտ եւ նրան ասացէ՛ք. «Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մօտեցել է, քեզ մօտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ միասին»:
19 Աշակերտներն ալ ըրին՝ ինչպէս Յիսուս հրամայեց իրենց, ու պատրաստեցին զատիկը:
Եւ աշակերտները արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը:
20 Երբ իրիկուն եղաւ՝ սեղան նստաւ տասներկուքին հետ:
Եւ երբ երեկոյ եղաւ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել:
21 Մինչ կ՚ուտէին՝ ըսաւ. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ ձեզմէ մէկը պիտի մատնէ զիս»:
Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկն ինձ մատնելու է»:
22 Չափազանց տրտմեցան եւ անոնցմէ իւրաքանչիւրը սկսաւ ըսել անոր. «Տէ՛ր, միթէ ե՞ս եմ»:
Եւ նրանք խիստ տխրեցին. նրանցից իւրաքանչիւրն սկսեց ասել նրան. «Միթէ ե՞ս եմ, Տէ՛ր»:
23 Ան ալ պատասխանեց. «Ա՛ն որ ինծի հետ թաթխեց իր ձեռքը պնակին մէջ, անիկա՛ պիտի մատնէ զիս»:
Նա պատասխան տուեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու:
24 Ի՛րապէս մարդու Որդին կ՚երթայ՝ ինչպէս գրուած է իր մասին, բայց վա՜յ այն մարդուն՝ որուն միջոցով մարդու Որդին կը մատնուի: Այդ մարդուն լաւ պիտի ըլլար՝ որ ծնած չըլլար»:
Մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրուած է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի մարդու Որդին: Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»:
25 Յուդա, որ պիտի մատնէր զայն, պատասխանեց. «Վարդապե՛տ, միթէ ե՞ս եմ»: Ըսաւ անոր. «Դո՛ւն ըսիր»:
Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց՝ դու ասացիր:
26 Մինչ անոնք կ՚ուտէին, Յիսուս հաց առաւ, օրհնեց, կտրեց, տուաւ աշակերտներուն եւ ըսաւ. «Առէ՛ք, կերէ՛ք. ա՛յս է իմ մարմինս»:
Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»:
27 Նաեւ բաժակը առաւ, շնորհակալ եղաւ, տուաւ անոնց ու ըսաւ.
Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց.
28 «Բոլո՛րդ ալ խմեցէ՛ք ասկէ. որովհետեւ ա՛յս է իմ արիւնս, նո՛ր ուխտին արիւնը, որ կը թափուի՝ շատերուն մեղքերու ներումին համար:
«Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար:
29 Բայց կը յայտարարեմ ձեզի. “Ասկէ ետք բնա՛ւ պիտի չխմեմ որթատունկին բերքէն, մինչեւ այն օրը՝ երբ ձեզի հետ նո՛ր կերպով խմեմ զայն իմ Հօրս թագաւորութեան մէջ”»:
Բայց ասում եմ ձեզ, այսուհետեւ ես այլեւս որթատունկի բերքից չեմ խմի մինչեւ այն օրը, երբ ձեզ հետ կը խմեմ նորը իմ Հօր արքայութեան մէջ»:
30 Օրհներգելէ ետք՝ գացին Ձիթենիներու լեռը:
Եւ օրհներգեցին ու ելան Ձիթենեաց լեռը:
31 Այն ատեն Յիսուս ըսաւ անոնց. «Դուք բոլորդ պիտի գայթակղիք այս գիշեր իմ պատճառովս, որովհետեւ գրուած է. “Հովիւը պիտի զարնեմ, ու հօտին ոչխարները պիտի ցրուին”:
Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետեւ գրուած է, թէ՝ հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն:
32 Բայց յարութիւն առնելէս ետք՝ ձեզմէ առաջ պիտի երթամ Գալիլեա»:
Եւ իմ յարութիւն առնելուց յետոյ, ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»:
33 Պետրոս պատասխանեց անոր. «Թէեւ բոլորն ալ գայթակղին քու պատճառովդ, ես բնա՛ւ պիտի չգայթակղիմ»:
Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէպէտ եւ ամէնքը քո պատճառով գայթակղուեն, սակայն ես չեմ գայթակղուի»:
34 Յիսուս ըսաւ անոր. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Այս գիշեր՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երե՛ք անգամ պիտի ուրանաս զիս”»:
Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»:
35 Պետրոս ըսաւ անոր. «Նոյնիսկ եթէ պէտք ըլլայ որ քեզի հետ մեռնիմ՝ բնա՛ւ պիտի չուրանամ քեզ»: Այսպէս կ՚ըսէին նաեւ բոլոր աշակերտները:
Պետրոսը նրան ասաց. «Թէ քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանայ»: Նոյնն ասացին բոլոր աշակերտներն էլ:
36 Այն ատեն Յիսուս գնաց անոնց հետ վայր մը՝ որ Գեթսեմանի կը կոչուէր, եւ ըսաւ աշակերտներուն. «Հո՛ս նստեցէք, մինչ ես կ՚երթամ հոն՝ աղօթելու»:
Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, մինչեւ որ գնամ աղօթեմ»:
37 Իրեն հետ առնելով Պետրոսն ու Զեբեդէոսի երկու որդիները, սկսաւ տրտմիլ եւ շատ վշտանալ:
Եւ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել եւ տագնապել:
38 Այն ատեն ըսաւ անոնց. «Իմ անձս չափազանց տրտում է՝ մեռնելու աստիճան: Հո՛ս մնացէք եւ արթո՛ւն կեցէք ինծի հետ»:
Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»:
39 Ու քիչ մը առջեւ երթալով՝ ինկաւ իր երեսին վրայ, եւ աղօթեց՝ ըսելով. «Իմ հա՜յրս, եթէ կարելի է՝ այս բաժակը թող անցնի ինձմէ. բայց ո՛չ թէ ինչպէս ե՛ս կ՚ուզեմ, հապա՝ ինչպէս դո՛ւն կ՚ուզես»:
Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»:
40 Երբ եկաւ աշակերտներուն, քնացած գտաւ զանոնք ու ըսաւ Պետրոսի. «Այդպէս մէ՞կ ժամ ալ չկրցաք արթուն կենալ ինծի հետ:
Նա եկաւ աշակերտների մօտ եւ նրանց քնի մէջ գտաւ ու Պետրոսին ասաց. «Այդպէ՜ս, չկարողացա՞ք մէկ ժամ արթուն մնալ ինձ հետ:
41 Արթո՛ւն կեցէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի չմտնէք փորձութեան մէջ. արդարեւ հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»:
Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգիս յօժար է, բայց մարմինս՝ տկար»:
42 Դարձեալ երկրորդ անգամ գնաց աղօթեց՝ ըսելով. «Իմ հա՜յրս, եթէ կարելի չէ որ այս բաժակը անցնի ինձմէ՝ առանց խմելու անկէ, քու կամքդ թող ըլլայ»:
Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ. քո կա՛մքը թող լինի»:
43 Երբ եկաւ՝ դարձեալ քնացած գտաւ զանոնք, որովհետեւ անոնց աչքերը ծանրացած էին:
Եւ գալով՝ դարձեալ նրանց քնի մէջ գտաւ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին:
44 Թողուց զանոնք ու դարձեալ գնաց, երրորդ անգամ աղօթեց՝ նո՛յն խօսքը ըսելով:
Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղօթքի կանգնեց. եւ դարձեալ նոյն խօսքն ասաց:
45 Այն ատեն եկաւ իր աշակերտներուն եւ ըսաւ անոնց. «Ասկէ ետք քնացէ՛ք ու հանգստացէ՛ք. ահա՛ ժամը մօտեցաւ, եւ մարդու Որդին պիտի մատնուի մեղաւորներուն ձեռքը:
Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետեւ ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, եւ մարդու Որդին մեղաւորների ձեռքն է մատնւում:
46 Ոտքի՛ ելէք, երթա՛նք ասկէ. ահա՛ մօտեցաւ ա՛ն՝ որ պիտի մատնէ զիս»:
Վե՛ր կացէք գնանք այստեղից. որովհետեւ ահա հասաւ նա, ով ինձ մատնելու է»:
47 Մինչ ան դեռ կը խօսէր, Յուդա՝ տասներկուքէն մէկը՝ եկաւ, եւ իրեն հետ մեծ բազմութիւն մը՝ սուրերով ու բիրերով, քահանայապետներէն եւ ժողովուրդին երէցներէն:
Եւ մինչ նա դեռ այսպէս խօսում էր, ահա Յուդան՝ Տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով:
48 Զայն մատնողը նշան մը տուեր էր անոնց՝ ըսելով. «Ո՛վ որ համբուրեմ՝ ա՛ն է, բռնեցէ՛ք զայն»:
Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրան կը բռնէք»:
49 Եւ իսկոյն մօտենալով Յիսուսի՝ ըսաւ. «Ողջո՜յն, Վարդապե՛տ», ու համբուրեց զայն:
Եւ սա իսկոյն մօտենալով Յիսուսին՝ ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց:
50 Յիսուս ըսաւ անոր. «Ընկե՛ր, ըրէ՛ ի՛նչ բանի համար որ եկար»: Այն ատեն մօտեցան, ձեռք բարձրացուցին Յիսուսի վրայ ու բռնեցին զայն:
Իսկ Յիսուս նրան ասաց. «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար»: Այն ժամանակ, մօտենալով, ձեռք բարձրացրին Յիսուսի վրայ ու նրան բռնեցին:
51 Յիսուսի հետ եղողներէն մէկը՝ երկարեց ձեռքը, եւ քաշելով իր սուրը՝ զարկաւ քահանայապետին ծառային ու խլեց անոր ականջը:
Եւ ահա Յիսուսի հետ գտնուողներից մէկը ձեռքը երկարեց եւ իր սուրը հանեց ու հարուածեց քահանայապետի ծառային եւ նրա ականջը կտրեց պոկեց:
52 Այն ատեն Յիսուս ըսաւ անոր. «Վերադարձո՛ւր սուրդ իր տեղը, որովհետեւ բոլոր սուր առնողները՝ սուրո՛վ պիտի կորսուին:
Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետեւ, ովքեր սուր են վերցնում, սրով կ՚ընկնեն:
53 Կը կարծես թէ չե՞մ կրնար հի՛մա աղաչել իմ Հօրս, որ հասցնէ ինծի տասներկու լեգէոնէն աւելի հրեշտակներ:
Եւ կամ կարծո՞ւմ ես, թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր:
54 Բայց ի՞նչպէս պիտի իրագործուին գրուածները, թէ ա՛յսպէս պէտք է ըլլայ»:
Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Սուրբ Գրքերում գրուածները, թէ՝ այսպէս պէտք է լինի»:
55 Այդ ժամուն Յիսուս ըսաւ բազմութիւններուն. «Իբր թէ աւազակի՞ դէմ ելաք՝ սուրերով ու բիրերով բռնելու զիս: Ամէ՛ն օր տաճարին մէջ կը նստէի ձեզի հետ եւ կը սորվեցնէի, ու չբռնեցիք զիս:
Այն ժամանակ Յիսուս ամբոխին ասաց. «Սրերով եւ մահակներով իմ դէմ էք ելել՝ բռնելու ինձ իբրեւ մի աւազակի՞: Միշտ ձեզ մօտ, տաճարում նստում էի եւ ուսուցանում, ու ինձ չբռնեցիք.
56 Բայց այս ամէնը կատարուեցաւ, որպէսզի մարգարէներուն գրածները իրագործուին»: Այն ատեն բոլոր աշակերտները թողուցին զայն եւ փախան:
բայց այս բոլորը եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»: Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան:
57 Անոնք որ բռնեցին Յիսուսը՝ տարին Կայիափա քահանայապետին, ուր դպիրներն ու երէցները հաւաքուած էին:
Իսկ նրանք բռնելով Յիսուսին՝ տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր օրէնսգէտներն ու ծերերը հաւաքուել էին:
58 Պետրոս հեռուէն հետեւեցաւ անոր՝ մինչեւ քահանայապետին գաւիթը, ներս մտաւ եւ նստաւ սպասաւորներուն հետ, որպէսզի տեսնէ վախճանը:
Եւ Պետրոսը հեռուից նրան հետեւելով՝ գնաց մինչեւ քահանայապետի գաւիթը եւ ներս մտնելով՝ սպասաւորների հետ նստեց՝ տեսնելու համար վախճանը:
59 Քահանայապետներն ու երէցները եւ ամբողջ ատեանը կը փնտռէին սուտ վկայութիւն մը Յիսուսի դէմ, որպէսզի մեռցնեն զայն.
Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը Յիսուսի մասին սուտ վկայութիւն էին փնտռում, որպէսզի նրան սպանեն,
60 բայց չգտան: Թէպէտ շատ սուտ վկաներ ալ եկան, ոչինչ գտան: Յետոյ երկու սուտ վկաներ եկան
բայց ներկայացող բազում սուտ վկաների մէջ չէին գտնում այն: Յետոյ առաջ եկան երկու սուտ վկաներ.
61 ու ըսին. «Ասիկա ըսաւ. “Ես կրնամ քակել Աստուծոյ տաճարը եւ կառուցանել զայն երեք օրուան մէջ”»:
ասացին. «Սա ասում էր՝ Աստծու տաճարը կարող եմ քանդել եւ երեք օրում շինել»:
62 Քահանայապետը կանգնելով՝ ըսաւ անոր. «Ոչի՞նչ կը պատասխանես. ի՞նչ կը վկայեն ասոնք քեզի դէմ»:
Եւ քահանայապետը վեր կենալով՝ նրան ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, քո մասին ի՞նչ ամբաստանութիւն են անում դրանք»:
63 Յիսուս լուռ կեցաւ: Ուստի քահանայապետը ըսաւ անոր. «Ապրո՛ղ Աստուծմով կ՚երդմնեցնեմ քեզ, որ ըսես մեզի թէ դո՞ւն ես Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին»:
Եւ Յիսուս լուռ էր մնում: Քահանայապետը խօսեց եւ նրան ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստուծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»:
64 Յիսուս ըսաւ անոր. «Դո՛ւն ըսիր: Բայց կը յայտարարեմ ձեզի. “Ասկէ ետք պիտի տեսնէք մարդու Որդին՝ բազմած Զօրութեան աջ կողմը, ու եկած երկինքի ամպերուն վրայ”»:
Յիսուս նրան ասաց. «Դու ասացիր: Բայց ասում եմ ձեզ. այսուհետեւ մարդու Որդուն կը տեսնէք նստած ամենազօր Աստծու աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով»:
65 Այն ատեն քահանայապետը պատռեց իր հանդերձները եւ ըսաւ. «Հայհոյե՛ց. ա՛լ ի՞նչ պէտք ունինք վկաներու: Ահա՛ հիմա լսեցիք ատոր հայհոյութիւնը.
Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ինչի՞ են պէտք մեզ վկաներ. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը:
66 ի՞նչ կը մտածէք»: Անոնք պատասխանեցին. «Մահապա՛րտ է»:
Ի՞նչ է ձեր կամքը»: Նրանք պատասխանեցին ու ասացին՝ մահապարտ է:
67 Այն ատեն թքնեցին անոր երեսը, ու կռփահարեցին զայն: Ոմանք ալ ապտակելով՝ ըսին.
Այն ժամանակ թքեցին նրա երեսին, բռունցքով հարուածեցին նրան, եւ ոմանք էլ ապտակեցին նրան ու ասացին.
68 «Մարգարէացի՛ր մեզի, դո՛ւն՝ Քրիստո՛ս, ո՞վ է ան՝ որ զարկաւ քեզի»:
«Մարգարէացի՛ր մեզ, դո՛ւ, Քրիստո՛ս, ո՞վ է, որ քեզ հարուածեց»:
69 Երբ Պետրոս դուրսը՝ գաւիթը նստած էր, աղախին մը եկաւ անոր եւ ըսաւ. «Դո՛ւն ալ Գալիլեացի Յիսուսի հետ էիր»:
Իսկ Պետրոսը նստած էր դուրսը՝ գաւթում. մի աղախին մօտեցաւ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ գալիլիացի Յիսուսի հետ էիր»:
70 Բայց ան ուրացաւ բոլորին առջեւ՝ ըսելով. «Չեմ գիտեր ի՛նչ կը խօսիս»:
Նա ուրացաւ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ՝ դու ինչ ես խօսում»:
71 Երբ դուրս ելաւ՝ նախագաւիթը, ուրիշ աղախին մը տեսաւ զայն ու ըսաւ հոն եղողներուն. «Ասիկա՛ ալ Յիսուս Նազովրեցիին հետ էր»:
Եւ երբ նա գաւթից դուրս ելաւ, նրան տեսաւ մի այլ կին եւ այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Յիսուս Նազովրեցու հետ էր»:
72 Պետրոս դարձեալ երդում ընելով ուրացաւ. «Չեմ ճանչնար այդ մարդը»:
Եւ դարձեալ նա երդումով ուրացաւ, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում:
73 Քիչ ետք՝ հոն կայնողները եկան եւ ըսին Պետրոսի. «Ճշմա՛րտապէս դո՛ւն ալ անոնցմէ ես, որովհետեւ խօսուածքդ ալ կը յայտնէ քեզ»:
Եւ մի քիչ յետոյ այնտեղ գտնուողները, մօտենալով, Պետրոսին ասացին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խօսուածքն էլ քեզ յայտնի է անում»:
74 Այն ատեն սկսաւ նզովել ու երդում ընել՝ ըսելով. «Չեմ ճանչնար այդ մարդը»: Իսկոյն աքաղաղը կանչեց:
Այն ժամանակ նա սկսեց նզովք կարդալ ու երդուել, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում: Եւ իսկոյն աքաղաղը կանչեց:
75 Պետրոս յիշեց Յիսուսի խօսքը՝ որ իրեն ըսեր էր. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երե՛ք անգամ պիտի ուրանաս զիս». եւ դուրս ելլելով՝ դառնապէս լացաւ:
Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի խօսքը, որ նա ասել էր, թէ՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս: Եւ դուրս ելնելով՝ դառնապէս լաց եղաւ:

< ՄԱՏԹԷՈՍ 26 >