< ՄԱՏԹԷՈՍ 25 >

1 «Այն ատեն երկինքի թագաւորութիւնը պիտի նմանի տասը կոյսերու, որոնք՝ առնելով իրենց լապտերները՝ գացին դիմաւորելու փեսան:
«Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային եւ հարսին դիմաւորելու ելան:
2 Ասոնցմէ հինգը իմաստուն էին, իսկ հինգը՝ յիմար:
Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն:
3 Յիմարները առին իրենց լապտերները, բայց ձէթ չառին իրենց հետ.
Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին:
4 սակայն իմաստունները՝ ամաններով ձէթ ալ առին իրենց լապտերներուն հետ:
Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին:
5 Երբ փեսան ուշացաւ, բոլորն ալ թմրեցան ու քնացան:
Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան:
6 Կէս գիշերին գոչիւն մը եղաւ. “Ահա՛ փեսան կու գայ. գացէ՛ք դիմաւորելու զինք”:
Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք:
7 Այն ատեն բոլոր կոյսերը ոտքի ելան եւ յարդարեցին իրենց լապտերները:
Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին:
8 Յիմարները ըսին իմաստուններուն. “Տուէ՛ք մեզի ձեր ձէթէն, որովհետեւ մեր լապտերները կը մարին”:
Յիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»:
9 Իմաստունները պատասխանեցին. “Ո՛չ. գուցէ չբաւէ մեզի ու ձեզի. այլ մանաւանդ գացէ՛ք ծախողներուն եւ գնեցէ՛ք ձեզի համար”:
Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. «Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք»:
10 Երբ անոնք գացին գնելու՝ փեսան եկաւ. պատրաստ եղողները հարսանիքի մտան անոր հետ, ու դուռը գոցուեցաւ:
Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց:
11 Յետոյ միւս կոյսերը եկան եւ ըսին. “Տէ՛ր, Տէ՛ր, բա՛ց մեզի”:
Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա»:
12 Բայց ան պատասխանեց. “Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. "Ես չեմ ճանչնար ձեզ"”:
Նա պատասխան տուեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»:
13 Ուրեմն արթո՛ւն կեցէք, որովհետեւ գիտէք ո՛չ օրը, ո՛չ ժամը»:
Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»:
14 «Արդարեւ երկինքի թագաւորութիւնը կը նմանի ճամբորդող մարդու մը, որ կանչեց իր ծառաները, եւ յանձնեց անոնց իր ինչքը.
«Նոյնպէս, մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին եւ իր ունեցուածքը նրանց տուեց.
15 մէկուն տուաւ հինգ տաղանդ, մէկուն՝ երկու, ու մէկուն՝ մէկ. իւրաքանչիւրին՝ իր կարողութեան չափով, եւ իսկոյն մեկնեցաւ:
մէկին տուեց հինգ քանքար, միւսին՝ երկու եւ մի ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան. եւ գնաց:
16 Հինգ տաղանդ ստացողը գնաց, օգտագործեց զանոնք, ու շահեցաւ ուրիշ հինգ տաղանդ:
Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց եւ հինգ եւս շահեց:
17 Նմանապէս երկու ստացողը շահեցաւ ուրիշ երկու ալ:
Նոյնպէս նա էլ, որ երկուսն առաւ, երկու եւս շահեց:
18 Իսկ մէկ ստացողը գնաց, փորեց գետինը եւ ծածկեց իր տիրոջ դրամը:
Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց:
19 Շատ ժամանակ ետք՝ այդ ծառաներուն տէրը եկաւ ու հաշիւ ուզեց անոնցմէ:
Շատ ժամանակ անց, այն ծառաների տէրը եկաւ եւ նրանց հետ հաշիւ տեսաւ:
20 Հինգ տաղանդ ստացողը մօտեցաւ եւ բերաւ ուրիշ հինգ տաղանդ՝ ըսելով. “Տէ՛ր, հինգ տաղանդ յանձնեցիր ինծի. ահա՛ ուրիշ հինգ տաղանդ ալ շահեցայ անոնցմէ զատ”:
Ով հինգ քանքար էր առել, մօտենալով՝ հինգ քանքար եւս տուեց ու ասաց. «Տէ՛ր, հինգ քանքար տուիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար եւս շահեցի»:
21 Տէրը ըսաւ անոր. “Ապրի՛ս, բարի ու հաւատարիմ ծառայ. դո՛ւն՝ որ հաւատարիմ եղար քի՛չ բանի մէջ, պիտի նշանակեմ քեզ շա՛տ բաներու վրայ. մտի՛ր տիրոջդ ուրախութեան մէջ”:
Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»:
22 Երկու տաղանդ ստացողն ալ մօտեցաւ եւ ըսաւ. “Տէ՛ր, երկու տաղանդ յանձնեցիր ինծի. ահա՛ ուրիշ երկու տաղանդ ալ շահեցայ անոնցմէ զատ”:
Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց. «Տէ՛ր, ինձ երկու քանքար տուիր, ահաւասիկ երկու այլ քանքար եւս, որ դրանց վրայ շահեցի»:
23 Տէրը ըսաւ անոր. “Ապրի՛ս, բարի ու հաւատարիմ ծառայ. դո՛ւն՝ որ հաւատարիմ եղար քի՛չ բանի մէջ, պիտի նշանակեմ քեզ շա՛տ բաներու վրայ. մտի՛ր տիրոջդ ուրախութեան մէջ”:
Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»:
24 Մէկ տաղանդ ստացողն ալ մօտեցաւ եւ ըսաւ. “Տէ՛ր, գիտէի թէ դուն խիստ մարդ մըն ես. կը հնձես չսերմանած տեղէդ, ու կը ժողվես չցանած տեղէդ.
Մօտեցաւ նաեւ նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. «Տէ՛ր, գիտէի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, եւ հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել.
25 ուստի վախնալով՝ գացի, պահեցի քու տաղանդդ գետինին տակ. ուստի ահա՛ քուկդ՝ քեզի”:
վախեցայ. գնացի եւ թաքցրի քո այս քանքարը հողի մէջ: Արդ, ահա՛ւասիկ, քոնը՝ քեզ»:
26 Իր տէրը պատասխանեց իրեն. “Չա՛ր եւ ծո՛յլ ծառայ. գիտէիր թէ կը հնձեմ չսերմանած տեղէս, ու կը ժողվեմ չցանած տեղէս.
Տէրը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Չա՛ր եւ ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, եւ հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել.
27 ուրեմն պէտք էր որ դնէիր իմ դրամս սեղանաւորներուն քով, որպէսզի տոկոսո՛վ ստանայի եկած ատենս”:
դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, եւ ես, գալով, տոկոսով միասին պահանջէի այն, ինչ որ իմն է:
28 “Ուստի առէ՛ք ատկէ տաղանդը, ու տուէ՛ք տասը տաղանդ ունեցողին.
Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը եւ տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի.
29 որովհետեւ ամէն ունեցողի պիտի տրուի, եւ պիտի ըլլայ առատութեան մէջ, բայց չունեցողէն պիտի առնուի ունեցա՛ծն ալ:
քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի:
30 Իսկ նետեցէ՛ք այդ անպէտ ծառան դուրսի խաւարը. հոն պիտի ըլլայ լաց ու ակռաներու կրճտում”»:
Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»:
31 «Երբ մարդու Որդին գայ իր փառքով՝ եւ բոլոր սուրբ հրեշտակները իրեն հետ, այն ատեն պիտի բազմի իր փառքի գահին վրայ:
«Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ,
32 Բոլոր ազգերը պիտի հաւաքուին անոր առջեւ, ու պիտի զատէ զանոնք իրարմէ՝ ինչպէս հովիւ մը կը զատէ ոչխարները այծերէն:
ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից:
33 Ոչխարները պիտի կեցնէ իր աջ կողմը, իսկ այծերը՝ ձախ կողմը:
Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին:
34 Այն ատեն թագաւորը պիտի ըսէ իր աջ կողմը եղողներուն. “Եկէ՛ք իմ Հօրս օրհնածները, ժառանգեցէ՛ք այն թագաւորութիւնը, որ պատրաստուած է ձեզի համար՝ աշխարհի հիմնադրութենէն ի վեր:
Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը.
35 Որովհետեւ անօթեցայ՝ եւ ուտելիք տուիք ինծի, ծարաւցայ՝ ու խմցուցիք ինծի, օտարական էի՝ ներս ընդունեցիք զիս,
որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք,
36 մերկ էի՝ հագուեցուցիք զիս, հիւանդ էի՝ այցելեցիք ինծի, բանտի մէջ էի՝ եկաք ինծի”:
մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք»:
37 Այն ատեն արդարները պիտի պատասխանեն անոր. “Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ անօթեցած՝ եւ կերակրեցինք, կամ ծարաւցած՝ ու խմցուցինք.
Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք.
38 ե՞րբ տեսանք քեզ օտարական՝ եւ ներս ընդունեցինք, կամ մերկ՝ ու հագուեցուցինք.
ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք.
39 ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ՝ ու եկանք քեզի”:
ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»:
40 Թագաւորը պիտի պատասխանէ անոնց. “Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. "Քանի իմ այս եղբայրներուս փոքրագոյններէն մէկուն ըրիք՝ ինծի՛ ըրիք"”:
Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»:
41 Այն ատեն պիտի ըսէ նաեւ իր ձախ կողմը եղողներուն. “Հեռացէ՛ք ինձմէ, անիծեալնե՛ր, յաւիտենական կրակին մէջ՝ որ պատրաստուած է Չարախօսին եւ իր հրեշտակներուն համար: (aiōnios g166)
Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար. (aiōnios g166)
42 Որովհետեւ անօթեցայ՝ ուտելիք չտուիք ինծի, ծարաւցայ՝ չխմցուցիք ինծի,
որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուիք,
43 օտարական էի՝ ներս չընդունեցիք զիս, մերկ էի՝ չհագուեցուցիք զիս, հիւանդ ու բանտի մէջ էի՝ չայցելեցիք ինծի”:
օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաք»:
44 Այն ատեն անոնք ալ պիտի պատասխանեն. “Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ անօթեցած, կամ ծարաւցած, կամ օտարական, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ չսպասարկեցինք քեզի”:
Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»:
45 Այն ատեն պիտի պատասխանէ անոնց. “Ճշմա՛րտապէս կ՚ըսեմ ձեզի. "Քանի ասոնց փոքրագոյններէն մէկուն չըրիք՝ ինծի՛ ալ չըրիք"”:
Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»:
46 Ասոնք պիտի երթան յաւիտենական պատուհասին, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքին»: (aiōnios g166)
Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»: (aiōnios g166)

< ՄԱՏԹԷՈՍ 25 >