< ՄԱՏԹԷՈՍ 21 >

1 Երբ մօտեցան Երուսաղէմի ու հասան Բեթփագէ, Ձիթենիներու լերան մօտ, Յիսուս ղրկեց երկու աշակերտ՝
Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց.
2 ըսելով անոնց. «Գացէ՛ք այդ ձեր դիմացի գիւղը, ու իսկոյն պիտի գտնէք կապուած էշ մը, եւ անոր հետ՝ աւանակ մը. արձակեցէ՛ք զանոնք ու բերէ՛ք ինծի:
«Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ:
3 Եթէ մէկը բան մը ըսէ ձեզի, ըսէ՛ք. “Տէրոջ պէտք են”, եւ իսկոյն պիտի ղրկէ զանոնք»:
Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կ՚ասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կ՚ուղարկի»:
4 Այս ամէնը կատարուեցաւ, որպէսզի իրագործուի մարգարէին միջոցով ըսուած խօսքը.
Բայց այս բոլորը եղաւ, որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, որ ասում է.
5 «Ըսէ՛ք Սիոնի աղջիկին. “Ահա՛ Թագաւորդ կու գայ քեզի, հեզ եւ հեծած իշու վրայ, իշու ձագի՝ աւանակի վրայ”»:
«Ասացէ՛ք Սիոնի դստերը, ահա դէպի քեզ է գալիս քո թագաւորը՝ հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ»:
6 Աշակերտները գացին, եւ ըրին ինչպէս Յիսուս պատուիրած էր իրենց.
Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայել էր.
7 բերին էշն ու աւանակը, դրին անոնց վրայ իրենց հանդերձները, եւ նստաւ անոնց վրայ:
եւ էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. եւ նա նստեց դրանց վրայ:
8 Ահագին բազմութիւն մը փռեց իր հանդերձները ճամբային վրայ. ուրիշներ ճիւղեր կը կտրէին ծառերէն ու կը տարածէին ճամբային վրայ:
Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ:
9 Եւ առջեւէն գացող ու իրեն հետեւող բազմութիւնները կ՚աղաղակէին. «Ովսաննա՜ Դաւիթի Որդիին: Օրհնեա՜լ է ան՝ որ կու գայ Տէրոջ անունով: Ովսաննա՜ ամենաբարձր վայրերուն մէջ»:
Առաջից եւ յետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»:
10 Երբ ան մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը շարժեցաւ եւ ըսաւ. «Ո՞վ է ասիկա»:
Եւ երբ նա մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին՝ ո՞վ է սա:
11 Բազմութիւնը ըսաւ. «Ա՛յս է Յիսուս մարգարէն՝ Գալիլեայի Նազարէթէն»:
Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր. «Սա Յիսուս մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է»:
12 Յիսուս մտաւ Աստուծոյ տաճարը, դուրս հանեց բոլոր անոնք՝ որ տաճարին մէջ կը ծախէին ու կը գնէին, եւ տապալեց լումայափոխներուն սեղաններն ու աղաւնի ծախողներուն աթոռները,
Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները:
13 եւ ըսաւ անոնց. «Գրուած է. “Իմ տունս աղօթքի տուն պիտի կոչուի”, բայց դուք աւազակներու քարայր ըրիք զայն»:
Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»:
14 Կոյրեր ու կաղեր եկան իրեն՝ տաճարին մէջ, եւ բուժեց զանոնք:
Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց:
15 Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան անոր գործած սքանչելիքները, եւ մանուկները՝ որոնք տաճարին մէջ կ՚աղաղակէին. «Ովսաննա՜ Դաւիթի Որդիին», ընդվզեցան
Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն սքանչելիքները, որ նա արեց, եւ մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, բարկացան.
16 եւ ըսին անոր. «Կը լսե՞ս ի՛նչ կ՚ըսեն ատոնք»: Յիսուս ըսաւ անոնց. «Այո՛, բնաւ չէ՞ք կարդացած գրուածը. “Երախաներուն ու ծծկերներուն բերանով գովաբանութիւն կատարեցիր”»:
եւ ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»: Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»:
17 Ապա ձգեց զանոնք, գնաց քաղաքէն դուրս՝ Բեթանիա, ու կեցաւ հոն գիշերը:
Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս, դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց:
18 Առտուն, մինչ կը վերադառնար քաղաքը, անօթեցաւ:
Եւ առաւօտեան երբ քաղաք վերադարձաւ, քաղց զգաց:
19 Ու ճամբան տեսնելով թզենի մը՝ քովը գնաց: Ոչինչ գտաւ անոր վրայ՝ տերեւներէն զատ, եւ ըսաւ անոր. «Ասկէ ետք ո՛չ մէկ պտուղ ըլլայ վրադ՝ յաւիտեան»: Թզենին անմի՛ջապէս չորցաւ: (aiōn g165)
Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ: Եւ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»: Եւ նոյն պահին թզենին չորացաւ: (aiōn g165)
20 Երբ աշակերտները տեսան, զարմացան ու ըսին. «Ի՜նչպէս թզենին անմի՛ջապէս չորցաւ»:
Երբ աշակերտները այս տեսան, զարմացան ու ասացին. «Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ»:
21 Յիսուս պատասխանեց անոնց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Եթէ հաւատք ունենաք ու չտատամսիք, ո՛չ միայն պիտի ընէք այդ թզենիին եղածը, այլ նաեւ եթէ ըսէք այս լերան. "Ելի՛ր ու ծո՛վը նետուէ", պիտի ըլլայ”:
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ հաւատ ունենաք եւ չերկմտէք, ոչ միայն կ՚անէք այդ թզենուն պատահածը, այլ թէկուզ եւ այդ լերանն ասէք՝ ելի՛ր ու ծովն ընկիր, այն կը կատարուի:
22 Ամէն ինչ որ կը խնդրէք աղօթքի մէջ՝ հաւատքով, պիտի ստանաք»:
Եւ ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կը ստանաք»:
23 Երբ ան եկաւ տաճարը, քահանայապետներն ու ժողովուրդին երէցները մօտեցան անոր՝ մինչ կը սորվեցնէր, եւ ըսին. «Ի՞նչ իշխանութեամբ կ՚ընես այդ բաները. ո՞վ տուաւ քեզի այդ իշխանութիւնը»:
Եւ երբ տաճար եկաւ, մինչ ուսուցանում էր, նրան մօտեցան քահանայապետները, ժողովրդի ծերերը եւ ասացին. «Ի՞նչ իշխանութեամբ ես այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»:
24 Յիսուս պատասխանեց անոնց. «Ես ալ ձեզի՛ հարցնեմ բան մը. եթէ ըսէք ինծի, ես ալ պիտի ըսեմ ձեզի թէ ի՛նչ իշխանութեամբ կ՚ընեմ այդ բաները:
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ. եթէ ինձ ասէք, ես էլ ձե՛զ կ՚ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում:
25 “Յովհաննէսի մկրտութիւնը ուրկէ՞ էր, երկինքէ՞ն՝ թէ մարդոցմէ”»: Անոնք կը մտածէին իրենց մէջ՝ ըսելով. «Եթէ պատասխանենք. “Երկինքէն”, պիտի ըսէ մեզի. “Հապա ինչո՞ւ չհաւատացիք անոր”:
Յովհաննէսի մկրտութիւնը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թէ՞՝ մարդկանցից»: Նրանք իրար մէջ խորհուրդ էին անում ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան.
26 Իսկ եթէ պատասխանենք. “Մարդոցմէ”, բազմութենէն կը վախնանք, որովհետեւ բոլորն ալ մարգարէ կը համարեն Յովհաննէսը»:
իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետեւ բոլորն էլ Յովհաննէսին որպէս մարգարէ են ընդունում»:
27 Ուստի պատասխանեցին Յիսուսի. «Չենք գիտեր»: Ինք ալ ըսաւ անոնց. «Ես ալ չեմ ըսեր ձեզի թէ ի՛նչ իշխանութեամբ կ՚ընեմ այդ բաները»:
Պատասխանեցին Յիսուսին ու ասացին՝ չգիտենք: Նա էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»:
28 «Ի՞նչ է ձեր կարծիքը. մարդ մը ունէր երկու զաւակ: Առաջինին ըսաւ. “Որդեա՛կ, գնա՛, գործէ՛ այսօր այգիիս մէջ”:
«Բայց ինչպէ՞ս է ձեզ թւում. մի մարդ երկու որդի ունէր: Առաջինին մօտենալով՝ նա ասաց. «Որդեա՛կ, գնա՛ այսօր աշխատի՛ր այգում»:
29 Ան ալ պատասխանեց. “Չեմ ուզեր երթալ”: Բայց յետոյ զղջաց ու գնաց:
Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տէ՛ր». ու չգնաց:
30 Միւսին ալ գնաց եւ նոյնը ըսաւ: Ան ալ պատասխանեց. “Կ՚երթամ, տէ՛ր”, սակայն չգնաց:
Մօտեցաւ միւսին էլ եւ նոյնն ասաց: Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»: Բայց յետոյ զղջաց եւ գնաց այգին:
31 Այս երկուքէն ո՞վ գործադրեց իր հօր կամքը»: Ըսին անոր. «Առաջի՛նը»: Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ մաքսաւորներն ու պոռնիկները ձեզմէ առաջ պիտի մտնեն Աստուծոյ թագաւորութիւնը:
Արդ, երկուսից ո՞վ կատարեց հօր կամքը»: Նրանք ասացին՝ վերջինը: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսաւորներ ու պոռնիկներ ձեզնից առաջ պիտի հասնեն արքայութիւն,
32 Արդարեւ Յովհաննէս արդարութեան ճամբայով եկաւ ձեզի, եւ դուք չհաւատացիք անոր. բայց մաքսաւորներն ու պոռնիկները հաւատացին անոր, իսկ դուք տեսաք եւ յետոյ չզղջացիք՝ որ հաւատայիք անոր»:
որովհետեւ Յովհաննէսը արդարութեան ճանապարհով եկաւ, եւ նրան չհաւատացիք. իսկ մաքսաւորներ ու պոռնիկներ հաւատացին նրան. եւ դուք այդ տեսաք եւ յետոյ էլ չզղջացիք, որ նրան հաւատայիք»:
33 «Լսեցէ՛ք ուրիշ առակ մըն ալ: Հողատէր մը կար՝ որ այգի մը տնկեց, ցանկով պատեց զայն, հնձան փորեց անոր մէջ, աշտարակ կառուցանեց, մշակներու յանձնեց զայն եւ ճամբորդեց:
«Լսեցէ՛ք մի այլ առակ. մի տանուտէր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին եւ գնաց հեռու երկիր:
34 Երբ պտուղի ատենը մօտեցաւ՝ իր ծառաները ղրկեց մշակներուն, որպէսզի ստանան անոր պտուղները:
Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն:
35 Մշակները բռնեցին անոր ծառաները, մէկը ծեծեցին, միւսը սպաննեցին, ուրիշ մը քարկոծեցին:
Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին:
36 Դարձեալ ծառաներ ղրկեց՝ առաջիններէն շատ, եւ անոնց ալ նոյնպէս ըրին:
Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները: Եւ սրանց էլ նոյնն արեցին:
37 Ամենէն ետք իր որդին ղրկեց անոնց՝ ըսելով. “Թերեւս պատկառին որդիէս”:
Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց՝ թերեւս իմ այս որդուց ամաչեն:
38 Բայց մշակները՝ երբ տեսան որդին՝ ըսին իրարու. “Ա՛յս է ժառանգորդը. եկէ՛ք սպաննենք զայն եւ տիրանանք անոր ժառանգութեան”:
Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկէք սպանենք սրան եւ սրա ժառանգութիւնը մենք սեփականացնենք:
39 Ու բռնեցին զայն, այգիէն դուրս հանեցին եւ սպաննեցին:
Եւ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս եւ սպանեցին:
40 Ուրեմն երբ այգիին տէրը գայ, ի՞նչ պիտի ընէ այդ մշակներուն»:
Արդ, երբ այգու տէրը գայ, այդ մշակներին ի՞նչ կ՚անի»:
41 Ըսին իրեն. «Չարաչար պիտի կորսնցնէ այդ չարերը, եւ այգին պիտի յանձնէ ուրիշ մշակներու, որոնք պտուղները իրենց ատենին պիտի տան իրեն»:
Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կ՚ոչնչացնի եւ այգին կը տայ այլ մշակների, որոնք նրան կը տան պտուղներն իրենց ժամանակին»:
42 Յիսուս ըսաւ անոնց. «Բնաւ չէ՞ք կարդացեր Գիրքին մէջ. “Այն քարը՝ որ կառուցանողները մերժեցին, անիկա՛ եղաւ անկիւնաքարը: Ասիկա Տէրոջմէ՛ն եղաւ, եւ սքանչելի է մեր աչքերուն”:
Յիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբեւիցէ չէ՞ք կարդացել՝ այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղաւ անկիւնաքար. Տիրոջից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է:
43 Ուստի կը յայտարարեմ ձեզի. “Աստուծոյ թագաւորութիւնը պիտի առնուի ձեզմէ, ու պիտի տրուի այնպիսի ազգի մը՝ որ անոր պտուղները բերէ”:
Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կը վերցուի Աստծու արքայութիւնը եւ կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կը դարձնի այն:
44 Ո՛վ որ իյնայ այս քարին վրայ՝ պիտի կոտրտի, եւ որո՛ւն վրայ որ իյնայ՝ պիտի փսորէ զայն»:
Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի»:
45 Երբ քահանայապետներն ու Փարիսեցիները լսեցին անոր առակները, ըմբռնեցին որ իրենց մասին կը խօսէր.
Երբ քահանայապետները եւ օրէնսգէտներ ու փարիսեցիներ նրա առակները լսեցին, իմացան, որ իրենց համար ասաց:
46 եւ կը ջանային բռնել զայն: Բայց բազմութենէն կը վախնային, քանի որ իբր մարգարէ կ՚ընդունէին զայն:
Եւ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ իբրեւ մարգարէ էին ընդունում նրան:

< ՄԱՏԹԷՈՍ 21 >