< ՄԱՏԹԷՈՍ 20 >

1 «Արդարեւ երկինքի թագաւորութիւնը նման է հողատիրոջ մը, որ առտուն կանուխ դուրս ելաւ՝ գործաւորներ վարձելու իր այգիին համար:
«Երկնքի արքայութիւնը նման է մի տանուտէրի, որ առաւօտեան ելաւ իր այգու համար մշակներ վարձելու:
2 Երբ համաձայնեցաւ գործաւորներուն հետ՝ օրը մէկ դահեկանի, ղրկեց զանոնք իր այգին:
Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին:
3 Երրորդ ժամուան՝՝ ատենները դուրս ելլելով՝ տեսաւ ուրիշներ, որոնք անգործ կայնած էին հրապարակը,
Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում:
4 ու ըսաւ անոնց. «Դո՛ւք ալ գացէք իմ այգիս, եւ կու տամ ձեզի ինչ որ իրաւացի է»:
Նրանց էլ ասաց. «Դո՛ւք էլ գնացէք իմ այգին, եւ ինչ որ արժան է, կը տամ ձեզ»:
5 Անոնք ալ գացին: Դարձեալ դուրս ելաւ վեցերորդ ժամուան եւ իններորդ ժամուան ատենները, ու նո՛յնը ըրաւ:
Նրանք եւս գնացին: Եւ դարձեալ դուրս ելնելով կէսօրին ու կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ՝ նոյն ձեւով արեց:
6 Տասնմէկերորդ ժամուան ատենները դուրս ելաւ, ուրիշնե՛ր գտաւ՝ որոնք անգործ կայնած էին, եւ անոնց ըսաւ. «Ինչո՞ւ հոս ամբողջ օրը անգործ կայնած էք»:
Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»:
7 Ըսին իրեն. «Որովհետեւ ո՛չ մէկը վարձեց մեզ»: Ըսաւ անոնց. «Դո՛ւք ալ գացէք այգին, ու պիտի ստանաք ինչ որ իրաւացի է»:
Նրան ասացին. «Որովհետեւ մեզ ոչ ոք չվարձեց»: Նրանց ասաց. «Դո՛ւք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է, կը ստանաք»:
8 Երբ իրիկուն եղաւ, այգիին տէրը ըսաւ իր տնտեսին. «Կանչէ՛ գործաւորները եւ տո՛ւր անոնց վարձքը՝ վերջիններէն սկսելով մինչեւ առաջինները»:
Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին եւ տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչեւ առաջինները»:
9 Երբ եկան անոնք՝ որ տասնմէկերորդ ժամուան ատենները գացեր էին, ստացան մէկական դահեկան:
Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ:
10 Առաջինները գալով՝ կը կարծէին թէ աւելի՛ պիտի ստանան. բայց իրենք ալ ստացան մէկական դահեկան:
Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կը ստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան:
11 Երբ ստացան՝ տրտնջեցին հողատիրոջ դէմ եւ ըսին.
Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում.
12 «Այդ վերջինները մէ՛կ ժամ աշխատեցան, բայց զանոնք հաւասար ըրիր մեզի՝ որ կրեցինք օրուան ծանրութիւնն ու տաքութիւնը»:
«Դրանք՝ այդ վերջինները, մէկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հաւասար արեցիր մեզ, որ տարանք օրուայ ծանրութիւնը եւ տօթը»:
13 Ան ալ պատասխանեց անոնցմէ մէկուն. «Ընկե՛ր, ես չեմ անիրաւեր քեզ. միթէ դուն ինծի հետ չհամաձայնեցա՞ր մէկ դահեկանի.
Նա պատասխանեց նրանցից մէկին եւ ասաց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի սակարկեցիր.
14 ա՛ռ քուկդ եւ գնա՛: Կ՚ուզեմ որ տամ այս վերջինին՝ քեզի տուածիս չափ.
ստացի՛ր քոնը եւ գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ որքան եւ քեզ.
15 միթէ արտօնուած չէ՞ ինծի՝ ընել ի՛նչ որ ուզեմ իմ ունեցածիս: Միթէ քու աչքդ չա՞ր է՝ որ ես բարի եմ»:
միթէ իրաւունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարուելու, ինչպէս կամենում եմ: Կամ թէ՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ»:
16 Այսպէս՝ յետինները պիտի ըլլան առաջին, եւ առաջինները՝ յետին. որովհետեւ կանչուածները շատ են, բայց ընտրուածները՝ քիչ»:
Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, եւ առաջինները՝ վերջին. որովհետեւ բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»:
17 Երբ Յիսուս կը բարձրանար Երուսաղէմ, ճամբան իրեն հետ առաւ տասներկու աշակերտները՝ առանձին, եւ ըսաւ անոնց.
Երբ Յիսուս Երուսաղէմ էր բարձրանում, Տասներկուսին առանձին իր հետ վերցրեց եւ ճանապարհին ասաց նրանց.
18 «Ահա՛ կը բարձրանանք Երուսաղէմ, ու մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետներուն եւ դպիրներուն, ու մահուան պիտի դատապարտեն զինք.
«Ահաւասիկ Երուսաղէմ ենք բարձրանում, եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետերին ու օրէնսգէտներին. եւ նրան մահուան պիտի դատապարտեն
19 հեթանոսներուն պիտի մատնեն զինք՝ որ ծաղրուի, խարազանուի եւ խաչուի. բայց յարութիւն պիտի առնէ երրորդ օրը»:
ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրուելու, ծեծուելու եւ խաչը հանուելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»:
20 Այն ատեն Զեբեդէոսի որդիներուն մայրը եկաւ անոր իր որդիներուն հետ, կ՚երկրպագէր անոր ու բան մը կը խնդրէր անկէ:
Այն ժամանակ նրան մօտեցաւ Զեբեդէոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ միասին. նա երկրպագում էր ու նրանից մի բան ուզում:
21 Ան ալ ըսաւ անոր. «Ի՞նչ կ՚ուզես»: Ըսաւ անոր. «Ըսէ՛, որ քու թագաւորութեանդ մէջ՝ այս երկու որդիներս բազմին, մէկը՝ աջ կողմդ, եւ միւսը՝ ձախ կողմդ»:
Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»: Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում եւ միւսը՝ ձախ կողմում»:
22 Յիսուս պատասխանեց. «Չէք գիտեր թէ ի՛նչ կը խնդրէք: Կրնա՞ք խմել այն բաժակը՝ որ ես պիտի խմեմ, կամ մկրտուիլ այն մկրտութեամբ՝ որով ես պիտի մկրտուիմ»: Ըսին իրեն. «Կրնա՛նք»:
Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ. կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»: Նրան ասացին՝ կարող ենք:
23 Յիսուս ըսաւ անոնց. «Արդարեւ պիտի խմէ՛ք իմ բաժակս, ու պիտի մկրտուի՛ք այն մկրտութեամբ՝ որով ես մկրտուելու եմ. բայց իմ աջ կամ ձախ կողմս բազմիլը՝ իմս չէ տալը, հապա պիտի տրուի անո՛նց՝ որոնց համար պատրաստուած է իմ Հօրմէս»:
Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կը խմէք, եւ այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կը մկրտուէք, բայց նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կը տամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից»:
24 Երբ միւս տասը աշակերտները լսեցին՝ ընդվզեցան այդ երկու եղբայրներուն դէմ:
Եւ տասը աշակերտները, այս լսելով, բարկացան երկու եղբայրների վրայ:
25 Իսկ Յիսուս իրեն կանչեց զանոնք եւ ըսաւ. «Գիտէք թէ հեթանոսներուն իշխաննե՛րը կը տիրապետեն անոնց վրայ, ու մեծամեծնե՛րը կ՚իշխեն անոնց վրայ:
Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ:
26 Բայց այդպէս թող չըլլայ ձեր մէջ. հապա ձեզմէ ո՛վ որ ուզէ մեծ ըլլալ՝ անիկա ձեր սպասարկո՛ւն թող ըլլայ,
Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի.
27 ու ձեզմէ ո՛վ որ ուզէ գլխաւոր ըլլալ՝ անիկա ձեր ստրո՛ւկը թող ըլլայ.
եւ ձեզնից ով կը կամենայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի.
28 ինչպէս մարդու Որդին եկաւ ո՛չ թէ սպասարկութիւն ընդունելու, հապա՝ սպասարկելու եւ իր անձը փրկանք տալու շատերու համար»:
ինչպէս որ մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»:
29 Երբ անոնք դուրս ելան Երիքովէն, մեծ բազմութիւն մը հետեւեցաւ անոր:
Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետեւից բազում ժողովուրդ գնաց:
30 Եւ ահա՛ երկու կոյրեր նստած էին ճամբային եզերքը. երբ լսեցին թէ Յիսուս կ՚անցնի, աղաղակեցին. «Ողորմէ՜ մեզի, Տէ՛ր, Դաւիթի՛ Որդի»:
Եւ ահա երկու կոյրեր նստած էին ճանապարհի եզերքին: Երբ լսեցին, թէ Յիսուս անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի»:
31 Բազմութիւնը կը յանդիմանէր զանոնք՝ որ լռեն, բայց անոնք ա՛լ աւելի կ՚աղաղակէին. «Ողորմէ՜ մեզի, Տէ՛ր, Դաւիթի՛ Որդի»:
Եւ ամբոխը յանդիմանեց նրանց, որ լռեն: Իսկ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի»:
32 Յիսուս կանգ առնելով՝ կանչեց զանոնք եւ ըսաւ. «Ի՞նչ կ՚ուզէք որ ընեմ ձեզի»:
Յիսուս տեղում կանգ առաւ, կանչեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք կամենում, որ ձեզ անեմ»:
33 Ըսին անոր. «Տէ՛ր, թող մեր աչքերը բացուին»:
Նրան ասացին. «Որ մեր աչքերը բացուեն, Տէ՛ր»:
34 Յիսուս գթալով՝ դպաւ անոնց աչքերուն. իսկոյն անոնց աչքերը բացուեցան, ու հետեւեցան անոր:
Եւ գթալով՝ Յիսուս դիպաւ նրանց աչքերին, եւ նրանք իսկոյն տեսան ու գնացին նրա յետեւից:

< ՄԱՏԹԷՈՍ 20 >