< ՄԱՏԹԷՈՍ 17 >

1 Վեց օր ետք՝ Յիսուս առաւ իրեն հետ Պետրոսը, Յակոբոսն ու անոր եղբայրը՝ Յովհաննէսը, հանեց զանոնք բարձր լեռ մը՝ առանձին,
Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ
2 եւ այլակերպեցաւ անոնց առջեւ. իր երեսը փայլեցաւ արեւի պէս, ու իր հանդերձները ճերմակ եղան՝ լոյսի պէս:
եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը:
3 Եւ ահա՛ Մովսէս ու Եղիա երեւցան անոնց, եւ կը խօսակցէին իրեն հետ:
Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ:
4 Պետրոս ըսաւ Յիսուսի. «Տէ՛ր, լաւ է որ կենանք հոս. եթէ կ՚ուզես, շինենք հոս երեք վրան, մէկը՝ քեզի, մէկը՝ Մովսէսի, ու մէկը՝ Եղիայի»:
Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»:
5 Մինչ ան կը խօսէր, լուսաւոր ամպ մը հովանի եղաւ անոնց վրայ, եւ ձայն մը եկաւ ամպէն՝ ըսելով. «Ա՛յս է իմ սիրելի Որդիս՝ որուն հաճեցայ. անո՛ր մտիկ ըրէք»:
Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»:
6 Երբ աշակերտները լսեցին, իրենց երեսին վրայ ինկան ու սաստիկ վախցան:
Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան:
7 Յիսուս մօտենալով՝ դպաւ անոնց եւ ըսաւ. «Ոտքի՛ ելէք, մի՛ վախնաք»:
Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»:
8 Իրենց աչքերը բարձրացուցին ու ո՛չ մէկը տեսան՝ բայց միայն Յիսուսը:
Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան:
9 Երբ լեռնէն վար կ՚իջնէին, Յիսուս հրահանգեց անոնց. «Այդ տեսիլքը ո՛չ մէկուն պատմեցէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներէն յարութիւն առնէ»:
Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»:
10 Աշակերտները հարցուցին իրեն. «Հապա ինչո՞ւ դպիրները կ՚ըսեն թէ “պէտք է որ նախ Եղիա գայ”»:
Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»:
11 Յիսուս պատասխանեց անոնց. «Իրաւ է թէ նախ Եղիա պիտի գայ եւ վերահաստատէ ամէն բան:
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Եղիան կը գայ եւ կը վերահաստատի ամէն ինչ.
12 Բայց ձեզի կ՚ըսեմ թէ Եղիա արդէն եկած է, ու չճանչցան զայն, հապա ինչ որ ուզեցին՝ ըրին անոր. նոյնպէս ալ մարդու Որդին պիտի չարչարուի անոնցմէ»:
բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ, ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է»:
13 Այն ատեն աշակերտները հասկցան թէ Յովհաննէս Մկրտիչին մասին ըսաւ իրենց:
Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց:
14 Երբ եկան բազմութեան քով, մարդ մը մօտեցաւ անոր, եւ ծնրադրելով՝ ըսաւ.
Երբ ժողովրդի մէջ եկան, մի մարդ մօտեցաւ, ծնկի եկաւ եւ ասաց.
15 «Տէ՛ր, ողորմէ՜ որդիիս, որ կը լուսնոտի ու չարաչար կը տանջուի. քանի որ յաճախ կրակի մէջ կ՚իյնայ, եւ յաճախ՝ ջուրի մէջ:
«Տէ՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետեւ լուսնոտութիւնից է տառապում եւ չարաչար տանջւում է. շատ անգամ կրակի մէջ է ընկնում եւ երբեմն՝ ջրի մէջ:
16 Զինք բերի քու աշակերտներուդ, ու չկրցան զինք բժշկել»:
Նրան քո աշակերտների մօտ տարայ, եւ չկարողացան բժշկել»:
17 Յիսուս պատասխանեց. «Ո՛վ անհաւատ եւ խոտորեալ սերունդ, մինչեւ ե՞րբ պիտի ըլլամ ձեզի հետ, մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեմ ձեզի: Հո՛ս՝ ինծի՛ բերէք զայն»:
Յիսուս պատասխան տուեց ու ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. նրան ինձ մօ՛տ բեր»:
18 Յիսուս սաստեց զայն, դեւը ելաւ անկէ, ու պատանին բժշկուեցաւ նոյն ժամուն:
Եւ Յիսուս նրան սաստեց, դեւը նրանից դուրս եկաւ, եւ մանուկը հէնց այդ րոպէից բժշկուեց:
19 Այն ատեն աշակերտները գացին Յիսուսի քով՝ առանձին, եւ ըսին. «Մե՛նք ինչո՞ւ չկրցանք հանել զայն»:
Այն ժամանակ աշակերտները, առանձին, մօտեցան եւ Յիսուսին ասացին. «Մենք ինչո՞ւ այն հանել չկարողացանք»:
20 Յիսուս ըսաւ. «Ձեր թերահաւատութեա՛ն պատճառով. քանի որ ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատք ունենաք, պիտի ըսէք այս լերան. "Փոխադրուէ՛ ասկէ հոն", ու պիտի փոխադրուի, եւ ոչինչ անկարելի պիտի ըլլայ ձեզի”:
Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեր թերահաւատութեան պատճառով. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք, այս լերանը կ՚ասէք՝ տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ, եւ կը տեղափոխուի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի:
21 Սակայն այս տեսակը ուրիշ բանով դուրս չ՚ելլեր, բայց միայն աղօթքով ու ծոմապահութեամբ»:
Բայց այս տեսակ դեւը այլ կերպ դուրս չի ելնում, եթէ ոչ աղօթքով ու ծոմապահութեամբ»:
22 Մինչ անոնք Գալիլեայի մէջ կը մնային, Յիսուս ըսաւ անոնց. «Մարդու Որդին պիտի մատնուի մարդոց ձեռքը,
Եւ մինչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը,
23 ու պիտի սպաննեն զինք. բայց յարութիւն պիտի առնէ երրորդ օրը»: Անոնք ալ չափազանց տրտմեցան:
ու նրան պիտի սպանեն, եւ նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Եւ նրանք շատ տխրեցին:
24 Երբ անոնք եկան Կափառնայում, երկդրամեան տուրքը գանձողները եկան Պետրոսի եւ ըսին. «Ձեր վարդապետը չի՞ վճարեր երկդրամեանը»: Ան ալ ըսաւ. «Այո՛, կը վճարէ»:
Երբ նրանք Կափառնայում եկան, երկդրամեան տուրքը պահանջողները մօտեցան Պետրոսին եւ ասացին. «Ձեր վարդապետը երկդրամեանը չի՞ տալիս»: Եւ Պետրոսն ասաց՝ այո՛:
25 Երբ տուն մտաւ, Յիսուս կանխեց զինք՝ ըսելով. «Ի՞նչ է քու կարծիքդ, Սիմո՛ն. երկրի թագաւորները որմէ՞ կը ստանան հարկը կամ տուրքը, իրենց որդիներէ՞ն՝ թէ օտարներէն»:
Եւ երբ տուն մտան, Յիսուս կանխեց նրան ու ասաց. «Քեզ ինչպէ՞ս է թւում, Սիմո՛ն. ազգերի թագաւորները հարկերը կամ տուրքը ումի՞ց են առնում, իրենց որդիների՞ց, թէ՞ օտարներից»:
26 Պետրոս ըսաւ. «Օտարներէ՛ն»: Յիսուս ըսաւ անոր. «Ուրեմն որդիները ազատ են:
Եւ երբ ասաց՝ օտարներից, Յիսուս նրան ասաց. «Ապա ուրեմն որդիներն ազատ են:
27 Բայց որպէսզի չգայթակղեցնենք զանոնք, գնա՛ ծովը ու կա՛րթ նետէ, եւ ա՛ռ առաջին ձուկը որ կ՚ելլէ: Երբ անոր բերանը բանաս՝ սատեր մը պիտի գտնես. ա՛ռ զայն ու տո՛ւր անոնց՝ ինծի եւ քեզի համար»:
Բայց որպէսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ ծով ու կարթ գցի՛ր, եւ առաջին ձուկը, որ դուրս կ՚ելնի, վերցրո՛ւ ու բա՛ց նրա բերանը եւ մի արծաթ դրամ կը գտնես. այն ա՛ռ եւ իմ ու քո տեղ նրանց կը տաս»:

< ՄԱՏԹԷՈՍ 17 >