< ՄԱՏԹԷՈՍ 16 >

1 Փարիսեցիներն ու Սադուկեցիները քովը եկան՝ փորձելու համար զինք, եւ կը խնդրէին իրմէ որ երկինքէն նշան մը ցոյց տայ իրենց:
Փարիսեցիներն ու սադուկեցիները մօտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցոյց տայ իրենց երկնային մի նշան:
2 Ան ալ պատասխանեց անոնց. «Երբ իրիկուն ըլլայ՝ կ՚ըսէք. “Վաղը լաւ օդ պիտի ըլլայ, որովհետեւ երկինքը շառագունած է”,
3 իսկ առտուն. “Այսօր մրրիկ պիտի ըլլայ, որովհետեւ երկինքը շառագունած ու մթագնած է”: Կեղծաւորնե՛ր, գիտէ՛ք զննել երկինքի երեսը, բայց չէ՞ք կրնար գիտնալ ժամանակներուն նշանները:
Իսկ նա պատասխան տուեց եւ ասաց նրանց.
4 Չար ու շնացող սերունդը նշան կը խնդրէ: Սակայն ուրիշ նշան պիտի չտրուի անոր, բայց միայն Յովնան մարգարէին նշանը»: Եւ ձգեց զանոնք ու գնաց:
«Չար եւ շնացող մի սերունդ նշան է ուզում, եւ սակայն նրան նշան չպիտի տրուի, բացի Յովնան մարգարէի նշանից»: Եւ նրանց թողեց ու գնաց:
5 Երբ իր աշակերտները անցան միւս եզերքը, մոռցած էին հաց առնել:
Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել:
6 Յիսուս ըսաւ անոնց. «Ուշադի՛ր եղէք, զգուշացէ՛ք Փարիսեցիներու եւ Սադուկեցիներու խմորէն»:
Յիսուս նրանց ասաց. «Տեսէ՛ք, զգո՛յշ եղէք սադուկեցիների եւ փարիսեցիների խմորից»:
7 Անոնք ալ կը մտածէին իրենց մէջ՝ ըսելով. «Հաց չբերինք մեզի հետ»:
Աշակերտները իրենց մէջ խորհում էին ու ասում. «Որովհետեւ հաց չենք վերցրել»:
8 Երբ Յիսուս ըմբռնեց՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ կը մտածէք ձեր մէջ, թերահաւատնե՛ր, թէ հաց չառիք:
Յիսուս այդ իմացաւ ու ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք:
9 Տակաւին չէ՞ք հասկնար եւ չէ՞ք յիշեր հինգ նկանակները՝ որ բաժնեցիք հինգ հազարին, ու քանի՞ կողով վերցուցիք.
Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք.
10 ո՛չ ալ եօթը նկանակները՝ որ բաժնեցիք չորս հազարին, եւ քանի՞ զամբիւղ վերցուցիք:
ոչ էլ եօթը նկանակը՝ չորս հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք:
11 Ի՞նչպէս չէք հասկնար թէ հացի՛ համար չըսի ձեզի. “Զգուշացէ՛ք Փարիսեցիներու եւ Սադուկեցիներու խմորէն”»:
Արդ, ինչպէ՞ս չէք իմանում, թէ հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգոյշ լինել փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից»:
12 Այդ ատեն հասկցան թէ չըսաւ որ զգուշանան հացի խմորէն, հապա՝ Փարիսեցիներու եւ Սադուկեցիներու ուսուցումէն:
Այն ժամանակ իմացան, թէ չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների եւ սադուկեցիների ուսուցումից:
13 Երբ Յիսուս կ՚երթար Փիլիպպոսի Կեսարիային երկրամասը՝ հարցուց իր աշակերտներուն. «Մարդիկ ի՞նչ կ՚ըսեն, ո՞վ եմ ես՝ մարդու Որդին»:
Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»:
14 Անոնք ըսին. «Ոմանք կ՚ըսեն թէ Յովհաննէս Մկրտիչն ես, ուրիշներ՝ Եղիան, ուրիշներ ալ՝ Երեմիան կամ մարգարէներէն մէկը»:
Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»:
15 Ըսաւ անոնց. «Իսկ դո՛ւք ի՞նչ կ՚ըսէք, ո՞վ եմ»:
Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»:
16 Սիմոն Պետրոս պատասխանեց. «Դուն Քրիստո՛սն ես, ապրող Աստուծոյ Որդին»:
Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»:
17 Յիսուս ըսաւ անոր. «Երանի՜ քեզի, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի. որովհետեւ ո՛չ թէ մարմինն ու արիւնը յայտնեցին քեզի ասիկա, հապա իմ Հայրս՝ որ երկինքն է:
Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է:
18 Ես ալ կը յայտարարեմ քեզի. “Դուն Պետրոս ես, եւ այս վէմին վրայ պիտի կառուցանեմ իմ եկեղեցիս, ու դժոխքին դռները պիտի չյաղթեն անոր: (Hadēs g86)
Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: (Hadēs g86)
19 Երկինքի թագաւորութեան բանալիները պիտի տամ քեզի, եւ ի՛նչ որ երկրի վրայ կապես՝ երկինքի մէջ կապուած պիտի ըլլայ, ու ի՛նչ որ երկրի վրայ արձակես՝ երկինքի մէջ արձակուած պիտի ըլլայ”»:
Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»:
20 Այն ատեն աշակերտներուն պատուիրեց՝ որ ո՛չ մէկուն ըսեն թէ ինք Քրիստոսն է:
Այն ժամանակ խստիւ պատուիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թէ ինքն է Քրիստոսը:
21 Այդ ատենէն ետք Յիսուս ցոյց տուաւ իր աշակերտներուն թէ պէտք էր որ երթար Երուսաղէմ, շատ չարչարանքներ կրէր երէցներէն, քահանայապետներէն եւ դպիրներէն, սպաննուէր ու յարութիւն առնէր երրորդ օրը:
Դրանից յետոյ Յիսուս սկսեց յստակօրէն յայտնել աշակերտներին, թէ պէտք է, որ ինքը Երուսաղէմ գնայ, բազում չարչարանքներ կրի եւ անարգուի քահանայապետներից, օրէնսգէտներից, ժողովրդի ծերերից, սպանուի եւ երրորդ օրը յարութիւն առնի:
22 Պետրոս մէկդի առաւ զինք, եւ սկսաւ յանդիմանել զինք՝ ըսելով. «Ամե՛նեւին, Տէ՛ր. այդ բանը չպատահի՛ քեզի»:
Եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի»:
23 Ինք ալ դառնալով՝ Պետրոսի ըսաւ. «Ետե՛ւս գնա, Սատանա՛յ, դուն գայթակղութիւն ես ինծի. որովհետեւ ո՛չ թէ Աստուծոյ բաները կը մտածես, հապա՝ մարդոց բաները»:
Եւ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»:
24 Այն ատեն Յիսուս ըսաւ իր աշակերտներուն. «Եթէ մէկը ուզէ գալ իմ ետեւէս, թող ուրանայ ինքզինք, վերցնէ իր խաչը, ու հետեւի ինծի:
Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից.
25 Որովհետեւ ո՛վ որ ուզէ փրկել իր անձը՝ պիտի կորսնցնէ զայն, իսկ ո՛վ որ կորսնցնէ իր անձը՝ ինծի համար, պիտի գտնէ զայն:
որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կը կորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կը գտնի այն:
26 Քանի որ մարդ ի՞նչ օգուտ կ՚ունենայ, եթէ շահի ամբողջ աշխարհը բայց կորսնցնէ իր անձը. կամ՝ մարդ ի՞նչ փրկանք պիտի տայ իր անձին փոխարէն:
Ի՛նչ օգուտ կ՚ունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ.
27 Որովհետեւ մարդու Որդին պիտի գայ իր Հօր փառքով՝ իր հրեշտակներուն հետ, եւ այն ատեն պիտի հատուցանէ իւրաքանչիւրին՝ իր գործերուն համեմատ:
քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին. եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կը հատուցի ըստ իր գործերի:
28 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Հոս ներկայ եղողներէն կան ոմանք՝ որ մահ պիտի չհամտեսեն, մինչեւ որ տեսնեն մարդու Որդին՝ եկած իր թագաւորութեամբ”»:
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»:

< ՄԱՏԹԷՈՍ 16 >