< ՄԱՏԹԷՈՍ 13 >

1 Նոյն օրը Յիսուս՝ տունէն ելլելով՝ նստաւ ծովուն եզերքը:
Այդ օրը Յիսուս տնից դուրս գալով՝ նստեց ծովեզերքին:
2 Մեծ բազմութիւններ քովը հաւաքուեցան. ուստի ինք նաւ մտաւ ու նստաւ, իսկ ամբողջ բազմութիւնը կայնած էր ծովեզերքը:
Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին:
3 Շատ բաներ խօսեցաւ անոնց՝ առակներով, եւ ըսաւ.
Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում.
4 «Ահա՛ սերմնացան մը գնաց՝ որ սերմ ցանէ: Երբ կը ցանէր, քանի մը սերմեր ինկան ճամբային եզերքը, եւ թռչունները եկան ու լափեցին զանոնք:
«Ահա մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ:
5 Ուրիշներ ինկան ժայռոտ տեղերու վրայ, ուր շատ հող չկար, եւ իսկոյն բուսան՝ հողին խորունկութիւն չունենալուն համար.
Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր.
6 սակայն տօթակէզ եղան երբ արեւը ելաւ, ու չորցան՝ քանի որ արմատ չունէին:
երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ:
7 Ուրիշներ ալ ինկան փուշերու մէջ. եւ փուշերը բարձրացան ու խեղդեցին զանոնք:
Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին:
8 Իսկ ուրիշներ ինկան լաւ հողի մէջ, եւ պտուղ տուին՝ մէկը հարիւր, միւսը՝ վաթսուն, միւսը՝ երեսուն:
Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. եւ կար որ մէկին՝ վաթսուն. եւ կար որ մէկին՝ երեսուն:
9 Ա՛ն որ ականջ ունի լսելու՝ թող լսէ»:
Ով լսելու ականջ ունի, թող լսի»:
10 Աշակերտները մօտենալով՝ ըսին իրեն. «Ինչո՞ւ առակներով կը խօսիս անոնց»:
Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»:
11 Ինք ալ պատասխանեց անոնց. «Քանի որ ձեզի՛ տրուած է գիտնալ երկինքի թագաւորութեան խորհուրդները, բայց անոնց տրուած չէ:
Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրուած իմանալ երկնքի արքայութեան խորհուրդները, իսկ նրանց տրուած չէ.
12 Որովհետեւ ո՛վ որ ունի, անոր պիտի տրուի ու առատութեան մէջ պիտի ըլլայ. իսկ ո՛վ որ չունի, ունեցածն ալ անկէ պիտի առնուի:
որովհետեւ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ:
13 Ուստի առակներով կը խօսիմ անոնց, քանի որ տեսնելով՝ չեն տեսներ, ու լսելով՝ չեն լսեր, ո՛չ ալ կը հասկնան:
Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում:
14 Անոնց վրայ պիտի իրագործուի Եսայիի մարգարէութիւնը՝ որ կ՚ըսէ. “Շատ պիտի լսէք՝ բայց պիտի չհասկնաք. շատ պիտի տեսնէք՝ բայց պիտի չըմբռնէք:
Եւ նրանց վրայ կատարւում է Եսայու մարգարէութիւնը, որ ասում է՝ պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք, պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք.
15 Որովհետեւ այս ժողովուրդին սիրտը թանձրացաւ, եւ իրենց ականջներով ծանր լսեցին ու գոցեցին իրենց աչքերը, որպէսզի աչքերով չտեսնեն, ականջներով չլսեն, սիրտով չհասկնան, եւ դարձի չգան, ու ես չբժշկեմ զանոնք”:
որովհետեւ այս ժողովրդի սիրտը կարծրացաւ, եւ իրենց ականջներով ծանր են լսում. եւ փակեցին իրենց աչքերը, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն եւ սրտով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ:
16 Բայց երանի՜ ձեր աչքերուն՝ որ կը տեսնեն, եւ ձեր ականջներուն՝ որ կը լսեն:
Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են:
17 Որովհետեւ ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ շատ մարգարէներ եւ արդարներ ցանկացին տեսնել ձեր տեսածները՝ ու չտեսան, եւ լսել ձեր լսածները՝ ու չլսեցին»:
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին»:
18 «Լսեցէ՛ք ուրեմն սերմնացանին առակը:
«Եւ արդ, լսեցէ՛ք դուք սերմնացանի առակը.
19 Ո՛վ որ կը լսէ թագաւորութեան խօսքը եւ չի հասկնար, չարը կու գայ ու կը յափշտակէ անոր սիրտին մէջ ցանուածը: Ասիկա ա՛ն է՝ որ սերմ ստացաւ ճամբային եզերքը:
ամէն մէկից, ով լսում է արքայութեան խօսքը եւ չի հասկանում, չարը գալիս է եւ յափշտակում նրա սրտում սերմանուածը. դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանուեց:
20 Ժայռոտ տեղերու վրայ սերմ ստացողը ա՛ն է, որ կը լսէ խօսքը եւ իսկոյն կ՚ընդունի զայն ուրախութեամբ:
Եւ որ ապառաժի վրայ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը, իսկոյն ուրախութեամբ էլ ընդունում է այն:
21 Բայց իր մէջ արմատ չունենալով՝ քիչ ժամանակ կը տեւէ, ու երբ տառապանք կամ հալածանք ըլլայ խօսքին պատճառով՝ իսկոյն կը գայթակղի:
Բայց քանի որ ինքն իր մէջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հաւատում, երբ խօսքի համար նեղութիւն եւ հալածանքներ լինեն, իսկոյն սայթաքում ընկնում է:
22 Փուշերու մէջ սերմ ստացողը ա՛ն է, որ կը լսէ խօսքը, սակայն այս աշխարհի հոգերն ու հարստութեան խաբէութիւնը կը խեղդեն խօսքը, եւ անպտուղ կ՚ըլլայ: (aiōn g165)
Իսկ որ փշերի մէջ սերմանուեց, այն է, որ լսում է խօսքը, բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, եւ սա լինում է անպտուղ: (aiōn g165)
23 Իսկ լաւ հողի մէջ սերմ ստացողը ա՛ն է, որ խօսքը կը լսէ ու կը հասկնայ. նաեւ պտուղ կու տայ, եւ կը բերէ՝ մէկը հարիւր, միւսը՝ վաթսուն, միւսը՝ երեսուն»:
Իսկ որ լաւ հողի մէջ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը եւ հասկանում, պտուղ է տալիս. կայ որ մէկի դիմաց՝ հարիւր, կայ որ մէկի դիմաց՝ վաթսուն եւ կայ որ մէկի դիմաց՝ երեսուն»:
24 Ուրիշ առակ մըն ալ առաջարկեց անոնց ու ըսաւ. «Երկինքի թագաւորութիւնը նմանեցաւ մարդու մը, որ իր արտին մէջ լաւ սերմ ցանեց:
Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց:
25 Մինչ մարդիկ կը քնանային՝ իր թշնամին եկաւ, որոմ ցանեց ցորենին մէջ եւ գնաց:
Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց:
26 Երբ խոտը ծաղկեցաւ ու պտուղ բերաւ, այն ատեն որոմն ալ երեւցաւ:
Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երեւաց եւ այն որոմը:
27 Ուստի հողատիրոջ ծառաները մօտեցան եւ ըսին անոր. “Տէ՛ր, դուն լաւ սերմ չցանեցի՞ր արտիդ մէջ. ուրեմն որոմը ուրկէ՞ է”:
Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»:
28 Ան ալ ըսաւ անոնց. “Թշնամի մը ըրած է ասիկա”: Ծառաները ըսին իրեն. “Ուստի կ՚ուզե՞ս որ երթանք ու քաղենք զանոնք”:
Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»: Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»:
29 Իսկ ան ըսաւ. “Ո՛չ, որպէսզի երբ որոմը քաղէք՝ ցորենն ալ չփրցնէք անոր հետ:
Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք:
30 Թո՛յլ տուէք որ երկուքն ալ միասին աճին՝ մինչեւ հունձքի ատենը”: Եւ հունձքի ատենը պիտի ըսեմ հնձողներուն. “Նախ որո՛մը քաղեցէք ու խուրձ-խուրձ կապեցէ՛ք՝ այրելու համար, իսկ ցորենը ժողվեցէ՛ք իմ ամբարս”»:
Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ՚ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»:
31 Ուրիշ առակ մըն ալ առաջարկեց անոնց եւ ըսաւ. «Երկինքի թագաւորութիւնը նման է մանանեխի հատիկի մը, որ մարդ մը առաւ ու ցանեց իր արտին մէջ:
Նրանց առաջ նա մէկ ուրիշ առակ էլ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ:
32 Արդարեւ ան բոլոր սերմերուն ամենէն պզտիկն է, բայց երբ աճի՝ տունկերուն մեծագոյնը կ՚ըլլայ ու ծառ կը դառնայ, այնպէս որ երկինքի թռչունները կու գան եւ կը բնակին անոր ճիւղերուն վրայ»:
Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից աւելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճիւղերի վրայ հանգստանում»:
33 Ուրիշ առակ մըն ալ ըսաւ անոնց. «Երկինքի թագաւորութիւնը նման է խմորին, որ կին մը առաւ ու պահեց երեք գրիւ ալիւրի մէջ՝ մինչեւ որ ամբողջը խմորուեցաւ»:
Նա մէկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»:
34 Յիսուս առակներո՛վ խօսեցաւ բազմութեան այս բոլոր բաները: Առանց առակի չէր խօսեր անոնց,
Այս բոլորը Յիսուս առակներով պատմեց բազմութեանը եւ առանց առակի ոչինչ չէր ասում նրանց,
35 որպէսզի իրագործուի մարգարէին միջոցով ըսուած խօսքը. «Առակներով պիտի բանամ բերանս, եւ պիտի արտայայտեմ աշխարհի հիմնադրութենէն ի վեր ծածկուած բաները»:
որպէսզի կատարուի մարգարէի կողմից ասուածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ եւ աշխարհի սկզբից ի վեր ծածկուած բաները պիտի յայտնեմ»:
36 Այն ատեն Յիսուս արձակեց բազմութիւնը, ու տուն գնաց: Իր աշակերտները մօտեցան իրեն եւ ըսին. «Բացատրէ՛ մեզի արտին որոմներուն առակը»:
Այն ժամանակ Յիսուս արձակելով ժողովրդին՝ տուն եկաւ. աշակերտները մօտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը»:
37 Ինք ալ պատասխանեց անոնց. «Լաւ սերմը ցանողը՝ մարդու Որդին է,
Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է,
38 արտը՝ աշխարհն է: Լաւ սերմը թագաւորութեան որդիներն են, բայց որոմը չարին որդիներն են:
իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են.
39 Թշնամին որ ցանեց զայն՝ Չարախօսն է, հունձքը՝ աշխարհի վախճանն է, եւ հնձողները՝ հրեշտակներն են: (aiōn g165)
եւ թշնամին, որ այն ցանեց, սատանան է. իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներ են: (aiōn g165)
40 Ուրեմն ի՛նչպէս որ որոմը կը քաղուի ու կ՚այրուի կրակի մէջ, ա՛յնպէս պիտի ըլլայ այս աշխարհի վախճանին: (aiōn g165)
Ինչպէս որոմը հաւաքւում է եւ կրակի մէջ այրւում, այնպէս կը լինի այս աշխարհի վախճանին: (aiōn g165)
41 Մարդու Որդին պիտի ղրկէ իր հրեշտակները, եւ պիտի հաւաքեն իր թագաւորութենէն բոլոր գայթակղութիւններն ու անօրէնութիւն գործողները,
Մարդու Որդին կ՚ուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կը հաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում:
42 եւ պիտի նետեն զանոնք կրակի հնոցին մէջ. հոն պիտի ըլլայ լաց ու ակռաներու կրճտում:
Եւ կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում:
43 Այն ատեն արդարները պիտի փայլին արեւի պէս՝ իրենց Հօր թագաւորութեան մէջ: Ա՛ն որ ականջ ունի լսելու՝ թող լսէ»:
Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կը ծագեն ինչպէս արեգակը: Ով լսելու ականջ ունի, թող լսի»:
44 «Դարձեալ՝ երկինքի թագաւորութիւնը նման է արտի մէջ պահուած գանձին, որ մարդ մը՝ գտնելէ ետք՝ կը ծածկէ, եւ ուրախութենէն կ՚երթայ, կը ծախէ իր ամբողջ ունեցածը, ու կը գնէ այդ արտը»:
«Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ մի մարդ, գտնելով, նորից թաքցնում է. եւ ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է:
45 «Դարձեալ՝ երկինքի թագաւորութիւնը նման է առեւտրականի մը, որ գեղեցիկ մարգարիտներ կը փնտռէ,
Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում.
46 եւ շատ պատուական մարգարիտ մը գտնելէ ետք՝ գնաց, ծախեց իր ամբողջ ունեցածը, ու գնեց զայն»:
եւ գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց:
47 «Դարձեալ՝ երկինքի թագաւորութիւնը նման է ծովը նետուած ուռկանի մը, որ ամէն տեսակ ձուկ կը ժողվէ:
Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել.
48 Երբ ուռկանը լեցուեցաւ, հանեցին ծովեզերքը եւ նստան, հաւաքեցին լաւերը ամաններու մէջ, իսկ դուրս նետեցին վատերը:
երբ լցուել էր, այն ցամաք հանելով եւ նստելով՝ լաւերը մի առ մի հաւաքեցին ամանների մէջ, իսկ անպէտքը դուրս գցեցին:
49 Ա՛յսպէս պիտի ըլլայ աշխարհի վախճանին: Հրեշտակները պիտի ելլեն, արդարներուն մէջէն պիտի զատեն չարերը, (aiōn g165)
Այնպէս էլ կը լինի այս աշխարհի վախճանին: Հրեշտակները կ՚ելնեն եւ չարերին արդարների միջից կը բաժանեն (aiōn g165)
50 ու պիտի նետեն զանոնք կրակի հնոցին մէջ. հոն պիտի ըլլայ լաց եւ ակռաներու կրճտում»:
ու կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»:
51 Յիսուս ըսաւ անոնց. «Հասկցա՞ք այս ամէնը»: Ըսին անոր. «Այո՛, Տէ՛ր»:
Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»: Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր:
52 Ան ալ ըսաւ անոնց. «Ասոր համար ամէն դպիր՝ որ աշակերտ եղած է երկինքի թագաւորութեան, նման է տանտիրոջ մը՝ որ իր գանձէն կը հանէ նորն ու հինը»:
Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը»:
53 Երբ Յիսուս աւարտեց այս առակները՝ մեկնեցաւ անկէ:
Երբ Յիսուս այս առակները վերջացրեց, այնտեղից մեկնեց:
54 Գնաց իր բնագաւառը եւ կը սորվեցնէր անոնց՝ իրենց ժողովարանին մէջ, այնպէս որ անոնք կ՚ապշէին ու կ՚ըսէին. «Ասիկա ուրկէ՞ ունի այս իմաստութիւնը եւ հրաշքները:
Եւ գալով իր գաւառը՝ նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում, այնպէս որ նրանք զարմանում ու ասում էին. «Սրան որտեղի՞ց են այս իմաստութիւնը եւ զօրութեան գործերը:
55 Ասիկա հիւսնին որդին չէ՞. ասոր մայրը Մարիամ չի՞ կոչուիր: Ասոր եղբայրները՝ Յակոբոս, Յովսէս, Սիմոն ու Յուդա,
Սա հիւսնի որդին չէ՞. սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչւում. եւ սրա եղբայրները՝ Յակոբոս, Յովսէս, Սիմոն եւ Յուդա:
56 եւ ասոր քոյրերը՝ բոլորն ալ մեր քով չե՞ն: Ուրեմն ասիկա ուրկէ՞ ունի այս բոլոր բաները».
Եւ սրա քոյրերը բոլորը մեզ մօտ չե՞ն. եւ արդ, որտեղի՞ց է սրան այս բոլորը»:
57 ու կը գայթակղէին անոր պատճառով: Բայց Յիսուս ըսաւ անոնց. «Մարգարէ մը առանց պատիւի չէ, բացի իր բնագաւառին եւ իր տան մէջ»:
Եւ նրանով գայթակղւում էին: Իսկ Յիսուս նրանց ասաց. «Չկայ անարգուած մարգարէ, բայց միայն՝ իր գաւառում եւ իր տանը»:
58 Ու շատ հրաշքներ չգործեց հոն՝ անոնց անհաւատութեան պատճառով:
Եւ նրանց անհաւատութեան պատճառով այնտեղ զօրաւոր շատ գործեր չարեց:

< ՄԱՏԹԷՈՍ 13 >