< ՄԱՏԹԷՈՍ 12 >

1 Այդ ատեն Յիսուս՝ Շաբաթ օր մը՝ գնաց արտերու մէջէն. իր աշակերտները՝ անօթենալով՝ սկսան ցորենի հասկեր փրցնել եւ ուտել:
Յիսուս, շաբաթ օրով, անցաւ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել:
2 Երբ Փարիսեցիները տեսան՝ ըսին անոր. «Ահա՛ քու աշակերտներդ կը գործեն, մինչդեռ արտօնուած չէ գործել Շաբաթ օրը»:
Փարիսեցիները երբ այս տեսան, Յիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինաւոր չէ»:
3 Ան ալ ըսաւ անոնց. «Չէ՞ք կարդացեր Դաւիթի ըրածը, երբ ինք եւ իրեն հետ եղողները անօթեցան.
Եւ նա նրանց ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց նա եւ նրանք, որ նրա հետ էին:
4 մտաւ Աստուծոյ տունը, ու կերաւ առաջադրութեան հացերը, որ ո՛չ իրեն արտօնուած էր ուտել, ո՛չ ալ իրեն հետ եղողներուն, բայց միայն քահանաներուն:
Թէ ինչպէս մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը, որն ուտել օրէնք չէր ո՛չ նրա եւ ո՛չ էլ նրա հետ եղողների համար, այլ միայն՝ քահանաների համար:
5 Կամ թէ Օրէնքին մէջ չէ՞ք կարդացեր թէ քահանաները կը սրբապղծեն Շաբաթը տաճարին մէջ՝ Շաբաթ օրերը, եւ անպարտ են:
Կամ թէ Օրէնքում չէ՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը եւ անմեղ են:
6 Բայց կը յայտարարեմ ձեզի թէ այստեղ տաճարէ՛ն աւելի մեծ մէկը կայ:
Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մէկը կայ:
7 Եթէ գիտնայիք թէ ի՛նչ ըսել է. “Կարեկցութի՛ւն կ՚ուզեմ, ու ո՛չ թէ զոհ”, այն ատեն չէիք դատապարտեր անպարտները.
Եւ եթէ իմանայիք, թէ ի՛նչ է՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի.
8 որովհետեւ մարդու Որդին տէրն է Շաբաթին»:
ուրեմն մարդու Որդին շաբաթ օրուայ տէրն է»:
9 Մեկնելով անկէ՝ եկաւ անոնց ժողովարանը:
Յիսուս այստեղից մեկնելով՝ եկաւ նրանց ժողովարանը:
10 Հոն մարդ մը կար, որուն ձեռքը չորցած էր: Ամբաստանելու համար զինք՝ հարցուցին անոր. «Արտօնուա՞ծ է բուժել Շաբաթ օրը»:
Այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը գօսացած էր: Յիսուսին հարցրին ու ասացին. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել». որպէսզի նրան ամբաստանեն:
11 Ան ալ ըսաւ անոնց. «Ձեզմէ ո՞վ է այն մարդը, որ եթէ ոչխար մը ունենայ եւ ան փոսի մէջ իյնայ Շաբաթ օրը, չի բռներ ու վեր չի հաներ զայն:
Եւ նա ասաց նրանց. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենայ, եւ դա շաբաթ օրն ընկնի փոսի մէջ, միթէ չի՞ բռնի ու վեր հանի այն:
12 Հետեւաբար մարդը ո՜րչափ աւելի կ՚արժէ ոչխարէն: Ուրեմն արտօնուած է բարիք գործել Շաբաթ օրը»:
Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է. ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»:
13 Այն ատեն ըսաւ այդ մարդուն. «Երկարէ՛ ձեռքդ»: Ան ալ երկարեց, եւ առողջացաւ միւսին պէս:
Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. եւ նա երկարեց. եւ առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս միւսը:
14 Իսկ Փարիսեցիները դուրս ելլելով՝ խորհրդակցեցան անոր դէմ թէ ի՛նչպէս կորսնցնեն զայն:
Իսկ փարիսեցիները դուրս գալով՝ նրա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան:
15 Երբ Յիսուս գիտցաւ՝ մեկնեցաւ անկէ: Մեծ բազմութիւններ հետեւեցան անոր, եւ բուժեց բոլորը.
Երբ Յիսուս այդ իմացաւ, այդտեղից մեկնեց: Նրա յետեւից գնաց շատ ժողովուրդ, եւ նա բոլորին բժշկեց:
16 բայց սաստիկ հրահանգեց անոնց՝ որ ո՛չ մէկուն յայտնեն զինք,
Եւ խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն,
17 որպէսզի իրագործուի Եսայի մարգարէին միջոցով ըսուած խօսքը.
որպէսզի կատարուի այն, ինչ որ ասուեց Եսայի մարգարէի բերանով.
18 «Ահա՛ իմ ծառաս՝ որ ընտրեցի, եւ իմ սիրելիս՝ որուն հաճեցաւ իմ անձս. իմ Հոգիս պիտի դնեմ անոր վրայ, ու իրաւունքը պիտի հռչակէ հեթանոսներուն:
19 Ո՛չ պիտի հակառակի, ո՛չ պիտի պոռայ, եւ ո՛չ մէկը պիտի լսէ անոր ձայնը հրապարակներուն մէջ:
20 Պիտի չփշրէ ջախջախուած եղէգը ու պիտի չմարէ պլպլացող պատրոյգը, մինչեւ որ իրաւունքը հասցնէ յաղթութեան:
21 Եւ հեթանոսները պիտի յուսան անոր անունին»:
22 Այն ատեն բերին իրեն կոյր ու համր դիւահար մը, եւ բուժեց զայն, այնպէս որ համրն ու կոյրը խօսեցաւ եւ տեսաւ:
Այն ժամանակ նրա մօտ բերուեց կոյր ու համր մի դիւահար, եւ նա բժշկեց նրան, այնպէս որ համրն ու կոյրը խօսում էր ու տեսնում:
23 Ամբողջ բազմութիւնը զմայլեցաւ, ու կ՚ըսէր. «Արդեօք ասիկա՞ է Դաւիթի որդին»:
Ամբողջ ժողովուրդը զարմացաւ եւ ասում էր. «Միթէ սա՞ է Քրիստոսը՝ Դաւթի Որդին»:
24 Բայց երբ Փարիսեցիները լսեցին՝ ըսին. «Ասիկա ուրիշ բանով դուրս չի հաներ դեւերը, բայց միայն դեւերուն Բէեղզեբուղ իշխանով»:
Բայց երբ փարիսեցիները լսեցին, ասացին. «Նա դեւերին այլ կերպ չի հանում, եթէ ոչ Բէեղզեբուղի՝ դեւերի իշխանի միջոցով»:
25 Յիսուս գիտնալով անոնց մտածումները՝ ըսաւ անոնց. «Ինքնիր դէմ բաժնուած որեւէ թագաւորութիւն՝ կ՚աւերի, եւ ինքնիր դէմ բաժնուած որեւէ քաղաք կամ տուն՝ չի կրնար կենալ:
Երբ Յիսուս նրանց մտածումներն իմացաւ, նրանց ասաց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ.
26 Եթէ Սատանա՛ն դուրս հանէ Սատանան, բաժնուած է ինքնիր դէմ. ուրեմն անոր թագաւորութիւնը ի՞նչպէս պիտի կենայ:
եւ եթէ սատանան սատանային հանում է, ուրեմն՝ ինքն իր մէջ բաժանուեց. արդ, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ:
27 Ու եթէ ես Բէեղզեբուղո՛վ կը հանեմ դեւերը, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. ուստի անո՛նք պիտի ըլլան ձեր դատաւորները:
Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. դրա համար էլ նրանք կը լինեն ձեր դատաւորները:
28 Բայց եթէ ես Աստուծոյ Հոգիով կը հանեմ դեւերը, ուրեմն Աստուծոյ թագաւորութիւնը հասած է ձեր վրայ:
Իսկ եթէ Աստծու Հոգով եմ հանում դեւերին, ուրեմն Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ:
29 Կամ մէկը ի՞նչպէս կրնայ մտնել ուժեղ մարդու մը տունը եւ յափշտակել անոր կարասիները, եթէ նախ չկապէ այդ ուժեղ մարդը, եւ ա՛յն ատեն կողոպտէ անոր տունը:
Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի:
30 Ա՛ն որ ինծի հետ չէ՝ ինծի հակառակ է, եւ ա՛ն որ ինծի հետ չի ժողվեր՝ կը ցրուէ:
Ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում՝ ցրում է»:
31 Ուստի կը յայտարարեմ ձեզի. “Ամէն տեսակ մեղք ու հայհոյութիւն պիտի ներուի մարդոց, բայց Սուրբ Հոգիին դէմ եղած հայհոյութիւնը պիտի չներուի մարդոց”:
«Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի:
32 Ո՛վ որ խօսք մը ըսէ մարդու Որդիին դէմ՝ պիտի ներուի անոր, բայց ո՛վ որ խօսի Սուրբ Հոգիին դէմ՝ պիտի չներուի անոր, ո՛չ այս աշխարհին մէջ եւ ո՛չ գալիքին մէջ»: (aiōn g165)
Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում: (aiōn g165)
33 «Կա՛մ լա՛ւ սեպեցէք ծառը, ու անոր պտուղը լաւ կ՚ըլլայ, կա՛մ վա՛տ սեպեցէք ծառը, եւ անոր պտուղը վատ կ՚ըլլայ. որովհետեւ ծառը կը ճանչցուի իր պտուղէն:
Կա՛մ ծառը բարի արէք, եւ նրա պտուղն էլ բարի կը լինի, կա՛մ ծառը չար արէք, եւ նրա պտուղն էլ չար կը լինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում:
34 Իժերո՛ւ ծնունդներ, ի՞նչպէս կրնաք՝ չար ըլլալով՝ բարի բաներ խօսիլ. որովհետեւ բերանը կը խօսի սիրտին լիութենէն:
Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կը կարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է:
35 Բարի մարդը իր սիրտին բարի գանձէն կը հանէ բարի բաներ, իսկ չար մարդը իր սիրտին չար գանձէն կը հանէ չար բաներ:
Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ:
36 Բայց կը յայտարարեմ ձեզի. “Ամէն դատարկ խօսքի համար՝ որ մարդիկ կը խօսին, հաշիւ պիտի տան դատաստանին օրը”:
Բայց ասում եմ ձեզ, թէ մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան,
37 Որովհետեւ քու խօսքերէ՛դ պիտի արդարանաս, եւ քու խօսքերէ՛դ պիտի դատապարտուիս»:
որովհետեւ՝ քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես»:
38 Այն ատեն դպիրներէն ու Փարիսեցիներէն ոմանք ըսին իրեն. «Վարդապե՛տ, նշա՛ն մը կ՚ուզենք տեսնել քեզմէ»:
Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»:
39 Իսկ ինք պատասխանեց անոնց. «Չար եւ շնացող սերունդը նշան կը խնդրէ: Ուրիշ նշան պիտի չտրուի անոր, բայց միայն Յովնան մարգարէին նշանը:
Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտռում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը.
40 Որովհետեւ ինչպէս Յովնան մնաց կէտ ձուկին փորին մէջ՝ երեք օր ու երեք գիշեր, այնպէս մարդու Որդին պիտի մնայ երկրի սիրտին մէջ՝ երեք օր եւ երեք գիշեր:
որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր:
41 Նինուէի մարդիկը դատաստանին օրը պիտի կանգնին այս սերունդին դէմ ու պիտի դատապարտեն զայն, որովհետեւ զղջացին Յովնանի քարոզութեամբ. եւ ահա՛ Յովնանէ մեծ մէկը կայ հոս:
Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին. եւ ահաւասիկ այստեղ Յովնանից մեծը կայ:
42 Հարաւի թագուհին դատաստանին օրը ոտքի պիտի ելլէ այս սերունդին դէմ ու զայն պիտի դատապարտէ, որովհետեւ ինք եկաւ երկրի ծայրերէն՝ Սողոմոնի իմաստութիւնը լսելու. եւ ահա՛ Սողոմոնէ մեծ մէկը կայ հոս»:
Հարաւի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա այստեղ Սողոմոնից մեծը կայ»:
43 «Երբ անմաքուր ոգին դուրս կ՚ելլէ մարդէ մը՝ կը շրջի անջուր տեղեր, հանգստութիւն կը փնտռէ, ու չի գտներ:
«Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում:
44 Այն ատեն կ՚ըսէ. “Վերադառնամ իմ տունս՝ ուրկէ ելայ”: Կու գայ եւ կը գտնէ զայն՝ պարապ, աւլուած ու զարդարուած:
Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած:
45 Այն ատեն կ՚երթայ, եւ կ՚առնէ իրեն հետ եօթը ուրիշ ոգիներ՝ իրմէ աւելի չար, ու մտնելով հոն կը բնակին. եւ այդ մարդուն վերջին վիճակը կ՚ըլլայ առաջինէն աւելի գէշ: Ա՛յսպէս պիտի ըլլայ այս չար սերունդին ալ»:
Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթը այլ ոգիներ եւ մտնում բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին»:
46 Մինչ ինք կը խօսէր բազմութեան, իր մայրն ու եղբայրները կայնած էին դուրսը, եւ կը ջանային խօսիլ իրեն հետ:
Մինչ Յիսուս դեռ խօսքն ուղղում էր բազմութեանը, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնած էին դրսում եւ ուզում էին խօսել նրա հետ:
47 Մէկը ըսաւ իրեն. «Ահա՛ քու մայրդ ու եղբայրներդ կայնած են դուրսը, եւ կը ջանան խօսիլ քեզի հետ»:
Եւ մէկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են եւ ուզում են քեզ հետ խօսել»:
48 Ինք ալ պատասխանեց իրեն ըսողին. «Ո՞վ է իմ մայրս, ու որո՞նք են իմ եղբայրներս»:
Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»:
49 Եւ երկարելով իր ձեռքը դէպի իր աշակերտները՝ ըսաւ. «Ահա՛ մայրս ու եղբայրներս.
Եւ իր ձեռքը երկարելով դէպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը եւ իմ եղբայրները.
50 որովհետեւ ո՛վ որ կը գործադրէ իմ երկնաւոր Հօրս կամքը, անիկա՛ է իմ եղբայրս, քոյրս եւ մայրս»:
որովհետեւ, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր»:

< ՄԱՏԹԷՈՍ 12 >