< ՄԱՏԹԷՈՍ 10 >

1 Յետոյ, քովը կանչելով իր տասներկու աշակերտները, իշխանութիւն տուաւ անոնց՝ անմաքուր ոգիներուն վրայ, որպէսզի դուրս հանեն զանոնք, ու բուժեն ամէն տեսակ ախտ եւ ամէն տեսակ վատառողջութիւն:
Եւ նա իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն:
2 Ահա՛ւասիկ տասներկու առաքեալներուն անունները.- առաջինը՝ Սիմոն, որ Պետրոս կը կոչուի, եւ անոր եղբայրը՝ Անդրէաս,
Եւ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն Պետրոս կոչուածը, եւ նրա եղբայրը Անդրէաս,
3 Յակոբոս Զեբեդեան եւ անոր եղբայրը՝ Յովհաննէս, Փիլիպպոս ու Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս՝ մաքսաւորը, Յակոբոս Ալփեան ու Ղեբէոս՝ որ Թադէոս մականուանուեցաւ,
Զեբեդէոսի որդի Յակոբոս եւ նրա եղբայրը Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս եւ Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց,
4 Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ մատնեց զայն:
Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեց նրան:
5 Յիսուս ղրկեց այս տասներկուքը եւ պատուիրեց անոնց. «Մի՛ երթաք հեթանոսներու ճամբայէն, ու մի՛ մտնէք Սամարացիներու որեւէ քաղաք,
Նրանց Տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնաք եւ սամարացիների որեւէ քաղաքը չմտնէք,
6 այլ մանաւանդ գացէ՛ք Իսրայէլի տան կորսուած ոչխարներուն:
այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ:
7 Երբ երթաք, քարոզեցէ՛ք եւ ըսէ՛ք. “Երկինքի թագաւորութիւնը մօտեցած է”:
Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»:
8 Բուժեցէ՛ք հիւանդները, մաքրեցէ՛ք բորոտները՝՝, հանեցէ՛ք դեւերը. ձրի՛ ստացած էք, ձրի՛ տուէք:
Հիւանդներին բժշկեցէ՛ք, բորոտներին մաքրեցէ՛ք, դեւերին հանեցէ՛ք, ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք:
9 Մի՛ ունենաք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ ու ո՛չ պղինձ՝ ձեր գօտիներուն մէջ.
Մի՛ ունեցէք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ եւ ո՛չ էլ պղինձ դրամ՝ ձեր գօտիների մէջ.
10 ո՛չ ճամբորդութեան համար պարկ, ո՛չ կրկին բաճկոն, ո՛չ կօշիկ, ո՛չ գաւազան. որովհետեւ գործաւորը արժանի է իր կերակուրին:
ո՛չ պարկ՝ ճանապարհի համար. ո՛չ երկու զգեստ, ո՛չ կօշիկներ եւ ո՛չ էլ ցուպ. որովհետեւ մշակն արժանի է իր կերակրին:
11 Երբ քաղաք մը կամ գիւղ մը մտնէք, տեղեկացէ՛ք թէ ո՛վ է արժանաւորը անոր մէջ, եւ մնացէ՛ք անոր քով՝ մինչեւ որ մեկնիք անկէ:
Որ քաղաքը կամ գիւղը մտնէք, հարցրէ՛ք, թէ ո՛վ է այնտեղ արժանաւորը, եւ այնտեղ մնացէ՛ք, մինչեւ որ այդտեղից դուրս ելնէք:
12 Երբ տուն մտնէք, բարե՛ւ տուէք անոր:
Եւ երբ այն տունը մտնէք, ողջո՛յն տուէք նրան ու ասացէ՛ք. «Ողջո՜յն այս տանը»:
13 Եթէ այդ տունը արժանի է, ձեր բարեւը թող գայ անոր վրայ. իսկ եթէ արժանի չէ, ձեր բարեւը թող վերադառնայ ձեզի:
Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ:
14 Եթէ մէկը չընդունի ձեզ ու մտիկ չընէ ձեր խօսքերը, երբ մեկնիք այդ տունէն կամ քաղաքէն, թօթուեցէ՛ք ձեր ոտքերուն փոշին:
Եւ եթէ մի քաղաք չընդունի ձեզ եւ չլսի ձեր խօսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս՝ ձեր ոտքերից փոշին թօթափեցէ՛ք:
15 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Սոդոմացիներու եւ Գոմորացիներու երկրին աւելի՛ դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը, քան այդ քաղաքին”»:
Ճշմարիտ եմ ասում ձեզ, սոդոմացիների եւ գոմորացիների երկրի համար աւելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար»:
16 «Ահա՛ կը ղրկեմ ձեզ իբր ոչխարներ՝ գայլերու մէջ. ուրեմն խորագէ՛տ եղէք օձերու պէս, եւ աննենգ՝ աղաւնիներու պէս:
«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ: Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման:
17 Իսկ զգուշացէ՛ք մարդոցմէ. որովհետեւ ատեաններու պիտի մատնեն ձեզ, ու պիտի խարազանեն ձեզ իրենց ժողովարաններուն մէջ:
Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում.
18 Կառավարիչներու եւ թագաւորներու առջեւ պիտի տարուիք՝ իմ պատճառովս, իբր վկայութիւն անոնց ու հեթանոսներուն:
ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին:
19 Բայց երբ մատնեն ձեզ, մի՛ մտահոգուիք թէ ի՛նչպէս կամ ի՛նչ պիտի խօսիք, որովհետեւ ինչ որ պիտի խօսիք՝ պիտի տրուի ձեզի այդ ժամուն:
Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք.
20 Որովհետեւ ո՛չ թէ դուք էք որ պիտի խօսիք, հապա ձեր Հօր Հոգին՝ որ պիտի խօսի ձեր մէջ:
քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով:
21 Եղբայրը մահուան պիտի մատնէ իր եղբայրը, եւ հայրը՝ զաւակը. ու զաւակներ պիտի ելլեն իրենց ծնողներուն դէմ եւ մեռցնեն զանոնք:
Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն: Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն:
22 Բոլորին ատելի պիտի ըլլաք իմ անունիս համար. բայց ո՛վ որ տոկայ մինչեւ վախճանը, անիկա՛ պիտի փրկուի:
Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի:
23 Երբ այս քաղաքին մէջ հալածեն ձեզ, փախէ՛ք ուրիշ քաղաք մը. որովհետեւ ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Պիտի չաւարտէք Իսրայէլի քաղաքները, մինչեւ որ մարդու Որդին գայ”:
Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կը փախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կը փախչէք դէպի այն միւսը: Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք, նախքան մարդու Որդու գալը:
24 Աշակերտը գերիվեր չէ իր վարդապետէն, ո՛չ ալ ծառան՝ իր տիրոջմէն:
Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը:
25 Բաւական է աշակերտին՝ որ իր վարդապետին պէս ըլլայ, ու ծառային՝ իր տիրոջ պէս: Եթէ տանուտէրը կոչեցին Բէեղզեբուղ, ո՜րչափ աւելի՝ անոր տնեցիները»:
Աշակերտին հերիք է, եթէ լինի իր վարդապետի նման, եւ ծառային՝ իր տիրոջ նման. եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ եւս առաւել՝ նրա ընտանիքը:
26 « Ուրեմն մի՛ վախնաք անոնցմէ, որովհետեւ ոչինչ կայ ծածկուած՝ որ պիտի չյայտնուի, ու գաղտնի՝ որ պիտի չգիտցուի:
Այսուհետեւ նրանցից չվախենաք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի:
27 Ինչ որ կ՚ըսեմ ձեզի խաւարի մէջ՝ խօսեցէ՛ք զայն լոյսի մէջ, եւ ինչ որ կը լսէք ականջի մէջ՝ քարոզեցէ՛ք տանիքներուն վրայ:
Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէ՛ք տանիքների վրայից:
28 Մի՛ վախնաք անոնցմէ՝ որ մարմինը կը սպաննեն ու չեն կրնար անձը սպաննել. այլ մանաւանդ վախցէ՛ք անկէ՝ որ կրնայ անձը եւ մարմինը կորսնցնել գեհենին մէջ: (Geenna g1067)
Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը: (Geenna g1067)
29 Երկու ճնճղուկ չե՞ն ծախուիր մէկ դանգի. սակայն անոնցմէ ո՛չ մէկը գետին կ՚իյնայ առանց ձեր Հօր կամքին:
Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում.
30 Բայց ձեր գլուխին բոլոր մազերն ալ համրուած են:
եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են:
31 Ուրեմն մի՛ վախնաք, որովհետեւ դուք շատ ճնճղուկներէ աւելի կ՚արժէք»:
Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք:
32 «Ուստի ո՛վ որ դաւանի զիս մարդոց առջեւ, ես ալ պիտի դաւանիմ զինք Հօրս առջեւ՝ որ երկինքն է:
Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է:
33 Իսկ ո՛վ որ ուրանայ զիս մարդոց առջեւ, ես ալ պիտի ուրանամ զինք Հօրս առջեւ՝ որ երկինքն է»:
Եւ ով ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ՚ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»:
34 «Մի՛ կարծէք թէ ես եկայ խաղաղութիւն ձգելու երկրի վրայ: Ես եկայ ո՛չ թէ խաղաղութիւն ձգելու, հապա՝ սուր:
«Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր.
35 Որովհետեւ եկայ զատելու մարդը իր հօրմէն, եւ աղջիկը՝ իր մօրմէն, ու հարսը՝ իր կեսուրէն:
քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից, եւ դստերը՝ իր մօրից, եւ հարսին՝ իր կեսուրից:
36 Մարդուն թշնամիները՝ իր տնեցինե՛րը պիտի ըլլան:
Մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն:
37 Ա՛ն որ ինձմէ աւելի կը սիրէ իր հայրը կամ մայրը՝ ինծի արժանի չէ, եւ ա՛ն որ ինձմէ աւելի կը սիրէ իր որդին կամ աղջիկը՝ ինծի արժանի չէ:
Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ:
38 Ա՛ն որ իր խաչը չ՚առներ ու իմ ետեւէս չի գար, ինծի արժանի չէ:
Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ:
39 Ա՛ն որ կը գտնէ իր անձը՝ պիտի կորսնցնէ զայն, եւ ա՛ն որ կը կորսնցնէ իր անձը ինծի համար՝ պիտի գտնէ զայն»:
Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի:
40 «Ա՛ն որ ձեզ կ՚ընդունի՝ զի՛ս կ՚ընդունի. եւ ա՛ն որ զիս կ՚ընդունի՝ զիս ղրկո՛ղը կ՚ընդունի:
Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն:
41 Ա՛ն որ մարգարէ մը կ՚ընդունի՝ մարգարէի անունով, մարգարէի վարձատրութիւն պիտի ստանայ. ու ա՛ն որ արդար մը կ՚ընդունի՝ արդարի անունով, արդարի վարձատրութիւն պիտի ստանայ:
Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կը ստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կը ստանայ:
42 Եւ ո՛վ որ այս պզտիկներէն մէկուն միայն գաւաթ մը պաղ ջուր խմցնէ՝ աշակերտի անունով, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի, բնա՛ւ իր վարձատրութիւնը պիտի չկորսնցնէ»:
Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:

< ՄԱՏԹԷՈՍ 10 >