< ՄԱՐԿՈՍ 8 >

1 Այդ օրերը, բազմութիւնը յոյժ շատ ըլլալով եւ ուտելու ոչինչ ունենալով, Յիսուս իրեն կանչեց իր աշակերտները ու ըսաւ անոնց.
Այդ օրերին ժողովուրդը դարձեալ շատ էր, եւ ուտելու բան չունէին: Յիսուս կանչեց իր աշակերտներին եւ ասաց նրանց.
2 «Կը գթամ այդ բազմութեան վրայ, որովհետեւ արդէն երեք օր է՝ որ քովս են, եւ ոչինչ ունին ուտելու:
«Սիրտս ցաւում է այս ժողովրդի համար, որովհետեւ արդէն երեք օր է, որ ինձ մօտ են. եւ բան չունեն, որ ուտեն:
3 Եթէ անօթի ուղարկեմ զանոնք իրենց տուները՝ պիտի պարտասին ճամբան, որովհետեւ ատոնցմէ ոմանք հեռաւոր տեղէ եկած են»:
Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կը լինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել»:
4 Իր աշակերտները պատասխանեցին իրեն. «Այս անապատին մէջ ուրկէ՞ կրնայ մէկը հացով կշտացնել ատոնք»:
Աշակերտները նրան պատասխանեցին եւ ասացին. «Որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել այս ամայի վայրում»:
5 Հարցուց անոնց. «Քանի՞ նկանակ ունիք»: Անոնք ըսին. «Եօթը»:
Եւ նա հարցրեց նրանց. «Քանի՞ նկանակ հաց ունէք»: Եւ նրանք ասացին՝ եօթը:
6 Հրամայեց բազմութեան՝ որ նստի գետինին վրայ. եւ առաւ եօթը նկանակները, շնորհակալ եղաւ, կտրեց ու տուաւ աշակերտներուն, որպէսզի հրամցնեն բազմութեան. եւ հրամցուցին:
Եւ նա հրամայեց ժողովրդին նստել գետնի վրայ. եւ վերցնելով եօթը նկանակները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց եւ տուեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ. եւ նրանք հացը ժողովրդի առաջ դրեցին:
7 Քանի մը մանր ձուկ ալ ունէին: Օրհնեց ու ըսաւ՝ որ զանոնք ալ հրամցնեն անոնց:
Եւ քիչ թուով ձկներ էլ ունէին. եւ նա այդ եւս օրհնեց ու հրամայեց նրանց առաջ դնել:
8 Կերան, կշտացան, եւ աւելցած բեկորներէն եօթը զամբիւղ վերցուցին:
Կերան եւ կշտացան եւ եօթը զամբիւղ աւելացած կտորտանքներ վերցրին:
9 Ուտողները չորս հազարի չափ էին: Արձակեց զանոնք,
Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին. եւ նրանց արձակեց:
10 եւ իսկոյն նաւ մտնելով՝ աշակերտներուն հետ գնաց Դաղմանութայի կողմերը:
Եւ իսկոյն աշակերտների հետ նաւակ մտնելով՝ եկաւ Դաղմանունայի կողմերը:
11 Փարիսեցիները ելլելով՝ սկսան անոր հետ վիճաբանիլ, ու զայն փորձելով՝ կը խնդրէին իրմէ նշան մը երկինքէն:
Եկան փարիսեցիները եւ սկսեցին վիճել նրա հետ եւ նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից:
12 Ան ալ իր հոգիին մէջ հառաչելով՝ ըսաւ. «Ինչո՞ւ այս սերունդը նշան կը խնդրէ: Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ այս սերունդին նշան պիտի չտրուի»:
Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»:
13 Եւ զանոնք թողուց, դարձեալ նաւ մտաւ ու գնաց ծովուն միւս եզերքը:
Թողեց նրանց, նորից նաւակ մտաւ եւ գնաց ծովի միւս կողմը:
14 Հաց առնել մոռցած էին. բայց նաւուն մէջ իրենց հետ միայն մէկ նկանակ ունէին:
Եւ աշակերտները մոռացան հաց վերցնել. սակայն միայն մէկ նկանակ ունէին իրենց նաւակի մէջ:
15 Պատուիրեց անոնց ու ըսաւ. «Ուշադի՛ր եղէք, զգուշացէ՛ք Փարիսեցիներու խմորէն ու Հերովդէսի խմորէն»:
Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. «Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների խմորից»:
16 Իսկ անոնք իրարու հետ կը մտածէին եւ կ՚ըսէին. «Որովհետեւ հաց չունինք»:
Իսկ նրանք իրենց մէջ խորհում էին եւ ասում՝ հաց չունենք:
17 Յիսուս գիտնալով անոնց մտածումը՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ կը մտածէք թէ հաց չունիք. տակաւին չէ՞ք ըմբռներ ու չէ՞ք հասկնար. տակաւին ձեր սիրտը կարծրացա՞ծ է:
Յիսուս իմացաւ նրանց խորհուրդը եւ նրանց ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր սրտերում խորհում, թէ հաց չունէք. դեռ չէ՞ք հասկանում եւ չէ՞ք յիշում. ապշութի՞ւնն է ձեր մտքերը պատել:
18 Աչքեր ունիք եւ չէ՞ք տեսներ, ականջներ ունիք ու չէ՞ք լսեր, եւ չէ՞ք յիշեր:
Աչքեր ունէք եւ չէ՞ք տեսնում, ականջներ ունէք եւ չէ՞ք լսում եւ դեռ չէ՞ք հասկանում ու չէ՞ք յիշում.
19 Երբ հինգ նկանակները կտրեցի հինգ հազարին, բեկորներով լեցուն քանի՞ կողով վերցուցիք»: Ըսին անոր. «Տասներկու»:
երբ հինգ նկանակը բաժանեցի հինգ հազար հոգու, կտորտանքներով լի քանի՞ սակառ վերցրիք»: Եւ նրան պատասխանեցին՝ տասներկու:
20 «Ու երբ եօթը նկանակները կտրեցի չորս հազարին, բեկորներով լեցուն քանի՞ զամբիւղ վերցուցիք»: Անոնք ալ ըսին. «Եօթը»:
«Եւ երբ եօթը նկանակը չորս հազար հոգու բաժանեցի, կտորտանքների քանի՞ զամբիւղ լիքը վերցրիք»: Եւ նրանք պատասխանեցին՝ եօթը:
21 Եւ ըսաւ անոնց. «Հապա ի՞նչպէս չէք հասկնար»:
Եւ նա նրանց ասաց. «Ապա ուրեմն ինչպէ՞ս չէք հասկանում»:
22 Երբ գնաց Բեթսայիդա՝ կոյր մը բերին անոր առջեւ, ու կ՚աղաչէին իրեն՝ որ դպչի անոր:
Եկան Բեթսայիդա. եւ նրա առաջ բերեցին մի կոյրի ու աղաչում էին, որ դիպչի նրան:
23 Ան ալ՝ բռնելով կոյրին ձեռքէն՝ դուրս տարաւ գիւղէն, եւ թքնելով անոր աչքերուն՝ դրաւ ձեռքը անոր վրայ, ու հարցուց անոր թէ կը տեսնէ՛ բան մը:
Եւ նա բռնելով կոյրի ձեռքից՝ գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց. եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է:
24 Ան ալ նայեցաւ եւ ըսաւ. «Կը տեսնեմ մարդիկ՝ ծառերու պէս, որ կը քալեն»:
Նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր»:
25 Դարձեալ դրաւ ձեռքը անոր աչքերուն վրայ ու նայիլ տուաւ անոր. եւ առողջացաւ, ու յստակօրէն կը տեսնէր բոլորը:
Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրայ. կոյրը իր աչքերը բացեց եւ տեսնում էր. բժշկուեց եւ ամէն ինչ յստակ տեսնում էր:
26 Յետոյ՝ ղրկելով զայն իր տունը՝ ըսաւ. «Մի՛ մտներ գիւղը, ո՛չ ալ մէկու մը ըսէ գիւղին մէջ»:
Նրան իր տունն արձակեց եւ ասաց. «Գիւղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տունը, իսկ երբ գիւղ մտնես, գիւղում ոչ ոքի չասես»:
27 Յիսուս գնաց Փիլիպպոսի Կեսարիային գիւղերը՝ իր աշակերտներուն հետ: Ճամբան հարցուց իր աշակերտներուն. «Մարդիկ ինծի համար ի՞նչ կ՚ըսեն, ո՞վ եմ»:
Եւ Յիսուս իր աշակերտների հետ միասին ելաւ գնաց Փիլիպպեան Կեսարիայի գիւղերը. եւ ճանապարհին աշակերտներին հարցնում էր եւ ասում. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»:
28 Անոնք պատասխանեցին. «Ոմանք՝ Յովհաննէս Մկրտիչը, ուրիշներ՝ Եղիան, ուրիշներ ալ՝ մարգարէներէն մէկը»:
Նրանք պատասխան տուեցին եւ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը, եւ ոմանք՝ Եղիան, իսկ ուրիշներ՝ մարգարէներից մէկը»:
29 Եւ ինք ըսաւ անոնց. «Իսկ դո՛ւք ինծի համար ի՞նչ կ՚ըսէք, ո՞վ եմ»: Պետրոս պատասխանեց անոր. «Դուն Քրիստո՛սն ես»:
Նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ էք ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»: Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Դու Քրիստոսն ես»:
30 Սաստիկ հրահանգեց անոնց՝ որ ո՛չ մէկուն խօսին իր մասին:
Եւ նա խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին մարդու բան չասեն:
31 Ապա սկսաւ սորվեցնել անոնց. «Պէտք է որ մարդու Որդին շատ չարչարանքներ կրէ, մերժուի երէցներէն, քահանայապետներէն եւ դպիրներէն, սպաննուի, ու երեք օրէն ետք յարութիւն առնէ»:
Եւ սկսեց ուսուցանել աշակերտներին, թէ մարդու Որդին պէտք է բազում չարչարանքներ կրի, անարգուի երէցներից ու քահանայապետներից եւ օրէնսգէտներից, մեռնի եւ երրորդ օրը յարութիւն առնի:
32 Այս խօսքը ըսաւ բացորոշապէս: Ուստի Պետրոս մէկդի առաւ զինք եւ սկսաւ յանդիմանել:
Եւ այս խօսքը ասաց բացայայտօրէն. եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց յանդիմանել նրան:
33 Իսկ ինք դարձաւ, իր աշակերտներուն նայելով՝ յանդիմանեց Պետրոսը եւ ըսաւ. «Ետե՛ւս գնա, Սատանա՛յ, որովհետեւ դուն ո՛չ թէ Աստուծոյ բաները կը մտածես, հապա՝ մարդոց բաները»:
Իսկ նա դարձաւ տեսաւ աշակերտներին, սաստեց Պետրոսին ու ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, որովհետեւ դու Աստծո՛ւ բաները չես խորհում, այլ՝ մարդկանցը»:
34 Երբ իրեն կանչեց բազմութիւնը՝ իր աշակերտներուն հետ, ըսաւ անոնց. «Ո՛վ որ ուզէ գալ իմ ետեւէս, թող ուրանայ ինքզինք, վերցնէ իր խաչը, ու հետեւի ինծի:
Եւ նա իր մօտ կանչելով ժողովրդին, աշակերտների հետ միասին, ասաց նրանց. «Եթէ մէկը կամենում է գալ իմ յետեւից, թող ուրանայ իր անձը, թող վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից,
35 Որովհետեւ ո՛վ որ ուզէ փրկել իր անձը՝ պիտի կորսնցնէ զայն, իսկ ո՛վ որ կորսնցնէ իր անձը՝ ինծի ու աւետարանին համար, պիտի փրկէ զայն:
որովհետեւ ով կամենում է ազատել իր անձը, այն պիտի կորցնի. իսկ ով կորցնի իր անձը Աւետարանի համար, պիտի ազատի այն:
36 Քանի որ ի՞նչ օգուտ է մարդուն՝ որ շահի ամբողջ աշխարհը, բայց կորսնցնէ իր անձը.
Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի.
37 կամ՝ մարդ ի՞նչ փրկանք պիտի տայ իր անձին փոխարէն:
որովհետեւ մարդ ի՞նչ ունի տալու իր անձի փոխարէն:
38 Որովհետեւ ո՛վ որ ամօթ սեպէ զիս եւ իմ խօսքերս դաւանիլը՝ այս շնացող ու մեղաւոր սերունդին մէջ, մարդու Որդին ալ ամօթ պիտի սեպէ զայն դաւանիլը՝ երբ գայ իր Հօր փառքով սուրբ հրեշտակներուն հետ»:
Ով որ ամօթ համարի ինձ եւ իմ խօսքերը այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գայ փառքովն իր Հօր եւ սուրբ հրեշտակների»:

< ՄԱՐԿՈՍ 8 >