< ՄԱՐԿՈՍ 4 >

1 Դարձեալ սկսաւ սորվեցնել ծովեզերքը, եւ մեծ բազմութիւն մը անոր քով հաւաքուեցաւ, այնպէս որ ինք նաւ մտաւ ու նստաւ՝ ծովուն վրայ. իսկ ամբողջ բազմութիւնը ցամաքն էր՝ ծովեզերքը:
Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մօտ, եւ նրա շուրջը խռնուեց բազում ժողովուրդ, այնպէս որ նա մտաւ ու նստեց մի նաւակի մէջ, ծովի վրայ, մինչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը:
2 Շատ բաներ կը սորվեցնէր անոնց՝ առակներով, եւ կ՚ըսէր անոնց իր ուսուցումին մէջ.
Եւ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում եւ նրանց ասում իր քարոզութեան մէջ.
3 «Լսեցէ՛ք, ահա՛ սերմնացան մը գնաց սերմ ցանելու:
«Լսեցէ՛ք, ահաւասիկ մի սերմանող սերմանելու ելաւ:
4 Մինչ կը ցանէր, քանի մը սերմեր ինկան ճամբային եզերքը, եւ թռչունները եկան ու լափեցին զանոնք:
Եւ պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկաւ ճանապարհի եզերքը, եւ թռչունները եկան ու կերան այն:
5 Ուրիշներ ինկան ժայռոտ տեղ մը, ուր շատ հող չկար, եւ իսկոյն բուսան՝ հողին խորունկ չըլլալուն համար.
Ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, որտեղ շատ հող չկար. եւ շուտով բուսաւ, որովհետեւ հողը խորը չէր.
6 սակայն տօթակէզ եղան երբ արեւը ելաւ, ու չորցան՝ քանի որ արմատ չունէին:
բայց երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չունէր, չորացաւ:
7 Ուրիշներ ալ ինկան փուշերու մէջ. փուշերը բարձրացան եւ խեղդեցին զանոնք, ու պտուղ չտուին:
Մի ուրիշ մաս ընկաւ փշերի մէջ. փշերը բարձրացան եւ խեղդեցին այն, եւ պտուղ չտուեց:
8 Իսկ ուրիշներ ինկան լաւ հողի մէջ, պտուղ տուին՝ բարձրանալով եւ աճելով, ու բերին՝ մէկը երեսուն, մէկը՝ վաթսուն, մէկը՝ հարիւր»:
Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»:
9 Եւ ըսաւ անոնց. «Ա՛ն որ ականջ ունի լսելու՝ թող լսէ»:
Եւ ասում էր. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»:
10 Երբ առանձին էր, իր շուրջը եղողները՝ տասներկուքին հետ հարցուցին իրեն այս առակին մասին:
Եւ երբ առանձին մնաց, նրա շուրջը եղողները, աշակերտների հետ միասին, հարցրին նրան այս առակի մասին:
11 Եւ ըսաւ անոնց. «Ձեզի տրուած է գիտնալ Աստուծոյ թագաւորութեան խորհուրդը, բայց անոնց որ դուրսէն են՝ ամէն ինչ առեղծուած կ՚ըլլայ.
Եւ նրանց ասաց. «Ձեզ է տրուած իմանալ Աստծու արքայութեան խորհուրդները, բայց նրանց համար, որ ձեզնից դուրս են, ամէն ինչ առակներով կը լինի,
12 որպէսզի շատ տեսնեն՝ բայց չըմբռնեն, շատ լսեն՝ բայց չհասկնան, ու դարձի չգան եւ իրենց մեղքերը չներուին»:
որպէսզի նայելով հանդերձ չտեսնեն եւ լսելով հանդերձ չիմանան, որ մի գուցէ երբեւէ դարձի գան, եւ իրենց ներուի»:
13 Ապա ըսաւ անոնց. «Այս առակը չէ՞ք ըմբռներ. ուրեմն ի՞նչպէս պիտի հասկնաք բոլոր առակները:
Եւ ասաց նրանց. «Այս առակը չէ՞ք հասկանում, ապա ինչպէ՞ս պիտի հասկանաք բոլոր առակները:
14 Սերմնացանը՝ խօ՛սքը կը ցանէ:
Նա, որ սերմանում է, Աստծու խօսքն է սերմանում:
15 Ճամբային եզերքը եղողները՝ ուր խօսքը կը ցանուի՝ անո՛նք են, որ երբ կը լսեն՝ իսկոյն Սատանան կու գայ եւ կը վերցնէ անոնց սիրտերուն մէջ ցանուած խօսքը:
Ճանապարհի եզերքին սերմանուածները այն մարդիկ են, որոնք լսում են խօսքը, եւ սատանան գալիս է եւ դուրս է հանում նրանց սրտերի մէջ սերմանուած խօսքը:
16 Նմանապէս՝ ժայռոտ տեղերու վրայ ցանուածները անո՛նք են, որ երբ կը լսեն խօսքը՝ իսկոյն կ՚ընդունին զայն ուրախութեամբ:
Ապառաժի վրայ սերմանուածները այն մարդիկ են, որ, երբ լսում են խօսքը, իսկոյն ուրախութեամբ ընդունում են այն,
17 Բայց իրենց մէջ արմատ չունենալով՝ քիչ ժամանակ կը տոկան. յետոյ, երբ տառապանք կամ հալածանք ըլլայ խօսքին պատճառով, իսկոյն կը գայթակղին:
եւ որովհետեւ իրենց մէջ արմատներ չունեն, այլ մի որոշ ժամանակի համար են, երբ խօսքի պատճառով նեղութիւն կամ հալածանք է վրայ հասնում, իսկոյն գայթակղւում են:
18 Փուշերու մէջ ցանուածները անո՛նք են՝ որ խօսքը կը լսեն,
Իսկ նրանք, որ սերմանուեցին փշերի մէջ, այն մարդիկ են, որ լսում են խօսքը,
19 բայց այս աշխարհի հոգերը, հարստութեան խաբէութիւնը եւ ուրիշ բաներու ցանկութիւնները ներս մտնելով՝ կը խեղդեն խօսքը, ու ան կ՚ըլլայ անպտուղ: (aiōn g165)
սակայն այս աշխարհի հոգսերը եւ հարստութեան պատրանքները ներխուժում եւ խեղդում են խօսքը, եւ այն անպտուղ է լինում: (aiōn g165)
20 Իսկ լաւ հողի մէջ ցանուածները անո՛նք են՝ որ խօսքը կը լսեն, կ՚ընդունին եւ պտուղ կ՚արտադրեն՝ մէկը երեսուն, մէկը՝ վաթսուն, մէկը՝ հարիւր»:
Եւ լաւ հողի մէջ սերմանուածները այն մարդիկ են, որ լսում են խօսքը եւ ընդունում ու պտուղ են տալիս. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»:
21 Յետոյ ըսաւ անոնց. «Միթէ ճրագը գրուանին կամ մահիճին տա՞կ դրուելու համար կու գայ. արդեօք աշտանակին վրայ դրուելու համար չէ՞:
Եւ նրանց ասաց. «Միթէ ճրագը բերւում է, որ կաթսայի կամ մահճի տա՞կ դրուի: Չէ՞ որ աշտանակի վրայ է դրւում:
22 Որովհետեւ չկայ գաղտնիք մը՝ որ բացայայտ պիտի չըլլայ, եւ չէ եղած պահուած բան մը՝ որ երեւան չելլէ:
Արդ, ծածուկ բան չկայ, որ չյայտնուի, եւ գաղտնի բան չի եղել, որ ի յայտ չգայ:
23 Եթէ մէկը ականջ ունի լսելու՝ թող լսէ»:
Թէ մէկը լսելու ականջ ունի, թող լսի»:
24 Ապա ըսաւ անոնց. «Զգուշացէ՛ք թէ ի՛նչ կը լսէք. ա՛յն չափով որ դուք կը չափէք, նոյն չափով պիտի չափուի ձեզի. ու ձեզի՛ որ կը լսէք՝ պիտի աւելնայ:
Եւ նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, եւ ինչ որ լսում էք, աւելին կը տրուի ձեզ. ինչ չափով, որ չափում էք, նոյնով Աստուած պիտի չափի ձեզ համար:
25 Որովհետեւ ո՛վ որ ունի՝ անոր պիտի տրուի. իսկ ո՛վ որ չունի՝ ունեցածն ալ անկէ պիտի առնուի»:
Ով որ ունի, նրան պիտի տրուի. իսկ ով որ չունի, նրանից պիտի վերցուի, ինչ էլ որ նա ունի»:
26 Նաեւ կ՚ըսէր. «Աստուծոյ թագաւորութիւնը այնպէս է, որպէս թէ մարդ մը հողին մէջ հունտ ցանէ.
Եւ ասում էր. «Այսպէ՛ս է Աստծու արքայութիւնը. որպէս թէ մի մարդ հողի մէջ սերմեր ցանի.
27 քնանայ թէ արթննայ, գիշեր ու ցերեկ, հունտը կը ծաղկի եւ կը մեծնայ, ու ինք չի գիտեր թէ ի՛նչպէս:
եւ նա ննջի թէ վեր կենայ, գիշեր եւ ցերեկ, սերմերը կը բուսնեն ու կ՚աճեն,
28 Քանի որ հողը ինքնիրմէ պտուղ կ՚արտադրէ. նախ՝ խոտը, յետոյ՝ հասկը, անկէ ետք՝ լեցուն ցորենը հասկին մէջ:
եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ:
29 Երբ պտուղը հասուննայ՝ իսկոյն մանգաղը կը ղրկէ, որովհետեւ հունձքի ատենը հասած է»:
Սակայն երբ սերմը իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»:
30 Ապա կ՚ըսէր. «Աստուծոյ թագաւորութիւնը ի՞նչ բանի նմանցնենք, կամ ի՞նչ առակով բացատրենք զայն:
Եւ ասում էր. «Ինչի՞ նմանեցնենք Աստծու արքայութիւնը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն.
31 Մանանեխի հատիկին նման է, որ հողին մէջ ցանուած ատենը՝ երկրի վրայ եղած սերմերուն ամենէն պզտիկն է.
նման է մանանեխի հատիկին, որը, երբ սերմանւում է հողի մէջ, աւելի մանր է լինում, քան երկրի վրայ եղող բոլոր սերմերը.
32 բայց երբ ցանուի՝ կը բուսնի, բոլոր տունկերէն ալ մեծ կ՚ըլլայ ու մեծ ճիւղեր կ՚արձակէ, այնպէս որ երկինքի թռչունները կրնան անոր շուքին տակ բնակիլ»:
իսկ երբ սերմանուի, բուսնում եւ լինում է աւելի մեծ, քան ամէն տունկ, եւ արձակում է մեծ ճիւղեր, այնքան, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնակուել»:
33 Շատ այսպիսի առակներով կը քարոզէր խօսքը անոնց, այնքան՝ որքան կրնային մտիկ ընել:
Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ:
34 Առանց առակի չէր խօսեր անոնց, բայց առանձին՝ իր աշակերտներուն կը մեկնէր բոլորը:
Եւ առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խօսում, բայց իր աշակերտների համար առանձին ամէն ինչ մեկնում էր:
35 Նոյն օրը՝ երբ իրիկուն կ՚ըլլար, ըսաւ անոնց. «Եկէ՛ք ծովուն միւս եզերքը անցնինք»:
Այդ նոյն օրը, երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէ՛ք անցնենք ծովի միւս կողմը»:
36 Անոնք ալ բազմութիւնը արձակելով՝ առին զինք, քանի նաւուն մէջ էր. ուրիշ նաւակներ ալ կային անոր հետ:
Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին:
37 Ու հզօր փոթորիկ մը եղաւ եւ ալիքները նաւուն վրայ կը խուժէին, այնպէս որ արդէն կը լեցուէր.
Եւ մեծ հողմամրրիկ բարձրացաւ ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր:
38 իսկ ինք՝ նաւուն ետեւի կողմը՝ բարձի վրայ կը քնանար: Արթնցուցին զինք եւ ըսին իրեն. «Վարդապե՛տ, հոգ չե՞ս ըներ՝ որ կը կորսուինք»:
Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»:
39 Ուստի ելլելով՝ սաստեց հովը եւ ըսաւ ծովուն. «Դադրէ՛, լո՛ւռ կեցիր»: Հովը դադրեցաւ, ու մեծ խաղաղութիւն եղաւ:
Եւ նա, արթնանալով, սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»: Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ:
40 Ըսաւ անոնց. «Ինչո՞ւ այդպէս երկչոտ էք. ի՞նչպէս կ՚ըլլայ՝ որ հաւատք չունիք»:
Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. դեռեւս հաւատ չունէ՞ք»:
41 Անոնք չափազանց վախցան, եւ կ՚ըսէին իրարու. «Արդեօք ո՞վ է ասիկա, որ նոյնիսկ հովն ու ծովը կը հնազանդին իրեն»:
Եւ նրանք սաստիկ վախեցան եւ միմեանց ասում էին. «Ո՞վ է արդեօք սա, որ թէ՛ հողմը, թէ՛ ծովը հնազանդւում են սրան»:

< ՄԱՐԿՈՍ 4 >