< ՄԱՐԿՈՍ 14 >

1 Երկու օր ետք՝ Զատիկ ու Բաղարջակերք էր. եւ քահանայապետներն ու դպիրները կը փնտռէին թէ ի՛նչպէս վարպետութեամբ բռնեն զայն եւ սպաննեն:
Եւ երկու օր յետոյ զատիկ էր ու Բաղարջակերաց տօնը. քահանայապետները եւ օրէնսգէտները հնար էին որոնում, թէ ինչպէս նրան նենգութեամբ բռնելով սպանեն:
2 Բայց կ՚ըսէին. «Ո՛չ տօնին ատենը, որպէսզի ժողովուրդին մէջ աղմուկ չըլլայ»:
Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»:
3 Երբ ինք Բեթանիա էր, սեղան նստած՝ բորոտ Սիմոնի տունը, կին մը եկաւ՝ որ ունէր ալապաստրէ շիշ մը, լեցուած մեծածախս նարդոսի օծանելիքով. կոտրեց այդ շիշը ու թափեց օծանելիքը անոր գլուխին վրայ:
Եւ մինչ նա Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկաւ մի կին, որ հետն ունէր նարդոսի ազնիւ, մեծարժէք իւղի մի շիշ. եւ շիշը կոտրելով՝ իւղը թափեց Յիսուսի գլխին:
4 Ոմանք ընդվզեցան իրենք իրենց մէջ եւ ըսին. «Ինչո՞ւ այդ օծանելիքը վատնուեցաւ.
Աշակերտները զայրացան եւ ասացին. «Այդ իւղը ինչո՞ւ այսպէս պիտի կորչէր.
5 քանի որ ատիկա կրնար ծախուիլ երեք հարիւր դահեկանէն աւելի, ու տրուիլ աղքատներուն». եւ սաստիկ կը սրդողէին իրեն դէմ:
կարելի էր այդ անուշահոտ իւղը վաճառել աւելի քան երեք հարիւր դահեկանի եւ տալ աղքատներին»: Եւ խիստ զայրանում էին կնոջ վրայ:
6 Բայց Յիսուս ըսաւ. «Թողուցէ՛ք զայն, ինչո՞ւ կ՚անհանգստացնէք զինք. ան լաւ գործ մը ըրաւ ինծի:
Եւ Յիսուս նրանց ասաց. «Թո՛յլ տուէք դրան. ինչո՞ւ էք նեղութիւն տալիս, որովհետեւ նա ինձ համար մի բարի գործ արեց:
7 Որովհետեւ ամէ՛ն ատեն ունիք աղքատները ձեզի հետ, ու ե՛րբ ուզէք՝ կրնաք բարիք ընել անոնց. բայց ամէն ատեն չունիք զիս:
Ամէն ժամ աղքատներին ձեզ հետ ունէք եւ երբ ուզենաք, կարող էք նրանց բարիք անել: Բայց ինձ ամէն ժամ ձեզ հետ չունէք:
8 Ան ըրաւ ի՛նչ որ կրնար. մարմինս նախապէս օծեց՝ իմ թաղումիս համար:
Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկաւետեց իմ մարմինը ի նշան պատանքուելու:
9 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ամբողջ աշխարհի մէջ՝ ո՛ւր որ այս աւետարանը քարոզուի, անոր ըրածն ալ պիտի պատմուի՝ իր յիշատակին համար”»:
Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզուի այս Աւետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմուի նրա յիշատակի համար»:
10 Յուդա Իսկարիովտացին, տասներկուքէն մէկը, գնաց քահանայապետներուն՝ որ զայն մատնէ անոնց:
Եւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, գնաց քահանայապետների մօտ, որ Յիսուսին մատնի նրանց:
11 Անոնք ալ լսելով՝ ուրախացան, եւ իրեն դրամ ալ խոստացան: Ուստի կը փնտռէր պատեհութիւն մը՝ որ մատնէր զայն:
Երբ նրանք լսեցին, ուրախացան եւ խոստացան նրան դրամ տալ. եւ նա առիթ էր փնտռում, թէ ինչպէս յարմար ժամանակ մատնի նրան:
12 Բաղարջակերքի առաջին օրը, երբ կը մորթէին զատիկը, անոր աշակերտները ըսին իրեն. «Ո՞ւր կ՚ուզես որ երթանք պատրաստենք, որպէսզի ուտես զատիկը»:
Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը, երբ զատկի գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Ո՞ւր ես ուզում գնանք պատրաստենք, որ զատկական ընթրիքն ուտես»:
13 Իր աշակերտներէն երկուքը ղրկեց եւ ըսաւ անոնց. «Գացէ՛ք քաղաքը, ու ձեզի պիտի հանդիպի մարդ մը՝ որ ուսին վրայ կը տանի ջուրի սափոր մը. հետեւեցէ՛ք անոր,
Եւ նա աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այն քաղաքը եւ երբ այն քաղաքը մտնէք, կը պատահի ձեզ մի մարդ, որ ուսին ջրի սափոր ունի. գնացէ՛ք նրա յետեւից:
14 եւ ո՛ւր որ մտնէ՝ տանտիրոջ ըսէ՛ք. “Վարդապետը կ՚ըսէ. "Ո՞ւր է իջեւանը, ուր պիտի ուտեմ զատիկը՝ աշակերտներուս հետ"”:
Եւ նա ո՛ր տունը որ մտնի, տանտիրոջը կ՚ասէք. «Վարդապետն ասում է՝ ո՞ւր է այն իջեւանը, ուր իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ»:
15 Ան ալ պիտի ցուցնէ ձեզի մեծ վերնայարկ մը՝ կահաւորուած ու պատրաստ. հո՛ն պատրաստեցէք մեզի»:
Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի վերնատուն. այնտե՛ղ պատարաստեցէք մեզ համար»:
16 Իր աշակերտները գացին, մտան քաղաքը, եւ ինչպէս իրենց ըսաւ՝ այնպէս գտան, ու պատրաստեցին զատիկը:
Եւ նրա աշակերտները գնացին պատրաստելու. եկան այն քաղաքը եւ գտան՝ ինչպէս որ նա իրենց ասել էր. ու զատկական ընթրիքը պատրաստեցին:
17 Երբ իրիկուն եղաւ՝ եկաւ տասներկուքին հետ:
Երբ երեկոյ եղաւ, նա եկաւ Տասներկուսի հետ միասին:
18 Երբ սեղան նստան եւ կ՚ուտէին, Յիսուս ըսաւ. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ ձեզմէ մէկը՝ որ հիմա ինծի հետ կ՚ուտէ, պիտի մատնէ զիս»:
Եւ երբ սեղան նստեցին ու դեռ ուտում էին, Յիսուս ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկը մատնելու է ինձ. նա, որ ինձ հետ իսկ ուտում է»:
19 Անոնք սկսան տրտմիլ ու մէկ առ մէկ ըսել անոր. «Միթէ ե՞ս եմ», եւ ուրիշ մը. «Միթէ ե՞ս եմ»:
Եւ նրանք սկսեցին տրտմել ու ասել մէկը միւսի յետեւից՝ միթէ ե՞ս եմ. եւ միւսը՝ թէ՝ միթէ ե՞ս եմ:
20 Ան ալ պատասխանեց անոնց. «Տասներկուքէն ա՛ն՝ որ ինծի հետ թաթխեց իր ձեռքը պնակին մէջ:
Նա պատասխան տուեց եւ ասաց. «Տասներկուսիցդ մէկը, որ ձեռքը ինձ հետ մտցրեց պնակի մէջ:
21 Արդարեւ մարդու Որդին կ՚երթայ՝ ինչպէս գրուած է իրեն համար. բայց վա՜յ այն մարդուն, որուն միջոցով կը մատնուի մարդու Որդին: Այդ մարդուն լաւ պիտի ըլլար՝ որ ծնած չըլլար»:
Ճիշտ է, մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս որ նրա մասին գրուած է. բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կը մատնուի. լաւ կը լինէր նրան, եթէ այդ մարդը ծնուած անգամ չլինէր»:
22 Երբ անոնք կ՚ուտէին՝ Յիսուս հաց առաւ, օրհնեց, կտրեց, տուաւ անոնց եւ ըսաւ. «Առէ՛ք, ա՛յս է իմ մարմինս»:
Եւ մինչ դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցնելով՝ օրհնեց եւ կտրեց, տուեց նրանց ու ասաց. «Առէ՛ք, ա՛յս է իմ մարմինը»:
23 Նաեւ բաժակը առաւ, շնորհակալ եղաւ ու տուաւ անոնց. բոլորն ալ խմեցին անկէ:
Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց, եւ բոլորն էլ նրանից խմեցին:
24 Ըսաւ անոնց. «Ա՛յս է իմ արիւնս, նո՛ր ուխտին արիւնը, որ կը թափուի շատերո՜ւ համար:
Եւ Յիսուս ասաց նրանց. «Ա՛յս է Նոր Ուխտի իմ արիւնը, որ կը թափուի շատերի համար:
25 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ասկէ ետք որթատունկին բերքէն բնա՛ւ պիտի չխմեմ մինչեւ այն օրը՝ երբ նո՛ր խմեմ զայն Աստուծոյ թագաւորութեան մէջ”»:
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլեւս որթատունկի բերքից չեմ խմելու մինչեւ այն օրը, երբ կը խմեմ նոր գինին Աստծու արքայութեան մէջ»:
26 Օրհներգելէ ետք՝ գացին Ձիթենիներու լեռը:
Եւ գոհութիւն մատուցելուց յետոյ ելան Ձիթենեաց լեռը:
27 Յիսուս ըսաւ անոնց. «Այս գիշեր բոլորդ ալ պիտի գայթակղիք իմ պատճառովս. որովհետեւ գրուած է. “Հովիւը պիտի զարնեմ, ու ոչխարները պիտի ցրուին”:
Եւ Յիսուս նրանց ասաց. «Այս գիշեր ամէնքդ գայթակղուելու էք իմ պատճառով, որովհետեւ գրուած է. «Պիտի հարուածեմ հովուին, եւ ոչխարները պիտի ցրուեն»:
28 Բայց յարութիւն առնելէս ետք՝ ձեզմէ առաջ պիտի երթամ Գալիլեա»:
Բայց իմ յարութիւնից յետոյ ձեզնից առաջ Գալիլիա պիտի գնամ»:
29 Պետրոս ըսաւ անոր. «Թէեւ բոլորն ալ գայթակղին, ես՝ բնա՛ւ՝՝»:
Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէկուզ բոլորն էլ գայթակղուեն, բայց ես չեմ գայթակղուի»:
30 Յիսուս ըսաւ անոր. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Դուն ա՛յսօր, այս գիշեր իսկ, դեռ աքաղաղը երկու անգամ չկանչած՝ երե՛ք անգամ պիտի ուրանաս զիս”»:
Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու այս գիշեր իսկ, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ պիտի ուրանաս ինձ»:
31 Պետրոս աւելի կը պնդէր ու կ՚ըսէր. «Նոյնիսկ եթէ պէտք ըլլայ որ քեզի հետ մեռնիմ, բնա՛ւ պիտի չուրանամ քեզ»: Նո՛յնպէս կ՚ըսէին բոլորն ալ:
Իսկ Պետրոսն առաւել եւս պնդում էր ու ասում. «Թէ քեզ հետ մեռնել իսկ հարկ լինի, քեզ չեմ ուրանայ»: Եւ ամէնքն էլ նոյնն էին ասում:
32 Եկան վայր մը՝ որուն անունը Գեթսեմանի էր, եւ ըսաւ իր աշակերտներուն. «Հո՛ս նստեցէք՝ մինչեւ որ ես աղօթեմ»:
Եկան այն տեղը, որը Գեթսեմանի էր կոչւում: Եւ նա աշակերտներին ասաց. «Նստեցէ՛ք այստեղ, մինչեւ ես աղօթեմ»:
33 Իրեն հետ առնելով Պետրոսը, Յակոբոսն ու Յովհաննէսը, սկսաւ սաստիկ այլայլիլ եւ շատ վշտանալ:
Եւ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին եւ սկսեց տխրել ու տագնապել:
34 Հետեւաբար ըսաւ անոնց. «Իմ անձս չափազանց տրտում է՝ մեռնելու աստիճան. հո՛ս մնացէք եւ արթո՛ւն կեցէք»:
Այն ժամանակ նրանց ասաց. «Տխուր է հոգիս մեռնելու աստիճան. մնացէ՛ք այստեղ եւ արթո՛ւն կացէք»:
35 Քիչ մը առջեւ երթալով՝ ինկաւ գետին, իր երեսին վրայ, եւ աղօթեց, որ եթէ կարելի է՝ այդ ժամը անցնի իրմէ:
Եւ փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսի վրայ ընկաւ գետին. եւ աղօթում էր, որ, եթէ կարելի է, այդ ժամը իրենից հեռանայ:
36 Ան ըսաւ. «Աբբա՛, Հա՛յր, ամէն բան կարելի է քեզի. հեռացո՛ւր այս բաժակը ինձմէ: Բայց ո՛չ թէ ինչպէս ե՛ս կ՚ուզեմ, հապա՝ ինչպէս դո՛ւն կ՚ուզես»:
Եւ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, ամէն ինչ քեզ կարելի է. այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ ինչպէս ե՛ս եմ կամենում, այլ՝ ինչպէս դո՛ւ ես կամենում»:
37 Երբ եկաւ ու քնացած գտաւ զանոնք՝ ըսաւ Պետրոսի. «Սիմո՛ն, կը քնանա՞ս. չկրցա՞ր ժա՛մ մը արթուն մնալ:
Եւ Յիսուս եկաւ ու նրանց քնած գտաւ. եւ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես. չկարողացա՞ր մէկ ժամ արթուն մնալ:
38 Արթո՛ւն մնացէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի չմտնէք փորձութեան մէջ. իրաւ է թէ հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»:
Արթո՛ւն կացէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք: Հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»:
39 Դարձեալ գնաց աղօթեց՝ նոյն խօսքը ըսելով:
Եւ նորից գնաց, աղօթքի կանգնեց ու նոյն բաներն ասաց:
40 Ապա վերադարձաւ եւ դարձեալ քնացած գտաւ զանոնք. որովհետեւ անոնց աչքերը ծանրացած էին, ու չէին գիտեր ի՛նչ պատասխանել անոր:
Կրկին անգամ դարձաւ այնտեղ եւ նրանց քնի մէջ գտաւ. որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին, եւ չէին իմանում, թէ ինչ պատասխան տան նրան:
41 Երրորդ անգամ ալ եկաւ եւ ըսաւ անոնց. «Ասկէ ետք քնացէ՛ք ու հանգստացէ՛ք. բաւական է, ժամը հասաւ, ահա՛ մարդու Որդին պիտի մատնուի մեղաւորներուն ձեռքը:
Երրորդ անգամ եկաւ եւ նրանց ասաց. «Քնեցէ՛ք այսուհետեւ եւ հանգստացէ՛ք, քանի որ վախճանը հասել. եկաւ ժամը, եւ ահա մարդու Որդին մատնւում է մեղաւորների ձեռքը:
42 Ոտքի՛ ելէք՝ երթա՛նք: Ահա՛ մօտեցաւ ա՛ն՝ որ պիտի մատնէ զիս»:
Օ՛ն, վե՛ր կացէք գնանք, որովհետեւ ահա մօտեցաւ նա, ով ինձ մատնելու է»:
43 Մինչ ան դեռ կը խօսէր, իսկոյն Յուդա՝ տասներկուքէն մէկը՝ եկաւ, եւ իրեն հետ՝ քահանայապետներէն, դպիրներէն ու երէցներէն ղրկուած մեծ բազմութիւն մը, սուրերով եւ բիրերով:
Եւ մինչ նա դեռ խօսում էր այս բաները, եկաւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, եւ իր հետ՝ սրերով, մահակներով զինուած ամբոխ՝ ուղարկուած քահանայապետների, օրէնսգէտների ու ծերերի կողմից:
44 Զայն մատնողը նշան մը տուեր էր անոնց՝ ըսելով. «Ո՛վ որ համբուրեմ՝ ա՛ն է, բռնեցէ՛ք զայն ու տարէ՛ք ապահովութեամբ»:
Մատնիչը նրանց նշան էր տուել ասելով՝ ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, բռնեցէ՛ք նրան եւ տարէ՛ք զգուշութեամբ:
45 Երբ ինք եկաւ՝ իսկոյն մօտեցաւ անոր եւ ըսաւ. «Ռաբբի՛, Ռաբբի՛», ու համբուրեց զայն:
Եւ մօտենալով նրան՝ իսկոյն ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛». եւ համբուրեց նրան:
46 Եւ անոնք ձեռք բարձրացուցին անոր վրայ ու բռնեցին զայն:
Եւ նրանք ձեռք դրեցին նրա վրայ ու բռնեցին:
47 Քովը կայնողներէն մէկը՝ քաշեց սուրը, զարկաւ քահանայապետին ծառային եւ խլեց անոր ականջը:
Ապա նրա շուրջը գտնուողներից մէկը սուրը քաշեց եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա ականջը կտրեց:
48 Յիսուս ըսաւ անոնց. «Իբր թէ աւազակի՞ դէմ եկաք՝ սուրերով ու բիրերով բռնելու զիս:
Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց. «Սրերով եւ մահակներով դուրս էք եկել ինձ բռնելու որպէս աւազակի՞:
49 Ամէ՛ն օր ձեր քով էի եւ տաճարին մէջ կը սորվեցնէի, ու չբռնեցիք զիս. բայց այս բոլոր բաները եղան՝ որպէսզի գրուածները իրագործուին»:
Ես միշտ ձեզ մօտ էի եւ ուսուցանում էի տաճարում. եւ ինձ չբռնեցիք. բայց այս եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»:
50 Բոլոր աշակերտներն ալ թողուցին զայն եւ փախան:
Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ լքեցին նրան եւ փախան:
51 Երիտասարդ մը անոր կը հետեւէր՝ մերկ մարմինին վրայ կտաւ մը առած, սակայն երիտասարդները բռնեցին զայն:
Եւ մի երիտասարդ գնում էր նրա յետեւից՝ իր մերկ մարմնի վրայ մի սաւան գցած: Երիտասարդները նրան բռնեցին,
52 Ան ալ ձգեց կտաւը, եւ մերկ փախաւ անոնցմէ:
եւ նա թողնելով հագի կտորը՝ մերկ փախաւ նրանցից:
53 Տարին Յիսուսը քահանայապետին, եւ անոր քով համախմբուեցան բոլոր քահանայապետները, երէցներն ու դպիրները:
Եւ Յիսուսին տարան Կայիափա քահանայապետի մօտ. եւ նրա հետ հաւաքուած էին բոլոր քահանայապետները, օրէնսգէտներն ու ծերերը:
54 Պետրոս հեռուէն հետեւեցաւ անոր մինչեւ ներսը՝ քահանայապետին գաւիթը. նստաւ սպասաւորներուն հետ, ու կը տաքնար կրակին քով:
Իսկ Պետրոսը հեռուից նրա յետեւից գնաց մինչեւ ներս, քահանայապետի գաւիթը: Եւ նստած էր սպասաւորների մօտ ու տաքանում էր կրակի բոցի առջեւ:
55 Քահանայապետները եւ ամբողջ ատեանը վկայութիւն կը փնտռէին Յիսուսի դէմ՝ որպէսզի մեռցնեն զայն, ու չէին գտներ.
Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը մի որեւէ վկայութիւն էին փնտռում Յիսուսի դէմ, որպէսզի նրան սպանեն, բայց չէին գտնում.
56 որովհետեւ շատեր սուտ վկայութիւն կու տային անոր դէմ, բայց վկայութիւնները համանման չէին:
քանի որ նրա դէմ շատեր սուտ վկայութիւն էին տալիս, բայց վկայութիւնները իրար նման չէին:
57 Ոմանք ալ կանգնեցան եւ սուտ վկայութիւն տուին անոր դէմ՝ ըսելով.
Ոմանք վեր կենալով՝ սուտ էին վկայում նրա դէմ ու ասում.
58 «Մենք լսեցինք ատկէ՝ որ կ՚ըսէր. “Ես պիտի քակեմ այդ ձեռակերտ տաճարը, եւ պիտի կառուցանեմ ուրիշ մը՝ անձեռակերտ՝ երեք օրուան մէջ”»:
«Մենք լսեցինք դրանից, երբ ասում էր. «Ես կը քանդեմ այս ձեռակերտ տաճարը եւ երեք օրում կը շինեմ մէկ ուրիշը՝ անձեռակերտ»:
59 Բայց ա՛յդպէս ալ իրենց վկայութիւնը համանման չէր:
Բայց եւ այնպէս նրանց վկայութիւնը նոյնանման չէր:
60 Քահանայապետը՝ մէջտեղ կանգնելով՝ հարցուց Յիսուսի. «Ոչի՞նչ կը պատասխանես. ի՞նչ կը վկայեն ասոնք քեզի դէմ»:
Ապա քահանայապետը կանգնելով մէջտեղում՝ Յիսուսին հարց տուեց ու ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. այդ ինչե՜ր են վկայում դրանք քո դէմ»:
61 Բայց ան լուռ կը կենար ու ոչինչ կը պատասխանէր: Քահանայապետը դարձեալ հարցուց անոր. «Դո՞ւն ես Քրիստոսը, օրհնեա՜լ Աստուծոյ Որդին»:
Եւ նա միայն լուռ էր մնում ու պատասխան չէր տալիս: Քահանայապետը կրկին անգամ հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնեալ Աստծու Որդին»:
62 Յիսուս ըսաւ. «Ե՛ս եմ. եւ պիտի տեսնէք մարդու Որդին՝ բազմած Զօրութեան աջ կողմը, ու եկած երկինքի ամպերով»:
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դու ասացիր, թէ ես եմ. բայց պիտի տեսնէք մարդու Որդուն՝ ամենազօր Աստծու աջ կողմում նստած եւ երկնքի ամպերի վրայով եկած»:
63 Քահանայապետը պատռեց իր հանդերձները եւ ըսաւ. «Ա՛լ ի՞նչ պէտք ունինք վկաներու:
Եւ քահանայապետը իսկոյն պատռեց իր պատմուճանը եւ ասաց. «Էլ ի՞նչ պէտք են մեզ վկաներ:
64 Լսեցի՛ք ատոր հայհոյութիւնը. ի՞նչ կը թուի ձեզի»: Բոլորը դատապարտեցին զայն՝ թէ մահապարտ է:
Ահա ամէնքդ դրա բերանից լսեցիք հայհոյութիւնը. ձեզ ինչպէ՞ս է թւում...»: Եւ ամէնքը դատապարտեցին նրան, թէ մահապարտ է:
65 Ոմանք սկսան թքնել անոր վրայ, ծածկել անոր երեսը, կռփահարել զայն եւ ըսել անոր. «Մարգարէացի՛ր»: Իսկ սպասաւորները ապտակ կը զարնէին անոր:
Եւ ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորով գլուխը ծածկել, բռունցքով խփել ու ասել. «Մարգարէացի՛ր մեզ, Քրիստո՛սդ, այն ո՞վ է, որ քեզ խփեց»: Եւ սպասաւորները ապտակում էին նրան:
66 Պետրոս վարը՝ գաւիթն էր: Քահանայապետին աղախիններէն մէկը եկաւ,
Եւ մինչ Պետրոսը դեռ ներքեւում, գաւթում էր, քահանայապետի մի աղախինը եկաւ եւ տեսաւ նրան տաքանալիս:
67 ու տեսնելով Պետրոսը՝ որ կը տաքնար, նայեցաւ անոր եւ ըսաւ. «Դո՛ւն ալ Յիսուս Նազովրեցիին հետ էիր»:
Նայեց նրան ու ասաց. «Դու էլ Յիսուս Նազովրեցու հետ էիր»:
68 Բայց ան ուրացաւ՝ ըսելով. «Չեմ գիտեր, ու չեմ հասկնար թէ ի՛նչ կը խօսիս»: Երբ դուրս ելաւ՝ նախագաւիթը, աքաղաղը կանչեց:
Նա ուրացաւ եւ ասաց. «Չեմ ճանաչում նրան եւ չգիտեմ՝ ինչ ես ասում դու»: Եւ երբ նա դրսի գաւիթը ելաւ, աքաղաղը կանչեց:
69 Աղախինը դարձեալ տեսաւ զայն, եւ սկսաւ ըսել շուրջը կայնողներուն. «Ասիկա՛ ալ անոնցմէ է»:
Աղախինը նորից տեսաւ նրան եւ սկսեց իր շուրջը գտնուողներին ասել. «Սա էլ նրանցից է»:
70 Ան ալ դարձեալ ուրացաւ: Քիչ մը ատենէն ետք՝ դարձեալ շուրջը կայնողները ըսին Պետրոսի. «Ճշմա՛րտապէս դուն անոնցմէ՛ ես, որովհետեւ Գալիլեացի ես, եւ խօսուածքդ ալ կը նմանի»:
Եւ Պետրոսը դարձեալ ուրացաւ: Փոքր-ինչ յետոյ, նորից, նրանք, որ շուրջը կանգնել էին, ասացին Պետրոսին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ գալիլիացի ես, եւ քո խօսուածքն էլ նման է»:
71 Բայց ան սկսաւ նզովել ու երդում ընել՝ ըսելով. «Չեմ ճանչնար այդ մարդը՝ որուն մասին կը խօսիք»:
Եւ նա սկսեց նզովք կարդալ, երդուել եւ ասել. «Չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խօսում էք»:
72 Իսկոյն երկրորդ անգամ աքաղաղը կանչեց: Պետրոս յիշեց այն խօսքը՝ որ Յիսուս ըսեր էր իրեն. «Դեռ աքաղաղը երկու անգամ չկանչած՝ դուն երե՛ք անգամ պիտի ուրանաս զիս». եւ սկսաւ լալ:
Եւ հէնց նոյն ժամին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց: Եւ Պետրոսը յիշեց այն խօսքը, որ Յիսուս ասել էր իրեն, թէ՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ ինձ պիտի ուրանաս». եւ սկսեց լալ:

< ՄԱՐԿՈՍ 14 >