< ՄԱՐԿՈՍ 12 >

1 Ապա սկսաւ առակներով խօսիլ անոնց հետ ու ըսել. «Մարդ մը այգի տնկեց, ցանկ քաշեց անոր շուրջը, հնձանի փոս փորեց, աշտարակ կառուցանեց, մշակներու յանձնեց զայն, եւ ճամբորդեց:
Եւ սկսեց նրանց հետ առակներով խօսել եւ ասել. «Մի մարդ այգի տնկեց եւ նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց եւ աշտարակ շինեց. ու այն յանձնեց մշակներին եւ գնաց ուրիշ երկիր:
2 Ատենին ծառայ մը ղրկեց մշակներուն, որպէսզի մշակներէն ստանայ այգիին պտուղէն:
Երբ ժամանակը հասաւ, մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ այդ մշակներից վերցնի այգու պտղից:
3 Իսկ անոնք բռնեցին, ծեծեցին զայն ու պարապ ճամբեցին:
Եւ մշակները նրան բռնելով՝ ծեծեցին ու ձեռնունայն արձակեցին:
4 Դարձեալ ուրիշ ծառայ մըն ալ ղրկեց անոնց. զայն ալ քարկոծելով՝ գլուխը վիրաւորեցին եւ անպատուուած ճամբեցին:
Դարձեալ նա մի ուրիշ ծառայ ուղարկեց, եւ նրա էլ գլխին հարուածեցին եւ անարգելով արձակեցին:
5 Դարձեալ ուրիշ մը ղրկեց, ու զայն սպաննեցին: Շատ ուրիշներ ալ ղրկեց, որոնցմէ ոմանք ծեծեցին եւ ոմանք սպաննեցին:
Եւ վերստին մէկ ուրիշին ուղարկեց. սրան էլ՝ սպանեցին. եւ ուրիշ շատերին ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում:
6 Տակաւին սիրելի որդի մը ունէր. վերջապէս զայն ալ ղրկեց անոնց՝ ըսելով. “Թերեւս պատկառին որդիէս”:
Դեռեւս նա մի սիրելի որդի ունէր. վերջում նրան ուղարկեց նրանց մօտ՝ ասելով. «Թերեւս իմ այս որդուց ամաչեն»:
7 Բայց այդ մշակները ըսին իրարու. “Ա՛յս է ժառանգորդը. եկէ՛ք սպաննենք զայն, ու ժառանգութիւնը մե՛րը պիտի ըլլայ”:
Իսկ մշակները երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. «Ժառանգը սա է, եկէք սպանենք սրան, եւ ժառանգութիւնը մերը թող լինի»:
8 Բռնեցին զայն, սպաննեցին եւ այգիէն դուրս հանեցին:
Եւ բռնելով նրան՝ սպանեցին ու հանեցին գցեցին այգուց դուրս:
9 Ուրեմն այգիին տէրը ի՞նչ պիտի ընէ. պիտի գայ ու կորսնցնէ մշակները, եւ այգին պիտի տայ ուրիշներու:
Արդ, այգու տէրը ի՞նչ կ՚անի. կը գայ եւ կը սպանի մշակներին ու այգին ուրիշների ձեռքը կը յանձնի:
10 Չէ՞ք կարդացեր սա՛ գրուածը. “Այն քարը՝ որ կառուցանողները մերժեցին, անիկա՛ եղաւ անկիւնաքարը.
Դուք չէ՞ք կարդացել Գրքի այն խօսքը, թէ՝ «Այն քարը, որ կառուցողները անարգեցին, նա՛ եղաւ անկիւնաքար»:
11 ասիկա Տէրոջմէ՛ն եղաւ, եւ սքանչելի է մեր աչքերուն”»:
Տիրոջ կողմից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է»:
12 Անոնք կը ջանային բռնել զայն, բայց բազմութենէն կը վախնային. որովհետեւ գիտցան թէ այդ առակը խօսեցաւ իրենց դէմ: Ուստի թողուցին զայն, եւ գացին:
Եւ նրանք միջոց էին փնտռում՝ նրան ձերբակալելու, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, թէ նա առակը իրենց մասին ասաց: Եւ թողեցին նրան ու գնացին:
13 Փարիսեցիներէն ու Հերովդէսեաններէն ոմանք ղրկեցին անոր, որպէսզի խօսքով բռնեն զայն:
Եւ նրա մօտ ուղարկեցին փարիսեցիներից եւ հերովդէսականներից ոմանց, որպէսզի նրան խօսքով որսան:
14 Անոնք եկան եւ ըսին անոր. «Վարդապե՛տ, գիտենք թէ ճշմարտախօս ես, ու ո՛չ մէկուն համար հոգ կ՚ընես. քանի որ երեսպաշտութիւն չես ըներ մարդոց, հապա ճշմարտութեամբ կը սորվեցնես Աստուծոյ ճամբան: Արտօնուա՞ծ է կայսրին տուրք տալ. տա՞նք՝ թէ չտանք»:
Եւ նրանք եկան ու նենգութեամբ հարց էին տալիս եւ ասում. «Վարդապե՛տ, գիտենք, որ դու ճշմարտասէր ես եւ չես քաշւում ոչ ոքից, որովհետեւ մարդկանց աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում. արդ, ասա՛ մեզ, օրինաւո՞ր է հարկ տալ կայսրին, թէ՞ ոչ. տա՞նք, թէ՞ չտանք»:
15 Յիսուս գիտնալով անոնց կեղծաւորութիւնը՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ զիս կը փորձէք: Բերէ՛ք ինծի դահեկան մը՝ որ տեսնեմ»:
Յիսուս իմացաւ նրանց կեղծաւորութիւնը եւ ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր. ինձ մի դահեկա՛ն բերէք, որ տեսնեմ»:
16 Անոնք ալ բերին: Ըսաւ անոնց. «Որո՞ւնն են այս պատկերն ու գրութիւնը»: Անոնք ըսին իրեն. «Կայսրի՛ն»:
Եւ նրանք բերեցին: Եւ նրանց ասաց. «Ո՞ւմն է այս պատկերը կամ գիրը»: Եւ նրանք ասացին նրան՝ կայսրինը:
17 Յիսուս ալ պատասխանեց անոնց. «Ինչ որ կայսրինն է՝ կայսրի՛ն տուէք, եւ ինչ որ Աստուծոյ է՝ Աստուծո՛յ oտուէքp»: Ու զարմացան իր վրայ:
Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»: Եւ զարմացան նրա վրայ:
18 Սադուկեցիներն ալ, որոնք կ՚ըսեն թէ յարութիւն չկայ, եկան անոր քով եւ հարցուցին իրեն.
Նրա մօտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թէ՝ յարութիւն չկայ. հարց էին տալիս եւ ասում.
19 «Վարդապե՛տ, Մովսէս գրեց մեզի. “Եթէ մէկուն եղբայրը մեռնի, ու կինը այրի ձգէ եւ զաւակ չթողու, անոր եղբայրը թող առնէ անոր կինը ու զարմ տայ իր եղբօր”:
«Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. «Եթէ մէկի եղբայրը մեռնի եւ կին թողնի, բայց որդի չթողնի, թող նրա եղբայրը առնի նրա կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի»:
20 Ուրեմն եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ մեռաւ, ու զարմ չթողուց:
Արդ, մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ մեռաւ ու զաւակ չթողեց.
21 Երկրորդը առաւ զայն եւ մեռաւ. ա՛ն ալ զարմ չթողուց. նոյնպէս ալ երրորդը:
եւ երկրորդը նոյն կնոջն առաւ ու մեռաւ. եւ նա էլ զաւակ չթողեց: Նոյն ձեւով նաեւ երրորդը առաւ նոյն կնոջը:
22 Եօթն ալ զայն առին ու զարմ չթողուցին. բոլորէն ետք՝ կինն ալ մեռաւ:
Եւ եօթն էլ զաւակ չթողեցին. ամենքից յետոյ մեռաւ նաեւ կինը:
23 Ուրեմն յարութեան ատեն, երբ յարութիւն առնեն, անոնցմէ որո՞ւն կինը պիտի ըլլայ. որովհետեւ եօթն ալ ունեցան զայն իբր կին»:
Արդ, յարութեան ժամանակ, երբ յարութիւն առնեն, նրանցից ո՞ւմ կինը կը լինի. քանի որ եօթն էլ նրան կին առան»:
24 Յիսուս պատասխանեց անոնց. «Արդեօք դուք մոլորած չէ՞ք՝ քանի որ ո՛չ Գիրքերը գիտէք, ո՛չ ալ Աստուծոյ զօրութիւնը:
Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Հէնց դրա համար չէ՞, որ մոլորուած էք. քանի որ չգիտէք Գրքերը եւ ոչ էլ՝ Աստծու զօրութիւնը.
25 Արդարեւ երբ մեռելներէն յարութիւն առնեն, ո՛չ կ՚ամուսնանան եւ ո՛չ ամուսնութեան կը տրուին, հապա երկինքի հրեշտակներուն պէս կ՚ըլլան:
որովհետեւ, երբ մեռելներից յարութիւն առնեն, ո՛չ տղամարդիկ կին կ՚առնեն եւ ո՛չ էլ կանայք մարդու կը գնան, այլ կը լինեն հրեշտակների նման, որ երկնքում են:
26 Բայց մեռելներուն մասին՝ թէ յարութիւն կ՚առնեն, Մովսէսի գիրքին մէջ չէ՞ք կարդացեր, թէ ի՛նչպէս Աստուած մորենիին մէջէն խօսեցաւ անոր՝ ըսելով. “Ե՛ս եմ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը”:
Իսկ գալով մեռելներին, թէ յարութիւն են առնում, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքում, մորենու դրուագում, թէ ինչպէս Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ, - ասում է, - Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»:
27 Ան մեռելներուն Աստուածը չէ, հապա՝ ողջերուն. ուրեմն դուք շատ մոլորած էք»:
Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի. ուստի, դուք խիստ մոլորուած էք»:
28 Դպիրներէն մէկը մօտեցաւ, մտիկ ըրաւ անոնց՝ երբ կը վիճաբանէին, ու նշմարելով թէ լաւ պատասխանեց անոնց՝ հարցուց անոր. «Ո՞րն է բոլոր պատուիրաններուն առաջինը»:
Օրէնսգէտներից մէկը, մօտենալով, լսում էր նրանց, մինչ վիճում էին. երբ նա տեսաւ, թէ Յիսուս նրանց պատասխանը լաւ տուեց, հարցրեց նրան եւ ասաց. «Ո՞ր պատուիրանն է առաջինը»:
29 Յիսուս պատասխանեց անոր. «Բոլոր պատուիրաններուն առաջինը սա՛ է. “Մտի՛կ ըրէ, ո՛վ Իսրայէլ. Տէրը՝ մեր Աստուածը՝ միա՛կ Տէրն է:
Եւ Յիսուս ասաց նրան. «Ամենից առաջինն է՝ «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը միակ Տէրն է.
30 Սիրէ՛ Տէրը՝ քու Աստուածդ՝ ամբողջ սիրտովդ, ամբողջ անձովդ, ամբողջ միտքովդ եւ ամբողջ զօրութեամբդ”: Ա՛յս է առաջին պատուիրանը:
եւ դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զօրութեամբ». սա՛ է առաջին պատուիրանը:
31 Ու երկրորդը՝ ասոր նման. “Սիրէ՛ ընկերդ քու անձիդ՝՝ պէս”: Ասոնցմէ մեծ ուրիշ պատուիրան չկայ»:
Եւ երկրորդը նման է սրան. «Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պէս». չկայ ուրիշ պատուիրան աւելի մեծ, քան սրանք»:
32 Դպիրը ըսաւ անոր. «Լա՛ւ, վարդապե՛տ, ճշմարտութեամբ ըսիր թէ Աստուած մէ՛կ է, եւ անկէ զատ ուրիշ մը չկայ.
Եւ օրէնսգէտը նրան ասաց. «Լաւ է, Վարդապե՛տ, ճշմարտութեամբ ասացիր, թէ Աստուած մէկ է, եւ բացի նրանից, ուրիշ Աստուած չկայ.
33 նաեւ ամբողջ սիրտով, ամբողջ խելքով, ամբողջ անձով ու ամբողջ զօրութեամբ զայն սիրելը, եւ ընկերը իրեն պէս սիրելը՝ բոլոր ողջակէզներէն ու զոհերէն աւելի է»:
եւ նրան ամբողջ սրտով, ամբողջ զօրութեամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպէս եւ ընկերոջն իր անձի պէս սիրելը առաւել է, քան ողջակէզները եւ զոհերը»:
34 Յիսուս՝ տեսնելով որ ան խելամտութեամբ պատասխանեց, ըսաւ անոր. «Աստուծոյ թագաւորութենէն հեռու չես»: Եւ ա՛լ ուրիշ ո՛չ մէկը կը յանդգնէր բան մը հարցնել անոր:
Եւ Յիսուս տեսնելով, թէ նա իմաստութեամբ պատասխան տուեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայութիւնից»: Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան բան հարցնել:
35 Երբ Յիսուս կը սորվեցնէր տաճարին մէջ՝ ըսաւ. «Դպիրները ի՞նչպէս կ՚ըսեն թէ “Քրիստոս Դաւիթի որդին է”:
Մինչ Յիսուս ուսուցանում էր տաճարում, հարց տուեց ժողովրդին ու ասաց. «Ինչպէ՞ս են ասում օրէնսգէտները, թէ Քրիստոս Դաւթի Որդի է,
36 Արդարեւ ի՛նք՝ Դաւիթ՝ Սուրբ Հոգիով կ՚ըսէ. “Տէրը ըսաւ իմ Տէրոջս. «Բազմէ՛ իմ աջ կողմս, մինչեւ որ քու թշնամիներդ պատուանդան դնեմ ոտքերուդ»”:
մինչ Դաւիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. «Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջում, մինչեւ որ քո թշնամիներին քո ոտքերի համար պատուանդան դնեմ»:
37 Ուրեմն ի՛նք՝ Դաւիթ՝ Տէր կը կոչէ զայն. ի՞նչպէս ան կ՚ըլլայ իր որդին»: Բազմութենէն շատեր հաճոյքով մտիկ կ՚ընէին անոր:
Արդ, եթէ Դաւիթն ինքն իսկ նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա Որդին կը լինի»: Եւ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով:
38 Իր ուսուցումին մէջ կ՚ըսէր անոնց. «Զգուշացէ՛ք դպիրներէն, որոնք կ՚ուզեն երկայն հանդերձներով շրջիլ, կը փնտռեն բարեւները՝ հրապարակներուն վրայ,
Եւ սովորեցնելով՝ նա իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգո՛յշ եղէք այդ օրէնսգէտներից, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ, հրապարակներում յարգանքի ողջոյններ որոնել,
39 առաջին աթոռները՝ ժողովարաններու մէջ, եւ առաջին բազմոցները՝ ընթրիքներու մէջ.
ժողովարաններում՝ առաջին աթոռները եւ ընթրիքների ժամանակ՝ պատուոյ տեղերը:
40 որոնք կը լափեն այրիներուն տուները, ու իբր պատրուակ՝ աղօթքը կ՚երկարեն: Ասոնք աւելի՛ խստութեամբ պիտի դատուին՝՝»:
Նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղօթքները, որպէսզի աւելի խիստ դատաստան ընդունեն»:
41 Յիսուս գանձանակին դիմաց նստած՝ կը նայէր թէ բազմութիւնը գանձանակին մէջ ի՛նչպէս դրամ կը ձգէ: Շատ հարուստներ՝ շատ բան ձգեցին:
Յիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թէ ինչպէս ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մէջ: Եւ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին:
42 Աղքատ այրի մըն ալ եկաւ ու երկու լումայ ձգեց, որ նաքարակիտ մը կ՚ընէ:
Մի այրի կին եկաւ եւ երկու լումայ գցեց, որ մի գրոշ է:
43 Իր աշակերտները կանչելով իրեն՝ ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ այս աղքատ այրին՝ գանձանակը դրամ ձգողներուն բոլորէն աւելի ձգեց.
Եւ Յիսուս իր մօտ կանչելով իր աշակերտներին՝ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքաւոր այրին աւելի շատ գցեց, քան գանձանակի մէջ միւս բոլոր դրամ գցողները,
44 որովհետեւ բոլորը իրենց առատութենէն ձգեցին, բայց ան՝ իր կարօտութենէն՝ ձգեց իր ամբողջ ունեցածը, իր ամբողջ ապրուստը»:
քանի որ ամէնքը իրենց աւելորդից գցեցին, իսկ նա, իր չքաւորութիւնից, գցեց ամէն ինչ, որ ունէր՝ իր ամբողջ ապրուստը»:

< ՄԱՐԿՈՍ 12 >