< ՄԱՐԿՈՍ 11 >

1 Երբ մօտեցան Երուսաղէմի, եւ հասան Բեթփագէ ու Բեթանիա, Ձիթենիներու լերան մօտ, Յիսուս իր աշակերտներէն երկուքը ղրկեց՝ ըսելով.
Երբ մօտեցան Երուսաղէմին, Բեթփագէին եւ Բեթանիային, Ձիթենեաց լերան մօտ, նա ուղարկեց աշակերտներից երկուսին եւ նրանց ասաց.
2 «Գացէ՛ք այդ ձեր դիմացի գիւղը. անոր մէջ մտնելով՝ իսկոյն պիտի գտնէք կապուած աւանակ մը, որուն վրայ մա՛րդ նստած չէ. արձակեցէ՛ք զայն ու բերէ՛ք:
«Դուք գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է. եւ հէնց որ այնտեղ մտնէք, կը գտնէք մի կապուած աւանակ, որի վրայ ոչ մի մարդ արարած չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք:
3 Եթէ մէկը ըսէ ձեզի. “Այդ ի՞նչ կ՚ընէք”, ըսէ՛ք. “Տէրոջ պէտք է”, եւ իսկոյն հոս պիտի ղրկէ զայն»:
Եւ եթէ մէկը ձեզ ասի. «Այդ աւանակը ինչո՞ւ էք արձակում», կ՚ասէք. «Տիրոջը պէտք է». եւ նա իսկոյն դրան այստեղ կ՚ուղարկի»:
4 Գացին ու գտան աւանակը, դուրսը՝ փողոցին մէջ, դրան քով կապուած, եւ արձակեցին զայն:
Գնացին եւ գտան աւանակը՝ կապուած դռան մօտ, դրսում, փողոցի մէջ, եւ այն արձակեցին:
5 Հոն կայնողներէն ոմանք ըսին իրենց. «Ինչո՞ւ կ՚արձակէք այդ աւանակը»:
Եւ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին նրանց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք այդ աւանակն արձակում»:
6 Իրենք ալ պատասխանեցին անոնց ինչպէս Յիսուս պատուիրեր էր, եւ թոյլ տուին իրենց:
Եւ նրանք նրանց ասացին, ինչպէս Յիսուս ասել էր. ու նրանց թոյլ տուին:
7 Երբ աւանակը բերին Յիսուսի, դրին անոր վրայ իրենց հանդերձները, ու նստաւ անոր վրայ:
Աւանակը բերեցին Յիսուսի մօտ. եւ դրա վրայ զգեստներ գցեցին, եւ Յիսուս նստեց դրա վրայ:
8 Շատեր իրենց հանդերձները կը փռէին ճամբային վրայ. ուրիշներ ճիւղեր կը կտրէին ծառերէն եւ կը տարածէին ճամբային վրայ:
Եւ շատեր իրենց զգեստները փռում էին ճանապարհին. եւ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու գցում ճանապարհի վրայ:
9 Առջեւէն գացողներն ու իրեն հետեւողները կ՚աղաղակէին. «Ովսաննա՜. օրհնեա՜լ է ա՛ն՝ որ կու գայ Տէրոջ անունով:
Եւ նրանք, որ առաջից ու յետեւից էին գնում, աղաղակում էին եւ ասում. «Ովսաննա՜ Բարձրեալին, օրհնեա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով.
10 Օրհնեա՜լ է մեր Դաւիթ հօր թագաւորութիւնը՝ որ կու գայ՝՝: Ովսաննա՜ ամենաբարձր վայրերուն մէջ»:
օրհնեա՜լ լինի մեր հօր՝ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է: Խաղաղութի՜ւն՝ երկնքում եւ փա՜ռք՝ բարձունքներում»:
11 Յիսուս մտաւ Երուսաղէմ ու գնաց տաճարը: Երբ շուրջը նայեցաւ՝ ամէն բանի վրայ, արդէն իրիկուան ժամը ըլլալուն՝ մեկնեցաւ Բեթանիա տասներկուքին հետ:
Եւ Յիսուս մտաւ Երուսաղէմ, գնաց տաճար ու նայեց իր շուրջը, ամէն ինչի վրայ. եւ որովհետեւ երեկոյի ժամ էր, բարձրացաւ Բեթանիա՝ Տասներկուսի հետ միասին:
12 Հետեւեալ օրը՝ երբ կ՚ելլէին Բեթանիայէն՝ անօթեցաւ,
Յաջորդ օրը, մինչ Բեթանիայից դուրս էին գալիս, Յիսուս քաղցած էր:
13 եւ հեռուէն տեսնելով տերեւալից թզենի մը՝ գնաց, որ թերեւս բան մը գտնէ վրան. բայց երբ գնաց անոր քով, ոչինչ գտաւ՝ տերեւներէն զատ, որովհետեւ դեռ թուզի ատենը չէր:
Եւ հեռուից մի տերեւալից թզենի տեսնելով՝ եկաւ, որ թերեւս նրա վրայ մի բան գտնի. եւ երբ նրան մօտեցաւ, ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ, որովհետեւ տակաւին թզի ժամանակը չէր:
14 Ուստի ըսաւ անոր. «Ասկէ ետք ո՛չ մէկը պտուղ ուտէ քեզմէ յաւիտեան»: Եւ իր աշակերտները լսեցին: (aiōn g165)
Յիսուս խօսքը թզենուն ուղղեց եւ ասաց. «Էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի յաւիտեան»: Եւ նրա աշակերտները լսում էին: (aiōn g165)
15 Երր հասան Երուսաղէմ, տաճարը մտնելով՝ Յիսուս դուրս հանեց տաճարին մէջ ծախողներն ու գնողները, տապալեց լումայափոխներուն սեղանները եւ աղաւնի ծախողներուն աթոռները,
Եկան Երուսաղէմ. եւ Յիսուս տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել տաճարում գտնուող վաճառողներին ու գնորդներին եւ լումայափոխների սեղանները ցրեց ու աղաւնեվաճառների աթոռները շուռ տուեց.
16 ու թոյլ չտուաւ որ մէ՛կը անօ՛թ մը անցընէ տաճարին մէջէն:
եւ չէր թողնում, որ որեւէ մէկը տաճարի միջով նոյնիսկ որեւէ բան անցկացնի:
17 Եւ սորվեցուց անոնց՝ ըսելով. «Միթէ գրուած չէ՞. “Իմ տունս աղօթքի տուն պիտի կոչուի բոլոր ազգերուն”. բայց դուք զայն աւազակներու քարայր ըրիք»:
Եւ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրուած է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղօթքի տուն է կոչուելու, իսկ դուք այն դարձրել էք աւազակների որջեր»:
18 Դպիրներն ու քահանայապետները լսելով ասիկա՝ կը փնտռէին թէ ի՛նչպէս կորսնցնեն զայն, քանի կը վախնային անկէ. որովհետեւ ամբողջ բազմութիւնը ապշած էր անոր ուսուցումին վրայ:
Քահանայապետներն ու օրէնսգէտները լսեցին այս եւ մի միջոց էին փնտռում, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան, բայց վախենում էին նրանից, որովհետեւ ամբողջ ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրայ:
19 Երբ իրիկուն եղաւ՝ քաղաքէն դուրս ելաւ:
Երբ երեկոյ եղաւ, քաղաքից դուրս ելան:
20 Առտուն՝ երբ կ՚անցնէին անկէ, տեսան թզենին՝ արմատէն չորցած:
Յաջորդ օրը, առաւօտեան, մինչ նոյն ճանապարհից էին անցնում, թզենին արմատից չորացած տեսան:
21 Պետրոս վերյիշեց եւ ըսաւ անոր. «Ռաբբի՛, ահա՛ թզենին որ անիծեցիր՝ չորցած է»:
Պետրոսը յիշեց եւ ասաց նրան. «Ռաբբի՛, ահաւասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»:
22 Յիսուս պատասխանեց անոնց. «Հաւա՛տք ունեցէք Աստուծոյ վրայ:
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ Աստծու հանդէպ հաւատ ունենաք,
23 Որովհետեւ ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ ըսէ այս լերան. "Ելի՛ր ու ծո՛վը նետուէ", եւ չտատամսի իր սիրտին մէջ, հապա հաւատայ թէ ի՛նչ որ ըսէ՝ կ՚ըլլայ, պիտի ըլլայ անոր՝ ի՛նչ որ ըսէ”:
ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լերանն ասի՝ ե՛լ եւ ծո՛վն ընկիր, եւ իր սրտում չկասկածի, այլ հաւատայ, թէ ինչ որ ասում է, կը լինի, նա ինչ էլ ասի, կը կատարուի:
24 Ուստի կը յայտարարեմ ձեզի. “Ի՛նչ որ կը խնդրէք աղօթքով, հաւատացէ՛ք թէ պիտի ստանաք, ու պիտի ըլլայ ձեզի”:
Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ:
25 Երբ կայնիք աղօթքի, ներեցէ՛ք՝ եթէ մէկուն դէմ բան մը ունիք, որպէսզի ձեր Հայրն ալ՝ որ երկինքն է՝ ներէ ձեզի ձեր յանցանքները:
Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները»:
26 Իսկ եթէ դուք չներէք, ձեր Հայրն ալ՝ որ երկինքն է՝ պիտի չներէ ձեր յանցանքները»:
27 Դարձեալ եկան Երուսաղէմ: Երբ կը քալէր տաճարին մէջ, քահանայապետները, դպիրներն ու երէցները եկան անոր,
Դարձեալ Երուսաղէմ եկան. եւ մինչ նա այնտեղ, տաճարում շրջում էր, նրա մօտ եկան քահանայապետները, օրէնսգէտները եւ ծերերը
28 եւ ըսին. «Ի՞նչ իշխանութեամբ կ՚ընես այդ բաները. ո՞վ տուաւ քեզի այդ իշխանութիւնը՝ որ ընես այդ բաները»:
ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»:
29 Յիսուս պատասխանեց անոնց. «Ես ալ ձեզի՛ հարցնեմ բան մը. պատասխանեցէ՛ք ինծի, ու ես պիտի ըսեմ ձեզի թէ ի՛նչ իշխանութեամբ կ՚ընեմ այդ բաները:
Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ, պատասխանեցէ՛ք ինձ, եւ ես ձեզ կ՚ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում:
30 “Յովհաննէսի մկրտութիւնը երկինքէ՞ն էր՝ թէ մարդոցմէ”: Պատասխանեցէ՛ք ինծի»:
Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞՝ մարդկանցից. պատասխանեցէ՛ք ինձ»:
31 Անոնք կը մտածէին իրենց մէջ՝ ըսելով. «Եթէ պատասխանենք. “Երկինքէն”, պիտի ըսէ. “Հապա ինչո՞ւ չհաւատացիք անոր”:
Նրանք իրար միջեւ խորհում էին ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ նրան չհաւատացիք.
32 Իսկ եթէ պատասխանենք. “Մարդոցմէ”բ »: Կը վախնային ժողովուրդէն, որովհետեւ բոլորը ի՛րապէս մարգարէ կը նկատէին՝՝ Յովհաննէսը:
իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում». որովհետեւ բոլորը գիտէին, թէ Յովհաննէսը մարգարէ էր:
33 Ուստի պատասխանեցին Յիսուսի. «Չենք գիտեր»: Յիսուս ալ պատասխանեց անոնց. «Ես ալ չեմ ըսեր ձեզի թէ ի՛նչ իշխանութեամբ կ՚ընեմ այդ բաները»:
Պատասխան տուեցին եւ Յիսուսին ասացին՝ չգիտենք. եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»:

< ՄԱՐԿՈՍ 11 >