< ՄԱՐԿՈՍ 10 >

1 Կանգնելով՝ անկէ գնաց Հրէաստանի հողամասը, Յորդանանի միւս եզերքէն: Դարձեալ բազմութիւնները անոր շուրջ կը համախմբուէին, եւ ինչպէս սովորութիւն ունէր՝ դարձեալ կը սորվեցնէր անոնց:
Յիսուս այնտեղից վեր կացաւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը. եւ ժողովուրդը դարձեալ գնում խռնւում էր նրա շուրջը, եւ նա, ինչպէս սովոր էր, նորից ուսուցանում էր նրանց:
2 Փարիսեցիները եկան անոր քով ու հարցուցին՝ փորձելու համար զայն. «Արտօնուա՞ծ է մարդու մը՝ որ արձակէ իր կինը»:
Իսկ փարիսեցիները մօտեցան եւ նրան փորձելով՝ հարց տուին ու ասացին. «Օրինաւո՞ր է, որ մարդ իր կնոջն արձակի»:
3 Ան ալ պատասխանեց անոնց. «Մովսէս ի՞նչ պատուիրեց ձեզի»:
Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»:
4 Անոնք ըսին. «Մովսէս արտօնեց ամուսնալուծումի վկայագիր մը գրել եւ արձակել»:
Եւ նրանք ասացին. «Մովսէսը հրաման տուեց արձակելու թուղթ գրել եւ արձակել»:
5 Յիսուս պատասխանեց անոնց. «Ձեր սիրտին կարծրութեա՛ն համար գրեց ձեզի այդ պատուէրը.
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ձեր խստասրտութեան պատճառով գրեց այդ պատուիրանը,
6 բայց արարչութեան սկիզբէն՝ Աստուած զանոնք արու եւ էգ ստեղծեց:
մինչդեռ արարչագործութեան սկզբից Աստուած արու եւ էգ ստեղծեց նրանց»:
7 “Այս պատճառով մարդը պիտի թողու հայրն ու մայրը, եւ պիտի յարի իր կնոջ,
Եւ ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից:
8 ու երկուքը պիտի ըլլան մէ՛կ մարմին”: Ուստի ա՛լ երկու չեն, հապա՝ մէկ մարմին.
Եւ երկուսը մի մարմին պիտի լինեն, եւ այլեւս երկու չեն, այլ՝ մէկ մարմին:
9 ուրեմն մարդը թող չզատէ ինչ որ Աստուած իրարու միացուցած է»:
Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»:
10 Տունը՝ իր աշակերտները դարձեալ նոյն բանը հարցուցին իրեն:
Եւ աշակերտները տան մէջ դարձեալ նոյնը հարցրին նրան:
11 Ըսաւ անոնց. «Ո՛վ որ արձակէ իր կինը եւ ամուսնանայ ուրիշի մը հետ՝ շնութիւն կ՚ընէ անոր դէմ:
Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կը լինի:
12 Ու եթէ կին մը արձակէ իր ամուսինը եւ ամուսնանայ ուրիշի մը հետ՝ շնութիւն կ՚ընէ»:
Եւ մի կին եթէ թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնութիւն արած կը լինի»:
13 Մանուկներ բերին իրեն՝ որպէսզի դպչի անոնց. բայց աշակերտները կը յանդիմանէին բերողները:
Եւ նրան մանուկներ էին բերում, որպէսզի ձեռքը դնի նրանց վրայ: Իսկ աշակերտները յանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին:
14 Երբ Յիսուս տեսաւ, ընդվզելով ըսաւ անոնց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներուն՝ որ գան ինծի, եւ մի՛ արգիլէք զանոնք, որովհետեւ Աստուծոյ թագաւորութիւնը այդպիսիներունն է:
Երբ Յիսուս այս տեսաւ, բարկանալով սաստեց նրանց եւ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին գալ ինձ մօտ եւ արգելք մի՛ եղէք նրանց, որովհետեւ Աստծու արքայութիւնը այդպիսիներինն է:
15 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ չընդունի Աստուծոյ թագաւորութիւնը պզտիկ մանուկի մը պէս, բնա՛ւ պիտի չմտնէ անոր մէջ”»:
Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայութիւնը չընդունի որպէս մանուկ, նրա մէջ չի մտնելու»:
16 Ու գիրկը առաւ զանոնք, ձեռք դրաւ անոնց վրայ եւ օրհնեց զանոնք:
Եւ նա վերցնելով նրանց իր գիրկը՝ նրանց վրայ ձեռքը դրեց եւ օրհնեց նրանց:
17 Երբ ան դուրս ելաւ, ճամբան մարդ մը վազեց, ծնրադրեց անոր առջեւ ու հարցուց անոր. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ ընեմ՝ որ ժառանգեմ յաւիտենական կեանքը»: (aiōnios g166)
Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: (aiōnios g166)
18 Յիսուս ըսաւ անոր. «Ինչո՞ւ բարի կը կոչես զիս. մէկէ՛ն զատ բարի չկայ, որ Աստուած է:
Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած:
19 Գիտե՛ս պատուիրանները. շնութիւն մի՛ ըներ, սպանութիւն մի՛ ըներ, գողութիւն մի՛ ըներ, սուտ վկայութիւն մի՛ տար, զրկանք մի՛ ըներ, պատուէ՛ հայրդ ու մայրդ»:
Պատուիրանները գիտես. մի՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար, սուտ մի՛ վկայիրպատուի՛ր քո հօրն ու մօրը»:
20 Ան ալ պատասխանեց անոր. «Վարդապե՛տ, պահած եմ այդ բոլորը՝ պատանութենէս ի վեր»:
Նա պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»:
21 Յիսուս անոր նայելով՝ սիրեց զայն եւ ըսաւ անոր. «Մէ՛կ բան կը պակսի քեզի. գնա՛, ծախէ՛ ունեցածդ, տո՛ւր աղքատներուն, ու գանձ պիտի ունենաս երկինքը. ապա վերցո՛ւր խաչը ու հետեւէ՛ ինծի»:
Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»:
22 Ան ալ այս խօսքին համար խոժոռելով՝ տրտմած գնաց, որովհետեւ շատ ստացուածք ունէր:
Եւ մարդը այդ խօսքի վրայ խոժոռուած՝ գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր:
23 Յիսուս՝ շուրջը նայելով՝ ըսաւ իր աշակերտներուն. «Ո՜րչափ դժուար է Աստուծոյ թագաւորութիւնը մտնել անոնց՝ որ դրամ ունին»:
Եւ Յիսուս այս կողմ, այն կողմ նայելով՝ ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»:
24 Աշակերտները այլայլեցան անոր խօսքերէն. բայց Յիսուս դարձեալ ըսաւ անոնց. «Զաւակնե՛ր, ո՜րչափ դժուար է Աստուծոյ թագաւորութիւնը մտնել՝ իրենց դրամին վստահողներուն:
Եւ աշակերտները զարմացած էին նրա խօսքերի վրայ. իսկ Յիսուս դարձեալ պատասխանեց նրանց եւ ասաց. «Զաւակնե՛րս, ինչքա՜ն դժուար է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ իրենց յոյսը դրել են հարստութեան վրայ:
25 Դիւրին է որ ո՛ւղտը ասեղին ծակէն անցնի, քան թէ հարուստը Աստուծոյ թագաւորութիւնը մտնէ»:
Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»:
26 Անոնք չափազանց ապշեցան եւ ըսին իրարու. «Ա՛լ ո՞վ կրնայ փրկուիլ»:
Եւ աշակերտները առաւել եւս էին զարմանում ու միմեանց ասում. «Ապա ուրեմն ո՞վ կարող է փրկուել»:
27 Յիսուս նայելով անոնց՝ ըսաւ. «Ատիկա անկարելի է մարդոց քով, բայց ոչ՝ Աստուծոյ քով. քանի որ ամէն բան կարելի է Աստուծոյ քով»:
Նայելով նրանց՝ Յիսուս ասաց. «Մարդկանց համար այդ անհնար է, բայց ո՛չ Աստծու համար»:
28 Պետրոս սկսաւ ըսել անոր. «Ահա՛ մենք թողուցինք ամէն ինչ եւ հետեւեցանք քեզի»:
Պետրոսն սկսեց նրան ասել. «Ահաւասիկ մենք թողել ենք ամէն բան եւ եկել ենք քո յետեւից»:
29 Յիսուս պատասխանեց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Չկայ մէկը՝ որ թողուցած ըլլայ տուն, եղբայրներ, քոյրեր, հայր, մայր, կին, զաւակներ, կամ արտեր՝ ինծի եւ աւետարանին համար,
Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Աւետարանի համար եւ այժմ,
30 ու չստանայ հարիւրապատի՛կը հիմա՝ այս ատեն՝ տուներ, եղբայրներ, քոյրեր, մայրեր, զաւակներ եւ արտեր՝ հալածանքներու հետ, ու յաւիտենական կեանքը՝ գալիք աշխարհին մէջ”: (aiōn g165, aiōnios g166)
այս ժամանակի մէջ հարիւրապատիկը չստանայ՝ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է՝ յաւիտենական կեանք: (aiōn g165, aiōnios g166)
31 Բայց շատ առաջիններ պիտի ըլլան յետին, եւ յետիններ՝ առաջին»:
Սակայն շատեր, որ առաջին են, պիտի լինեն վերջին, իսկ վերջիններ՝ առաջին»:
32 Երբ անոնք դէպի Երուսաղէմ բարձրացող ճամբան էին, Յիսուս անոնց առջեւէն կ՚երթար: Անոնք այլայլած էին ու հետեւելով՝ կը վախնային: Դարձեալ քովը առնելով տասներկուքը, սկսաւ ըսել անոնց՝ ի՛նչ որ պիտի պատահէր իրեն.
Եւ Երուսաղէմ ելնելու ճանապարհի վրայ էին. Յիսուս աշակերտներից աւելի առաջ էր գնում. իսկ նրանք, որ նրա յետեւից էին գնում, զարմացած էին ու վախենում էին: Եւ նա նորից վերցնելով Տասներկուսին՝ առանձին, սկսեց ասել նրանց, թէ ինչ բաներ պիտի պատահեն իրեն:
33 «Ահա՛ Երուսաղէմ կը բարձրանանք, եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետներուն ու դպիրներուն. մահուան պիտի դատապարտեն զայն, հեթանոսներուն պիտի մատնեն զայն,
«Ահա ելնում ենք Երուսաղէմ. եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետներին ու օրէնսգէտներին, եւ նրան մահուան պիտի դատապարտեն ու հեթանոսներին պիտի յանձնեն.
34 պիտի ծաղրեն ու խարազանեն զայն, պիտի թքնեն անոր վրայ եւ սպաննեն զայն. բայց յարութիւն պիտի առնէ երրորդ օրը»:
նրան պիտի ծաղրեն. նրան պիտի ծեծեն ու նրա վրայ պիտի թքեն. եւ պիտի սպանեն. եւ երրորդ օրը նա յարութիւն պիտի առնի»:
35 Ապա Յակոբոս ու Յովհաննէս՝ Զեբեդէոսի որդիները՝ գացին անոր քով, եւ ըսին. «Վարդապե՛տ, կ՚ուզենք որ ի՛նչ որ խնդրենք՝ ընես մեզի համար»:
Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, գնացին նրա մօտ եւ ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»:
36 Ան ալ ըսաւ անոնց. «Ի՞նչ կ՚ուզէք՝ որ ընեմ ձեզի»:
Եւ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»:
37 Անոնք ալ ըսին իրեն. «Շնորհէ՛ մեզի, որ բազմինք մեզմէ մէկը՝ աջ կողմդ, ու միւսը՝ ձախ կողմդ քու փառքիդ մէջ»:
Եւ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մէկս՝ քո աջում եւ միւսս՝ ձախում, քո փառքի մէջ»:
38 Յիսուս ըսաւ անոնց. «Չէք գիտեր ի՛նչ կը խնդրէք: Կրնա՞ք խմել այն բաժակը՝ որ ես կը խմեմ, եւ մկրտուիլ այն մկրտութեամբ՝ որով ես կը մկրտուիմ»:
Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չէք իմանում, թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»:
39 Անոնք ըսին իրեն. «Կրնա՛նք»: Յիսուս ըսաւ անոնց. «Արդարեւ պիտի խմէ՛ք այն բաժակը՝ որ ես կը խմեմ, ու պիտի մկրտուի՛ք այն մկրտութեամբ՝ որով ես կը մկրտուիմ.
Եւ նրանք ասացին նրան. «Կարող ենք»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կը խմէք, եւ այն մկրտութիւնը, որով ես մկրտուելու եմ, նրանով կը մկրտուէք,
40 բայց իմ աջ կողմս եւ ձախ կողմս բազմիլը՝ իմս չէ տալը, հապա պիտի տրուի անո՛նց՝ որոնց համար պատրաստուած է»:
բայց իմ աջում եւ ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրուելու է նրանց, որոնց համար պատրաստուած է»:
41 Երբ միւս տասը աշակերտները լսեցին, սկսան ընդվզիլ Յակոբոսի ու Յովհաննէսի դէմ:
Այդ լսելով՝ տասը առաքեալները սկսեցին բարկանալ Յակոբոսի եւ Յովհաննէսի վրայ:
42 Իսկ Յիսուս իրեն կանչեց զանոնք եւ ըսաւ անոնց. «Գիտէք թէ հեթանոսներուն իշխան համարուածնե՛րը կը տիրապետեն իրենց վրայ, եւ անոնց մեծամեծնե՛րը կ՚իշխեն իրենց վրայ:
Յիսուս նրանց իր մօտ կանչեց եւ ասաց. «Գիտէք, որ հեթանոսների մէջ իշխանաւորներ համարուածները տիրում են նրանց. եւ նրանց մեծամեծներն իշխում են նրանց վրայ.
43 Բայց այդպէս թող չըլլայ ձեր մէջ. հապա ձեզմէ ո՛վ որ ուզէ մեծ ըլլալ՝ անիկա ձեր սպասարկո՛ւն ըլլայ,
ձեր մէջ այդպէս չպէտք է լինի. այլ ձեզնից ով կամենայ մեծ լինել, թող լինի ձեր սպասաւորը.
44 ու ձեզմէ ո՛վ որ ուզէ գլխաւոր ըլլալ՝ անիկա բոլորին ստրո՛ւկը ըլլայ:
եւ ձեզնից ով կամենայ առաջին լինել, բոլորին ծառայ թող լինի.
45 Քանի որ մարդու Որդին եկաւ ո՛չ թէ սպասարկութիւն ընդունելու, հապա՝ սպասարկելու եւ իր անձը իբր փրկանք տալու շատերու համար»:
որովհետեւ մարդու Որդին էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ տալու իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն»:
46 Յետոյ եկան Երիքով: Երբ դուրս կ՚ելլէր Երիքովէն՝ աշակերտներով եւ մեծ բազմութեամբ, Տիմէոսի որդին՝ կոյր Բարտիմէոս՝ նստած էր ճամբային եզերքը ու կը մուրար:
Եւ եկան Երիքով: Եւ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով եւ բազում ժողովրդով, Տիմէի որդին՝ կոյր Բարտիմէոսը, նստել մուրում էր ճանապարհի եզրին:
47 Երբ լսեց թէ Յիսուս Նազովրեցին է, սկսաւ աղաղակել. «Յիսո՛ւս, Դաւիթի՛ Որդի, ողորմէ՜ ինծի»:
Երբ լսեց, թէ անցնողը Յիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. «Դաւթի՛ Որդի, Յիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»:
48 Շատեր կը հրահանգէին անոր՝ որ լռէ: Բայց ան ա՛լ աւելի կ՚աղաղակէր. «Դաւիթի՛ Որդի, ողորմէ՜ ինծի»:
Եւ շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»:
49 Յիսուս կանգ առնելով՝ ըսաւ որ կանչեն զայն: Կանչեցին կոյրը եւ ըսին անոր. «Քաջալերուէ՛, ոտքի՛ ելիր, քե՛զ կը կանչէ»:
Յիսուս կանգնեց եւ հրամայեց, որ նրան կանչեն: Կոյրին կանչեցին եւ նրան ասացին. «Քաջալերուի՛ր, վե՛ր կաց, կանչում է քեզ»:
50 Ան ալ իր հանդերձը նետելով՝ կանգնեցաւ ու եկաւ Յիսուսի:
Եւ նա, դէն գցելով իր զգեստները, վեր կացաւ եկաւ Յիսուսի մօտ:
51 Յիսուս պատասխանեց անոր. «Ի՞նչ կ՚ուզես՝ որ ընեմ քեզի»: Կոյրը ըսաւ. «Ռաբբունի՛, թող աչքերս բացուին՝՝»:
Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»: Կոյրը նրան ասաց. «Վարդապե՛տ, աչքերս թող բացուեն»:
52 Յիսուս ըսաւ անոր. «Գնա՛. հաւատքդ բժշկեց քեզ»: Իսկոյն անոր աչքերը բացուեցան, ու ճամբան կը հետեւէր Յիսուսի:
Եւ Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո հաւատը քեզ փրկեց»: Եւ իսկոյն նրա աչքերը բացուեցին, եւ ճանապարհին գնում էր նրա յետեւից:

< ՄԱՐԿՈՍ 10 >